ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«30» հունիսի 1996 թ.
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգը և պայմանները:
(1-ին հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկերի գործունեության իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում` դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Բանկի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Համահայկական բանկի առանձնահատկությունները սահմանվում են «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(2-րդ կետը փոփ. 06.11.01 ՀՕ-254, 15.11.05 ՀՕ-227-Ն, 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-34-Ն, 22.12.10 ՀՕ-255-Ն, 12.11.15 ՀՕ-134-Ն)
Հոդված 3. |
Օրենքի հիմնական խնդիրը |
Սույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:
Հոդված 4. |
Բանկ և բանկային գործունեություն |
1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հոդված 5. |
Բանկային ավանդ |
Բանկային ավանդ է համարվում անձին տրամադրված այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին, և որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք, գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
(5-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 6. |
«Բանկ» բառի օգտագործումը |
1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:
2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
3. Արգելվում է նաև բանկային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է բանկային գործունեությանը:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 7. |
Բանկային միություններ և ասոցիացիաներ |
Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ և ասոցիացիաներ և անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները և ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:
Հոդված 8. |
Փոխկապակցված անձինք |
1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
դ) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ.
դ) իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի:
4. Սույն օրենքի և բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող կամ միևնույն տնտեսություն վարող հետևյալ անձինք՝ ծնողները, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները, ամուսնու ծնողները, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակը:
Անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Կենտրոնական բանկը կարող է սահմանել միևնույն տնտեսություն վարելու չափանիշներ:
(8-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-134-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 9. |
Նշանակալից մասնակցությունը և իրական շահառուները |
(վերնագիրը լրաց. 03.06.21 ՀՕ-254-Ն)
1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը:
3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝
ա) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.
բ) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.
գ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.
դ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:
4. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
(9-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-134-Ն, 03.06.21 ՀՕ-254-Ն)
Հոդված 10. |
Դուստր բանկ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 11. |
Բանկերի ինքնուրույնությունը |
1. Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:
2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետևանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:
4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը:
(11-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, 29.11.11 ՀՕ-304-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 12. Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները
1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ կոոպերատիվ բանկ:
2. Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե սույն օրենքը այլ կանոններ չի սահմանում:
3. Կոոպերատիվ է համարվում այն բանկը, որի մասնակիցներն անկախ բանկի կանոնադրական հիմնադրամում իրենց մասնակցության չափից ունեն մեկ ձայնի իրավունք:
Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք մասնակից:
Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում է երեքից, ապա այդ բանկը ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը:
(12-րդ հոդվածը փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 13. |
Բանկի մասնակիցները |
1. Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի և կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները):
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
3. Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել Կենտրոնական բանկին:
(13-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 24.06.10 ՀՕ-106-Ն)
Հոդված 14. |
Բանկերի մասնաճյուղերը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել մասնաճյուղեր` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի մասնաճյուղը բանկի ` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն և (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:
3. Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` սույն օրենքով սահմանված կարգով: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմաններ սահմանել: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
Հոդված 15. |
Բանկերի ներկայացուցչությունները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի ներկայացուցչությունը բանկի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն և սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:
Հոդված 16. |
Բանկի գործառնական գրասենյակները (կետերը) |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 17. |
Բանկերի կանոնադրական հիմնադրամը |
1. Բանկի կանոնադրական հիմնադրամի (կանոնադրական կապիտալի) չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ: Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը ձևավորվում է բանկի մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը հավասար է`
ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի կամ կոոպերատիվ բանկի մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին,
բ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի իրացումից ստացված գումարին:
2. Բանկերի կանոնադրական հիմնադրամը համալրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
(17-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, խմբ., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 18. |
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները |
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հայտարարություն այն մասին, որ իր մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը: Անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաև ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն), ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված փաստաթղթերի և այլ փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձևը, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը` 10-օրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`
ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունի.
բ) անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի.
դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
ե) տվյալ անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
զ) տվյալ գործարքն ուղղված է, կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.
է) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշել սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագները կամ պայմանները.
ը) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
թ) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող մասնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չի տալիս բացահայտելու կամ արդյունավետ կառավարելու բանկի ռիսկերը.
ժ) անձը չի ներկայացնում իր կողմից ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
4. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող բանկի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում և չի գերազանցում բանկի կանոնադրական հիմնադրամի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Սույն կետով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի և (կամ) փոխկապակցված անձանց մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 10, 20 տոկոսը, 50 և 75 տոկոսը:
(18-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, խմբ., լրաց., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 181.
Բանկի կանոնադրական հիմնադրամում այլ մասնակցություն ձեռք բերելը
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են այլ մասնակցություն (ոչ նշանակալից) ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածի իմաստով բանկի կանոնադրական հիմնադրամում այլ (ոչ նշանակալից) մասնակցություն է հանդիսանում այն մասնակցությունը, որն անձը կամ փոխկապակցված անձինք ձեռք են բերում բանկի նշանակալից մասնակցից, որի արդյունքում բանկի նշանակալից մասնակցի մասնակցությունը բանկում նվազում է: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձի մասնակցության չափը բանկի կանոնադրական հիմնադրամում կնվազի համապատասխանաբար 75, 50, 25 կամ 10 տոկոսից: Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այլ մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
Սույն մասով սահմանված նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը, ձևը, դրանց ներկայացման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը քննարկում է սույն օրենքի 18 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե առկա է սույն օրենքի 18 հոդվածի երկրորդ մասով նախատեսված կամ հետևյալ հիմքերից մեկը՝
ա) կխախտվեն բանկի հիմնական տնտեսական նորմատիվները.
բ) Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ գործարքի հետևանքով կարող են առաջ գալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկման միտումներ:
3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող նշանակալից մասնակցից մասնակցություն ձեռք բերելու դեպքերի վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում և չի գերազանցում բանկի կանոնադրական հիմնադրամի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում սույն հոդվածով սահմանված կարգով:
(181-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 19. |
Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու սահմանափակումները |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 20. |
Բանկի կանոնադրությունը |
1. Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների և կառավարման մարմինների համար:
2. Կանոնադրությունը սահմանում է`
ա) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.
բ) բանկի գտնվելու վայրը.
գ) բանկի կազմակերպական-իրավական ձևը.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
ե) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
զ) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
է) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն:
ը) բանկի հայեցողությամբ՝ տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների մասին, ինչպես նաև բանկի կողմից մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և գործունեության դադարման կարգը.
թ) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
ժ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
ժա) բանկի լուծարման կարգը.
ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթներ:
Բանկի կանոնադրությամբ կարող են սահմանվել բանկի կանոնադրական հիմնադրամում մեկ հիմնադրի կամ մասնակցի մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) առավելագույն չափը:
3. Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է բանկի կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել:
4. Բանկի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ:
(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ., լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 21. |
Բանկի կառավարման մարմինները |
1. Բանկի կառավարման մարմիններն են՝
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ ընդհանուր ժողով).
բ) բանկի խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ).
գ) բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը (այսուհետ՝ գործադիր տնօրեն), բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը կամ վարչությունը (այսուհետ՝ տնօրինություն):
2. Բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը և իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Անկախ կազմակերպաիրավական տեսակից՝ բանկերը պարտավոր են ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ստորաբաժանում, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ:
(21-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 211. |
Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի իրավասությունները |
1. Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում՝
ա) բանկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը.
բ) բանկի վերակազմակերպումը.
գ) բանկի լուծարումը.
դ) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.
ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաև դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ ընդհանուր ժողովում։ Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե ժողովը որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
զ) հայտարարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ծավալի առավելագույն չափի սահմանումը, ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը.
է) խորհրդի ներկայացմամբ բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
ը) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների բաշխման հաստատումը: Տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.
թ) ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.
ժ) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
ժա) բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը.
ժբ) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.
ժգ) դուստր և կախյալ ընկերություններին մասնակցությունը.
ժդ) առևտրային կազմակերպությունների միությունների հիմնադրումը.
ժե) առևտրային կազմակերպությունների միություններում մասնակցությունը.
ժզ) խորհրդի անդամների վարձատրության չափի սահմանումը.
ժէ) օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.
ժը) հաստատված օրակարգի շրջանակում օրենքով նախատեսված այլ հարցեր:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել բանկի խորհրդին, ինչպես նաև բանկի գործադիր տնօրենին, նրա տեղակալներին, բանկի տնօրինության անդամներին, բանկի գլխավոր հաշվապահին (այսուհետ նաև՝ գործադիր մարմնի անդամներ) կամ այլ անձի, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «ժբ-ժզ» կետերում թվարկված հարցերի և բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացման հարցի, որոնցով որոշումների ընդունումը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին:
(211-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 16.09.20 ՀՕ-437-Ն)
Ընդհանուր ժողովի գործունեության կազմակերպումը |
1. Ընդհանուր ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ սույն օրենքի 211 հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ը» կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Բանկի ընդհանուր ժողովի հեռակա նիստերը գումարվում են բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում, իսկ այդպիսի նիստում ընդունված որոշումները չեն համարվում հեռակա քվեարկության (հարցման) միջոցով ընդունված։
2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն՝
ա) բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող մասնակիցները՝ իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բանկի մասնակիցների անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը հիմնավորող փաստաթղթեր.
բ) բանկի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը՝ իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով՝ օրենքով և բանկի կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև այդ բաժնետոմսերի անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթեր.
գ) բանկի մասնակից չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
դ) բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.
ե) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում).
զ) Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ որպես դիտորդ.
է) կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:
3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ՝ բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ երկու պահանջները.
ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումն ընդունելու օրվան,
բ) ցուցակը կազմելու օրվա և ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրից ավելի լինել:
Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
4. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով, ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:
5. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի բանկի յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և բանկի կանոնադրական հիմնադրամում նրան պատկանող մասնակցության մասին: Բաժնետիրական բանկի՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական հիմնադրամում բաժնետիրոջը պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:
6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով բանկի այն մասնակիցներին, որոնք գրանցված են բանկի մասնակիցների ռեեստրում:
Բանկի մասնակցի պահանջով բանկը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք՝ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին:
7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բանկի մասնակիցների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու նպատակով:
(212-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-188-Ն, լրաց., խմբ. 31.03.20 ՀՕ-164-Ն)
Հոդված 213. |
Բանկի խորհուրդը: Բանկի խորհրդի ձևավորումը |
1. Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում: Բանկի խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 15 անդամից:
Խորհրդի անդամներն ընտրվում են բանկի տարեկան ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից, իսկ բանկի խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում բանկի ներկա մասնակիցների կողմից՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ընդհանուր ժողովին բանկի խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել բանկի մասնակիցները, ինչպես նաև խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձևավորման դեպքի):
Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա։
2. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին:
3. Բանկի այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) մինչև 10 տոկոսին, կարող են միավորվել և բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսը համալրելու դեպքում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում:
Սույն մասի առաջին պարբերությամբ նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն բանկի մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները.
ա) բանկի միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
բ) միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 43 հոդվածի հինգերորդ մասով սահմանված տեղեկությունները.
գ) պայման այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.
դ) միավորվող մասնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ:
Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
4. Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու բանկի խորհրդի կազմում:
Սույն մասի կիրառման առումով բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 տոկոսից պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության:
Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզև դրանց թիվը կազմի մեկ: Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն հոդվածի երրորդ մասում նշված պայմանագիրը կնքած բանկի մասնակիցները:
Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և բանկի խորհրդում ընդգրկման կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին՝ օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհրդի կողմից ներկայացվում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկները բանկի կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
5․ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ։
6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին՝ ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ կամ ունի տնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ, և որի կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա, և որի նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը։
Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:
(213-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 16.09.20 ՀՕ-437-Ն)
Հոդված 214. |
Խորհրդի անդամները |
1. Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Խորհրդի անդամները և տվյալ բանկի գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
2. Խորհրդի անդամները վարձատրվում են:
Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է ընդհանուր ժողովի կողմից և չի կարող մեկ տարուց պակաս լինել:
(214 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 215. |
Բանկի խորհրդի նախագահը |
Բանկի խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կողմից խորհրդի անդամների կազմից:
Բանկի խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) գումարում և նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
դ) նախագահում է բանկի ընդհանուր ժողովում.
ե) կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը:
(215 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 216. |
Բանկի խորհրդի իրավասությունները |
1. Բանկի խորհրդի իրավասություններն են՝
ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ՝ բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը.
բ) ընդհանուր ժողովի տարեկան և արտահերթ նիստերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված՝ նախապատրաստական աշխատանքների իրականացման ապահովումը.
գ) բանկի գործադիր մարմնի անդամների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
դ) բանկում ներքին հսկողության ստանդարտների սահմանումը, բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման ձևավորումը, նրա տարեկան աշխատանքային ծրագրի հաստատումը, ներքին աուդիտի աշխատակիցների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը.
ե) բանկի տարեկան ծախսերի նախահաշվի ու կատարողականի հաստատումը.
զ) բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքի և աշխատատեղերի հաստատումը.
է) բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացումը, եթե կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված է այդպիսի լիազորություն.
ը) շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում՝ շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ.
թ) բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների նախնական հաստատումը և ընդհանուր ժողովին ներկայացումը.
ժ) ընդհանուր ժողովի հաստատմանը բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի ներկայացումը.
ժա) բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը.
ժբ) բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում անհրաժեշտության դեպքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահսկումը.
ժգ) բանկի կողմից սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը.
ժդ) բանկի տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը, բանկի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառութային պարտականությունների բաշխումը.
ժե) սույն օրենքի 211 հոդվածի երկրորդ մասի «բ», «ժբ-ժզ» կետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը.
ժզ) բանկի պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունումը.
ժէ) բանկի պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.
ժը) բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը.
ժթ) բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության՝ հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և կարգերի սահմանումը.
ի) օրենքով նախատեսված այլ որոշումների ընդունումը:
2. Սույն հոդվածի առաջին մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է բանկի խորհրդի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների կամ այլ անձանց, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Խորհրդի հաստատած բանկի տարեկան ծախսերի նախահաշվի շրջանակներում սույն հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված բանկի աշխատատեղերի հաստատման իրավասությունը բանկի կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել բանկի գործադիր տնօրենին (տնօրինությանը):
3. Առնվազն տարին մեկ անգամ բանկի խորհուրդն իր նիստում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպես նաև քննարկի և անհրաժեշտության դեպքում վերանայի բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարությունը, կարգերն ու ներքին իրավական այլ ակտերը:
Առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհուրդը պետք է քննարկի բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման, գործադիր տնօրենի (տնօրինության) և գլխավոր հաշվապահի հաշվետվությունները՝ իր սահմանած կարգով և ձևով:
(216 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 217. |
Խորհրդի նիստերը |
1. Բանկի խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն երկու ամիսը մեկ: Բանկի խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է բանկի կանոնադրությամբ:
Բանկի խորհրդի նիստերը գումարում է բանկի խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամի, բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի խորհրդի, ինչպես նաև բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի (մասնակիցների) գրավոր պահանջով:
2. Բանկի խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով՝ բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում: Սույն օրենքի 216 հոդվածի առաջին մասի «գ», «դ», «ժ» և «ժդ» կետերում նշված, ինչպես նաև բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը, բանկի խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել բանկի խորհրդի հեռակա նիստերի ժամանակ:
3. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում՝ խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Խորհրդի նիստերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն բանկի գործադիր տնօրենի պարտադիր մասնակցությամբ, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նրա վարձատրության պայմանների հաստատման հարցերի: Բանկի գործադիր տնօրենը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
բ) նիստին մասնակցած անձինք.
գ) նիստի օրակարգը.
դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի.
ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
զ) նիստում ընդունված որոշումները:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար:
Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, որն ստորագրում է նիստի որոշումները: Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
(217 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, 31.03.20 ՀՕ-164-Ն)
Հոդված 218. |
Բանկի խորհրդին կից հանձնաժողովները |
Բանկի խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Բանկի խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել բանկի խորհրդի անդամները և բանկի այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ: Բանկի խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:
(218 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 219. |
Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը |
1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են եթե՝
ա) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի խորհրդի անդամ (բանկի ղեկավար).
գ) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից: Սույն կետի իմաստով իրական ժամանակի ռեժիմով և բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա մասնակցությունը համարվում է լիարժեք մասնակցություն.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝
ա) իր դիմումի համաձայն.
բ) մահանալու դեպքում.
գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Բանկն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:
(219 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ., լրաց. 16.09.20 ՀՕ-437-Ն)
Հոդված 2110. |
Բանկի գործադիր տնօրենը, բանկի տնօրինությունը |
1. Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բանկի գործադիր տնօրենը և բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Բանկի գործադիր տնօրենը (տնօրինության անդամները) նշանակվում է (են) խորհրդի կողմից, գործադիր տնօրենի տեղակալները՝ խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Բանկի տնօրինության կառուցվածքը սահմանվում է բանկի կանոնադրությամբ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է տնօրինություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է հստակ սահմանազատվեն գործադիր տնօրենի և տնօրինության իրավասությունները:
2. Տնօրինությունը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված բանկի ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի, աշխատակարգերի և այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են տնօրինության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը:
Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են բանկի գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը:
Տնօրինության նիստերն արձանագրվում են: Տնօրինության նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, ներքին աուդիտին, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձին՝ նրանց պահանջով: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
բ) նիստին մասնակցած անձինք.
գ) նիստի օրակարգը.
դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած տնօրինության յուրաքանչյուր անդամի.
ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրինության անդամների և տնօրինության նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
զ) նիստում ընդունված որոշումները:
Տնօրինության նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
Տնօրինության նիստերը կազմակերպում և վարում է գործադիր տնօրենը, որն ստորագրում է նիստի որոշումները: Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
3. Բանկի գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է բանկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, բանկի անունից կնքում է գործարքներ, գործում է բանկի անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր:
Բանկի գործադիր տնօրենը կամ տնօրինությունը՝
ա) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, բանկի վարչակազմակերպական կառուցվածքը.
բ) տնօրինում է բանկի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
գ) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում բանկի աշխատակիցներին.
դ) բանկի աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
ե) ապահովում է ընդհանուր ժողովի և բանկի խորհրդի որոշումների կատարումը.
զ) իրականացնում է բանկի կանոնադրությամբ, ինչպես նաև խորհրդի կողմից սահմանված իրավական ակտերի շրջանակներում նախատեսված՝ բանկի ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ իրավասություններ:
Այն հարցերը, որոնք օրենքով կամ կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընդհանուր ժողովի, խորհրդի կամ ներքին աուդիտի ստորաբաժանման իրավասությանը պատկանող, պատկանում են գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը:
Բանկի գործադիր տնօրենը (տնօրինությունը) խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` խորհրդի սահմանած կարգով:
Բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել բանկի կառավարման այլ մարմինների, բանկի ներքին աուդիտին, բանկի գլխավոր հաշվապահին կամ այլ անձի, բացառությամբ եթե բանկի գործադիր տնօրենի լիազորությունների իրականացումը պատշաճ կերպով ժամանակավորապես փոխանցվել է նրան փոխարինող անձին: Գործադիր տնօրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես կարող են փոխանցվել նրան փոխարինող անձին, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
4. Խորհրդի կողմից գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե՝
ա) նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի գործադիր տնօրեն (բանկի ղեկավար).
գ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
5. Գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Բանկն իրավունք ունի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով գործադիր տնօրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:
(2110 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 2111. |
Բանկի գլխավոր հաշվապահը |
Բանկի գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (տեքստում՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
Բանկի գլխավոր հաշվապահը նշանակվում է բանկի խորհրդի կողմից՝ բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ:
Բանկի գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել ընդհանուր ժողովին, խորհրդին, գործադիր մարմնի անդամներին, ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ այլ անձի:
Բանկի գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ:
Բանկի գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև բանկի մասնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին բանկի մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և բանկի կանոնադրությանը համապատասխան:
(2111 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 2112. |
Ներքին աուդիտի ստորաբաժանումը |
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման (այսուհետ՝ ներքին աուդիտ) ղեկավարը և անդամները նշանակվում են բանկի խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:
Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները պարտավոր են պահպանել բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատանքային կարգապահությունը:
2. Բանկի ներքին աուդիտը բանկի խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝
ա) անկախ գնահատական է տալիս բանկի ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, բանկի կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ.
բ) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
գ) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել բանկի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
3. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝
ա) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.
բ) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ, ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին:
Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել բանկի խորհրդին՝ միաժամանակ առաջարկելով այդ խախտումների վերացման և ապագայում չկրկնման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ:
4. Բանկերում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:
(2112 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ., փոփ. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 21.13. | Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը |
1. Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
ա) բացահայտում, գնահատում է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը.
բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը.
գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի սահմանած պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ.
դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:
(21.13-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 21.14. | Բանկի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը |
1. Բանկի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
ա) ապահովում է բանկի և բանկի աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին.
բ) ապահովում է բանկում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը.
գ) գնահատում է բանկի գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը.
դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:
(21.14-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 22. |
Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը |
1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները:
2. Բանկի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.
ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
զ) քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության չափանիշներ:
4. (կետն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-46-Ն)
4. Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը և այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք: Սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ։
Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլ բանկի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:
Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:
(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, խմբ., լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն, 16.09.20 ՀՕ-437-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-160-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 23.
Բանկային գործունեության լիցենզիան
1. Բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
2. Բանկային գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
3. Բանկային գործունեության լիցենզիան անժամկետ է, և դրանում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
4. Բանկային գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը: Բանկային գործունեության լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից:
5. Բանկային գործունեության լիցենզիան կարող է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն օրենքով նախատեսված դեպքերում:
6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցնում է և պետք է վերադարձվի Կենտրոնական բանկ` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
7. Բանկային գործունեության լիցենզիայի կորստի դեպքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղն այդ մասին անհապաղ հայտնում է Կենտրոնական բանկին: Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դիմումով Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում վերականգնում է նրա բանկային գործունեության լիցենզիան:
8. Բանկային գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով: Այլ օրենքներով բանկային գործունեության լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
(23-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 24. |
Լիցենզավորման փուլերը |
1. Լիցենզավորման ընթացակարգը սկսվում է լիցենզիայի նախնական հավանություն ստանալու միջնորդագիր ներկայացնելու պահից և ավարտվում է լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու պահով:
2. Լիցենզավորման ընթացակարգի փուլերն են`
ա) լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
գ) լիցենզիա տալը:
Հոդված 25. |
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը |
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և մասնաճյուղի կանոնադրության նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի սահմանած ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է կազմված լինի բանկի գործունեության առաջիկա երեք տարիների համար և պարունակի բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, եկամուտների և ծախսերի հաշվարկը, ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները, ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները, բանկի կառավարման սկզբունքները և հնարավոր ռիսկերի գնահատումը.
գ1) ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած ձևով, ցանկով, կարգով և պայմաններով Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.
գ2) Կենտրոնական բանկի սահմանած ձևով, ցանկով, կարգով և պայմաններով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկությունները նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
(25-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 26. |
Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը |
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը, եթե`
ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունը կհակասի օրենքներին և այլ իրավական ակտերին.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևին և (կամ) Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով գործելով ծրագրին համապատասխան, բանկն ի վիճակի չի լինի բնականոն բանկային գործունեություն իրականացնել, կամ տնտեսական ծրագիրն անիրատեսական է.
գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա բանկն իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման և հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է, որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի և նրա մասնաճյուղերի` որպես միասնական համակարգի, գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում.
դ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի, կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:
2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում նրան տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը:
3. Նախնական հավանություն տալու կամ նախնական հավանությունը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով բողոքարկման:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ., լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 27. |
Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը |
1. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) գրանցման դիմում, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ.
բ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք.
գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը.
գ1) բանկի (բացառությամբ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, նրանց վավերացված ստորագրության նմուշները.
ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով.
ե1) Կենտրոնական բանկի սահմանած ձևով ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տվյալները, այդ թվում` տվյալ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ այլ անձ ստեղծվող բանկում անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ նշանակալից մասնակցություն ունեցող անձինք պարտավոր են ներկայացնել նաև անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը.
ե2) Կենտրոնական բանկի սահմանած ձևով այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ.
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը կամ մերժում է դրանց գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել անորոշ ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում բանկը համարվում է գրանցված:
3. Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր, կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:
4. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցվում է միայն Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափով միջոցների առկայության դեպքում:
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
6. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական:
7. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
(27-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, 08.06.09 ՀՕ-141-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-156-Ն)
Հոդված 28. |
Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) բանկի խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին.
բ) բանկի միջնորդագիրը.
գ) մասնաճյուղի կանոնադրությունը.
դ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով: Կենտրոնական բանկը կարող է քննել մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների և վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում.
զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ.
է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում`
ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը.
բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը.
գ) հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը.
դ) ներկայացուցչության կանոնադրությունը.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը, մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո հաշվառվում են Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:
4. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնում է բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման կամ համաձայնություն տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում գրանցումը կամ համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի, ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
6. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.
գ) բանկի մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին.
դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերին.
ե) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափից, կամ Կենտրոնական բանկի սահմանված չափանիշներով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում բանկը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը և Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ.
է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ հիմքերով.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ:
7. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.
գ) Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
դ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ հիմքերով:
8. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը` իր կողմից սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 03.03.04 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 29. |
Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները |
1. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները`
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` նաև օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեություն իրականացնելու համար.
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ:
2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար` որոշակի այլ պայմանների բավարարման համար լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել:
3. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական հավանությունը, և (կամ) բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ֆինանսական դրությունը:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են:
(29-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն)
Հոդված 30. |
Գրանցման և լիցենզավորման հետ կապված վճարները |
Բանկերին, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին, այլ անձանց գրանցելու և լիցենզիա տալու, բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գրանցելու, բանկի ղեկավարներին որակավորման վկայականներ տրամադրելու, ինչպես նաև կորցրած լիցենզիան կամ գրանցման վկայականը վերականգնելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Կենտրոնական բանկը կարող է Կենտրոնական բանկում մասնագիտական համապատասխանության և որակավորման քննություն անցնող անձանցից գանձել ծառայության վճար` իր սահմանած չափով:
(30-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 03.03.04 ՀՕ-46-Ն)
Հոդված 31. |
Բանկերի գրանցումների մատյանը |
Կենտրոնական բանկը վարում է բանկերի, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների կենտրոնական գրանցումների մատյանը, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները`
ա) գրանցման վկայականի համարանիշը.
բ) գրանցման ամսաթիվը.
գ) բանկի կազմակերպական-իրավական ձևը, բանկի ֆիրմային անվանումը.
դ) բանկի գտնվելու վայրը.
ե) բանկի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը.
զ) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
է) բանկի կողմից մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնելու դեպքում` նրանց գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը.
ը) բանկի գործունեության դադարման մասին:
(31-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 32. |
Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:
Սույն օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում:
3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:
4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը` գործի ողջ դատական քննության ընթացքում:
5. Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիան անվավեր ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
(32-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 33. |
Փոփոխությունների գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար իր սահմանած փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունը համարվում է գրանցված:
Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են սահմանված կարգով և ձևով: Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կողմից, և բանկը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները` մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխություններ գրանցելը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում այլ բանկերում կուտակային հաշիվ բացել չեն կարող:
(33-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 08.06.09 ՀՕ-141-Ն)
ՀՈԴՎԱԾ 331. |
ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով` Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող` Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը (հրամանը) Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ (հրամանով) անվավեր է ճանաչվում, եթե բանկը մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ սույն օրենքով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ բանկի ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու նպատակով, կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ:
(331 -ին հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
1) ընդունել ավանդներ.
2) տրամադրել վարկեր.
3) իրականացնել դրամական պահանջների զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ).
4) տրամադրել բանկային երաշխիքներ, բացել կամ իրականացնել հաշվարկներ ակրեդիտիվներով.
5) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում՝ բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ, ներառյալ՝ բանկերի թղթակցային հաշիվները.
6) թողարկել, սպասարկել արժեթղթեր, իր անունից և իր հաշվին արժեթղթերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կատարել.
7) մատուցել ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
8) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի) պահառության գործունեություն.
9) կառավարել այլ անձանց միջոցները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում), բացառությամբ արժեթղթերի փաթեթի, որի կառավարումն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն.
10) գնել, վաճառել, կառավարել բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ.
11) գնել, վաճառել, փոխանակել արտարժույթ.
12) իրականացնել լիզինգ.
13) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, ոսկերչական իրեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
14) մատուցել ֆինանսական խորհրդատվություն, բացառությամբ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության, որն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն.
15) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ.
16) իրականացնել պարտքերի հավաքման հետ կապված գործողություններ.
17) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ.
18) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ:
2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին՝ իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխով նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը: Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը, պայմանները, ժամկետները և մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց՝ սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար, և որը չի հակասում սույն հոդվածով սահմանված այլ պահանջների:
4. Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
5. Բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև բանկային գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց (կոնտրագենտ):
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, չեն կարող պատվիրակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը: Սույն պարբերությամբ նշված գործառնությունները կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձի:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառնությունների պատվիրակման համար բանկը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման գործառնությունների պատվիրակման գործարքն առ ոչինչ է:
7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նախնական համաձայնության ստացման պարզեցված ընթացակարգ:
8. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը:
9. Բանկի նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա՝ սույն հոդվածի 5-րդ մասով նշված գործառնությունների իրականացման մասով: Ընդ որում, կոնտրագենտի կողմից Կենտրոնական բանկի վերահսկողության իրականացման խոչընդոտումը կարող է դիտվել նաև որպես բանկի կողմից ստուգման խոչընդոտում՝ առաջացնելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն բանկի նկատմամբ:
10. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակման դեպքում բանկն իր հաճախորդների և երրորդ անձանց (այդ թվում՝ նաև Կենտրոնական բանկի) առջև պատասխանատվություն է կրում կոնտրագենտին պատվիրակված գործառնությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
11. Կենտրոնական բանկի գրավոր պահանջի դեպքում բանկը պարտավոր է գրությամբ նշված ժամկետներում փոփոխել կամ լուծել կոնտրագենտի հետ կնքված պատվիրակման պայմանագիրը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը:
(34-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 24.11.04 ՀՕ-155-Ն, 25.12.06 ՀՕ-46-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-184-Ն, 22.12.10 ՀՕ-255-Ն, 12.11.12 ՀՕ-212-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն, 25.10.17 ՀՕ-188-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-317-Ն)
(25.10.17 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 35. |
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ և ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
1. Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և (կամ) որպես հիմքում ընկած առարկա՝ ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից և (կամ) համապատասխան ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:
2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում 4,99 տոկոս և ավելի մասնակցություն է.
բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.
գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
Բանկը սույն կետով սահմանված կարգով այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով և պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ): Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ գլխով սահմանված կարգով:
Սույն կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9 տոկոսը, 15 տոկոսը, 25 տոկոսը, 35 տոկոսը, 50 տոկոսը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոս:
Օտարերկրյա պետությունում գործող բանկում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող բանկում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ բանկ ստեղծելը չի համապատասխանում սույն կետի պահանջներին ու պայմաններին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:
3. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի երկրորդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է մեկամսյա ժամկետում և համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ, և համաձայն Կենտրոնական բանկի հաստատած պայմանների և կարգի, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը և չի հակասում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:
3.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել բանկի համար և (կամ) վտանգել բանկի հաճախորդների և (կամ) սպառողների շահերը և (կամ) խոչընդոտել բանկի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված մասնակցությունն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.
բ) բանկը մի այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:
5. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետում, ինչպես նաև 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի մեկ տոկոսի չափով:
(35-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ., լրաց. 03.03.04 ՀՕ-46-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն, փոփ., լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 35.1. |
Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեությունը |
1. Բանկերը կարող են իրականացնել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ:
(35.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-255-Ն)
Հոդված 36. |
Շահութաբաժինների բաշխումը, բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցումը |
1. Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և կանոնադրությամբ:
2. Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահութաբաժիններ չվճարելու, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին:
3. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո:
Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
ա) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
բ) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` բանկի այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են բանկի մասնակիցների ռեեստրում՝ բանկի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
4. Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
4.1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից շահութաբաժիններ բաշխելը, այդ թվում` արտոնյալ բաժնետերերին կամ բանկի այլ մասնակիցների այլ ձևով որևէ եկամուտներ (հատուցումներ) վճարելը, եթե`
ա) շահութաբաժինների բաշխումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, և (կամ)
բ) շահութաբաժինների բաշխման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, և (կամ)
գ) բանկը խախտել է կամ շահութաբաժինների բաշխման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը):
4.2. Շահութաբաժինների բաշխումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
4.3. Բանկերը շահութաբաժինների վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքերի:
6. Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն բանկից պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝
ա) որոշում է ընդունվել բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, և տվյալ մասնակիցները քվեարկել են բանկի վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
Բանկից իրենց մասնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է բանկի մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մասնակիցների իրավունքների՝ սույն մասի առաջին պարբերությամբ նշված սահմանափակմանը:
Բանկի կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մասնակցության գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող բանկի գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:
Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազեցում թույլատրվում է նաև «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում:
7. Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել այդ համաձայնություն տալը, եթե՝
ա) մասնակցության հետգնման դեպքում բանկն ի վիճակի չի լինի լրիվ բավարարելու իր պարտատերերի պահանջները.
բ) կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները.
գ) մասնակցության հետգնումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը:
8. Բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) հետ գնելու դեպքում կանոնադրական հիմնադրամի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 2/3-ից:
(36-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 27.04.04 ՀՕ-65-Ն, խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-255-Ն, 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 37. |
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՆԵԼԸ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԻՆ ՎԱՐԿԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
1. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի վեցերորդ մասին համապատասխան՝ բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) ձեռք բերելու դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելը անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար, ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք:
2. Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով:
3. Բանկին արգելվում է փոխառուին կամ նրա հետ փոխկապակցված անձանց բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության ձեռքբերման նպատակով վարկեր կամ այլ փոխառություններ տրամադրելը, ինչպես նաև երաշխավորել կամ երաշխիք տալ երրորդ անձից վարկ կամ փոխառություն ստանալու համար: Սույն հոդվածի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:
(37-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 37.1. | Պարգևատրումների և խրախուսական այլ վճարումների վճարման սահմանափակումը |
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը, եթե՝
ա) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, և (կամ)
բ) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, և (կամ)
գ) բանկը խախտել է կամ պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը):
2. Պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Բանկերը պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
(37.1-ին հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 38. |
ԲԱՆԿԻ և ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:
2. Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`
ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին.
բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:
3. Բանկերին արգելվում է հաճախորդների հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:
4. Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 39. |
ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ |
1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել, քան բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում են բանկի կողմից համապատասխան գործարքների կնքման համար նախատեսված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընդ որում, բանկի և նրա հետ կապված անձի միջև սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասով (բացառությամբ այդ մասի 5-րդ, 11-րդ և 13-րդ կետերի) սահմանված գործարքների կնքումը, բանկի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է բանկի խորհրդի կողմից:
Բանկի հետ կապված անձանց հետ սույն մասի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`
ա) բանկի ղեկավարները.
բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
գ) սույն մասին «ա» և (կամ) «բ» կետերում նշված անձանց հետ փոխկապակցված (կամ) և համագործակցող անձինք.
դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, խմբ., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-134-Ն, փոփ. 16.09.20 ՀՕ-437-Ն)
Հոդված 391. |
Բանկի գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքները |
1. Խոշոր են համարվում`
ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ բանկի բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են բանկի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի ձեռքբերման հնարավորության կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.
բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում բանկի հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կազմում է բանկի կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի տոկոսը:
2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով:
(391 -ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 392. |
Բանկի գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքումը |
1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը, և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն:
Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու՝ հարցն ընդհանուր ժողովում քննարկելու մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի (մասնակիցների) ձայների 3/4-ով:
3. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության:
Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:
(392 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 393. |
Բանկի գործարքներում շահագրգիռ անձինք |
Բանկի գործարքներում շահագրգիռ անձինք են համարվում խորհրդի անդամը, բանկի կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բանկի մասնակիցը, որն իր հետ փոխկապակցված անձանց հետ միասին տիրապետում է բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին, եթե այդ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ մասնակցում են գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.
բ) տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:
(393 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 394. |
Բանկի գործարքներում շահագրգռվածության մասին տեղեկությունները |
Սույն օրենքի 393 հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել խորհրդին, ներքին աուդիտին և արտաքին աուդիտն իրականացնող անձին`
ա) այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ համատեղ տիրապետում են քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
բ) այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում նրանք պաշտոններ են զբաղեցնում.
գ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:
(394 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 395. |
Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման կարգը |
1. Բանկի որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը՝ գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`
- գործարքը կնքելու հետևանքով բանկի կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում բանկի կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի՝ սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից, կամ՝
- գործարքը կնքելու հետևանքով բանկի ձեռք բերած գույքի, ստացված ծառայության կամ բանկի համար կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի՝ սույն օրենքի 397 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:
3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ, եթե գործարքը և (կամ) փոխկապակցված գործարքները կնքվում են բանկի քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող բանկի այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, որոնց քանակն ավելի է բանկի՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:
4. Գործարքի կնքումը, որում առկա է շահագրգռվածությունը, և որը բավարարում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված պահանջները, կարող է կնքվել առանց ընդհանուր ժողովի որոշման, եթե`
ա) գործարքը բանկին շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն է.
բ) գործարքը բանկի և մյուս կողմի միջև արդյունք է բնականոն տնտեսական գործունեության, որը կնքվել է մինչև սույն օրենքի 393 հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչումը (որոշում չի պահանջվում մինչև հաջորդ ընդհանուր ժողովի գումարման օրը):
Եթե ընդհանուր ժողովի անցկացման օրվա դրությամբ անհնար է կանխատեսել բանկի և գործարքի մյուս կողմի բնականոն տնտեսական գործունեության ընթացքում շահագրգռվածության հնարավորությունը, ապա սույն հոդվածի երրորդ մասի պահանջները համարվում են կատարված, եթե ընդհանուր ժողովը որոշում կընդունի բանկի և մյուս կողմի միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կնքվող գործարքների բնույթը և գործարքների առավելագույն արժեքը:
5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ընդհանուր ժողովը՝ գործարքում շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ բանկի գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով նաև սույն օրենքի 391 և 392 հոդվածների դրույթները:
(395 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 396. |
Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ պահանջների չկատարման հետևանքները |
1. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը և կնքվել է սույն օրենքի 395 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր և չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:
2. Շահագրգիռ ճանաչված անձը բանկի առջև պատասխանատվություն է կրում բանկին պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք բանկի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
Անձն ազատվում է սույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ գործարքի կնքմամբ բանկը կկրի վնասներ:
3. Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ սույն օրենքի 393-ից 396 հոդվածների պահանջները չեն կիրառվում, եթե՝
ա) բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը.
բ) իրականացվում է բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի փոխարկումը.
գ) կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկի կողմից ձեռք բերելու դեպքում, եթե տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) բոլոր սեփականատերերն ունեն հավասար իրավունք՝ համամասնորեն վաճառելու իրենց պատկանող տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը):
4. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության:
(396 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 397. |
Բանկի գույքի շուկայական արժեքի որոշման կարգը |
1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:
Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում:
3. Գույքի շուկայական արժեքի որոշման համար՝ անկախ գնահատողի ծառայություններից բանկը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ:
4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի որոշումը պարտադիր է սույն օրենքի 36 հոդվածի վեցերորդ մասով սահմանված՝ բանկի մասնակիցների՝ բանկի կանոնադրական հիմնադրամում ունեցած մասնակցության հետգնման դեպքերում:
5. Բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:
Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը, ինչպես նաև այն գինը, որը բանկի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել բանկի գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք բանկի գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:
Սույն մասով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը հիմք ընդունելով:
(397 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն)
Հոդված 40. |
ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-23-Ն)
Հոդված 41. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակումներ նախատեսել բանկի վարկային, ավանդային, ֆինանսական գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ սահմանել:
(41-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 42. |
ԲԱՆԿԵՐԻ ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայական սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը:
Հոդված 421. |
ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ |
Բանկերը պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով, հաճախականությամբ և կարգով Կենտրոնական բանկ ներկայացնել իրենց հեռանկարային զարգացման ծրագրերը:
(421 -րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 43. |
Տեղեկությունները և դրանց հրապարակումը |
1. Բանկերը պարտավոր են ինտերնետում` բանկի տնային էջում, մշտապես հրապարակել՝
ա) բանկի ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, բանկերը պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաև հրապարակել դրանք առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում).
բ) օրենքով սահմանված ժամկետում՝ տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, բանկերը պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.
գ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև բանկի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները՝ առկայության դեպքում.
դ) բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.
ե) բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները՝ նրանց անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը:
Սույն մասի «ա-ե» կետերում նշված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ինտերնետում՝ բանկի տնային էջում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների: Սույն բացառությունը չի տարածվում «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի չորրորդ մասով նախատեսված տեղեկությունների վրա:
Բանկերը պարտավոր են հրապարակել սույն մասի «ա-ե» կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները` դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկերը պարտավոր են ինտերնետում՝ բանկի տնային էջում, և առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարեր, ժամկետայնություն և էական այլ պայմաններ:
1.1. Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝
ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:
Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.
գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):
Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Բանկերը պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) բանկը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և
2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և
3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:
Սույն մասով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն մասով նախատեսված բացառության կիրառման համար: Ընդ որում, նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն մասը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն մասը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:
2. Բանկը պարտավոր է նաև ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել՝
ա) բանկի պետական գրանցման վկայականի և բանկի կանոնադրության պատճենները.
բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը.
գ) բանկի թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած ածանցյալ ֆինանսական գործիքների տեղաբաշխման դեպքում տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով և կարգով.
դ) սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճենները:
Սույն մասում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման և (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից:
Բանկը պարտավոր է իր գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում` տեսանելի վայրում, փակցնել հայտարարություն՝ սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նշված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգ:
4. Բանկի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի անվճար ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակցի (մասնակիցների) պահանջով բանկը նրան պետք է անվճար տրամադրի հետևյալ տեղեկությունները (թեկուզև դրանք կազմեն բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք)՝
ա) բանկի խորհրդի, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն հոդվածի հինգերորդ մասում նշված տեղեկությունները.
բ) բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը, բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.
գ) բանկի և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպես նաև այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկությունները ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են բանկի կողմից սույն օրենքի 34 հոդվածի առաջին մասի «ա-գ», «թ», «ժ» և «ժա» կետերով սահմանված գործառնություններից որևէ մեկի իրականացման հետ.
դ) բանկի կողմից բանկի հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին.
ե) բանկի` միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաև բանկի՝ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները).
զ) բանկի հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ բանկի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած բանկի ներքին ակտերի, բանկի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, բանկի կողմից պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնօրինության նիստերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանը) ներկայացված հաշվետվությունների պատճենները.
է) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում բանկի ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20% և ավելի մասնակցություն կամ հնարավորություն՝ ներազդելու նրանց որոշումների վրա:
Բանկի բոլոր մասնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները:
Սույն հոդվածի համաձայն՝ բանկի մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաև դրանք չեն կարող օգտագործվել բանկի գործարար համբավը արատավորելու, բանկի մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
5. Բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ բանկի մասնակիցներին բացահայտվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև՝
ա) նրանց ազգանունը, անունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
բ) մասնագիտությունը և կրթությունը.
գ) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները.
դ) տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիսը, ամսաթիվը և պաշտոնից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը.
ե) տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը.
զ) բանկի մասնակից հանդիսացող խորհրդի անդամին, գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
է) տեղեկություններ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ.
ը) փոխհարաբերությունների բնույթը տվյալ բանկի և բանկի հետ կապված անձանց հետ.
թ) բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ տվյալներ:
6. Բանկերն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ բանկի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
7. Բանկի կողմից, սույն հոդվածի համաձայն, հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:
8. Կենտրոնական բանկը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հավաքագրել բանկերի կողմից հրապարակվող ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպեu նաև մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը և իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եռամսյակային կտրվածքով անփոփոխ հրապարակել հավաքագրված տեղեկատվությունը` ըստ բանկերի:
(43-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 27.02.07 ՀՕ-113-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-16, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն, 27.10.20 ՀՕ-473-Ն)
(27.10.20 ՀՕ-473-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 44.
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
բ) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).
գ) բանկի իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).
դ) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
ե) բանկի հետ կապված անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը (չափերը).
ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները).
թ) կապիտալի և ակտիվների (այդ թվում՝ հետհաշվեկշռային) սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (լևերիջի նորմատիվ).
ժ) պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).
ժա) հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը):
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող` սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար, եթե բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշերը վատթարացել են, կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում, կամ եթե բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող բանկ:
5. Բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկությունը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ բանկի մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածությունը, բանկի կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը:
6. Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափանիշները, սահմանում է բանկերը՝ համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը:
(44-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 03.03.04 ՀՕ-46-Ն, խմբ., լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 45. |
ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 46. |
ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը` որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
2. Կենտրոնական բանկը բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում բանկերը պարտավոր են լրացնել կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում` տվյալ ժամկետը չի կարող երկու տարուց պակաս լինել:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ` որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
(46-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 47. |
ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 48. |
ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 49. |
ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ, խոշոր փոխառուների ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը) |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 50. |
ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ, անձի ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը) |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 51. |
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Պարտադիր պահուստների նվազագույն չափը խստացնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, եթե տվյալ որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
(51-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 52. |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 53. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե օրենքն այլ բան չի սահմանում:
2. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:
(53-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 54. |
ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
1. Բանկային համակարգի կայունությունը ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ` մինչև վեց ամիս տևողությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավորություն կտա բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին:
Հոդված 54.1. | Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմը (շեմերը) |
1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է բանկերի կամ առանձին բանկի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմ (շեմեր):
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված` հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմի (շեմերի) հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
(54.1-ին հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 55.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և այլ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 26.12.08 ՀՕ-231-Ն)
1. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան, եռամսյակային ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը` հաշվի առնելով միջազգային ստանդարտները:
3. Յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկի սահմանած ձևով, դեպքերում, կարգով և ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
բ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին.
գ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ նոր անձ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ բանկում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, ապա բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով այդ անձի՝ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը, ինչպես նաև այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ:
Սույն մասով սահմանված հաշվետվությունները և տեղեկությունները բանկ ներկայացնելու պարտականությունը կրում են բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք:
4. Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:
5. Բանկերը հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-231-Ն)
Հոդված 56. |
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-231-Ն)
Հոդված 57. |
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
1. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:
2. (կետն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-46-Ն)
3. Բոլոր բանկերը և մասնաճյուղերը պարտավոր են ընդունել և աջակցել Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը:
4. (մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
5. Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Կենտրոնական բանկի հետ համատեղ:
6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի պահանջները, ինչպես նաև եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց (իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի՝
ա) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որպեսզի նա Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին.
բ) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61 հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը:
Սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից մինչև չվերանան սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը:
Եթե սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի «գ» կետին համապատասխան՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում օտարել բանկում իր մասնակցությունը:
(57-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, խմբ., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-194-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 58. |
Բանկի արտաքին աուդիտը |
1. Յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ՝ նաև արտաքին աուդիտ)՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Արտաքին աուդիտի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բանկի խորհուրդը:
Բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտի կողմից կարող է իրականացվել նաև բանկի՝ քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առնվազն 5 տոկոսի սեփականատեր մասնակիցների պահանջով: Այդ դեպքում բանկի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են ստուգում պահանջող մասնակիցները, ընդ որում, նրանք կարող են բանկից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, եթե այդ ստուգումն ընդհանուր ժողովի որոշմամբ արդարացված է եղել բանկի համար:
Բանկի արտաքին աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել նաև բանկի խորհրդի կողմից՝ բանկի միջոցների հաշվին:
2. Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում: Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:
Բանկում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի կողմից բանկի ֆինանսական վիճակն իր կարծիքով էականորեն վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը պարտավոր է դրանց մասին անմիջապես տեղյակ պահել Կենտրոնական բանկին:
3. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին չորս ամսվա ընթացքում հրավիրել արտաքին աուդիտ և հրապարակել նրա եզրակացությունը:
Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու բանկից, որպեսզի նա փոխի արտաքին աուդիտն իրականացնող անձին և նշանակի այլ արտաքին աուդիտ իրականացնող անձ:
4. Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
5. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտորական կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 59. |
Աուդիտային ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա ժամկետում մամուլում հրապարակել աուդիտային եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
2. Բանկերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:
(59-րդ հոդվածը փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, 15.11.05 ՀՕ-227-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 60.
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
բ) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև բանկի ներքին իրավական ակտերի պահանջները.
գ) բանկի, մասնաճյուղի կանոնադրությունը փոփոխվել և լրացվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
դ) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները կամ, Կենտրոնական բանկի կարծիքով, բանկն իրականացրել է այնպիսի գործողություններ (գործունեություն), որոնք կարող են վտանգել ավանդատուների կամ բանկի այլ պարտատերերի շահերը.
ե) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
զ) բանկը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականը.
է) բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից.
ը) բանկը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը.
թ) առկա են սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված հիմքեր.
ժ) խախտվել են բանկի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:
(60-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 24.11.04 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-134-Ն)
Հոդված 601. |
Բանկի ղեկավարների պատասխանատվությունը |
1. Բանկի ղեկավարներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն՝ ելնելով բանկի շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն բանկի նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով:
Եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտում են օրենքների, այլ նորմատիվ իրավական և բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, ապա խորհուրդը պարտավոր է ձեռնարկել միջոցներ այդ խախտումների վերացման և հետագայում չկրկնման ուղղությամբ:
2. Բանկի ղեկավարները բանկի առջև պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով բանկին պատճառված իրական վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Եթե բանկին վնաս պատճառած արարքն իրականացրել են բանկի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք բանկի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Բանկին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են բանկի այն ղեկավարները, որոնք բանկին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Բանկի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ հնարավոր դեպքերը՝
ա) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների, բանկի հետ կապված անձանց գծով սահմանված նորմատիվների խախտումով տրամադրված վարկերի, փոխառությունների կամ կնքված այլ գործարքների հետևանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը, իսկ եթե տվյալ գործարքի կնքման համար օրենքով պահանջվում է խորհրդի որոշում, ապա խորհրդի անդամները և գործադիր տնօրենը.
բ) գործադիր մարմնի անդամները պարտավոր են հատուցել նաև բանկի խորհրդի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի խախտումներով կնքված գործարքների հետևանքով բանկին պատճառված իրական վնասները.
գ) եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտել են օրենքների, այլ նորմատիվ իրավական և բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, և հետագայում բանկը կրել է նույն խախտումներով պայմանավորված վնաս, ապա խորհրդի անդամները համապարտ պատասխանատվություն են կրում այդ իրական վնասների հատուցման համար, բացառությամբ, եթե խորհրդի անդամն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է այդ խախտումները կանխելու ուղղությամբ բավարար և խելամիտ գործողություններ.
դ) եթե ներքին աուդիտի կողմից ստուգման արդյունքներով բացահայտված օրենքների, այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ տեղեկությունները բանկի խորհրդին չեն ներկայացվել, և հետագայում բանկը, այդ խախտումներով պայմանավորված, վնասներ է կրել, ապա ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է հատուցել այդ իրական վնասները.
ե) եթե բանկի հետ կապված անձի հետ գործարքը կնքվել է բանկի ներքին ընթացակարգերի խախտումով խորհրդին ներկայացված դրական եզրակացության հիման վրա, ապա այդ գործարքի հետևանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը:
3. Անձն ազատվում է բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են բանկի շահերից: Մասնավորապես`
ա) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով՝ կայացվել են որոշումներ, նույնիսկ եթե դրանք բանկին հետագայում հասցրել են այնպիսի վնասներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիս հստակորեն հաշվի է առնվել որպես բիզնես ռիսկ.
բ) եթե ղեկավարի կողմից սխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ` առանց վնաս պատճառելուն հատկապես ուղղված միտման, և եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները:
Բանկի ղեկավարների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց իրենց մեղքով բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից:
4. Բանկը կամ բանկի այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) բանկի տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի (կանոնադրական հիմնադրամում մասնակցության) մեկ և ավելի տոկոսը, իրավունք ունի (ունեն) բանկի ղեկավարների դեմ հայցով դիմելու դատարան՝ բանկին պատճառված վնասների փոխհատուցման պահանջով:
(601 հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 61. |
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին և բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:
3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, և (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, և (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում:
(61-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 62. |
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ |
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և խախտում թույլ տված բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական և (կամ) բանկի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար:
3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:
(62-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 63. |
ՏՈՒԳԱՆՔԸ |
1. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի:
2. Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 57 հոդվածի վեցերորդ մասում սահմանված դեպքում:
3. Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում`
ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի հինգ տոկոսը: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա.
բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը:
4. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:
5. Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի կամ բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի հիմնական տնտեսական նորմատիվը տրման պահին խախտելու, այլ հիմնական տնտեսական նորմատիվները խախտելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու, Կենտրոնական բանկի վերստուգումներին խոչընդոտելու կամ սույն օրենքով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու, բանկի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը խախտելու համար կարող է բանկի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ, եթե բանկի ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Նշված անձանց վրա դրված տուգանքները գանձվում են նրանց անձնական միջոցներից` հօգուտ պետական բյուջեի:
6. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբ տուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(63-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-127-Ն)
Հոդված 64. |
ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ |
1. Բանկի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքներն ու այլ իրավական ակտերը.
բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին.
գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.
դ) գործունեության ընթացքում նրանք կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.
ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.
զ) չեն համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշերին.
է) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
2. Կենտրոնական բանկի` բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բանկի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով տրված լիազորությունները դադարում են:
(64-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 65. |
ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ |
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
ա) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
բ) բանկը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում բանկային գործունեություն չի իրականացրել.
գ) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը.
դ) դադարել է բանկի գործունեությունը:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
3. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից:
(65-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 66. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 65 հոդվածով նախատեսված հիմքերով բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից` բացառությամբ սույն օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը, և օրենքով սահմանված կարգով լուծարվում է:
3. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
(66-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 8
ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 67. |
ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Բանկը կարող է վերակազմակերպվել բանկի` մեկ այլ բանկի հետ միացման և բանկի վերակազմավորման միջոցով:
2. Բանկի վերակազմավորումը (կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունը) կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Բանկի միացումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:
(67-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
ՀՈԴՎԱԾ 68. |
ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
1. Բանկի կամ մի քանի բանկերի` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացող բանկերը կնքում են միացման պայմանագիր` ստանալով Կենտրոնական բանկի նախնական հավանությունը:
2. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում: Սույն կետով սահմանված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե`
ա) բանկի (բանկերի) վերակազմակերպումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի.
բ) միացման արդյունքում պահպանվող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի.
գ) միացման արդյունքում բանկը բանկային շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհ դիրք.
դ) գործարքի արդյունքում կողմերից որևէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն:
5. Կենտրոնական բանկի նախնական հավանությունն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, միացող բանկերը միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից` երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին:
(68-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
ՀՈԴՎԱԾ 69. |
ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Միացման պայմանագրում սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած բանկերն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող բանկի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ միասին սույն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման:
2. Պահպանվող բանկի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն կետում նշված գրառման պահից պահպանվող բանկը համարվում է վերակազմակերպված:
(69-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 70. |
ԴՈՒՍՏՐ ԲԱՆԿԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՄԱՅՐ ԲԱՆԿԻ ՀԵՏ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 71. |
ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
(գլուխը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 72. |
ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
1. Բանկը լուծարվում է`
ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
գ) «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.
դ) ընդհանուր ժողովի որոշմամբ:
ե) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-188-Ն)
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(72-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-255-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-188-Ն)
Հոդված 73. |
Բանկի լուծարումն ընդհանուր ժողովի որոշմամբ |
1. Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու բանկի լուծարման մասին, եթե բանկն ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է հայտը եռամսյա ժամկետում և իրավունք ունի մերժելու այն, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով:
3. Կենտրոնական բանկի կողմից բանկին լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում բանկը կարող է միջոցներ ձեռնարկել ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորությունների դադարեցման, ներառյալ` այլ անձանց փոխանցման ուղղությամբ:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված պարտավորությունները դադարեցնելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել: Այդ որոշման ընդունումից հետո բանկն անմիջապես Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու հայտը, եթե առկա են ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ բանկի պարտավորություններ կամ բանկն ի վիճակի չէ բավարարելու իր պարտատերերի պահանջները:
5. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասերին համապատասխան՝ բանկի կողմից ներկայացված դիմումների մերժման հիմքերի բացակայությունն ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է լուծարման մասին որոշում կայացրած բանկում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնել ստուգում:
6. Կենտրոնական բանկը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:
7. Ընդհանուր ժողովի որոշմամբ լուծարվող բանկերի թղթակցային հաշիվների վարման և փակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
(73-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-212-Ն)
Հոդված 74. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
1. Բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված` դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք: Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ բանկի գործադիր տնօրենը կամ կառավարման նման լիազորություններ իրականացնող անձը, եթե բանկի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող բանկի կառավարման լիազորությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է, և նրա նկատմամբ նշանակվել է հիփոթեքային կառավարիչ:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:
Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար կազմում, հաստատում և հրապարակում է առանձին հաշվեկշիռ:
3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:
4. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
(74-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, 26.05.08 ՀՕ-105-Ն)
Հոդված 75. |
Բանկի լուծարման ընթացակարգը: Լուծարային հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները |
1. Բանկի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ձևավորելու մասին որոշման կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովին հանձնել բանկի փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:
Լուծարային հանձնաժողով նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող բանկ» բառերը: Կենտրոնական բանկը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
2. Լուծարային հանձնաժողովը սույն օրենքի 74 հոդվածի երրորդ մասով սահմանված՝ պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում՝
ա) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային հանձնաժողովը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին: Լուծարային հանձնաժողովի ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային հանձնաժողովը գույքը հանձնում է ի պահ՝ օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր.
բ) հաշվեգրում և գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասսիվները.
գ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ.
դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
ե) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.
զ) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.
բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքի 751 հոդվածով սահմանված՝ պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարիչ նշանակելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների կառավարումը:
«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները և դրանց ապահովման միջոցներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների մասով:
4. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 751 հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:
(75-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-105-Ն, փոփ. 08.06.09 ՀՕ-141-Ն, 19.03.12 ՀՕ-66-Ն)
Հոդված 751. |
Պահանջների բավարարման հերթականությունը |
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխի պահանջներին համապատասխան: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ՝
առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը.
երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.
երրորդ հերթին՝ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.
չորրորդ հերթին՝ պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ.
հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.
վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:
Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին:
Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:
Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
2.1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:
Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա նրանք պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխի պահանջներին համապատասխան:
Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:
3. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը՝ մինչև որոշման կայացումը:
Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման՝ սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի՝ ի պահ:
Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու հաջորդ օրվանից:
Սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:
4. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:
(751-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, 26.05.08 ՀՕ-105-Ն, փոփ., խմբ., լրաց. 28.02.11 ՀՕ-57-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-268-Ն, փոփ. 27.10.16 ՀՕ-194-Ն)
Հոդված 76. |
Լուծարվող բանկի նկատմամբ վերահսկողությունը: Լուծարային հանձնաժողովի հաշվետվությունը |
1. Բանկի լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող բանկում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել ստուգում:
2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, տեղեկություններ հրապարակել մամուլում:
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:
(76-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 77. |
Լուծարման հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը |
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռը, որը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարման հաշվեկշիռը լուծարվող բանկի ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով տեղեկանք է հրապարակում, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից:
(77-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253, խմբ. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 78. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
Լուծարային հանձնաժողովի անդամները վարձատրություն են ստանում լուծարվող բանկի միջոցների հաշվին:
Հոդված 79. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Լուծարային հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների և իրենց գործողություններով պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն:
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի լուծարային հանձնաժողովի նախագահի և (կամ) անդամների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նրանց որակավորման վկայականներն ուժը կորցրած ճանաչել: Այդ դեպքում բանկի ընդհանուր ժողովը մեկշաբաթյա ժամկետում նշանակում է լուծարային հանձնաժողովի նոր նախագահ կամ անդամ (անդամներ), հակառակ դեպքում լուծարային հանձնաժողովի նոր նախագահին կամ անդամին (անդամներին) նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Լուծարային հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան՝ բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից:
(79-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)
Հոդված 80. |
ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Պարտատերերի պահանջները բավարարվում են լուծարային միջոցների` սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքի (միջոցների) հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 81.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 60 օր հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման կարգի մասին» որոշումը, բացառությամբ տվյալ որոշման յոթերորդ մասի «դ» կետի: Վերջինս ուժը կորցնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ համապատասխան լրացում կատարելուց հետո:
3. Մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը լիցենզավորված և գործող բանկերը (և նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները) համարվում են լիցենզավորված, իսկ մասնաճյուղերը` գրանցված` սույն օրենքի դրույթների համաձայն:
4. Կենտրոնական բանկին` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում`
ա) վերանայել Կենտրոնական բանկի որոշումները և դրանք համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին.
բ) ընդունել սույն օրենքով սահմանված այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի անարգել գործողության համար.
գ) սահմանել բանկերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառման կարգը` այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Կենտրոնական բանկի հետ համատեղ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից`
- մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացնել բանկերի լիցենզավորման հետ կապված տուրքերի տեսակների և չափերի վերաբերյալ առաջարկություններ.
- երկամսյա ժամկետում սույն օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ազգային ժողով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
6. Մինչև սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը առկա նորմերը և կարգերը շարունակում են գործել:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան մինչև 1997 թվականի հունվարի 1-ը վերագնահատել սեփականության իրավունքով իրենց պատկանող հիմնական միջոցները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|