Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-168-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

   

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քննչական մարմինը նախաձեռնում է քրեական վարույթ և իրականացնում է նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան:»:

  

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «վարույթով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հետաքննություն՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով:

   

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեական վարույթ նախաձեռնելը և նախաքննություն կատարելը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելը.»:

         

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

           

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

2. Օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցնում են 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քննչական կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի և հաստիքացուցակի վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ հարկային մարմնի քննիչներին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում: Սույն մասով նախատեսված անձինք, ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ հնգօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված և համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում:

5. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխությունները կատարելուց հետո քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց, տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնի:

6. Քննչական կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի և հաստիքացուցակի հաստատումից հետո մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը՝ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայության ավելացված հաստիքները կարող են զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, այդ թվում՝ հարկային մարմնում կատարված հաստիքների կրճատման արդյունքում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց շրջանակից:

7. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալու օրը հարկային մարմնում գտնվող քրեական վարույթները (հաղորդումները) փոխանցվում են հսկող դատախազին, որն էլ եռօրյա ժամկետում դրանք ուղարկում է ըստ քննչական ենթակայության:

8. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների նշանակված անձինք պահպանում են հարկային մարմնում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը:

9. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների՝ սույն հոդվածով սահմանված կարգով համալրումն ավարտելուց հետո առաջխաղացման ցուցակում ընդգրկված թեկնածուների նշանակումը կատարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

10. Սույն հոդվածով նախատեսված անձանց ամենամյա արձակուրդի համար սահմանված ժամկետը չի ընդհատվում, ինչպես նաև նրանք պահպանում են հարկային մարմնում ծառայություն իրականացնելու ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական հատուցում ստանալու իրավունքը:

11. Հարկային մարմնում ծառայության ընթացքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

12. Հարկային մարմնի քննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում քննիչի պաշտոնում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:

13. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ հարկային մարմնի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցվող պաշտոնից և համապատասխանեցվում են Օրենքով սահմանված դասային աստիճաններին:

14. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց՝ Օրենքին համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

15. Օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

  

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

     

2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-168-Ն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: