ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.
2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.
3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքի կազմակերպման եղանակով:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած) երեխաների իրավունքների պաշտպանությունը |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք:»:
Հոդված 5. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: