Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը

 

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին:

3. Իրավունքների չարաշահում թույլ տված կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել նրա վարքագծին համաչափ դատական սանկցիա, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:

4. Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց, կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ՝ առավել պիտանի խափանման միջոցով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 314.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) իրավունքի իրականացման սահմանափակումը:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 314.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը

 

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում․

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելը.

4) քրեական գործի նյութերին ծանոթանալը և դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը.

5) ելույթ ունենալը.

6) պաշտպանից հրաժարվելը.

7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:

3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաև դատավարական գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսևորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահի

լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 15

Երևան
ՀՕ-23-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: