Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-78-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ‑1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 2. Պետական պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու պայմանները

 

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի՝

1) Սահմանադրական դատարանի դատավորը՝

ա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունների դադարման դեպքում՝ անկախ տարիքից, կամ

բ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում.

2) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

3) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

4) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հաշվեքննիչ պալատի անդամի կամ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի կամ վեց տարի Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

5) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

6) առնվազն մեկ սահմանադրական ժամկետ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

7) առնվազն մեկ ժամկետ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.

8) դատավորի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել կամ դադարել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով.

9) դատախազի պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու) օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել (լիազորությունները դադարեցվել կամ դադարել) է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով․

10) հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու) օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել (լիազորությունները դադարեցվել կամ դադարել) է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 4-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․

11) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․

12) պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը, որը՝

ա․ պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-3-րդ մասերով, 26-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերից որևէ մեկով և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ կամ

բ․ պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով․

13) սույն օրենքի 1-ին հավելվածով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 օրացուցային տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում․

14) Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, Կառավարության անդամը, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, դատախազը, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը՝ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մեկից ավելի հիմքերով միաժամանակ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակ նշանակվում է այդ հիմքերից մեկով` իր ընտրությամբ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում ապահովվում է բժշկական սպասարկմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:

4. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձը սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Սույն օրենքի իմաստով՝ հանրային պաշտոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնը։

5. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին։ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածում:

6. Պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում։

 

Հոդված 3 Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

 

1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում սույն մասում նշված անձի`

1) հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի համար նշանակվում է կենսաթոշակ։ Ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը Կառավարության սահմանած կարգով նշանակվում և վճարվում է առանձին` հաշվարկվելով համամասնորեն:

2. Սույն օրենքի իմաստով՝ մահացած (զոհված) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամ են համարվում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի`

1) ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում և մահվան օրվա դրությամբ՝

ա․ լրացել է նրանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, կամ

բ․ ճանաչված են եղել որպես հաշմանդամություն ունեցող անձ.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) ամուսինը կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի երեխայի՝ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով և, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:

3. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 4․ Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

1. Սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով միաժամանակ պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ` իր ընտրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է անձին սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից, իսկ այդ օրվանից հետո վճարված այլ կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է սույն օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից։

 

Հոդված 5 Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը

 

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին, սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

 

Կ=Հ x Գ + ԿՀՍ x ԿՀՍԱ - ԿԿ բանաձևով, որտեղ`

 

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ԿՀՍ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժը՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը (պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածների հանրագումարը),

ԿՀՍԱ-ն` կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժի մեկ տարվա արժեքը (այսուհետ՝ մեկ տարվա արժեք),

ԿԿ-ն՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ պաշտոնը զբաղեցրած անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներից ձևավորված ամսական չափը (այսուհետ՝ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,

2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 55 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ։

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 9-12-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ կամ կուտակային բաղադրիչի մասնակից է, սակայն նրա համար առկա չէ կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ,

2) զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի և նրան վճարվող կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոնը զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է, և նրա համար առկա է կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափ։

5. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը։

6. Սույն հոդվածով հաշվարկված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է՝

1) սույն օրենքով կենսաթոշակը նշանակելուց հետո անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում,

2) նշանակված կուտակային կենսաթոշակի՝ պետական բյուջեի հատկացումներից ձևավորված չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում։

7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված պաշտոնը զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս պաշտոնային դրույքաչափը ու հավելավճարը հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով։

9. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ Կառավարության սահմանած կարգով։ Եթե սույն մասով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

10. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, ստաժի մեկ տարվա արժեքը և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը:

11. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված մասնագիտական ստաժում և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվառվում։

 

Հոդված 6. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակ ստանալու իրավունքը

 

1. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակող մարմին, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

2. Կենսաթոշակը նշանակվում է՝

1) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12-րդ կետերում նշված պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ և 13-րդ կետերում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի 65 տարին լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

4) սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան գրանցման օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.

5) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-4-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:

3. Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում է ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

4․ Սույն օրենքով կենսաթոշակը նշանակվում և վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն։

6. Հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է այն հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկելու՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, որից ազատվելու հիմքով վերականգնվում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

7. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը:

8. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ ստացված տեղեկատվության հիման վրա։

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանգամանքն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը կենսաթոշակ նշանակող մարմնին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակառուն՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով։

10. Կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող մարմնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափի նվազեցմանը կամ դրա վճարումը դադարեցնելուն: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնման, բռնագանձման) օրենքով սահմանված կարգով:»։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-16-րդ մասերով.

«12. «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի,

2) 14-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս:

13. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում նշված պաշտոնները զբաղեցրած անձանց՝ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով` հիմք ընդունելով ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը և հավելավճարի չափը։ Այս դեպքում, եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի համաձայն՝ կենսաթոշակները հաշվարկվում են՝

1) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմում ներկայացնելու հանգամանքից՝ 2022 թվականի հունիսի 1-ից,

2) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը ներկայացնելու դեպքում՝ 2022 թվականի հունիսի 1-ից, նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

14. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձինք, որոնք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունեն սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար պարտավոր են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող մարմին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն մասում նշված՝ մասնագիտական աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Սահմանային տարիքը լրանալու կամ անձնական դիմումի հիման վրա զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում սույն մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական աշխատանքային ստաժով՝ Կառավարության սահմանած կարգով։ Այս դեպքում, եթե սույն մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով։

15. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը հաշվառվելու համար կենսաթոշակ նշանակող մարմին չդիմելու և չհաշվառվելու դեպքում սույն հոդվածի 14-րդ մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով:

16. Եթե 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ անձն ունի սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա 2022 թվականի մայիսի 1-ից հետո նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն:»։

 

Հոդված 3. Օրենքի հավելվածի 4-րդ կետում 10-12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն

11) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն

12) Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. ապրիլի 12

Երևան
ՀՕ-78-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: