ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 440-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների, որոնց քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ինչպես նաև Օրենսգրքի 442-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված դեպքերի:
6. Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է իրականացվել նաև տեսաձայնային կապի միջոցով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 441-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:».
2) 5-րդ մասը «ծանուցագրի ձևը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 442-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բանավոր ընթացակարգով քննության ենթակա՝ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը՝ էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:
4.2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`
1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.
2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:».
4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 443-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:».
3) 4-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սույն օրենքի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 440-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով որոշումների իրազեկման մասով դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. մայիսի 2 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական: