Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-428-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը».

 

 2) 36-37-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքը խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

 Առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը՝

 առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը

 

1. Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 169․16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 169.16. Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

 

 1․ Առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

2․ Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

3. Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:

 4. Առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

 5. Առանց թույլտվության խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

 6. Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 7. Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝

 առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

 8. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելը և (կամ) մատուցելը՝

 առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

9. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

 10. Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

 11. Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

 12. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։

 13. Առանց թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելը կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 14. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 15. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

 Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:

 16. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

17. Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

18. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 219․1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «(բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի)» բառերը փոխարինել «(բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ և 35-րդ մասերի)» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-428-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: