Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-301-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.3.

ԱԿՑԻԱՆԵՐԸ

 

Հոդված 15.4. Ակցիան

1. Ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից (այսուհետ նաև՝ ակցիա իրականացնող) իրականացվող միջոցառում է, որն ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը կամ իրացման ծավալների մեծացմանը։

2. Ակցիան իրականացվում է հետևյալ եղանակներով.

1) զեղչ.

2) ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

3. Սույն գլխով սահմանված կարգավորումները տարածվում են ցանկացած գործողության վրա, որը համապատասխանում է սույն օրենքի իմաստով ակցիայի բնորոշմանը՝ անկախ իրականացված գործողության համար փաստացի կիրառվող անվանումից։

4. Սույն գլուխը կիրառելի չէ հարկային հարաբերությունների նկատմամբ։

 

Հոդված 15.5. Զեղչը

1. Զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով)։

2. Գնի իջեցումը չի համարվում զեղչ, եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացվելու մասին, կամ հրապարակային չի նշում, հայտնում կամ այլ կերպ տեղեկացնում գնի իջեցման մասին։

3. Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից։

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ակցիա իրականացնողը զեղչի մեկնարկի օրվանից ապահովում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի և զեղչի կիրառմամբ առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին։

5. Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի։

6. Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում սպառողի կողմից ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։

 

Հոդված 15.6. Ապրանքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներ

 

1. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացնողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի ընթացքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի ընթացքում դրանք ձեռք բերելը դառնում է այլ կերպ շահավետ:

2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել՝

1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ.

2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:

3. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների համար ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գինը, ակցիայի իրականացմամբ պայմանավորված, չի կարող բարձրացվել` լրիվ կամ մասնակի ներառելով տրվող նվերների, բոնուսների կամ այլ միջոցների արժեքը։

4. Ակցիա իրականացնողն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի։

5. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս։

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը։

7. Ակցիա իրականացնողը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չի կարող իրականացնել նույն ապրանքների համար ապրանքի իրացման կամ նույն ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։

 

Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները

 

1. Ակցիա իրականացնողն ակցիայի մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով՝ ցուցանակով, ցուցափեղկով, զանգվածային լրատվության միջոցներով և սպառողներին հասանելի այլ միջոցներով, որոնցից առնվազն մեկը պետք է պարունակի՝

1) ակցիայի էության հակիրճ նկարագրությունը.

2) ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության հստակ շրջանակը կամ դրա հասանելիության աղբյուրը.

3) ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը․

4) ակցիայի կիրառումը պայմանավորող պայմանների (եթե այդպիսիք առկա են) վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրա հասանելիության աղբյուրը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության շրջանակը չնշվելու դեպքում ակցիան կիրառելի է համարվում ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա ապրանքների կամ ծառայությունների ամբողջ տեսականու նկատմամբ։

3. Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա՝ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։

4. Ակցիա իրականացնողն ապահովում է ակցիայի վերաբերյալ ամբողջական և հավաստի, իսկ գրավոր լինելու դեպքում՝ նաև ընթեռնելի տեղեկատվության հրապարակումը։

5. Ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել։

6. Այն դեպքում, երբ մինչև ակցիայի ժամկետի ավարտը ակցիային մասնակցող ապրանքները կամ ծառայություններն ամբողջությամբ սպառվում են, ապա ակցիան համարվում է վաղաժամկետ դադարած։

7. Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը։

8. Ակցիայի վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում ակցիա իրականացնողը պետք է միջոցներ ձեռնարկի ակցիայի իրականացման վերաբերյալ հրապարակումը դադարեցնելու համար։»։

 

Հոդված 2 Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «15-րդ հոդվածի 4-րդ մասի,» բառերից հետո լրացնել «4.3-րդ գլխի,» բառերով։

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-301-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: