Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-334-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայտարարում է ռազմական դրություն.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.

4) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին` պաշտպանության ոլորտի միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ.

5) հաստատում է`

ա. պաշտպանական պետական պատվերը և դրա ձևավորման կարգը,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,

գ. զինված ուժերի կառուցվածքը և հաստիքային թվաքանակը,

դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը,

ե. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը,

զ. սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաների ու շահագործման ժամկետների սահմանման կարգը,

է. սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը.

6) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում՝

ա. ռազմական դրություն հայտարարելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որոշում է ընդունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու և զորահավաքային զորակոչ անցկացնելու մասին,

բ. որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին,

գ. հաստատում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանը, կարգն ու պայմանները,

դ. հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը,

ե. հաստատում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկը,

զ. սահմանում է կազմակերպությունների հետ զորահավաքային առաջադրանքների (պատվերների) վերաբերյալ պայմանագրեր կնքելու կարգը,

է. սահմանում է պետությունը պաշտպանության նախապատրաստելու, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների մասնակցությամբ մարզումների անցկացման կարգը, այդ ուղղությամբ որոշումներ է ընդունում մարզումներ անցկացնելու մասին.

7) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաստատում է՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը,

բ. ռազմական պլանավորման կանոնակարգը,

գ. զինված ուժերի և այլ զորքերի զորանոցաբնակելի ֆոնդի զարգացման ծրագրերը,

դ. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանը ներառում է՝

1) պաշտպանության պլանի մտահղացումը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը` ծավալման և զորահավաքային պլաններով.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը.

6) Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը, իրականացնում է ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ.

4) վերահսկում է զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացը.

5) ապահովում է զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացումը.

6) վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ.

7) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի անցկացումը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացը.

8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

9) իրականացնում է զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների գնումները, կառավարում է զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդը, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

10) կազմակերպում է զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսության կառավարման և այդ միջոցների կենտրոնացված փոխադրումների գործընթացը.

11) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայությունը, առաջարկություն է ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր պետական մարմին՝ որպես հիմնական միջոց դասակարգված սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների վերաբերյալ.

12) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանությունը.

13) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

14) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.

15) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում.

16) ապահովում է ռազմական ուսուցման կազմակերպման գործընթացը և աջակցում է ռազմական գիտության զարգացման գործընթացներին, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը, իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.

17) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.

2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

4) հաստատում է զինված ուժերի մարտական և շարային կանոնադրությունները, զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.

5) հաստատում է զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները, զինծառայողների որակավորումների տեսակները և դրանց շնորհման կարգը.

6) սահմանում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետները.

7) սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողներին սեփականության իրավունքով հատկացվող և սեփականության իրավունքով հատկացման ոչ ենթակա բնակելի տարածությունների ծառայողական ֆոնդի ցանկերը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է զինծառայողներին սեփականության իրավունքով բնակելի տարածությունների հատկացման մասին հրամաններ.

8) սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում սպայական կազմի պատրաստության կարգը, ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները, ռազմաուսումնական հաստատություններից սովորողներին ազատելու (հեռացնելու), վերականգնելու կամ նույն կուրսում թողնելու կարգը.

9) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

10) իրեն կից ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ նախարարության կոլեգիա ու հասարակական խորհուրդ, և հաստատում է դրանց աշխատակարգերը.

11) հաստատման է ներկայացնում`

ա. զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերին վերաբերող պլաններն ու ծրագրերը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

դ. զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

12) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնները կարող են հանդիսանալ նաև զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ, որոնց թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կատարումը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում իրենց համակարգման ոլորտների զորահավաքային առաջադրանքների ծավալները և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ցանկերը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 17. Զինված ուժերի գլխավոր շտաբը

 

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) հանդիսանում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ՝ նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարման մարմինը.

2) ապահովում է զինված ուժերի ծավալումը և ռազմական դրության ու պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի կիրառումը՝ զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

3) պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացի ապահովման համար.

4) իր լիազորությունների սահմաններում պատասխանատու է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովման համար.

5) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է զինված ուժերը ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային կարիքների և այդ միջոցների բաշխման պլանավորման գործընթացը.

6) իրականացնում է հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, ռազմական սպառնալիքների կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը.

7) իրականացնում է հետախուզական գործունեություն պաշտպանության և անվտանգության նպատակով.

8) ապահովում է զինված ուժերում տեղեկատվական անվտանգության կազմակերպման գործընթացը, պետական գաղտնիքի պահպանման միջոցառումների իրականացումը.

9) ապահովում է պահեստազորային պատրաստության, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու իրականացումը.

10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեությունն ու զարգացումը, պլանավորում և ապահովում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

11) համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

12) կազմակերպում և ղեկավարում է զինված ուժերում գյուտարարական և նորարարական աշխատանքները.

13) իր իրավասության սահմաններում, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է միջազգային ռազմական համագործակցություն օտարերկրյա պետությունների զինված ուժերի և միջազգային կազմակերպությունների հետ.

14) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

15) իր իրավասության շրջանակներում աջակցում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովման գործընթացին.

16) իրականացնում է պաշտպանության ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Զինված ուժերի գլխավոր շտաբում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով: Զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների և զորատեսակների գործունեության կառավարման ու համակարգման ուղղություններով:

4. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը`

1) ղեկավարում է զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է զինված ուժերի գլխավոր շտաբի խնդիրների իրականացման և գլխավոր շտաբի կողմից զինված ուժերի կառավարման համար.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարականների և ցուցումների կատարումը, զինվորական կառավարման ոլորտում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս կարգադրություններ, հանձնարարականներ ու ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ զինված ուժերի գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է զինված ուժերի գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինված ուժերի գլխավոր շտաբի և զինված ուժերի զինվորական և այլ ծառայողների (աշխատողների), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

4) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության և նպատակային օգտագործման նկատմամբ.

5) զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում`

ա. առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերաբերող պլանները և ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը և թվաքանակը,

գ. զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը և հաստիքային թվաքանակը,

դ. զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու, զենքի, ռազմամթերքի, ռազմական այլ գույքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների ու նյութերի հետ վարվելու և պահպանության, տրանսպորտային միջոցների և մարտական տեխնիկայի վարման ու շահագործման, թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների, զինծառայողների որակավորումների տեսակների և դրանց շնորհման կարգի սահմանման վերաբերյալ առաջարկություններ,

ե. սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և ծախսի նորմաների, շահագործման ժամկետների վերաբերյալ առաջարկություններ,

զ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, մարտական և շարային կանոնադրությունների, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

է. քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ առաջարկություններ.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «հանրապետության տնտեսության» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների» բառերով.

2) 3-րդ մասը «մարմիններում,» բառից հետո լրացնել «զորահավաքային առաջադրանքներ ունեցող» բառերով.

3) 4-րդ մասը «հավաքների» բառից հետո լրացնել «, զինվորական վարժանքների» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետի «պատգամավոր է:» բառերը փոխարինել «պատգամավոր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կամ դատավոր կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը.» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.

«5) ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի առաջին խմբի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

6) ունի երեխա, որին խնամում է միայնակ.

7) ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ:»:

 

Հոդված 8. Օրենքի 29.1-ին հոդվածում՝

1) 5-րդ մասի «՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով» բառերը փոխարինել «, իսկ անմիջական ղեկավարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությունը (այսուհետ՝ հրամանատարություն)» բառերով.

2) 12-րդ մասի առաջին նախադասության «աշխարհազորային շտաբ» բառերը փոխարինել «հրամանատարություն» բառով, իսկ երկրորդ նախադասության «աշխարհազորային շտաբի» բառերը՝ «հրամանատարության» բառով.

3) 13-րդ մասի առաջին նախադասության «աշխարհազորային շտաբի» բառերը փոխարինել «հրամանատարության» բառով, իսկ երրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նրանց հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված զինվորական պաշտոնների պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90, իսկ սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածները գործում են սույն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. օգոստոսի 1

Երևան

ՀՕ-334-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2022 թվական: