Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-21-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2022-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պատվիրատու`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,

դ. պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,

ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),

զ. պետությունից կամ համայնքից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,

է. պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ,

ը. հանրային կազմակերպություններ.

2) հանրային կազմակերպություններ`

ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք սույն պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված,

բ. հանրային ծառայությունների ոլորտի այլ կազմակերպություններ, որոնք հատուկ կամ բացառիկ իրավունքով իրականացնում են սույն հոդվածով սահմանված` մեկ կամ մեկից ավելի համապատասխան գործունեության տեսակ, եթե գնումը կատարվում է համապատասխան գործունեության տվյալ տեսակն իրականացնելու նպատակով.

3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.

4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.

7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

9) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

10) պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

10.1) որակավորման ապահովում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց.

11) էլեկտրոնային աճուրդ` էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր` նվազեցված գների ներկայացման գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը.

12) էլեկտրոնային միջոցներ` մալուխային, ռադիո, օպտիկական միջոցներով կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով փոխանցված, տեղափոխված և ստացված տվյալների մշակման ու պահպանման, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով գնման ընթացակարգերի կազմակերպման համար անհրաժեշտ էլեկտրոնային, այդ թվում` ծրագրային և ապարատային միջոցներ.

13) լիազորված մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.

14) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայք.

15) հատուկ կամ բացառիկ իրավունք` իրավունք, որը բխում է իրավական կամ վարչական ակտով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ՝ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, և որով էապես սահմանափակվում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը: (նախադասությունը հանվել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

16) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

17) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.

18) խորհրդատվական ծառայություններ` ծառայություններ, որոնց մատուցման արդյունքում ստեղծվում են ոչ նյութական` ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ).

19) խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

20) ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների պայմանագիր.

21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

22) համապատասխան գործունեություն` հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության ներքոհիշյալ տեսակներ, որոնց շրջանակում կատարվող գնումների վրա տարածվում է սույն օրենքը: Դրանք են`

ա. էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ՝ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդումը (փոխադրումը) և բաշխումը, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայությունների իրականացումը, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցումը կամ վերականգնումը, էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցումը,

բ. խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,

գ. էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործումը,

դ. փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու բնագավառներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները,

ե. տրանսպորտային ոլորտում հասարակական ծառայությունների մատուցման համար նախատեսված (գոյություն ունեցող) ցանցերի տրամադրում կամ շահագործում: Տրանսպորտային ծառայությունների մատուցման ցանցը համարվում է գոյություն ունեցող, երբ շահագործման պայմանները, այդ թվում` սպասարկման ենթակա երթուղիները կամ տրամադրվելիք տարողունակությունը կամ սպասարկման հաճախականությունը սահմանում է իրավասու պետական մարմինը,

զ. աշխարհագրական տեղանքի շահագործում`

- նավթի, գազի, ածուխի կամ այլ կոշտ վառելիքի հետախուզման կամ արտազատման նպատակով,

- օդային կամ ջրային ուղիներով փոխադրումներ իրականացնողներին օդանավակայանների կամ այլ տերմինալային օբյեկտների տրամադրման նպատակով.

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.

24) գնման գին` ապրանքը, աշխատանքը, ծառայությունը ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գինը:

(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն, 30.06.21 ՀՕ-285-Ն, լրաց., փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 3. Օրենքի նպատակը, սկզբունքները և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`

1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.

2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

2. Գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

3. Սույն օրենքի իմաստով՝ գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում և դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք են բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա.

1) աշխատանքային պայմանագրեր.

2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում.

3) արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ.

4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքները, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով.

5) «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքներ։

(3-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-285-Ն, 04.05.22 ՀՕ-119-Ն)

 

Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից: Գնումների մասին իրավական այլ ակտերը հրապարակվում են նաև պաշտոնական տեղեկագրում:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերը

 

1. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.

2) էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը.

3) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը.

4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: Ընդ որում, կարգը նախատեսում է կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ. 

5) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-285-Ն)

6) սույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները.

7) գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

8) հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները.

9) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.

10) գնումների համակարգողներին որակավորում շնորհելու և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստում անցկացնելու կարգը.

11) գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը.

12) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը.

13) ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատման կարգը.

14) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը.

15) փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը.

16) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

17) ըստ գնման ձևերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի և որակավորման ապահովման ձևին և չափին ներկայացվող պահանջները.

18) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.

18.1) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ.

19) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

(5-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-79-Ն, փոփ. 30.06.21 ՀՕ-285-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-47-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(03.03.21 ՀՕ-79-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(04.03.22 ՀՕ-47-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 5.1.

 Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողությունը

 

1. Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում՝ ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք.

2) պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում՝ գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցները:

2. Անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր), վերջիններիս կամ իր հիմնադրած կամ բաժնեմասնակցությամբ (փայամասնակցությամբ) կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում:

3. Գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի՝ պայմանագրի կատարման և կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ, պայմանով, որ անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում:

4. Պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողությունը պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում:

5. Գործընթացին մասնակցելու պայմանները և դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ՝ նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից:

6. Եթե միևնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումն առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա անձը զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություններից, որի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն:

(5.1-ին հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-79-Ն)

(03.03.21 ՀՕ-79-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 6. Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

 

1. Բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Սույն կետով նախատեսված պայմանը չի գործում միջազգային պայմանագրերով նախատեսված միջոցների հաշվին կատարվելիք գնման գործընթացների նկատմամբ. 

6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

գ. (ենթակետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

2) մասնագիտական փորձառություն.

3) տեխնիկական միջոցներ.

4) ֆինանսական միջոցներ.

5) աշխատանքային ռեսուրսներ:

4. Չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

5. Հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում մասնակիցը, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այլ անձանց ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա՝ համապատասխան պայմանագրով սահմանված իրավահարաբերության հիման վրա:

6. Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-259-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7. Գնումներին մասնակցելու հավասարությունը

 

1. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

2. Գնումների գործընթացին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է, որ հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է այդ սահմանափակման մասին:

4. Արգելվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ`

1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.

2) սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:

5. Պատվիրատուի մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով, և այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը և կիրառմանը:

 

Հոդված 8. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները

 

1. Համապատասխան (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր կազմելով՝ պետք է ապահովվեն գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը և պահպանումը:

2. Հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները: Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, ընդ որում`

1) հայտարարությունը և հրավերը կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով.

2) հրավերով նախատեսված դեպքում և կարգով հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

3. Էլեկտրոնային ձևով հաղորդակցության համար օգտագործվելիք միջոցները պետք է լինեն ոչ խտրական, ընդհանուր առմամբ մատչելի լինեն հնարավոր ցանկացած մասնակցի և փոխգործակցող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ընդհանուր օգտագործման միջոցների հետ:

4. Հայտերի` էլեկտրոնային եղանակով փոխանցման և ստացման միջոցների նկատմամբ պարտադիր կարգով կիրառելի են հետևյալ կանոնները.

1) շահագրգիռ մասնակիցներին մատչելի են հայտերի էլեկտրոնային ձևով ներկայացման համար անհրաժեշտ հատկանիշներին (այդ թվում` կոդավորմանը) վերաբերող տեղեկությունները.

2) հայտերի` էլեկտրոնային ձևով ստացման էլեկտրոնային սարքերը պետք է երաշխավորեն ստացված տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունը` նվազագույնն ապահովելով հետևյալ պայմանները.

ա. հնարավոր է հստակ որոշել հայտերի ստացման ճշգրիտ ժամն ու ամսաթիվը,

բ. նախքան տվյալների փոխանցման համար սահմանված ժամկետները` փոխանցված տվյալները մատչելի չեն ոչ ոքի համար,

գ. այն դեպքում, երբ խախտվել է փոխանցված տվյալների մատչելիության արգելքը` հնարավոր է հստակ պարզել չարտոնված մուտքը,

դ. ստացված տվյալների բացման ժամկետները կարող են սահմանել կամ փոփոխել միայն լիազորված անձինք,

ե. գնումների ընթացակարգի տարբեր փուլերում` ստացված տվյալներին մուտք գործելը հնարավոր է առնվազն երկու լիազոր անձանց (համակարգերի) համաժամանակյա գործողությամբ և միայն սույն կետի համաձայն սահմանված ժամկետից հետո,

զ. սույն մասի պահանջներին համապատասխան ստացված և բացված տվյալները պետք է մատչելի մնան միայն դրանց ծանոթանալու լիազորություն ունեցող անձանց համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին մասնակցության վճար:

 

Հոդված 9. Գնման ընթացակարգի արձանագրությունը և հաշվետվությունները

 

1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պայմանագիրը կնքվելուն կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է`

1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.

2) գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը.

3) հրավերը և դրանում կատարված փոփոխությունները.

4) գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.

5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.

6) հայտերով ներկայացված գները.

7) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.

8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.

9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.

10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.

11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները.

12) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պետական բյուջեի և պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում՝ սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` գնման գործընթացի մասին:

3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը:

4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու և հրապարակելու նպատակով պատվիրատուները լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ: Գնումների տարեկան հաշվետվությունը հրապարակվում է տեղեկագրում` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:

 

Հոդված 10. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները

 

1. Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին` ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Սույն մասի պահանջը չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածի կիրառմամբ կազմակերպվող գնման գործընթացի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:

3. Անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը՝

1) կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր.

2) կիրառելի է նաև այն դեպքում, երբ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, և այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ:

5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:

6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն, լրաց., խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 11. Կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը

 

1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է կնքված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:

2. Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.

2) պատվիրատուի անվանումը և հասցեն.

3) պայմանագրի կնքման ամսաթիվը.

4) ընտրված մասնակցի (մասնակիցների) անվանումը և գտնվելու կամ բնակվելու վայրը.

5) մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները և պայմանագրի գինը.

6) մասնակիցների ներգրավման նպատակով սույն օրենքի համաձայն իրականացված հրապարակումների մասին տեղեկությունները (եթե կիրառելի են).

7) կիրառված գնման ընթացակարգը և դրա ընտրության հիմնավորումը:

(11-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 12. Պատվիրատուի և մասնակցի հակաօրինական գործողությունների հետևանքները

(վերնագիրը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

 

1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և մասնակցի հակաօրինական արարքներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

(12-րդ հոդվածը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 13. Գնման առարկայի բնութագրերը

 

1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

2. Գնման առարկայի բնութագրերը`

1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար.

2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը.

3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.

4) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:

3. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

4. Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաև որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:

5. Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:

 

Հոդված 14. Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն

 

1. Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն և ռուսերեն, իսկ գնումների, այդ թվում՝ նախաորակավորման հայտարարությունները` նաև անգլերեն:

2. Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 15. Գնման պլանավորումը և ֆինանսավորումը

 

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատվում է բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ:

2. Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, կապի ծառայությունների, անվտանգության սարքերի և սարքավորումների, ներառյալ դրանց սպասարկման, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

3. Գնումների պլանը, ներառյալ՝ փոփոխությունները, հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանի:

4. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող: Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի` փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է հիմնավորվի որոշման ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը:

5. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար (եթե ժամանակավոր դադարեցումը պահանջում է ֆինանսական միջոցներ):

6. Մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը սույն օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Սույն մասի համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Սույն մասը կարող է կիրառվել, եթե`

1) պատվիրատուն չի կարողանում նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը.

2) ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

7. Պատվիրատուն պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:

8. Գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Արգելվում է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ հոդվածներով, եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ:

(15-րդ հոդվածը լրաց. 04.03.22 ՀՕ-47-Ն, լրաց., փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(04.03.22 ՀՕ-47-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 16. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը

 

1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների:

2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը`

1) համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

2) պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում.

3) ապահովում է գնումների համակարգողների որակավորման շնորհումը և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.

4) կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը.

5) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

6) հաշվառում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.

7) հրապարակում է`

ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,

բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը.

8) հաստատում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը.

9) հաստատում է սույն օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները.

10) հաստատում է գրանցամատյանի ձևը և վարման կարգը.

11) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

12) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը:

3. Պատվիրատուի ղեկավարը սահմանում է գնումների համակարգող, որը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`

1) համապատասխան ստորաբաժանումը.

2) պաշտոնատար անձը կամ անձինք.

3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:

5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են լիազորված մարմնի կազմակերպած` գնումների համակարգողների որակավորման գործընթացի արդյունքներով բավարար գնահատական ստանալուց հետո:

 

Հոդված 17. Կենտրոնացված եղանակով գնումների իրականացումը

 

1. Պատվիրատուների կամ դրանց առանձին խմբերի կարիքների համար գնումները կարող են կատարվել կենտրոնացված եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Կենտրոնացված եղանակով գնումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Գնում կատարելու ընթացակարգերը

 

1. Գնում կատարելու ընթացակարգերն են`

1) էլեկտրոնային աճուրդը.

2) մրցույթը.

3) գնանշման հարցումը.

4) մեկ անձից գնումը:

2. Մրցույթի տեսակներն են՝ բաց և փակ: Փակ մրցույթը լինում է նպատակային կամ պարբերական:

3. Գնումն իրականացվում է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ցուցակում:

4. Մրցույթը սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարվել երկու փուլով:

5. Գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` նույն մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում: Գնումները կարող են կատարվել գնման այլ ձևերով, բացառապես սույն օրենքով նախատեսված դեպքերում:

6. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր:

7. Գնումները կարող են կատարվել ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից` գնում կատարելու ընթացակարգով:

 

Հոդված 19. Երկու փուլով մրցույթի կիրառման պայմանները

 

1. Մրցույթը կարող է կատարվել երկու փուլով`

1) եթե պատվիրատուն ճշգրիտ (օբյեկտիվորեն) չի կարող սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը.

2) եթե պատվիրատուն հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ.

3) եթե գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկություններ հստակեցնելու նպատակով մասնակիցների հետ բանակցելու անհրաժեշտություն է առաջացել:

4) (կետն ուժը կորցրել է 30.06.21 ՀՕ-285-Ն)

2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և բանակցությունների է հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Բանակցությունների նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Բանակցությունների արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:

(19-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-285-Ն)

 

Հոդված 20. Բաց մրցույթի կիրառման պայմանները

 

1. Բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է գնումների հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից:

2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կարիքների համար կատարվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը՝

1) առնվազն տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:

4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասն օրացուցային օր է:

(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 21. Փակ մրցույթի կիրառման պայմանները

 

1. Փակ մրցույթը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք:

2. Փակ մրցույթը պարբերական է, եթե գնման առարկան ձեռք է բերվում պարբերաբար, և այն ներառված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում: Փակ մրցույթը նպատակային է, եթե գնման առարկան ներառված չէ սույն մասով նախատեսված ցուցակում:

3. Փակ մրցույթի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

4. Փակ նպատակային մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից:

5. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, հայտերի ներկայացման ժամկետն առնվազն քսան օրացուցային օր է:

6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների համար հայտերի ներկայացման ժամկետն առնվազն`

1) տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:

7. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:

8. Փակ պարբերական մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից:

(21-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 22. Գնանշման հարցման կիրառման պայմանները

 

1. Գնումը կարող է կատարվել գնանշման հարցման ձևով, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, և գնման առարկան ներառված չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում:

2. Պետական գաղտնիք պարունակող գնումները գնանշման հարցման ձևով իրականացվելու դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

3. Գնանշման հարցման ընթացակարգի կիրառման դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն յոթ օրացուցային օր է, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` հրավերը նախաորակավորված մասնակիցներին տրամադրելու օրվանից:

(22-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 23. Մեկ անձից գնումներ կատարելու պայմանները

 

1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.

3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`

ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, և

բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.

4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.

5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

 

Հոդված 24. Նախաորակավորման ընթացակարգերը

 

1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում`

1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.

2) խորհրդատվական ծառայության, երկու փուլով մրցույթի կամ փակ նպատակային մրցույթի կիրառման դեպքում նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից.

3) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, կամ գնումը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կողմից, կամ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և սույն մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումը անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից:

2. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում և պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) գնման ընթացակարգի ծածկագիրը.

3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.

5) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

6) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը.

7) մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը.

8) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, և գնման գործընթացը կազմակերպվում է երկու փուլով մրցույթի ընթացակարգով.

9) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:

3. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է նախաորակավորման հայտարարության բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին գրավոր ծանուցվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

4. Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ նախաորակավորման հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու դեպքում`

1) այդ մասին տեղեկությունները շրջանառվում են նույն եղանակով, ինչպես որ շրջանառության մեջ է դրվել նախաորակավորման սկզբնական հայտարարությունը.

2) նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից:

5. Փոփոխություններ կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում:

6. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ:

7. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:

8. Եթե երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել մինչև երեք մասնակից, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`

1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.

2) կազմակերպվել նախաորակավորման նոր ընթացակարգ.

3) նախաորակավորման ընթացակարգը չկայացած հայտարարվել.

4) շարունակվել գնման գործընթացը:

(24-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

 

1. Մրցակցային գնման ձևերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների` մրցակցային գնման ձևի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը:

2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Հոդված 26. Գնահատող հանձնաժողովը

 

1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը`

1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում հրավերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).

6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:

2. Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ:

Քարտուղարը`

1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) ստանում և հաշվառում է հայտերը.

3) կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.

4) տրամադրում է հրավեր.

5) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.

6) կազմակերպում է գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման աշխատանքները.

7) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.

8) իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը:

(26-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 27. Գնումների հայտարարությունը և հրավերը

 

1. Բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:

2. Գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) բաց մրցույթի ծածկագիրը.

3) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

4) մասնակիցների` բաց մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.

8) ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.

9) հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.

10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը և բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.

11) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

12) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը.

13) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

3. Գնումների հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում թղթային ձևով ստանալու հրավեր:

4. (մասն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(27-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 28. Հրավերի բովանդակությունը

 

1. Հրավերը պետք է պարունակի`

1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

2) մրցույթի ծածկագիրը.

3) հայտերի պատրաստման հրահանգները.

4) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.

4.1) գնման գինը.

5) գնման առարկայի բնութագրերը.

6) հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրության կարգը.

7) պայմանագրի նախագիծը.

8) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով, և մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

9) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը, ներառյալ՝ գինը արտարժույթով ներկայացվելու դեպքում դրա փոխարժեքը.

10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.

11) հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներին վերաբերող պահանջները.

12) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ՝ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.

13) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.

14) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

15) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.

16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) կամ ընդունված որոշումները բողոքարկելու՝ մասնակցի իրավունքը և կարգը.

18) հայտը մերժելու հիմքերը.

19) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

2. Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը`

1) գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հայտով ներկայացնում է`

ա. իր հաստատած հայտարարությունը` գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին.

բ․ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ հղում գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին, իսկ այլ իրավաբանական անձանց դեպքում՝ գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա սահմանված ձևով և կարգով։

(28-րդ հոդվածը խմբ. 03.06.21 ՀՕ-249-Ն, լրաց., խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(03.06.21 ՀՕ-249-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 29. Հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

2. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ փակ մրցույթի դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

3. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Բաց մրցույթի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում, իսկ փակ մրցույթի դեպքում փոփոխությունները տրամադրվում են հրավեր ստացած մասնակիցներին:

5. Բաց մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ փակ մրցույթի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները հրավեր ստացած մասնակիցներին տրամադրվելու օրվանից:

6. Սույն հոդվածի համաձայն կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅՏԵՐԸ

 

Հոդված 30. Հայտերի ներկայացումը

 

1. Մասնակիցը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի հայտ: Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

2. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Հայտերը քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք:

5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

6. Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգը սահմանվում է հրավերով: Նման դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները.

3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.

4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):

 

Հոդված 31. Հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Հայտը վավեր է մինչև սույն օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

2. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:

3. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը մինչև հայտերը բացելը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում:

 

Հոդված 32. Հայտի ապահովումը

 

1. Մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

2. Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) (կետն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(32-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 33. Հայտերի բացումը

 

1. Հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Փակ մրցույթի դեպքում հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:

2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).

2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.

6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:

3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`

1) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.

7) տվյալներ` ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցների վերաբերյալ.

8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:

5. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարտավոր է ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար, բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների:

6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:

7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն անհապաղ ինքնաբացարկ է հայտնում: Հանձնաժողովի անդամները և քարտուղարն ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում:

8. Հայտերի բացման նիստի օրվա ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված արձանագրությունը հայտերի բացման նիստին հաջորդող առաջին աշխատանքային օրն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:

(33-րդ հոդվածը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 34. Հայտերի գնահատումը

 

1. Հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

2. Ընտրված մասնակիցը որոշվում է`

1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ:

3. Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձին տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում, մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն մասում նշված հարկի գումարի հաշվարկման:

4. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը: Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հրավերով սահմանված փոխարժեքով:

5. (մասն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

6. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները: Նման դեպքում մասնակիցը հայտարարվում է ընտրված:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գնահատման արդյունքում հայտը անբավարար գնահատվելու դեպքում հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

8. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

9. Հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված արձանագրությունը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:

(34-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 35. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը

(վերնագիրը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

 

1. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:

2. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի միակողմանի հաստատած հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի, որակավորման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(35-րդ հոդվածը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 36. Պայմանագրի կնքումը

 

1. Պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը:

3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը:

(36-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 37. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելը

 

1. Գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.

3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

4) պայմանագիր չի կնքվում:

2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:

3. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:

 

Հոդված 38. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը, տնտեսական մրցակցության սահմանափակման դեպքերը բացահայտելը և կանխարգելելը

 

1. Գնահատող հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են, բացառությամբ`

1) երբ մրցույթին մասնակցել է մեկ մասնակից, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ կամ առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում, կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները: Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը, իսկ բանակցությունները վարվում են միաժամանակյա` բոլոր մասնակիցների հետ.

2) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի:

2. Գնումների գործընթացում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների, այդ թվում` անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման նպատակով իրավասու մարմինը համագործակցում է լիազոր մարմնի և պատվիրատուների հետ:

(38-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 39. Պայմանագրի գնի հաշվարկը

 

1. Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և ակնկալվող շահույթը:

2. Պայմանագրի գինը`

1) կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Հակառակ դեպքում պայմանագրի գինը կայուն է, և կողմերը պարտավոր են պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով կատարել պայմանագրի գնի շրջանակում.

2) պետական գաղտնիք պարունակող` ռազմական կարիքների բավարարման նպատակով արտադրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձեռքբերման դեպքում կարող է լինել փաստացի ծախսերով հաշվարկված, պայմանով, որ այն չպետք է գերազանցի տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական հատկացման չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ

 

Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները

 

1. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է առնվազն 15 օրացուցային օր` հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից: Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի ութսունապատիկը, ապա հայտերի ներկայացման համար սույն մասով նախատեսված ժամկետը սահմանվում է առնվազն տասն օրացուցային օր:

2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:

3. Էլեկտրոնային աճուրդի կիրառման դեպքում հրավերը ներառում է նաև հետևյալ պայմանները.

1) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.

2) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները և այդ տեղեկությունները նրանց տրամադրելու պայմանները.

3) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.

4) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները. (նախադասությունը հանվել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

5) տեղեկություններ` օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին և կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը:

4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երկու օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք նույն օրը հրապարակվում են տեղեկագրում: Այդ դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվարկվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հրապարակելու օրից:

5. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

6. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները:

(40-րդ հոդվածը փոփ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 41. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը

 

1. Պատվիրատուն հայտերի լիարժեք գնահատումն իրականացնում է էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփվելուց հետո` հրավերով սահմանված չափանիշներով:

2. Հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկվում է էլեկտրոնային ձևով նոր (վերանայված) գներ ներկայացնելու առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաև տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին:

3. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով:

4. Էլեկտրոնային աճուրդն սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց:

5. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը:

6. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում գներ ներկայացրած մասնակիցների ինքնությունը:

 

Հոդված 42.  Էլեկտրոնային աճուրդի ամփոփումը

 

1. Էլեկտրոնային աճուրդը ամփոփվում (փակվում) է հետևյալ պայմաններից մեկի կամ դրանց համատեղ առկայության դեպքում.

1) հրավերում նշված կոնկրետ պահի.

2) սպառվել է աճուրդին մասնակցելու հրավերում նշված աճուրդի փուլերի քանակը.

3) նոր գներ այլևս չեն ներկայացվել: Այդ դեպքում աճուրդին մասնակցելու հրավերում պատվիրատուն նշում է վերջին առաջարկությունն ստանալուց մինչև էլեկտրոնային աճուրդի փակումն ընկած թույլատրելի ժամանակահատվածը:

2. Պատվիրատուն, սույն օրենքով սահմանված կարգով, պայմանագիրը կնքում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա` ընտրված մասնակցի հետ:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 43. Խորհրդատուների ցուցակը

 

1. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է բաց կամ փակ նպատակային մրցույթի ընթացակարգով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Խորհրդատվական ծառայության բաց կամ փակ նպատակային մրցույթի ընթացակարգով գնման դեպքում խորհրդատուների ցուցակ կազմելու նպատակով, սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն, կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած մասնակիցները:

 

Հոդված 44. Ընտրված խորհրդատուի որոշման կարգը

 

1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված`

1) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված կամ

2) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած կամ

3) առավելագույն` ֆիքսված գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության մեթոդով:

2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաև այն խորհրդատուին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանին (պայմաններին) հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:

3. Խորհրդատուի ընտրության կարգը, այդ թվում` սույն հոդվածով նախատեսված` խորհրդատուի ընտրության մեթոդի կիրառման պայմանները սահմանվում են հրավերով:

 

Հոդված 45. Բանակցությունները

 

1. Ընտրված խորհրդատուի հետ կարող են վարվել բանակցություններ գնման պայմանագրի նախագծի դրույթների վերաբերյալ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:

2. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ընտրված` ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված խորհրդատուի հետ վարվող բանակցությունները կարող են հանգեցնել առաջարկված գնի նվազեցմանը կամ վճարման պայմանների փոփոխմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:

2. Գնումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման և պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղեմության ժամկետը երեսուն օրացուցային օր է:

(46-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն, խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 47. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 48. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 49. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեությունը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 50. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոք ներկայացնելու կարգը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 51. Գնումների ընթացակարգի կասեցումը

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 52. Հանրային կազմակերպությունների գնումների կատարման ընդհանուր առանձնահատկությունները

 

1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`

1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.

2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաև տեղեկագրում.

3) բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ):

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ:

(52-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 53. Հանրային կազմակերպությունների գնումների հատուկ բացառությունները

 

1. Սույն օրենքի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հանրային կազմակերպությունը նպատակ ունի ձեռք բերել`

1) ապրանքներ, որոնք վերավաճառվելու կամ վարձակալությամբ են տրամադրվելու երրորդ կողմի, պայմանով, որ տվյալ կազմակերպությունը չունի նման պայմանագրերի առարկան վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու հատուկ կամ բացառիկ իրավունք, իսկ այլ կազմակերպություններ կարող են տվյալ կազմակերպության հետ նույն պայմաններով ազատ իրացնել (վաճառել) կամ վարձակալությամբ տրամադրել նմանօրինակ ապրանքներ.

2) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` երրորդ երկրում համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով և այնպիսի պայմաններով, որոնք չեն ենթադրում Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց շահագործումը.

3) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` համապատասխան գործունեությունից տարբերվող գործունեություն իրականացնելու համար: Այն դեպքերում, երբ պայմանագիրը ներառում է գործունեության տարբեր տեսակներ, և դրանցից առնվազն մեկը հանդիսանում է համապատասխան գործունեություն, սակայն օբյեկտիվորեն հնարավոր չէ որոշել, թե գործունեության որ տեսակի համար է հիմնականում նախատեսված պայմանագիրը, գնումներն իրականացվում են սույն օրենքի դրույթների համաձայն:

 

Հոդված 54. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

4) սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գնումների վրա.

5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները չեն գործում.

6) սույն օրենքով նախատեսված բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

 

Հոդված 55. Ընտրական գործընթացների կազմակերպման նպատակով իրականացվող գնումների կատարման առանձնահատկությունները

 

1. Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարվելու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպման, այդ թվում՝ ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացների (ստուգարքների) կազմակերպման գնումներ կատարելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 56. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 57. Անցումային դրույթներ

 

1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)

3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:

4. Սույն օրենքի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում պետության կնքած այն փոխըմբռնման հուշագրերով և նախնական պայմանագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում:

4.1․Սույն օրենքի դրույթները չեն տարածվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ընդունումից մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը:

6. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-285-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14
Երևան

ՀՕ-21-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան