ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է հաշտարարության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
3. Այլ օրենքներով կարող են կարգավորվել ոլորտային հաշտարարության առանձնահատկություններ:
4. Սույն օրենքը չի կիրառվում ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող հաշտարարության նկատմամբ:
Հոդված 2. | Հաշտարարությունը |
1. Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
2. Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:
3. Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու միջոցով:
4. Կողմերի միջև հաշտարարության վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը հաշտարարությունն ավարտելուց հետո:
Հոդված 3. | Հաշտարարը |
1. Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
2. Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնելու ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում:
Հոդված 4. | Հաշտարարության սկզբունքները |
1. Հաշտարարությունն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. | Հաշտարարի վարքագծի կանոնները |
1. Հաշտարարի վարքագծի կանոնների նպատակն է հաշտարարի կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել հաշտարարի անկախության և անաչառության ապահովմանը, ինչպես նաև հաշտարարի հեղինակության բարձրացմանը և հաշտարարության նկատմամբ վստահության ձևավորմանը:
2. Հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.
1) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ հաշտարարի անկողմնակալության վրա.
2) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ.
3) պահպանել հաշտարարության գաղտնիությունը.
4) հաշտարարությունն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.
5) նպաստել հաշտարարի հեղինակության բարձրացմանը և հաշտարարության նկատմամբ վստահության ձևավորմանը:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է հաշտարարի վարքագծի կանոնների մանրամասները:
Հոդված 6. | Հաշտարարի իրավունքները և պարտականությունները |
1. Հաշտարարն իրավունք ունի`
1) հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
2) ազատորեն կիրառելու օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ.
3) իր ծառայությունների դիմաց ստանալու վճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4) գովազդելու իր ծառայությունները:
2. Հաշտարարը պարտավոր է`
1) մինչև հաշտարարությունն սկսելը հաշտարարության կողմերին պարզաբանել իր դերը, հաշտարարության գործընթացի բնույթը, հաշտության համաձայնության և անհրաժեշտության դեպքում նման համաձայնություն ձեռք չբերելու հետևանքները.
2) հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց, եթե գտնում է, որ իր մասնակցությունը հաշտարարության գործընթացին կհանգեցնի հաշտարարության որևէ սկզբունքի կամ հաշտարարի վարքագծի կանոնների խախտման.
3) պահպանել հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի կանոնները.
4) անցնել հաշտարարների ամենամյա պարտադիր վերապատրաստումը:
3. Հաշտարարն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:
Հոդված 7. | Հաշտարարության ընթացքում հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը |
1. Հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները գաղտնի են և կարող են հրապարակվել կողմերի գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չեն կարող հարցաքննվել որպես վկա այն տեղեկությունների վերաբերյալ, որոնք իրենց հայտնի են դարձել հաշտարարության ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 8. | Հաշտարարության իրականացման կարգը |
1. Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
2. Կողմերի համաձայնությամբ հաշտարարության իրականացման կարգ սահմանված չլինելու դեպքում հաշտարարությունն իրականացվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատության միջոցով հաշտարարություն իրականացնելու դեպքում՝ այդ հաստատության սահմանած կանոններով:
Հոդված 9. | Հաշտարարության իրականացման պայմանները |
1. Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:
2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:
3. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:
4. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պարունակում է՝
1) համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.
3) տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները չբավարարող համաձայնությունն առ ոչինչ է:
6. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ կարող են նշվել տեղեկություններ ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասին:
7. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ ընտրված հաշտարարի կամ հաշտարարական հաստատության մասին տեղեկությունների բացակայության դեպքում հաշտարարը նշանակվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից՝ կողմի դիմումի հիման վրա:
8. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ընտրված լինելու դեպքում հաշտարարությունն իրականացնում է այդ հաստատության նշանակած անձը կամ անձինք:
9. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում այդ համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:
Հոդված 10. | Հաշտարարության սկիզբը |
1. Հաշտարարությունն սկսվում է հաշտարարություն իրականացնելու վերաբերյալ մյուս կողմին գրավոր առաջարկ ներկայացնելու պահից:
Հոդված 11. | Հաշտարարության գործընթացի ավարտը |
1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է, երբ՝
1) կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն՝ այդ համաձայնությունն ստորագրվելու օրվանից.
2) հաշտարարը հայտարարում է այնպիսի հանգամանքների առկայության մասին, որոնք բացառում են վեճը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունը՝ հայտարարությունն անելու օրվանից.
3) կողմերի միջև կնքվում է համաձայնություն վեճը հաշտարարության միջոցով լուծելուց հրաժարվելու մասին՝ այդ համաձայնությունն ստորագրվելու օրվանից.
4) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է հաշտարարության գործընթացը շարունակելուց հրաժարվելու մասին՝ այդ հայտարարությունը հաշտարարին ուղարկելու օրվանից:
2. Հաշտարարությունն սկսելու վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում մյուս կողմից համաձայնություն չստանալու դեպքում հաշտարարությունն սկսելու վերաբերյալ առաջարկը համարվում է մերժված, իսկ հաշտարարությունը՝ ավարտված:
3. Հաշտարարության գործընթացն ավարտվում է նաև կողմերից մեկի մահվամբ կամ լուծարմամբ:
Հոդված 12. | Հաշտարարության իրականացման հետ կապված ծախսերը |
1. Հաշտարարության հետ կապված ծախսերը ներառում են՝
1) հաշտարարի վարձատրության գումարը.
2) կողմերի համաձայնությամբ հաշտարարի կրած ծախսերը:
2. Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված գործունեությունն իրականացվում է վճարովի հիմունքներով:
3. Հաշտարարի վարձատրության չափը որոշվում է կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ:
4. Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
5. Եթե հաշտարարը հրաժարվում է հաշտարարությունն իրականացնելուց, ապա նա պարտավոր է կողմերին վերադարձնել իրեն վճարված վարձատրության գումարը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի և հաշտարարի միջև գրավոր համաձայնությամբ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ, ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. | Արտոնագրված հաշտարարը |
1. Արտոնագրված հաշտարար է սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը:
2. Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ՝
1) 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը.
2) դատավորի պաշտոնում պաշտոնավարման առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող նախկին դատավորը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքով.
3) իրավունքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող իրավաբան գիտնականը:
3. Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին՝
1) որը հանրային ծառայող է.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ.
3) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.
4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
5) որը հեռացվել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունից, և հեռացվելուց հետո չի անցել երեք տարի:
(13-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-191-Ն)
Հոդված 14. | Հաշտարարի արտոնագրումը |
1. Արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու համար հաշտարարի թեկնածուն, բացառությամբ նախկին դատավորի և իրավաբան գիտնականի, անցնում է արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է հաշտարարության որակավորման հանձնաժողովը, և հանձնում է որակավորման քննություն, որն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Հաշտարարի թեկնածու նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը մասնակցում է միայն հարցազրույցի փուլին:
2. Արտոնագրված հաշտարարի որակավորումը շնորհում է արդարադատության նախարարը՝ որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
3. Հաշտարարության որակավորման հանձնաժողովում ընդգրկվում են արդարադատության նախարարության երկու ներկայացուցիչներ, մեկ գործող դատավոր, մեկ նախկին դատավոր, մեկ հոգեբան, մեկ իրավաբան գիտնական և մեկ արտոնագրված հաշտարար:
4. Հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:
5. Որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Արտոնագրված հաշտարարին տրամադրվում է որակավորման վկայագիր:
7. Որակավորման վկայագիրը տրվում է անժամկետ:
Հոդված 15. | Արտոնագրված հաշտարարի որակավորում տալը մերժելը, արտոնագրված հաշտարարի որակավորումը դադարեցնելը |
1. Որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա արդարադատության նախարարն արտոնագրված հաշտարարի որակավորում տալը մերժում է, եթե հաշտարարի թեկնածուն՝
1) իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ.
2) որակավորման հանձնաժողովի սահմանած ժամկետում կրկին թերի է ներկայացրել կամ չի ներկայացրել պահանջվող տեղեկությունները կամ դրանք հաստատող փաստաթղթերը.
3) չի հաղթահարել որակավորման քննության թեստավորման կամ հարցազրույցի փուլը:
2. Արդարադատության նախարարի կողմից արտոնագրված հաշտարարի որակավորումը դադարեցվում է, եթե՝
1) նա դիմել է այդ մասին.
2) պարզվել է, որ որակավորումը շնորհվել է օրենքի պահանջների խախտմամբ.
3) նա մահացել է կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած.
4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.
5) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել է հանցագործության համար.
6) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.
7) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը որոշում է կայացրել նրան հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու մասին, և այդ որոշումը սահմանված ժամկետում չի բողոքարկվել կամ բողոքարկման արդյունքում թողնվել է անփոփոխ:
(15-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-191-Ն)
Հոդված 16. | Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը կասեցնելը |
1. Արդարադատության նախարարը կասեցնում է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը, եթե նա անցել է հանրային ծառայության: Արտոնագրված հաշտարարը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել արդարադատության նախարարությանը հանրային ծառայության անցնելու մասին՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
2. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը կասեցնելու դեպքում արդարադատության նախարարությունն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան արտոնագրված հաշտարարին, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը և հրապարակում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
3. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողության կասեցման ժամանակահատվածում տվյալ արտոնագրված հաշտարարը չի կրում իր կարգավիճակից բխող իրավունքներ և պարտականություններ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը վերանալուց հետո արդարադատության նախարարը վերականգնում է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը: Արտոնագրված հաշտարարը պարտավոր է տասնօրյա ժամկետում արդարադատության նախարարությանը տեղեկացնել կասեցման հիմքը վերանալու մասին՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
5. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը կասեցնելու և վերականգնելը մերժելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 17. | Արտոնագրված հաշտարարների ռեեստրը, ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումը |
1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում ընդգրկվում են բոլոր արտոնագրված հաշտարարները:
2. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը վարում, նրանց ծանրաբեռնվածության և մասնագիտացվածության հաշվառումն իրականացնում է արդարադատության նախարարությունը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:
3. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը հրապարակվում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, որում ներառվում են նաև հաշտարարների կենսագրությունը, մասնագիտացումը, կապի միջոցները, ինչպես նաև տեղեկություններ հաշտարարի՝ անհատապես կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում գործելու վերաբերյալ:
Հոդված 18. | Արտոնագրված հաշտարարների վերապատրաստումը |
1. Արտոնագրված հաշտարարների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է հաշտարարների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
2. Արտոնագրված հաշտարարների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:
Հոդված 19. | Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը |
1. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունն իրավաբանական անձ է, որը մշտական հիմունքներով մատուցում է հաշտարարական ծառայություններ:
2. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է ունենա հրապարակված հաշտարարության կանոններ:
3. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է հրապարակի հաստատության ցանկում ընդգրկված հաշտարարների կենսագրությունը և մասնագիտացումը:
4. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը գրանցվում է հաշտարարների ռեեստրում:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 20. | Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը |
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամության վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն է, որին անդամակցում են Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված բոլոր հաշտարարները:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների կողմից հաշտարարի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելը:
3. Հայաստանի Հանրապետությունում գործում է հաշտարարների ինքնակարգավորվող մեկ կազմակերպություն, որը պետք է ունենա առնվազն 20 անդամ:
4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը և «ԻԿԿ» հապավումը:
5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը`
1) ընդունում է կարգեր, կանոններ, ուղեցույցներ` իր անդամների որակավորումը բարձրացնելու, հաշտարարի վարքագծի կանոնների պահպանումը, ինչպես նաև իր կամ հաշտարարների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.
2) սահմանում է հաշտարարական ծառայությունների միջին ուղենիշային գնացուցակը.
3) կազմակերպում է հաշտարարների վերապատրաստումը.
4) առաջարկում է հաշտարարի թեկնածություն կամ նշանակում է հաշտարար՝ կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում.
5) քննում է իր անդամների գործունեության հետ կապված` սույն օրենքով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ դիմումները.
6) հաշտարարության գործընթացի զարգացման և կատարելագործման նկատառումներից ելնելով՝ իրականացնում է օրենքով չարգելված այլ գործունեություն:
6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդունած կարգերը, կանոնները և ուղեցույցները ենթակա են հրապարակման կազմակերպության կայքում:
Հոդված 21. | Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները |
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
1) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի, հաշտարարի ուղեցույցների ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.
2) հաշտարարական ծառայությունների միջին ուղենիշային գնացուցակը հաստատելը.
3) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին կազմակերպությունից հեռացնելը.
4) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի, էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.
5) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
6) կարգապահական հանձնաժողովի անդամների քանակի սահմանումը և ընտրությունը.
7) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը և այն վճարելու կարգը սահմանելը.
8) գործադիր մարմին ընտրելը.
9) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր։
3. Գործադիր մարմնի ղեկավարը (անդամը) չի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ:
4. Կարգապահական հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոններով կամ կարգերով սահմանված կարգով քննում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին և վարքագծի կանոններին։
5. Ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայության և էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը և ժամկետները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
Հոդված 22. | Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների անդամավճարը |
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամները պարտավոր են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի սահմանած չափով և կարգով վճարել անդամավճար։
Հոդված 23. | Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը |
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված դիմումը:
2. Օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ կամ պարբերական խախտումներ հայտնաբերելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ հաշտարարին կազմակերպությունից հեռացնելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3. Կոպիտ է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը, առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ:
4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հեռացված անդամին և արդարադատության նախարարություն:
5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հեռացված անդամի կողմից այն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում:
Հոդված 24. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրված հաշտարարների որակավորման վկայագրերը պահպանում են իրենց ուժը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը` որպես սույն օրենքով նախատեսված հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն:
4. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:
5. Մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է հաշտարարության իրականացման կանոնները:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-351-Ն
Ա. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.11.2022, ՀՕ-435-Ն | 26.12.2022, ՀՕ-351-Ն | |
09.06.2022, ՀՕ-191-Ն | 01.07.2022, ՀՕ-351-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|