Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-48-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

 

«Հոդված 26.1.

Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը

 

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ մասերը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, 4-րդ մասը` 2022 թվականի օգոստոսի 1-ից, իսկ 7-րդ մասը` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում են լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

3. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

(3-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-33-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-48-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: