Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-198-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2022-02.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1213
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

 ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Դատախազությունը

 

1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):

2. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով:

 

Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը

 

1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

2. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով և այլ օրենքներով:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) դատախազ` գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական դատախազի տեղակալները, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների տեղակալները, Երևան քաղաքի դատախազի տեղակալները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները.

2) դատախազություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի դատախազությունը, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունները, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները.

3) դատախազության կառուցվածքային ստորաբաժանում՝ գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործող վարչություն և բաժին.

4) դատախազական ակտ՝ որոշում, հրաման, կարգադրություն, միջնորդագիր, հանձնարարական, հանձնարարություն.

5) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ դատախազներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանում:

(3-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 4. Դատախազության լիազորությունները

 

1. Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

 

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Դատախազության գործունեության հրապարակայնությունը

 

1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի խախտում մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է դատախազության կայքէջում:

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 6.

Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:

2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:

4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ վերադաս դատախազը տվյալ հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ տվյալ հանրային ծառայողի անմիջական ղեկավարին: Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:

5. Դատախազի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-26-Ն)

(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 7. Դատախազի ապաքաղաքականացվածությունը

 

1. Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող): Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական, ինչպես նաև հանրաքվեի նախապատրաստելիս իրականացվող քարոզչությանը:

3. Դատախազն իրավունք չունի կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա քաղաքական չեզոքությունը։ Հավաքներին մասնակցելիս դատախազը չպետք է կրի ծառայողական համազգեստ:

 

ԳԼՈՒԽ 3

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Դատախազության համակարգը

 

1. Դատախազությունը կազմված է`

1) գլխավոր դատախազությունից.

2) Երևան քաղաքի դատախազությունից.

3) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից.

4) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից.

5) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից.

6) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից.

7) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից.

8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից.

9) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից.

10) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.

11) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.

12) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.

13) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.

14) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.

15) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.

16) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.

17) Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.

18) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.

19) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջևան.

20) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունից (այսուհետ՝ զինվորական դատախազություն):

 

Հոդված 9. Գլխավոր դատախազը

 

1. Գլխավոր դատախազը ղեկավարում և վերահսկում է դատախազության գործունեությունը և պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար:

2. Գլխավոր դատախազը`

1) դատախազության կոլեգիայի առաջարկությամբ սահմանում է դատախազության լիազորությունների իրականացման ուղղությունները.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների միջև.

3) հաստատում է գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կառուցվածքը.

4) սահմանում է դատախազությունների, գլխավոր դատախազության ավագ դատախազների ու դատախազների լիազորությունների իրականացման շրջանակը.

5) սահմանում է օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում դատախազության հաստիքների քանակը և հաստիքացուցակը.

6) հաստատում է «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը».

7) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

8) իրականացնում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանված լիազորություններ. 

9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-26-Ն)

10) հաստատում և փոփոխում է հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը, հաստիքների քանակը և հաստիքացուցակը.

11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, սահմանում դրանց գործունեության կարգը.

12) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

4. Գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով գլխավոր դատախազի տեղակալներից մեկը փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրաման ընդունելու անհնարինության դեպքում, ինչպես նաև գլխավոր դատախազի պաշտոնն օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 10. Գլխավոր դատախազի տեղակալը

 

1. Գլխավոր դատախազի տեղակալը`

1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից դատախազության համակարգում իրեն հանձնարարված ոլորտի (այսուհետ՝ իր համակարգման ոլորտ) աշխատանքները.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

3) միջնորդություններ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Գլխավոր դատախազի տեղակալն իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված բոլոր լիազորությունները:

 

Հոդված 11. Գլխավոր դատախազությունը

 

 1. Գլխավոր դատախազությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալներից և կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներից, գլխավոր դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, գլխավոր քարտուղարից և գլխավոր քարտուղարի տեղակալից:

 2. Գլխավոր դատախազության ավագ դատախազները և դատախազները գործում են գլխավոր դատախազի անմիջական ենթակայությամբ:

 3. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

(11-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 12.

Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը

 

1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից և դատախազներից, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նաև տեղակալից (տեղակալներից):

2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (տեղակալներ): Գլխավոր դատախազության վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ:

3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարը`

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը.

2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, հանձնարարությունների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների, հանձնարարությունների կատարումը.

3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ ստորաբաժանման դատախազներ) միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր նշանակած քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև:

5. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության շրջանակներում՝

1) կարող է Երևան քաղաքի դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազներից պահանջել վարույթի կամ այլ նյութեր, դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.

2) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ ներկայացնել Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից դատախազության լիազորությունների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է անձամբ կամ ստորաբաժանման դատախազների միջոցով:

7. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ օրենքով սահմանված կարգով դիմում է գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին:

8. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները:

(12-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 13. Երևան քաղաքի դատախազությունը

 

1. Երևան քաղաքի դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը Երևան քաղաքում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Երևան քաղաքի դատախազությունը կազմված է Երևան քաղաքի դատախազից, Երևան քաղաքի դատախազի տեղակալներից, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից:

3. Երևան քաղաքի դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

(13-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 14. Երևան քաղաքի դատախազը

 

1. Երևան քաղաքի դատախազը`

1) ղեկավարում և կազմակերպում է Երևան քաղաքի դատախազության գործունեությունը.

2) իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների գործունեության ընդհանուր ղեկավարում.

3) կատարում է իր տեղակալների, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ Երևան քաղաքի դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.

4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` Երևան քաղաքի դատախազության դատախազներին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին Երևան քաղաքի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

7) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

8) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(14-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 15. Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազությունը

 

1. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը Երևան քաղաքի վարչական շրջանում (վարչական շրջաններում), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը կազմված է Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազի տեղակալից, Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից:

3. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանում (վարչական շրջաններից որևիցե մեկում):

(15-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 16. Մարզի դատախազությունը

 

1. Մարզի դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը մարզում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, մարզի դատախազի տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից:

3. Մարզի դատախազության նստավայրը գտնվում է մարզկենտրոնում: Գլխավոր դատախազի որոշմամբ մարզի դատախազությունը կարող է ունենալ նաև այլ նստավայրեր:

(16-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 17. Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը և մարզի դատախազը

 

1. Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը՝

1) ղեկավարում և կազմակերպում է Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության գործունեությունը.

2) կատարում է իր տեղակալի, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, Երևան քաղաքի դատախազին՝ Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Մարզի դատախազը՝

1) ղեկավարում և կազմակերպում է մարզի դատախազության գործունեությունը.

2) կատարում է իր տեղակալների, մարզի դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ մարզի դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին մարզի դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին մարզի դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) վերահսկողություն է իրականացնում մարզի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 18. Զինվորական դատախազությունը

 

1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինված ուժերում և այլ զորքերում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազությունից և կայազորների զինվորական դատախազություններից՝ ըստ զինված ուժերի կայազորների տեղաբաշխման:

3. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է զինվորական դատախազի տեղակալներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներից և դատախազներից (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ), ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից:

4. Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն օրենքով նախատեսված ենթակայության կանոնների պահպանմամբ իրականացնում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորությունները և պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի, զինվորական դատախազի և նրա՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև:

5. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

(18-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 19. Զինվորական դատախազը

 

1. Զինվորական դատախազը`

1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը.

2) կատարում է զինվորական կենտրոնական դատախազության դատախազների միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, կայազորների զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:

(19-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 20. Կայազորի զինվորական դատախազությունը

 

1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, կայազորի զինվորական դատախազի տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումից:

3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է զինվորական դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:

(20-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 21. Կայազորի զինվորական դատախազը

 

1. Կայազորի զինվորական դատախազը`

1) ղեկավարում և կազմակերպում է կայազորի զինվորական դատախազության գործունեությունը.

2) կատարում է իր տեղակալի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.

3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ զինվորական դատախազին՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.

4) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին կայազորի զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) վերահսկողություն է իրականացնում կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.

7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(21-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

ԳԼՈՒԽ 4

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Հոդված 22. Դատախազության կոլեգիան

 

1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու, դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ուղղությունները որոշելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:

2. Դատախազության կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից, գլխավոր դատախազի տեղակալներից, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և Երևան քաղաքի դատախազից: Կոլեգիայի նիստին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել գլխավոր դատախազի հրավիրած այլ դատախազներ:

3. Դատախազության կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք վարում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` գլխավոր դատախազի տեղակալներից մեկը: Դատախազության կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:

4. Դատախազության կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված:

5. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:

6. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 23.

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովները

 

1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի և որակավորման հանձնաժողովներ:

2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական և գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված երեք դատախազ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ (այսուհետ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ) իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ տասնմեկ անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում արդարադատության ակադեմիայի ռեկտորը, գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և երեք իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն:

Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

4. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործունեության առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

5. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել սույն հոդվածով սահմանված միայն մեկ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովների անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով, բացառությամբ երկու փորձագետների, որոնք նշանակվում են մեկ տարի ժամկետով:

6. Հանձնաժողովներում նոր անդամների նշանակումները սույն հոդվածով սահմանված կարգով կատարվում են գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը:

7. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

ԳԼՈՒԽ 5

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Հոդված 24. Քրեական հետապնդում հարուցելը

 

1. Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 25.

Հսկողությունը մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ

 

1. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ՝ հսկողություն) իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը, կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական վարույթով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:

2. Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության:

3. Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել իրավասու մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը և արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին:

4. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-153-Ն)

(25-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 26. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

 

1. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է տվյալ քրեական վարույթով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ` այլ դատախազ:

2. Վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավելու նաև այլ դատախազների: Եթե տվյալ քրեական վարույթով նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ:

3. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է հանրային մեղադրող:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 27.

Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը

 

1. Դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

2. Դատարանների` քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատաքննությանը մասնակցած հանրային մեղադրողը կամ վերադաս դատախազը:

3. Դատարանների` քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:

4. Դատավճիռը գույքային հայցի մասով դատախազը կարող է բողոքարկել, եթե այն վերաբերում է պետական շահերին:

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

6. Պետական շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործով, որում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, եթե նշված գործով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ի պատասխան դատախազության հարցմանը, հայտնել է, որ չի բողոքարկելու համապատասխան դատական ակտը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր է պատասխանել հարցումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:

8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):

9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:

10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու վարույթի կամ գործի նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները:

(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 28. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը

 

1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Սույն հոդվածի իմաստով` պատիժ են համարվում քրեական օրենքով սահմանված պատժի տեսակները:

3. Սույն հոդվածի իմաստով` հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դեպքերում ազատությունից զրկումը:

4. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`

1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.

2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, պրոբացիայի շահառուի անձնական գործին.

3) ստուգելու քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին, իսկ նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, կասեցնելով նշված ակտի գործողությունը, կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը վերջնականապես լուծում է հարցը.

4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.

5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի պատժախցերում ապօրինի պահվող անձանց.

6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի կամ պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման` օրենքով սահմանված կարգի ու պայմանների խախտման դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները դատախազն իրականացնում է նաև պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների (այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարման) կիրառման օրինականության նկատմամբ:

6. Դատախազն օրենքով սահմանված կարգով մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:

(28-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն, 15.06.22 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 29. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը

 

1. Դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

3. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետական շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:

4. Սույն հոդվածի իմաստով` հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին: Որպես պատասխանող` դատախազը կարող է հանդես գալ միայն իր հարուցած` պետական շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:

5. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում դատախազը համապատասխան հայց հարուցելու նպատակով իրավունք ունի`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու և ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

2) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).

3) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել ողջամիտ ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված մարմինները և կազմակերպությունները պետության գույքային շահերի պաշտպանության հայց են ներկայացնում դատարան, կամ նրանց դեմ պետության գույքային շահերին առնչվող հայց է ներկայացվում, որոնցով հայցագնի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը, ապա այդ մարմինները և կազմակերպությունները հայցի և գործով կայացված դատական ակտի (բացառությամբ միջանկյալ դատական ակտի) մասին տեղեկատվություն են ներկայացնում գլխավոր դատախազություն՝ հայցադիմումը ներկայացնելուց (ստանալուց) կամ դատական ակտն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում:

8. Եթե սույն հոդվածով սահմանված են այլ կարգավորումներ, քան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը և քննությունն իրականացվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 30. Դատախազական ակտերը

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է որոշում, արձակում հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր կամ առարկություն, տալիս հանձնարարական կամ հանձնարարություն, ինչպես նաև ընդունում է օրենքով նախատեսված այլ ակտեր:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է համապատասխան որոշումներ:

3. Հրամանը դատախազության գործունեության կազմակերպման, դատախազության լիազորությունների իրականացման քաղաքականության, դատախազության համակարգում առանձին հիմնարար հարցերի կարգավորման` սույն օրենքով նախատեսված դեպքերում դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանող իրավական ակտ է, որն ընդունում է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

4. Կարգադրությունը դատախազության համակարգում կազմակերպական, արարողակարգային և նման այլ հարցերի կարգավորմանն ուղղված ներքին իրավական ակտ է, որն ընդունում են վերադաս դատախազները:

5. Հանցագործության պատճառների և նպաստող պայմանների, ինչպես նաև պետական շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը կարող է միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է դրա քննարկման արդյունքների և ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնել միջնորդագիրը ներկայացրած դատախազին:

6. Հանձնարարականն իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց:

7. Հանձնարարություն տալու, առարկություն ներկայացնելու հիմքերն ու դատավարական կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

ԳԼՈՒԽ 6

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 31. Դատախազությունում ենթակայությունը

 

1. Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա:

2. Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:

3. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ` իր համակարգման ոլորտում:

4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր դատախազների նկատմամբ:

5. Զինվորական դատախազը վերադաս է զինվորական դատախազի տեղակալների, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների բոլոր դատախազների նկատմամբ: Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր դատախազների նկատմամբ:

6. Զինվորական դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ` իր համակարգման ոլորտում:

7. Երևան քաղաքի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների բոլոր դատախազների նկատմամբ:

8. Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

9. Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

10. Կայազորի զինվորական դատախազը վերադաս է կայազորի զինվորական դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

 

Հոդված 32. Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները

 

1. Վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարականը կամ հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն և դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին, և նրա կողմից հանձնարարականը կամ հանձնարարությունը համարվել է օրինական և հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ:

3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն և իրեն հանձնարարված վարույթի նյութեր:

4. Անմիջական վերադաս դատախազը՝

1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ.

2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաև դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև:

5. Վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների և նշանակել դատախազական խմբի ղեկավար: Դատախազական խմբի ղեկավարը կազմակերպում և համակարգում է դատախազական խմբի աշխատանքը:

6. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-153-Ն)

7. Անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազից քրեական վարույթը տեղափոխելու մեկ այլ դատախազի կամ իր վարույթ՝

1) օրենքով սահմանված կարգով ստորադաս դատախազին վարույթից հեռացնելու դեպքում կամ

2) ստորադաս դատախազի նկատմամբ հայտնած բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու դեպքում կամ

3) ստորադաս դատախազի` արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ

4) ստորադաս դատախազի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում կամ

5) ստորադաս դատախազի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ հիվանդության կամ իր լիազորությունների պատշաճ իրականացումն անհնարին դարձնող նմանատիպ այլ դեպքերում:

8. Վերադաս դատախազն ստորադաս դատախազին պատճառաբանված որոշմամբ հեռացնում է վարույթից՝

1) ստորադաս դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կամ

2) տվյալ վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին իրազեկված լինելու պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնելու դեպքում:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում վարույթից հեռացված դատախազի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարուցվել կարգապահական վարույթ:

(32-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 33. Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Դատախազ կարող է նշանակվել 22-ից մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է հայերենին.

3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները.

4) ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, եթե սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:

5) (կետն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-245-Ն)

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 34. Դատախազ նշանակվելու սահմանափակումները

 

1. Դատախազ չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.

3) որն ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, որոնք ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.

5) որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որն ունի նաև այլ պետության քաղաքացիություն.

7) որը նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե կարգապահական տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

8) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 35.

Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը

 

1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու և նրա կողմից գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման և ընտրության կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:

4. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

5. Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին, և չպետք է առկա լինի սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված որևէ սահմանափակում:

6. Գլխավոր դատախազն իր պաշտոնն ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, իսկ եթե ընտրվելու պահին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից:

 

Հոդված 36. Գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները և նրա նշանակման կարգը

 

1. Գլխավոր դատախազի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական որակներ և բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուց հետո իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն ունեցող անձը: Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, որը նախկինում դատախազի, դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման հետևանքով:

2. (մասն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-245-Ն)

3. Եթե գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա նա, գլխավոր դատախազի կողմից, խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ, կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվող մրցույթի: Սույն մասով գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուները (թեկնածուն) ընտրվում են (է) որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանած կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Գլխավոր դատախազը գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներից մեկին նշանակում է գլխավոր դատախազի տեղակալ:

4. Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև իրավունք ունի ներկայացնելու երաշխավորագրեր, ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

5. Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրան հաջորդող յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատախազության կայքէջում հրապարակում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մրցույթն անցկացնելու վայրը, օրը և ժամը, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի հղումը: Տվյալ պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է:

6. Հայտերի ընդունման մերժման վրա տարածվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված նորմերը:

6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին։

7. Մրցույթն անցկացնում է որակավորման հանձնաժողովը թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցի միջոցով հետևյալ փուլերով՝

1) յուրաքանչյուր թեկնածուի փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրություն: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, իսկ որակավորման հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ թեկնածուին՝ նրա մասնագիտական փորձառությունը, աշխատանքային ձեռքբերումները, գիտական հետաքրքրությունները, տվյալ պաշտոնում նրա մոտիվացիան, ակնկալիքները և այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.

2) դատախազի վարքագծի կանոններին և ղեկավարման ու կառավարչական հմտություններին վերաբերող իրավիճակի ներկայացմամբ թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատախազի վարքագծի կանոնների և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ և այլն).

3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:

7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

8. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

9. Գլխավոր դատախազի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու կամ որակավորման հանձնաժողովի՝ սույն հոդվածի 3-րդ մասով ընտրված թեկնածուների թվից գլխավոր դատախազի տեղակալ չնշանակվելու դեպքերում, ինչպես նաև եթե մրցույթի արդյունքներով որակավորման հանձնաժողովը չի ընտրում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու, ապա սույն հոդվածով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ:

10. Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

11. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն կիրառվում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակման գործընթացի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

(36-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-338-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-250-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 37. Դատախազությունում պաշտոնների դասակարգումը

 

1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետևյալ աստիճանակարգությամբ՝

1) գլխավոր դատախազ.

2) գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ.

3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երևան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.

4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ.

5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ և դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ.

6) Երևան քաղաքի դատախազության դատախազներ, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ և դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ և դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ:

 

Հոդված 38. Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը

 

1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը, որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

2. Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և դատախազության կայքէջում:

3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`

1) դիմում որակավորման հանձնաժողովի նախագահի անունով.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) հավակնորդի բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին).

4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

6) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.

7) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):

4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագրեր:

5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:

6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից, իսկ եթե մրցույթի անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու այդ մրցույթին, իսկ եթե մրցույթը ավարտվել է, ապա արտահերթ մրցույթին:

6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։

7. Որակավորման հանձնաժողովն ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական որակները և արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին: Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր և ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա որակավորման հանձնաժողովն ստուգում է միայն հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները և արժանիքները՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):

7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազին են տրամադրվում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները։ Գլխավոր դատախազն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկելու դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված անձանց և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավաբան-գիտնականների:

10. Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և քննություններ հանձնելուց, եթե`

1) վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երեք տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, մասնագիտական աշխատանքի ստաժ կամ

2) վերջին 10 տարվա ընթացքում ունի դատախազի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե պաշտոնից ազատվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-6-րդ, 9-րդ կետերով և 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ

3) իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժ.

4) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ:

10.1. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից ազատվելու հիմքերը չեն տարածվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա։

11. Որակավորման հանձնաժողովն արդարադատության ակադեմիայում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

(38-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-358-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-338-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-250-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 38.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի կազմումը

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված բաց մրցույթի անցկացման կանոններով: Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով։

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների կամ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ)։ Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին։

3. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ, իսկ թեկնածուներն ընտրվում են որակավորման հանձնաժողովի կողմից՝ բաց քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն ութ ձայնով ընդունված որոշմամբ: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ բաց մրցույթի անցկացման վրա տարածվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, 38-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի պահանջները: Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

4. Ըստ անհրաժեշտության, գլխավոր դատախազի հրամանով կարող է անցկացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր հաստիքների կամ սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթ։

5. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներում ընդգրկելու նպատակով: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար գլխավոր դատախազին ներկայացվում են հանձնաժողովի կողմից առավելագույն ձայներով դրական եզրակացություն ստացած երեք հայտատուները։ Ցուցակներում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքներով առնվազն վեց թեկնածու չի ստանում դրական եզրակացություն, կամ գլխավոր դատախազը ցուցակի մեջ ընդգրկում է վեցից պակաս թեկնածուների, կամ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակում չի ընդգրկվում առնվազն մեկ թեկնածու, ապա անցկացվում է լրացուցիչ բաց մրցույթ՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված թեկնածությունների համապատասխան ցուցակը համալրելու նպատակով։

6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է համապատասխան ուսուցում:

7. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում թեկնածուն հանվում է սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներից։

(38.1-ին հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 39. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները

 

1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`

1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:

2. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձևավորում է որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի հրամանով`

1) դատախազների հերթական ատեստավորման ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

2.1) սույն մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը որակավորման հանձնաժողով չներկայացնելու դեպքում դատախազը չի ընդգրկվում դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում.

3) սույն օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և սույն հոդվածով սահմանված ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` դատախազության առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երեք տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն չորս տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատախազության առաջխաղացման ցուցակում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն երկու տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատախազության առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը, որը չունի կարգապահական տույժ:

6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

 7. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

 8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես ստորաբաժանման ղեկավարի տեղակալ կամ առնվազն երկու տարի որպես նույն ստորաբաժանման դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։

 9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։

(39-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, 14.04.21 ՀՕ-338-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 40. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

 

1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե`

1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը.

9) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

10) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից.

11) նա դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու օրվանից յոթ տարի անընդմեջ չի նշանակվել դատախազի պաշտոնում.

12) նա մահացել է:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:

 

Հոդված 41. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից դատախազներին հանելու հիմքերը

 

1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե`

1) նա նշանակվել է դատախազի առաջխաղացման ցուցակում ընդգրկված համապատասխան պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

5) սույն օրենքով սահմանված կարգով ազատվել է պաշտոնից.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) նա հանվել է դատախազների թեկնածությունների ցուցակից, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի.

9) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագիրը.

9.1) նա սույն օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը չի ներկայացնում որակավորման հանձնաժողով.

10) նա մահացել է:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:

(41-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-338-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 42. Դատախազին պաշտոնի նշանակելու կարգը

 

1. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից տվյալ պաշտոնում նշանակվելու համար որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:

2. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը համապատասխանաբար սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց թվից:

3. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:

4. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազին, սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված աստիճանակարգությանը համապատասխան, նույն աստիճանի մեկ այլ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում դատախազը կրկին չի ընդգրկվում դատախազների թեկնածությունների կամ ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակներում:

5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն գործում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների պաշտոններում նշանակման դեպքերում: Եթե անձը դատախազության համակարգում առաջին անգամ պաշտոնի է նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում, ապա չի կարող տեղափոխվել այլ ստորաբաժանում՝ առանց սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի պահպանման:

(42-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 42.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններում նշանակման կարգը

 

1. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների իրականացումը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակում է գլխավոր դատախազը՝ սույն օրենքով սահմանված կարգով ձևավորված՝ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց թվից:

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակը թափուր լինելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է գլխավոր դատախազը՝ սույն մասի առաջին նախադասությունում նշված կարգով:

3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից:

4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 38.1-ին հոդվածով նախատեսված կարգով կազմված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից:

(42.1-ին հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 43. Դատախազի երդումը

 

1. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ. անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:

2. Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդմամբ.

«Պաշտոնեական լիազորություններս իրականացնելիս, երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:

3. Դատախազի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 44. Դատախազության դասային աստիճանները

 

1. Դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները՝

1) արդարադատության պետական խորհրդական.

2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.

3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

5) արդարադատության առաջին դասի խորհրդական.

6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

8) առաջին դասի խորհրդական.

9) երկրորդ դասի խորհրդական.

10) երրորդ դասի խորհրդական:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության նախագահը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-10-րդ կետերով սահմանված դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:

4. Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

 

Հոդված 45. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:

2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:

3. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:

4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:

5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:

6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և միայն զինվորական կամ այլ հատուկ կոչում (ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց դատախազի պաշտոնում նշանակելիս նրանց զինվորական կամ այլ հատուկ կոչումը համապատասխանեցվում է դատախազի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 46. Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը և ժամկետները

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Դատախազներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները՝

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:

6. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Դատախազի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝

1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը մինչև նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.

2) նրա նկատմամբ սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովն ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում մինչև վերապատրաստման ավարտը.

3) նա ունի կարգապահական տույժ մինչև կարգապահական տույժի` սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.

4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ մինչև վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.

5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են մինչև կասեցման հանգամանքների վերանալը:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

9. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դասային աստիճան շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 8

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 47. Դատախազի իրավունքները

 

1. Դատախազն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) պաշտոնեական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.

4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.

5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության և ապահովության.

6) օրենքով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման և դասային աստիճանի բարձրացման.

7) վերապատրաստվելու սահմանված կարգերով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

8) առաջարկություններ ներկայացնելու դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ:

2. Դատախազն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

 

Հոդված 48. Դատախազի պարտականությունները

 

1. Դատախազը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

5) պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև դատախազի վարքագծի կանոնները.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանել, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.

8) պահպանել սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները:

2. Դատախազն ունի նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 49. Դատախազի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները

 

1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Դատախազը չի կարող համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց պաշտոնավարումը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:

3. Դատախազն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:

4. Դատախազն իրավունք չունի`

1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.

2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց.

4) հոնորար ստանալու պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, բացառությամբ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից բխող հրապարակումների կամ ելույթների.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) պաշտոնեական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Դատախազի կողմից իրականացվող գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի իր պարտականությունների իրականացմանը:

 

Հոդված 50. Դատախազի ատեստավորումը

 

1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում: Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը անցնում է ատեստավորումը պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո:

3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ կամ դատախազի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.

2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Երևան քաղաքի դատախազը, զինվորական դատախազի տեղակալը, Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը, մարզի դատախազը, կայազորի զինվորական դատախազը, գլխավոր դատախազության ավագ դատախազը.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Դատախազի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը:

11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և պաշտոնեական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների վրա:

12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին: Իր գնահատագրի վերաբերյալ դատախազը կարող է գրավոր անհամաձայնություն հայտնել անմիջական վերադաս դատախազին կամ վերադաս դատախազին, ինչպես նաև որակավորման հանձնաժողովին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունքում կայացրած որոշման վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` սույն օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով կայացված որոշման մասին որակավորման հանձնաժողովն ատեստավորման օրը հայտնում է դատախազին: Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման որոշմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում բողոքարկելու այն գլխավոր դատախազին:

15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։

16. Որակավորման հանձնաժողովի որոշումը և ատեստավորման արդյունքները որակավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորման ավարտից հետո` եռօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անմիջապես ներկայացնում է գլխավոր դատախազին: Դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս:

17. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

18. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է համապատասխան վերապատրաստումն անցնելուց հետո` ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:

19. Գլխավոր դատախազը որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետով կայացված որոշման և ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան միջնորդությունները բավարարելու կամ մերժելու մասին որոշում է ընդունում ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

20. Որակավորման հանձնաժողովի` սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշումն արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

21. Դատախազի կողմից ատեստավորման որոշման բողոքարկման դեպքում գլխավոր դատախազը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ բողոքն ստանալու պահից հնգօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը բավարարելու որոշում կայացվելու դեպքում դատախազն ատեստավորում է անցնում որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը մերժվելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

22. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

(50-րդ հոդվածը լրաց. 14.04.21 ՀՕ-338-Ն)

(14.04.21 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 51. Դատախազի վերապատրաստումը և մասնակցությունը կրթական այլ ծրագրերի

 

1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Վերապատրաստումը և լրացուցիչ վերապատրաստումն իրականացվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Վերապատրաստման ենթակա, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ վերապատրաստման ենթակա դատախազների ցուցակը հաստատվում է գլխավոր դատախազի հրամանով և արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Դատախազները պարտավոր են անցնել լրացուցիչ վերապատրաստում՝

1) «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում.

2) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման դեպքում:

5. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստում անցնելու ընթացքում պահպանվում են դատախազի պաշտոնը և դրա համար սահմանված աշխատավարձը:

6. Դատախազն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին կամ օրերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած դատախազի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

 

ԳԼՈՒԽ 9

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 52. Խրախուսանքի տեսակները և հիմքերը

 

1. Երկարամյա ծառայության (պաշտոնավարման) կամ պաշտոնեական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար դատախազի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները՝

1) շնորհակալության հայտարարում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով, մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում 10 օրով.

5) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում և համապատասխան կրծքանշանով պարգևատրում.

6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

7) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած դասային աստիճանի համար սույն օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը:

2. Կարգապահական տույժ ունեցող դատախազի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել միայն նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել պաշտոնավարման ամբողջ ընթացքում մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է գլխավոր դատախազը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է տվյալ տեսակի կարգապահական տույժը նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

7. Դատախազության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել գլխավոր դատախազի սահմանած կարգով:

8. Դատախազի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել, եթե նրա նկատմամբ ընդունվել է սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-6-րդ կետերով սահմանված որոշումը, կամ նա համարվում է կարգապահական տույժ ունեցող, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:

9. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 53. Կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) դատախազի վարքագծի կանոնները խախտելը.

3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը.

4) սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:

 

Հոդված 54. Կարգապահական տույժերը

 

1. Դատախազի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնից ազատում:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժը չի կարող կիրառվել առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցնող անձանց նկատմամբ: Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնների խմբում ընդգրկված դատախազների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժի կիրառման արդյունքում նրանք չեն կարող նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում:

2. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:

3. Մեկ կարգապահական խախտման համար դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի ենթարկված դատախազը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

5. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կարող է նշանակվել դատախազի այնպիսի արարք կատարելու դեպքում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատախազի պաշտոնի հետ:

6. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի և դատախազների նկատմամբ կարող է կիրառվել նաև գլխավոր դատախազի նախաձեռնությամբ կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, որով հիմնավորվում է նշված անձի կողմից տևական ժամանակ իր գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով ստորաբաժանման առջև դրված նպատակները և խնդիրներն արդյունավետորեն չեն իրականացվել:

(54-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 55. Կարգապահական տույժ նշանակելու իրավասությունը

 

1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը նշանակում է գլխավոր դատախազը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Գլխավոր դատախազը սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու հիմքով տույժ նշանակում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած եզրակացության հիման վրա՝ եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:

2. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի տեղակալների և դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը նշանակում է էթիկայի հանձնաժողովի համապատասխան դրական եզրակացության հիման վրա:

3. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ: Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

(55-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 56. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և ժամկետները

 

1. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել գլխավոր դատախազը՝

1) իր նախաձեռնությամբ կամ

2) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատախազների միջնորդությունների հիման վրա կամ

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով գլխավոր դատախազին դիմելու մասին դատարանի սանկցիայի հիման վրա:

2. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում կամ միջնորդություն ստանալու դեպքում գլխավոր դատախազը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում էթիկայի հանձնաժողովը եռօրյա ժամկետում հաղորդումը կամ միջնորդությունն ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եթե դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնողը գլխավոր դատախազն է, ապա նա եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն դատախազի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու փաստի մասին:

3. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն գլխավոր դատախազին ներկայացնելու իրավունք ունեն՝

1) գլխավոր դատախազի տեղակալը՝ իր համակարգման ոլորտում գտնվող դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.

2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տվյալ ստորաբաժանման դատախազների կատարած կարգապահական խախտումների համար, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում.

3) զինվորական դատախազը՝ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.

4) Երևան քաղաքի դատախազը՝ Երևան քաղաքի դատախազության դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.

5) Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը՝ տվյալ վարչական շրջանի դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.

6) մարզի դատախազը՝ տվյալ մարզի դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.

7) կայազորի զինվորական դատախազը՝ կայազորի զինվորական դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար:

4. Էթիկայի հանձնաժողով հասցեագրված՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հաղորդումների հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի նաև էթիկայի հանձնաժողովը նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Նիստի անցկացման կարգի վրա տարածվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված նորմերը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված միջնորդությունները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումներն ու հրապարակումներն ինքնին կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեն:

6. Կարգապահական վարույթը հարուցելու և իրականացնելու, այդ թվում` սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված իրավունքների և պարտականությունների իրականացման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

7. Իր կամ էթիկայի հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիման վրա գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում ստեղծում է դատախազներից կազմված կարգապահական վարույթ իրականացնող հանձնախումբ կամ դրա իրականացումը հանձնարարում է մեկ դատախազի:

8. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերվելու օրվանից 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամսվա ընթացքում:

9. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 21 օրը` սկսած կարգապահական վարույթ հարուցելու օրվանից, բացառությամբ կարգապահական ստուգումների, դատախազի հարգելի պատճառով բացակայության, հիվանդության, գործուղման դեպքերի: Այս դեպքում կարգապահական վարույթի տևողությունը վարույթ հարուցած անձը կարող է երկարաձգել կարգապահական ստուգումների, հիվանդության, գործուղման կամ դատախազի հարգելի պատճառով բացակայության ժամանակահատվածով:

10. Կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական տույժի նշանակման որոշումների մասին դատախազին հաղորդվում է համապատասխանաբար կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական տույժ նշանակելու որոշումները կայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

11. Առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող դատախազն ունի`

1) իրավունք` ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

2) իրավունք` իմանալու, թե ինչ կարգապահական խախտում է իրեն վերագրվում, պարզաբանում տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ.

3) իրավունք` միջնորդություններ ներկայացնելու կարգապահական վարույթի ընթացքում առանձին գործողություններ կատարելու համար, ինչպես նաև ներկայացնելու նյութեր, իր պարզաբանումները հիմնավորող փաստական տվյալներ՝ կարգապահական վարույթի նյութերին կցելու համար.

4) իրավունք` բացարկ հայտնելու կարգապահական վարույթ իրականացնող անձին, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով: Բացարկը լուծում է գլխավոր դատախազը.

5) իրավունք` ծանոթանալու կարգապահական վարույթի նյութերին, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե չունի դրանց առնչվելու թույլտվություն, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքի, նյութերի վերաբերյալ ներկայացնելու առաջարկություններ, դիտողություններ և միջնորդություններ.

6) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

12. Դատախազը պարտավոր է կարգապահական վարույթն իրականացնողի պահանջով ներկայացնել կարգապահական վարույթի իրականացման համար անհրաժեշտ իր մոտ եղած փաստաթղթեր, առարկաներ և նյութեր:

13. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումը պետք է պարունակի՝

1) այն ներկայացնող անձի անուն, ազգանուն, ծանուցման հասցե և այն դատախազի վերաբերյալ տվյալներ, որի դեմ կարգապահական վարույթ կարող է հարուցվել,

2) կարգապահական խախտումներ համարվող արարքների և դրանց կատարման տեղի ու ժամանակի նկարագրություն,

3) հնարավորության դեպքում ներկայացվող տվյալները հիմնավորող նյութեր,

4) հաղորդումը ներկայացրած անձի կամ մարմնի ստորագրություն:

14. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ իրականացնողը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել հաղորդումը ներկայացրած անձից կամ մարմնից:

15. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող հաղորդումը այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում վերադարձվում է հաղորդումը ներկայացրած անձին կամ մարմին:

16. Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

(56-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 57. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

 

1. Կարգապահական վարույթի ավարտից հետո` յոթնօրյա ժամկետում, գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:

2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, որի վերաբերյալ հարցը ներկայացվել է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ:

3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում և գաղտնի քվեարկությամբ որոշում կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում՝ նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը:

4. Էթիկայի հանձնաժողովի նիստը էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է տարիքով ավագ անդամը:

5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին.

3) կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության բացակայության մասին:

7. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում որոշում է կայացնում նաև բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաև «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը:

9. Կարգապահական խախտման առկայության և դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու և «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական խախտումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներին, որոնց նկատմամբ կարող է նշանակվել սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը:

10. Դատախազը կարող է դիմել էթիկայի հանձնաժողով դատախազի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ ստանալու խնդրանքով:

(57-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 58. Կարգապահական տույժը հանելը և մարելը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով նշանակված կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել:

2. «Պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժեր նշանակվելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն անցնելուց հետո անձի նախկին կարգավիճակը չի վերականգնվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Կարգապահական տույժն այն նշանակող անձի որոշմամբ կարող է հանվել, բացառությամբ «պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի, մինչև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամիսը լրանալը, սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում:

4. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի նշանակման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար նախկին պաշտոնում կամ դրան համարժեք այլ պաշտոնում կամ նախկին դասային աստիճանի վերականգնումը կարող է իրականացվել դատախազների հերթական ատեստավորման, իսկ գլխավոր դատախազի որոշմամբ` նաև արտահերթ ատեստավորման արդյունքների հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 10

ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ, ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 59. Դատախազին գործուղելը

 

1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն` վերջիններիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության կամ թափուր հաստիքների պատճառով: Դատախազը ենթակա չէ գործուղման, եթե, բժշկի եզրակացության համաձայն, դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:

2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաև զինվորական դատախազը:

3. Գործուղումը կարող է երկարաձգվել դատախազի գրավոր համաձայնությամբ:

4. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացած աշխատավարձը: Եթե թափուր հաստիքի վրա գործուղվելիս դատախազի տվյալ պաշտոնի աշխատավարձը բարձր է իր պաշտոնում ստացած աշխատավարձից, ապա գործուղված դատախազն ստանում է ավելի բարձր աշխատավարձը:

5. Դատախազը գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, առանց իր համաձայնության կրկին չի կարող գործուղվել:

6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանումներ կամ հակառակը գործուղումներ չեն թույլատրվում:

(59-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 60. Դատախազին այլ պաշտոնի փոխադրելը

(վերնագիրը փոփ. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

1. Գլխավոր դատախազը դատախազին կարող է փոխադրել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի՝ առանց վերջինիս համաձայնության, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի: Դատախազին չի կարելի իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

1.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի փոխադրում չի թույլատրվում առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցրած անձանց և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում չընդգրկված անձանց՝ համապատասխանաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանում կամ հակառակը փոխադրումների դեպքերում: Նման դեպքերում պաշտոնների նշանակումը կատարվում է սույն օրենքի 38-42.1-ին հոդվածներով սահմանված կարգով:

2. Դատախազին իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է՝

1) դատախազի դիմումի հիման վրա.

2) երբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.

3) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշմամբ:

(60-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 61. Դատախազի լիազորությունները կասեցնելը

 

1. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատախազի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում մինչև տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը: Կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով, իսկ լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:

3. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-129-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-129-Ն)

(61-րդ հոդվածը խմբ., փոփ. 25.03.21 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 62. Դատախազին պաշտոնից ազատելը

 

1. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են`

1) անձնական դիմումը.

2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.

3) դատախազի մահը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,

5) հաստիքի կրճատումը.

6) դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն փոխադրվելուց հրաժարվելը, դատախազության կառուցվածքային այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա պաշտոն է զբաղեցրել.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելը կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

8) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.

9) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի նշանակումը.

10) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտը, որով ապացուցված է, որ նա այդ պաշտոնում նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.

11) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշումը.

12) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

13) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:

2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ նաև ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից երեք ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:

4. Դատախազների ռեզերվում ընդգրկվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 63. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը

 

1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.

4) նրա մահը.

5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.

6) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով.

8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:

3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝

1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.

2) կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը.

3) խախտել է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.

4) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունն ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

 

ԳԼՈՒԽ 11

ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 64. Դատախազների վարձատրությունը

 

1. Դատախազների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(64-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 65. Դատախազների կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Դատախազի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև դատախազի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատախազի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատախազին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ գլխավոր դատախազի սահմանած կարգով և չափով՝ աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

(65-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 66. Դատախազի այլ սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը դատախազների համար երաշխավորում է`

1) պաշտոնեական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) պաշտոնեական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

4) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

2. Անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս դատախազն ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով:

3. Դատախազին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցում է պետությունը:

4. Դատախազները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:

5. Պետությունն ապահովում է դատախազի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Դատախազի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում:

6. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները, ինչպես նաև առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 67. Դատախազի արձակուրդը

 

1. Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:

2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը:

3. Արձակուրդ տրամադրվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալի հրամանով: Դատախազներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:

5. Դատախազներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

6. Ամենամյա արձակուրդի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

7. Դատախազին արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազների նկատմամբ` սույն օրենքի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 68.

Դատախազի համազգեստը, վկայականը և կնիքը, դատախազության խորհրդանիշը

 

1. Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համազգեստի և տարբերանշանների կրման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

3. Դատախազներին տրվում են գլխավոր դատախազի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ: Գլխավոր դատախազությունում գրանցված և համարակալված կնիքներ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 69. Դատախազի իրավական պաշտպանությունը

 

1. Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատախազի պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, դատախազի և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկել առանց էթիկայի հանձնաժողովի համաձայնության, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի, կամ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Եթե քննարկվում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, ապա նրանք էթիկայի հանձնաժողովի կողմից նշված հարցի քննարկմանը չեն մասնակցում:

5. Գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում և տվյալ վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալը:

(69-րդ հոդվածը լրաց. 25.03.21 ՀՕ-129-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 70. Դատախազի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Դատախազն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատախազներին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

3. Դատախազը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դատախազի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 12

ԴԱՏԱԽԱԶԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 71. Դատախազի վարքագծի կանոնները

 

1. Դատախազի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ սույն օրենքով սահմանված վարքագծի կանոններից բխող պահանջները` գլխավոր դատախազի հրամանով:

2. Դատախազի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատախազների համար: Անմիջական վերադաս դատախազը պարտավոր է նաև պահանջել, որ ապահովվի վարքագծի կանոնների պահպանումը ստորադաս դատախազների կողմից:

3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-9-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը:

 

Հոդված 72. Դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները

 

1. Դատախազը պարտավոր է՝

1) ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում՝ հօգուտ որևէ անձի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց.

2) ցանկացած պայմաններում ու իրավիճակում խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի գործնական, մասնագիտական կամ բարոյական կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որոնք կարող են արատավորել դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը.

3) բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ և գործունեությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության և իր անձի նկատմամբ.

4) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ որևէ վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաև չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության նկատմամբ.

5) չանդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ազգային, դավանանքի կամ ֆիզիկական արատների խտրականության հետ.

6) լինել ինքնուրույն և անաչառ, անկախ լինել օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից.

7) զերծ մնալ դատախազական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

8) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու անաչառության հասարակական ընկալումը,

9) լինել օրինապահ, արդարամիտ, համբերատար, կարգապահ, զուսպ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված գործողություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ ողջամտություն և բարեկրթություն.

10) լինել անհանդուրժողական գործընկերների վարքագծի կանոնների թույլ տված խախտումների և ոչ բարոյական վարքագծի նկատմամբ.

11) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանց ժամանակին կանխարգելելու և հետևանքները վերացնելու նպատակով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը.

12) իրեն տրամադրված ծառայողական հրազենը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել:

 

Հոդված 73. Դատախազի վարքագծի կանոնները պաշտոնեական հարաբերություններում

 

1. Պաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝

1) գործել Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին, օրենքներին համապատասխան,

2) պահպանել աստիճանակարգված ենթակայության սկզբունքը, որը չի խոչընդոտում վերադաս կամ անմիջական վերադաս դատախազին զերծ մնալու ստորադաս դատախազի նկատմամբ այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որը կարող է արատավորել դատախազի պատիվն ու արժանապատվությունը, վարկաբեկել նրա հեղինակությունը.

3) լինել անկախ և անաչառ.

4) դրսևորել անհրաժեշտ հետևողականություն` օրենքով նախատեսված սահմանափակումները պահպանելիս.

5) ունենալ ինքնուրույն համոզմունք և դատախազական ակտերը կայացնել ինքնուրույն, որը չի խոչընդոտում իրավական հարցերի շուրջ դատախազ գործընկերներից խորհուրդ ստանալը.

6) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել իր լիազորությունները՝ օրենքով դատախազին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ.

7) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը ու արհեստավարժությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքների հարստացման, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին.

8) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով` միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար.

9) դատական նիստերին մասնակցել պատշաճ համազգեստով, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը.

10) իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց կամ նման տպավորություն ստեղծելուց, գործել այնպես, որ նրա անաչառության և անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով և այլ կողմնակի ազդեցությամբ, որը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ.

11) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն վարույթից հեռացման (ինքնաբացարկի) անհրաժեշտություն առաջացնող դեպքերը.

12) այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) համբերատար, արժանապատիվ, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, գործընկերների և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատախազը շփվում է ի պաշտոնե.

14) պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու անաչառ քննադատությանը վերաբերվել ըմբռնումով և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.

15) գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, նրանց նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել նրանց կարծիքը, պատրաստակամություն դրսևորել օգնելու և աջակցելու իր գործընկերներին, անիրավաչափորեն չմիջամտել գործընկերների պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, որը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ:

(73-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 74. Դատախազի վարքագծի կանոնները արտապաշտոնեական հարաբերություններում

 

1. Արտապաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝

1) չօգտագործել դատախազի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

2) թույլ չտալ շահերի բախում, որ իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա.

3) խուսափել իր կամ դատախազության հեղինակությունը վարկաբեկող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական և այլ կախվածության մեջ դնող կապերից.

4) զերծ մնալ վարույթի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանն անհարիր այնպիսի վարքագիծ դրսևորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը:

(74-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն)

 

ԳԼՈՒԽ 13

(գլուխը խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

Հոդված 75.

Քաղաքացիական ծառայությունը

 

1. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ:

2. Դատախազության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր դատախազը:

 

Հոդված 76.

Քաղաքացիական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Դատախազությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

 

ԳԼՈՒԽ 14

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 77. Դատախազության ֆինանսավորումը

 

1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:

2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:

3. Կառավարությունն Ազգային ժողով և գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:

6. Բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ դատախազության դիրքորոշումն Ազգային ժողովում ներկայացնում է դատախազության գլխավոր քարտուղարը:

7. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:

(77-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն)

 

ԳԼՈՒԽ 15

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 78. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքը:

 

Հոդված 79. Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է հոսել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում:

3. Դատախազներին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են՝ համապատասխանեցնելով դատախազի տվյալ պաշտոնին սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանին, բացառությամբ եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանը սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանից բարձր է: Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

 4. Դատախազների ատեստավորումը և վերապատրաստումը անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նախորդ ատեստավորման և վերապատրաստման անցկացման ժամկետները:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարում են էթիկայի և որակավորման հանձնաժողովների անդամների լիազորությունները:

6. Էթիկայի և որակավորման հանձնաժողովների նոր անդամները նշանակվում են, իսկ դատախազության կոլեգիայի կազմը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին օրենքն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 1

Երևան
ՀՕ-198-Ն