ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված կարգով.»:
Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»։
Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|