Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-59
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2022-23.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/10(1110) հոդ.124, 31 մայիսի 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

(նախաբանը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

(մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-273-Ն)

(1-ին հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, 05.11.03 ՀՕ-27-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-273-Ն)

Հոդված 1.1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքի կազմակերպման եղանակով:

(1.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-273-Ն)

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

(2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-240-Ն)

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

(3-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:


Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

(հոդվածը 26.06.23 ՀՕ-197-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, որն ընդունվում է նույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում)

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի կենսական շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:

(12-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-14-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-273-Ն)

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:

(15-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-14-Ն)

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն)

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Գ Լ ՈՒ Խ  III

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների իրավունքների պաշտպանությունը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-273-Ն)

 

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք:

(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն, 21.12.17 ՀՕ-14-Ն, 09.06.22 ՀՕ-273-Ն)

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում 

(մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31.

Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:

2. Քրեական վարույթում երեխայի իրավունքները և դրանց իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 (31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ.09.06.22 ՀՕ-161-Ն)

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում
(վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է երեխան, եթե՝

1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով՝ 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները.

2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային.

3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է: 

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-21-Ն)

(հոդվածի 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 19.01.21 ՀՕ-21-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

Գ Լ ՈՒ Խ  IV

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

 

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

 

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

 

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

 

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

 

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

(IV գլուխը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Գ Լ ՈՒ Խ  V

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(36-րդ հոդվածը փոփ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(37-րդ հոդվածը փոփ. 19.03.02 ՀՕ-316)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան