ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
««ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչև 2022 թվականի հունիսի 30-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Կուսակցությունները սույն օրենքի 20-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը:
9. Սույն օրենքի 22-րդ հոդվածով լրացվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնում են մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 19 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|