Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-145
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.05.2022-06.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.20/9(141) Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի փետրվարի 7-ին

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում հասարակական հարաբերությունները, սահմանում է հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերը և նպատակաուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը և հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովմանը:

(նախաբանը փոփ. 20.03.02 ՀՕ-312,  լրաց. 30.04.08 ՀՕ-52-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ նՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքի նպատակներն են`

ա) հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերի սահմանումը.

բ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման և օգտագործման բնագավառում շուկայական հարաբերությունների ձևավորման համար համապատասխան պայմանների ստեղծումը.

գ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի կազմում ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի համաձայնեցված և արդյունավետ գործունեության իրավական ապահովումը:

(1-ին հոդվածը խմբ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

օդերևութաբանություն` գիտություն, որն ուսումնասիրում է մթնոլորտի բաղադրությունն ու կառուցվածքը, քիմիական, կենսաբանական և ֆիզիկական հատկությունները և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոլոգիա` գիտություն, որն ուսումնասիրում է երկրի վրա ջրերի ձևավորումն ու տարածումը, ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ դրանց դրսևորումը, բաշխումը, շրջանառությունը, քիմիական, կենսաբանական, ֆիզիկական հատկությունները և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոօդերևութաբանական երևույթներ` հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլն) առանձին ձևերի արտահայտություններ, որոնք բնորոշում են եղանակի վիճակը և ջրային օբյեկտների ռեժիմը.

հիդրոօդերևութաբանական պրոցեսներ` հիդրոօդերևութաբանական երևույթների հետևողական զարգացումը ժամանակի ընթացքում և տարածության մեջ, որոնք բնորոշում են մթնոլորտի և ջրոլորտի վիճակը.

հիդրոօդերևութաբանական ծառայություն` կազմակերպչական և տեխնոլոգիապես փոխկապակցված կազմակերպությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն, որն ապահովում է համալիր աշխատանքների կատարումը հիդրոօդերևութաբանության բնագավառում, ներառյալ` կլիմատոլոգիան, ագրոօդերևութաբանությունը, լիմնոլոգիան, հիդրոօդերևութաբանական երևույթների, այդ թվում` իոնոլորտի և մերձերկրյա տիեզերական տարածության մոնիթորինգը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

հիդրոօդերևութաբանական գործունեություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման` դիտարկման, հավաքման, մշակման, վերլուծման, պահպանման և օգտագործման գործընթաց.

ազգային հիդրոօդերևութաբանական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող կազմակերպությունների ու ծառայությունների ամբողջություն.

միջազգային հիդրոօդերևութաբանական ցանց` միջազգային պայմանագրերի հիման վրա գործող տեխնոլոգիապես փոխկապակցված ազգային հիդրոօդերևութաբանական համակարգերի ամբողջություն.

հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ` հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումներ և ակնադիտարկումներ` օդերևութաբանական, կլիմայական, աերոլոգիական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում` ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերը.

դիտարկումների ցանց` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների անշարժ և շարժական օբյեկտների համակարգը.

հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգ` հիդրոօդերևութաբանական երևույթների մշտական դիտարկումների գնահատման և կանխատեսման համակարգ.

տեղեկատվություն հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների հիման վրա ստացված տվյալներ, ինչպես նաև տեղեկատվական արտադրանք` վերլուծությամբ և մշակմամբ ստացված տեղեկություններ և կանխատեսումներ.

հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ տեղեկատվություն` տարերային երևույթների և շրջակա միջավայրի աղտոտման վտանգավոր մակարդակների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն, որը սահմանված կարգով հաղորդվում է ստանալուց ու մշակելուց անմիջապես հետո.

հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների մասին ընդհանուր նշանակության տեղեկատվություն` սահմանված կարգով ստացված, հավաքված և մշակված փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն.

հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին մասնագիտացված տեղեկատվություն` սպառողի պահանջով ստացվող, մշակվող, վերլուծվող, պահպանվող և ներկայացվող նպատակային տեղեկատվություն, որի արտադրությունը պահանջում է լրացուցիչ աշխատանք և ծախսեր.

ազգային և միջազգային նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքներ` համընդգրկուն (գլոբալ), ազգային կամ միջտարածաշրջանային կարևորության աշխատանքներ և հետազոտություններ, ինչպես նաև տնտեսության զարգացման, բնակչության և պետության անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտի կայուն գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ և հետազոտություններ.

վտանգավոր հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ (այսուհետ՝ վտանգավոր երևույթներ)` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տևողությամբ կամ ըստ առաջացման ժամանակի` վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունն ու ունեցվածքը, ինչպես նաև կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին.

անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներ` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ չեն հասնում վտանգավոր երևույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել.

հիդրոօդերևութաբանական անվտանգություն` անձի, հասարակության և պետության պաշտպանվածությունը վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական ու հելիոերկրաֆիզիկական երևույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից.

դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ` այն օբյեկտները, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր կամ ընդգրկված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդերևութաբանական կամ Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցերում.

հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր)՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով սահմանված մարմինների և անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաև 20-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության վերաբերյալ տվյալների ամբողջություն։

(2-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312, լրաց. 30.04.08 ՀՕ-52-Ն, 04.05.22 ՀՕ-123-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

Մթնոլորտի և ջրոլորտի վիճակի մասին տեղեկությունների հավաքման, մշակման, պահպանման և տարածման կազմակերպական-տեխնիկական միջոցների օգտագործման ընթացքում ծագող գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

Ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի պետական կազմակերպություններում և ծառայություններում ծառայողական զենքի ձեռքբերման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(3-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

(հոդվածը 05.10.22 ՀՕ-372-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեությունն իրականացվում է`

ա) հիդրոօդերևութաբանական դիտարկումների համալիրության, ամբողջականության և անընդհատության սկզբունքով.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական դիտարկումների կատարման, տեղեկատվության հավաքման, վերլուծման, ընդհանրացման, պահպանման և տարածման տեխնոլոգիական միասնության սկզբունքով.

գ) օդերևութաբանական և մյուս երկրաֆիզիկական պրոցեսների վրա ակտիվ ներգործության գործընթացներում էկոլոգիական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության պահպանման և ապահովման սկզբունքով.

դ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության հետ ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի աշխատանքների համաձայնեցման և միասնականացման սկզբունքով.

ե) հիդրոօդերևութաբանական երևույթների փաստացի և սպասվելիք տվյալների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հրապարակայնության, հավաստիության և արդյունավետ օգտագործման սկզբունքով:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ և ՍՊԱՌՈՂՆԵՐԸ

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողներն են մասնագիտացված ազգային և օտարերկրյա հիդրոօդերևութաբանական մարմիններն ու ծառայությունները:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության սպառողներն են Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) գործունեություն իրականացնել իրենց հիմնադիր փաստաթղթերով.

բ) ստանալ վարձատրություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տրվող տեղեկատվության դիմաց.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ գիտական և այլ գործունեության հեղինակային իրավունքների պաշտպանության.

դ) հրաժարվել սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, եթե սպառողները խախտել են տեղեկատվություն տրամադրելու պայմանները.

ե) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են`

ա) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, գործող մեթոդաբանության պահանջներին համապատասխան.

բ) պահպանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման և տրամադրման պայմանագրերի պայմանները.

գ) հաշվառել և սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրել կատարված հիդրոօդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ.

դ) սպառողներին տրամադրել հիդրոօդերևութաբանական բնույթի հավաստի տեղեկատվություն:

(6-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սպառողներն իրավունք ունեն`

ա) տեղեկատվություն ստանալ հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ` արտադրողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա.

բ) հրաժարվել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունից` այդ տեղեկատվությունն արտադրողի կողմից պայմանագրերի, գործող օրենսդրության, նորմատիվների և այլ պահանջների խախտման դեպքում.

գ) ընտրել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողին:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվության վերաբերյալ սպառողները պարտավոր են պահպանել հիդրոօդերևութաբանական աշխատանքներ կատարողների հետ կնքված պայմանագրերի պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԱՅԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Քաղաքացիները, հասարակական միավորումները և այլ իրավաբանական անձինք հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն:

Քաղաքացիները և բնապահպան հասարակական միավորումներն իրավունք ունեն կատարել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների անկախ դիտարկումներ` հիդրոօդերևութաբանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորված մարմին) տեղեկացնելով տարերային աղետների, վթարների, տեխնոլոգիական պրոցեսների խախտումների մասին, որոնց հետևանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ բնակչության կյանքի և առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր աղտոտում: (նախադասությունը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

(8-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 9.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ և ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության օբյեկտներն են կլիման, օդերևութաբանական և հիդրոլոգիական պայմանները:

Հիդրոօդերևութաբանական գործունեության արդյունքները կարող են օգտագործվել տնտեսության բոլոր ճյուղերում, ինչպես նաև կարող են օգտագործել օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության ընդհանուր պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը`

ա) ապահովում է հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրերը.

գ) հանրապետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների պատվիրատուն է.

դ) սահմանում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը:

(10-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-123-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունն են`

ա) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրագործումը, մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

բ) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում գործառույթների իրականացման ապահովումը.

գ) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում մեթոդների և ստանդարտների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը.

դ) Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի ձևավորումը, գործունեության և զարգացման ապահովումը.

ե) (կետը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

զ) սահմանված կարգով հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն հավաքող, մշակող, վերլուծող, պահպանող և օգտագործող պետական կառույցների ստեղծումը և դրանց գործունեության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, զինված ուժերին, ազգաբնակչությանը և այլ սպառողներին հիդրոօդերևութաբանական ձեռնարկներով, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող հույժ շտապ տեղեկատվությամբ ապահովումը.

ը) միջազգային, հանրապետական և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ցանկի սահմանումը, դրանց կատարման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների և այլ արտադրանքի մատուցումը.

թ) հիդրոօդերևութաբանական երևույթների գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, ազգային և տեղական նշանակության գիտական հետազոտությունների կազմակերպումը.

ժ) պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի ստեղծումն ու վարումը.

ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների մեթոդների, հաշվարկների, կանխատեսումների, տվյալների, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում միասնականության ու համադրելիության ապահովումը.

ժբ) տնտեսության և բնակչության անվտանգության շահերի օգտին հիդրոօդերևութաբանական և երկրաֆիզիկական այլ երևույթների վրա ակտիվորեն ներգործելու աշխատանքների կազմակերպումն ու կատարումը.

ժգ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության ապահովումը.

ժդ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

ժե) հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարումը:

Լիազորված մարմնի` հիդրոօդերևութաբանական գործունեությանը վերաբերող ակտերը պարտադիր են այդ գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար:

(11-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312, լրաց. 04.05.22 ՀՕ-123-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգում ընդգրկվում են`

ա) պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը.

բ) գերատեսչական հիդրոօդերևութաբանական ծառայությունները.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ իրականացնող տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկվում են`

ա) դիտարկումների պետական ցանցը, որի կազմում ընդգրկվում են օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, ավիաօդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և այլ մասնագիտացված դիտակետերը, կայանները, ծառայությունները և կենտրոնները, ներառյալ` ճառագայթային, արևային, մագնիսային մոնիթորինգի կենտրոնները.

բ) քիմիական և ռադիոլոգիական լաբորատորիաները.

գ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի արբանյակները.

դ) ավիալաբորատորիաները, գիտահետազոտական նավերը և դիտարկումային այլ լողամիջոցները.

ե) դժվարամատչելի տեղանքում գտնվող կայանները.

զ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների փաստացի ու կանխատեսվող տեղեկատվություն հավաքելու, մշակելու, տարածելու և սպառողներին ապահովելու միասնական պետական կառույցը.

է) հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը.

ը) հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 13.

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ պաշտոնական հաղորդումներ տալու իրավունքը

(վերնագիրը խմբ. 20.03.02 ՀՕ-312)

 

(մասը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

(մասը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

(մասը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

Բնակչության կյանքի, առողջության անվտանգության, սեփականության պահպանման ապահովման հետ կապված պաշտոնական նախազգուշացումները, կանխատեսումները և տեղեկատվական մյուս արտադրանքն սպառողներին հաղորդում է միայն լիազորված մարմինը:

(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է հողային և ջրային մակերեսների հետ փոխազդեցության պայմաններում մթնոլորտում բնական օդերևութաբանական երևույթների, տեխնածին, ֆիզիկական, քիմիական և այլ պրոցեսների վիճակն ու զարգացումը որոշելուն:

Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են`

ա) շահագրգիռ պետական մարմիններին և տնտեսավարող սուբյեկտներին օդերևութաբանական պրոցեսների և երևույթների մասին տեղեկատվությամբ անմիջականորեն ապահովելը.

բ) վտանգավոր և տարերային մթնոլորտային երևույթների վերաբերյալ (կլիմայական, օդերևութաբանական այլ փոփոխությունների մասին) պետական մարմիններին, իրավաբանական անձանց և բնակչությանն ահազանգելը.

գ) կանխատեսող ծառայություններին օդերևութաբանական պայմանների կանխատեսումներով և սպասվելիք անբարենպաստ պայմանների մասին անհրաժեշտ տվյալներով ապահովելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին տարածաշրջաններում օդերևութաբանական և ճառագայթային ռեժիմի մասին հավաստի տվյալներ ամփոփելն ու կուտակելը:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հիդրոլոգիայի բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեությունն իրականացվում է գետերի, լճերի, ջրամբարների, ջրանցքների, ճահիճների, ստորգետնյա աղբյուրների, ջրային այլ օբյեկտների և ջրային պաշարների մասին տվյալներ հավաքելու նպատակով, որոնք անհրաժեշտ են`

ա) ջրային օբյեկտների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխության մասին (ջրհեղեղներ, հեղեղումներ և այլն) տեղեկատվությամբ բնակչության և տնտեսության պահանջմունքները բավարարելու համար.

բ) հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափություններն ուսումնասիրելու, ջրերի պետական հաշվառում կատարելու, ջրային կադաստր վարելու, ջրավազանների և տարածքների ջրային ռեսուրսներն ու ջրային հաշվեկշիռները հաշվարկելու, ջրային օբյեկտների ռեժիմի և ջրային պաշարների վրա տնտեսական գործունեության ազդեցությունը գնահատելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեությունը հատուկ պայմաններում (տարերային աղետներ, վթարներ և այլ արտակարգ իրավիճակներ ու դրանց հետևանքների վերացում Հայաստանի Հանրապետության տարածքում) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և հետևանքների վերացման միասնական պետական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Տարերային աղետների և վթարների դեպքում, որոնց հետևանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի աղտոտում, իրականացվում են լրացուցիչ դիտարկումներ:

Հատուկ պայմաններում հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17.

Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների հիդրոօդերևութաբանական սպասարկումը 

(վերնագիրը խմբ. 07.04.16 ՀՕ-45)

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, այլ զորքերին և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված օտարերկրյա զինված ուժերին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով անցնում է լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում ապահովում է սույն օրենքով նախատեսված գործառույթների կատարումը:

(17-րդ հոդվածը խմբ. 07.04.16 ՀՕ-45, փոփ. 23.03.18 ՀՕ-232-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 18.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁևԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են պահպանել հիդրոօդերևութաբանության բնագավառում գործող մեթոդներին, միջպետական և ազգային ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխան դիտարկումներ իրականացնելու, տվյալներ հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահպանելու և օգտագործելու վերաբերյալ լիազորված մարմնի ընդունած ակտերի պահանջները:

Հիդրոօդերևութաբանական գործունեության արդյունքները պետք է ձևակերպվեն սույն օրենքի և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Դիտարկումների ցանցի օբյեկտ է ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի և միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի սկզբնական արտադրական միավորը, որն անմիջականորեն կատարում է դիտարկումներ, մշակում և հիդրոօդերևութաբանական կենտրոններին հայտնում է հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների արդյունքները:

Դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկված օբյեկտների ընդհանրությունը հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների պետական ցանցն է:

Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվության ստացման նպատակով հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ իրականացնող հենակետային օբյեկտների տարածքում ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որի կարգը և սահմանափակումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(նախադասությունը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

Դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտների քանդումը և վերահիմնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտի կառուցման համար տարածքների և այդ կետերի պահպանական գոտիների հատկացումը պետական և հասարակական կարիքների համար իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(19-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.02 ՀՕ-312, լրաց. 30.04.08 ՀՕ-52-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 20.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը դիտարկումների հիման վրա ստացված տվյալներն են, ինչպես նաև այդ տվյալների մշակման և վերլուծման հետևանքով ստացված տեղեկություններն ու կանխատեսումները:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքում ստացված տեղեկատվությունը դասվում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ռեսուրսների շարքին:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում նշված տեղեկատվության շարքին դասված տվյալների, բաց և հանրամատչելի է:

(մասը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

(20-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 21.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անհատույց ու վճարովի:

Անհատույց տրամադրվում են`

ա) վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթների կանխատեսումների և ահազանգումների վերաբերյալ հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվությունը, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական մարմինների ապահովման համար նախատեսված տվյալները և տեղեկատվական արտադրանքը.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության առկայության և դրանց տրամադրման պայմանների մասին տվյալները:

Սպառողներից, բացի պետական մարմիններից, վարձավճարը գանձվում է միայն այն ծառայությունների համար, որոնք առնչվում են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ ընդհանուր նշանակության տեղեկատվությունն առանձնացնելու, պատճենահանելու, բազմացնելու, փոստով առաքելու կամ կապի այլ միջոցներով հաղորդելու հետ:

Լիազորված մարմինը պարտավոր է սպառողներին տեղեկացնել տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի և տրամադրման ձևերի մասին:

(21-րդ հոդվածը խմբ. 20.03.02 ՀՕ-312, լրաց. 30.04.08 ՀՕ-52-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԻ ՎԿԱՅՈՒՄԸ

 

Այն իրավաբանական անձինք, որոնք աշխատանքների վարձատրության, էներգետիկ ռեսուրսների ծախսի, վնասակար նյութերի արտանետումների ազդեցության գնահատման հաշվարկներում օգտագործում են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ մասնագիտացված տեղեկատվություն, պարտավոր են ունենալ այդ տեղեկատվության ծագումը հաստատող փաստաթուղթը` տրված լիազորված մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԸ

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի բոլոր տվյալները, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի սուբյեկտներից, կազմում են հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը, որը գտնվում է հիդրոօդերևութաբանության բնագավառում լիազորված մարմնի տնօրինության ներքո:

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ֆոնդի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող նյութերի և տվյալների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Հիդրոօդերևութաբանական նյութերի և տվյալների մասին Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի արխիվային ֆոնդին պատկանող փաստաթղթերը լրացվում, մշակվում, պահպանվում և օգտագործվում են «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.

բ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվություն սպառողների վճարումների հաշվին.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական գործունեության տեսակները, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, այլ միջպետական հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների անդամավճարները, ինչպես նաև տարերային աղետների և վթարների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հատուկ աշխատանքները:

Տարածաշրջանային և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանության բնագավառի ծրագրերը ֆինանսավորվում են համապատասխան բյուջեի միջոցների հաշվին:

Ընթացիկ տարվա համար բյուջետային ֆինանսավորման ծախսերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով` պետական բյուջեում նշելով առանձին տողով:

Հիդրոօդերևութաբանական գործունեություն կարող է իրականացվել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով, պայմանագրային հիմունքներով` առանց նվազեցնելու բյուջետային միջոցների, ինչպես նաև էկոլոգիական և այլ հիմնադրամների հաշվին ֆինանսավորվող աշխատանքների ծավալները:

Հիդրոօդերևութաբանական ծառայության զարգացմանը, հիդրոօդերևութաբանական գործունեության մասնակիցների սոցիալ-տնտեսական ծրագրերի կատարման արդյունավետության և գիտատեխնիկական հզորության բարձրացմանը նպաստելու նպատակով հիդրոօդերևութաբանական ծառայությունում կարող են ստեղծվել հիմնադրամներ, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է այդ հիմնադրամների մասին կանոնադրություններով: Դրանք հաստատում է լիազորված մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության նյութատեխնիկական ապահովումը, կապված միջազգային, ազգային և տարածաշրջանային հիդրոօդերևութաբանական ծրագրերի նախագծերի և դիտարկումների, ինչպես նաև պետական պատվերի կատարման հետ, իրականացվում է պետական և համայնքների բյուջեների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋև ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության մասնակիցների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

Պետական հիդրոօդերևութաբանական ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաև գերատեսչական հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև ծագած վեճերը, ըստ ենթակայության, քննության են առնում նրանց վերադաս մարմինները կամ քննության են առնվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

(մասը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

(26-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

ՀՈԴՎԱԾ 27.

ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեություն իրականացնելիս իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում`

ա) (կետը հանվել է 20.03.02 ՀՕ-312)

բ) հիդրոօդերևութաբանական դիտարկումներ կատարելու և այդ առնչությամբ տեղեկատվություն հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահելու և սպառողներին մատուցելու կանոնների և պահանջների խախտումների համար.

գ) վթարային իրավիճակների, շրջակա բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության բացահայտված օջախների մասին հույժ շտապ տեղեկատվությունը խեղաթյուրելու, չհաղորդելու կամ ուշացումով հաղորդելու, վտանգի չափերը թաքցնելու համար.

դ) դիտարկումների ցանցի օբյեկտները միտումնավոր փչացնելու կամ ոչնչացնելու համար.

ե) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների օգտագործման կարգը խախտելու համար:

(27-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-312)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 28.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՑԱՆՑԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգը միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների և տեղեկատվության փոխանակման համընդգրկուն (գլոբալ) և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը:

Լիազորված մարմինը ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցելիս, ինչպես նաև համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հիդրոօդերևութաբանության բնագավառում իրականացվող միջազգային գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 29.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների հիդրոօդերևութաբանական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

ՀՈԴՎԱԾ 30.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 մարտի 2001 թ.
ՀՕ-145

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան