ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փաստաբանական գործունեության վճարի չափը որոշվում է փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Փաստաբանական գործունեության համար կատարվող վճարումները իրականացվում են «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: