ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.2-րդ, 87.3-րդ, 88.1-ին, 88.2-րդ, 88.3-րդ և 90.1-ին հոդվածներով.
«Հոդված 87.2. | Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքով ձեռք բերված տեղեկատվություն չտրամադրելը |
1. Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքով ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 87.3. | Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».
«Հոդված 88.1. | Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը |
1. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։
2. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելը՝
առաջացնում է նախազգուշացում:
3. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 88.2. | Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը |
Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։
Հոդված 88.3. | Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը |
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ օգտագործման պայմանագրով չսահմանված նպատակներով օգտագործումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով։».
«Հոդված 90.1. | Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը |
1. Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝
1) 87.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.
2) 87.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.
3) 88.1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» և «գ1» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո.
4) 88.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո.
5) 88.3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի «գ1», «գ2» և «գ5» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո.
6) 90.1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետով սահմանված կարգի ընդունումից հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. ապրիլի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|