ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմքերը և կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:
Հոդված 2. | Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների (գործարքների), արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդերի գնահատման, անշարժ գույքի կադաստրային գնահատման վրա:
Հոդված 3. | Գնահատման գործունեության մասին օրենսդրությունը |
1. Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից.
2) գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.
3) լիազոր մարմին` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող և որակավորման վկայականի գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմին.
4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որը գնահատողների մասնագիտացված միություն է և ստեղծված է գնահատողների և գնահատման կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի դրսևորման ու պաշտպանության, նրանց գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու համար.
5) գնահատման uտանդարտ` Կառավարության սահմանած, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաuտաթուղթ.
6) գնահատում` գնահատման օբյեկտի արժեքի որոշմանը նպատակաուղղված՝ սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է.
7) գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրված ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ.
8) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման նպատակը, գնահատման գործառույթը և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.
9) որակավորման հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննություններն անցկացնող, այդ թվում՝ որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնաժողով.
10) մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման կազմակերպության և գնահատողների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի, գնահատման ստանդարտների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով.
11) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի ներդրած առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալները.
12) պատվիրատու՝ գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ.
13) շահառու՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են գնահատման արդյունքների օգտագործողներ, կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առնչվում են իրենց օրինական շահերին:
Հոդված 5. | Գնահատման գործունեության սուբյեկտները |
1. Սույն օրենքի իմաստով՝ գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում սույն օրենքով սահմանված գնահատման կազմակերպությունները, գնահատողները, ինչպես նաև պատվիրատուները:
Հոդված 6. | Գնահատման օբյեկտները |
1. Սույն օրենքի իմաստով՝ գնահատման օբյեկտներ են համարվում գույքը (անշարժ և շարժական), գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ սահմանված են գնահատման ստանդարտներ:
Հոդված 7. | Գնահատման ստանդարտների սահմանումն ու դրանց կիրառումը |
1. Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ, որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների համար:
Հոդված 8. | Հաշվառման ծրագրի կիրառումը |
1. Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը կազմակերպության ղեկավարին ու գնահատողին տրամադրում է լիազոր մարմինը:
2. Յուրաքանչյուր հաշվետվություն, որի տվյալները մուտքագրվում են Հաշվառման ծրագիր, ինքնաշխատ ձևավորվում է հաշվետվությունը նույնականացնող անհատական ծածկագիր։
3. Հաշվառման ծրագիր մուտքագրվող տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն:
4. Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
Հոդված 9. | Գնահատման պարտադիր դեպքերը |
1․ Գնահատումը պարտադիր է՝
1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.
2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.
3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.
4) պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.
5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.
6) գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում.
7) գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու և գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.
8) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 10. | Գնահատման գործունեության կազմակերպումը և իրականացումը |
1. Գնահատման գործունեությունը կազմակերպում և իրականացնում են գնահատման կազմակերպությունները` գնահատման պատվերի հիման վրա՝ գնահատողի միջոցով:
2. Գնահատման պատվերի համար իրավական հիմք է գնահատման կազմակերպության և պատվիրատուի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):
Հոդված 11. | Պայմանագրի էական պայմանները |
1. Պայմանագիրը կնքվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ՝
1) գնահատվող օբյեկտի անվանման և նույնականացման վերաբերյալ․
2) գնահատման դիմաց վճարի չափի վերաբերյալ.
3) գնահատման ստանդարտներով սահմանված և գնահատմամբ որոշվող արժեքի տեսակի, գնահատման ամսաթվի և տարեթվի վերաբերյալ.
4) գնահատման առաջադրանքի վերաբերյալ:
Հոդված 12. | Գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը |
1. Անձը որպես գնահատող հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով գնահատողի որակավորման գործող վկայականի պատճենը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթ։
2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ պետական հաշվառման համարը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք, սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրության վկայագրի պատճենը, գնահատողի անձնագրի և որակավորման վկայականի պատճենը: Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, որոնց կարգը, ինչպես նաև գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դիմումները և դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինն ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում՝ անձին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ:
Դիմումը և կից փաստաթղթերը վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օր ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերն ստանալու օրվանից: Երեք աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացվելու և լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված այն սկզբնապես ներկայացվելու օրը։
4. Անձին որպես գնահատող հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) անձը չունի գնահատողի գործող որակավորման վկայական.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ չէ:
5. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին որպես գնահատման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝
1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմում ներկայացրած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու գնահատման գործունեությամբ.
4) դիմում ներկայացրած կազմակերպությունը չի համապատասխանում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին։
6. Հաշվառում ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
7. Հաշվառում ստանալու դիմումը մերժվելու դեպքում ֆիզիկական անձը, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
8. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից՝
1) իր դիմումի համաձայն.
2) որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.
3) եթե, իր դիմումի համաձայն, դուրս է եկել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել Հայաստանի Հանրապետությունում գործող՝ գնահատողների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.
4) եթե գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնությամբ վարքագծի կանոնների խախտման հիմքով դադարեցվել է նրա անդամակցությունը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը։
9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքերում անձն իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում՝ որպես գնահատող հաշվառում ստանալու համար։
10. Սույն հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում անձն իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու որպես գնահատող հաշվառում ստանալու համար միայն հաշվառումից հանվելուց վեց ամիս հետո:
11. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատման կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝
1) սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.
3) վերջին երեք տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերով նախատեսված հիմքերով որակավորման վկայականների դադարեցման դեպքում, եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի՝ տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են:
12. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումները վերացնելուց հետո:
13. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հաշվառումից հանվելու դեպքում գնահատման կազմակերպությունն իրավունք ունի հաշվառում ստանալու նոր դիմում ներկայացնելու միայն հաշվառումից հանվելուց մեկ տարի հետո:
Հոդված 13. | Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները |
1. Գնահատման արդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով՝ գնահատման հաշվետվությամբ:
2. Հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ ստորագրում է գնահատողը:
3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում) կամ այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև նշվում է էջերի քանակը:
4. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկություն Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարի վերաբերյալ, որը պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերի աջ՝ ներքևի անկյունում:
5. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում`
1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.
2) հրապարակել տեղեկություններ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք.
3) գնահատմամբ որոշված արժեքը չարտահայտել համարժեք դրամով:
6. Գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները և դրանցում պարտադիր պարունակվող տեղեկությունները սահմանվում են գնահատման ստանդարտներով:
7. Սույն հոդվածի 1-4-րդ մասերից որևէ մեկի պահանջների խախտմամբ կազմված հաշվետվությունները, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չեն կարող:
Հոդված 14. | Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը |
1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող է պարզաբանել լիազոր մարմինը` նրան ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:
2. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 15. | Գնահատողի անկախությունը |
1. Գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողն անկախ է և գնահատումն իրականացնում է սույն օրենքին, գնահատման ստանդարտներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Գնահատողի անկախությունը գնահատման գործունեության իրականացման հիմնարար և պարտադիր պայման է:
Հոդված 16. | Գնահատման կազմակերպության և գնահատողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Գնահատողն իրավունք ունի՝
1) գնահատման ընթացքում գնահատման կազմակերպությունից և պատվիրատուներից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ այդ տեղեկատվությամբ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.
2) օգտվելու սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավունքներից.
3) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Գնահատման կազմակերպությունն իրավունք ունի`
1) գնահատման ընթացքում պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից՝ տեղեկատվություն ստանալու համար.
3) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով գնահատմանը ներգրավելու այլ մասնագետ(ներ)ի.
4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.
5) գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.
6) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Գնահատողը պարտավոր է`
1) գնահատումը կատարել սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) Հաշվառման ծրագրում մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները.
3) սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվության յուրաքանչյուր էջի աջ՝ ներքևի անկյունում, լրացնել Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարը.
4) ստորագրել հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ.
5) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար․
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պահպանել գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները․
7) կրել սույն հոդվածի 4-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված պարտականությունները.
8) չհանդիսանալ մեկից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:
4. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է`
1) գնահատման գործունեություն իրականացնելուց առաջ սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.
2) գնահատման հաշվետվությունը հաստատել գնահատման կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.
3) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերը՝ հաշվետվությունների թղթային կամ էլեկտրոնային կրկնօրինակների հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.
4) ապահովել պատվիրատուներից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների պատճենները կամ դրանցում առկա գույքի արժեքի վերաբերյալ էլեկտրոնային կամ փաստաթղթային տեղեկատվությունը, պատվիրատուներից բացի, տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան մարմիններին.
6) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանք.
7) գնահատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին.
8) հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:
Հոդված 17. | Պատվիրատուի իրավունքներն ու պարտականությունները |
1. Պատվիրատուն իրավունք ունի՝
1) ինքնուրույն ընտրելու գնահատման կազմակերպությունը.
2) գնահատման կազմակերպության միջոցով գնահատողից պահանջելու ներկայացնել գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը.
3) գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ պարզաբանում ստանալու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատարանում.
4) գնահատման կազմակերպությունից պահանջելու պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում.
5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
2. Պատվիրատուն պարտավոր է`
1) գնահատման կազմակերպությանը կամ գնահատողին տրամադրել գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հավաստի տեղեկություններ և անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև ապահովել գնահատվող գույքի տեղազննման հնարավորություն.
2) չխոչընդոտել գնահատման գործընթացը և չմիջամտել դրան.
3) պատշաճ կատարել իր պայմանագրային պարտավորությունները.
4) կրել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 18. | Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները |
1. Գնահատման կազմակերպությունն աշխատանքային պայմանագիր պետք է ունենա որևէ այլ գործատուի մոտ՝ որպես գնահատող հիմնական հաստիքով չաշխատող, առնվազն մեկ գնահատողի հետ:
2. Գնահատման կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր գործունեությունը հնարավոր դրամական վնասներից, որոնք կարող են պատճառվել պատվիրատուներին կամ շահառուներին իրենց աշխատակից հանդիսացող գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Կազմակերպության գործունեության պարտադիր ապահովագրման տարեկան նվազագույն չափը յուրաքանչյուր գնահատողի համար կազմում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։
Հոդված 19. | Գնահատման կազմակերպությանը և գնահատողին ներկայացվող սահմանափակումները |
1. Գնահատման կազմակերպությունը և գնահատողն իրավունք չունեն իրականացնելու գնահատում կամ գնահատման հաշվետվության վերաբերյալ կարծիք տրամադրելու, եթե գնահատման կազմակերպության բաժնետերը, գործադիր մարմնի անդամը կամ գնահատողը հանդիսանում են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր կամ օգտագործող կամ պատվիրատու հանդիսացող ընկերության մասնակից կամ բաժնետեր կամ տվյալ գնահատման օբյեկտի նկատմամբ ունեն կամ ձեռք են բերում գույքային, ոչ գույքային և այլ պարտավորություններ, իրավունքներ կամ պահանջներ, ինչպես նաև այն դեպքում, երբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) կամ աշխատանքային հարաբերությունների մեջ են տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) կամ պատվիրատուի կամ շահառուի հետ:
2. Գնահատման կազմակերպության կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատման կազմակերպությանը մեկ տարով հաշվառումից հանելու հիմք է, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չի կարող:
3. Գնահատողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատողի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու հիմք է, եթե վերոնշյալ խախտումն իրականացրել է գնահատողը, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը չի կարող օգտագործվել որպես գնահատման հաշվետվություն:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 20. | Գնահատման մասնագիտական որակավորման ստուգման կարգը, կազմակերպումն ու իրականացումը |
1. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը՝ որակավորման քննությունների միջոցով:
2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով։ Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից։ Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների՝ իրենց համաձայնությամբ։
3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր։
4. Որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Որակավորման քննությունների անցկացման կարգով սահմանվում են որակավորման քննության ժամկետները, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները և ձևերը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի և խնդիրների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:
5. Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը, և հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերը պետք է պարտադիր հրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 30 օր առաջ:
6. Գնահատողի որակավորման քննությունն իրականացվում է համակարգչային թեստավորման միջոցով: Մասնակիցն իրավունք ունի նախօրոք ծանոթանալու տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին: Որակավորման քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննությունից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Մասնակցի պահանջի դեպքում եռօրյա ժամկետում տրամադրվում է մասնակցի լրացրած հարցաթերթիկի թղթային տարբերակը՝ հաստատված լիազոր մարմնի կողմից:
7. Որակավորման քննությունն անցկացվում է դռնբաց: Քննության ընթացքը տեսաձայնագրվում է, ինչպես նաև կարող է առցանց հեռարձակվել քննության նկատմամբ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ։
8. Քննության արդյունքների մասին քննության մասնակիցները պատշաճ տեղեկացվում են քննության ավարտից անմիջապես հետո:
9. Քննության դրական արդյունքներով լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուին գնահատողի որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ։
Հոդված 21. | Վկայականի ժամկետը, վերաձևակերպումը և կրկնօրինակի տրամադրումը |
1. Գնահատողի որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով:
2. Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է վկայականի վերաձևակերպման համար դիմել լիազոր մարմին՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր:
3. Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է լիազոր մարմնում գնահատողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլնի) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` վկայականի կրկնօրինակն ստանալու համար:
5. Լիազոր մարմինը պարտավոր է վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ»ուղղ. նշագրումը:
6. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 22. | Վկայականի գործողության դադարեցումը |
1. Վկայականի գործողությունը դադարեցվում է`
1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
2) եթե առկա է գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.
3) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում.
4) գնահատողի դիմումի համաձայն.
5) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելու դեպքում.
6) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում իր կազմած 10 և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
7) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում իր կազմած հինգ և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների` արժեքիուղղ. վրա ազդող խախտում է կատարել: Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք չունի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու վկայականի գործողությունը դադարեցվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում.
8) որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում:
2. Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
3. Եթե միաժամանակ առկա են վկայականի գործողության դադարեցման՝ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա վկայականի գործողությունը դադարեցվում է սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված հիմքով։
4. Սույն հոդվածի 1-ի մասի 1-ին, 4-7-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ և ենթակա է անհապաղ կատարման: Սույն մասով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից:
5. Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է օրենքով սահմանված ժամկետում բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը:
6․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ վճիռը կամ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնելուն հաջորդող օրվանից, բացառությամբ եթե դիմումատուի գույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում հարուցված է վարչական վարույթ: Վարչական վարույթի առկայության դեպքում վկայականի գործողությունը դադարեցված է համարվում վարչական վարույթի ավարտման օրը, որոշում կայացնելու պահից:
9. Լիազոր մարմնի կողմից վկայականի գործողությունը դադարեցվելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է գնահատողին, իսկ որոշման պատճենը՝ գնահատման կազմակերպություն:
10. Վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազոր մարմնի որոշմամբ վարչական վարույթը կարճվում է:
Հոդված 23. | Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը |
1. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:
2. Լիազոր մարմինը`
1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում է դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և նվազագույնը հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող առնվազն հինգ գնահատող` իրենց համաձայնությամբ՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն, որը սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում է մասնագիտական հանձնաժողովում։ Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.
2) հաստատում է գնահատողների կազմած գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցը: Ընդ որում, միևնույն գնահատողը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցում ոչ ավելի հաճախ, քան երկու տարին մեկ, բացառությամբ մասնագիտական հանձնաժողովի պատճառաբանված առաջարկի հիման վրա՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
3) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները․
4) հաստատում է որակավորման վկայականի ձևը.
5) կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.
6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով, 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա որոշումը համարվում է կայացված.
7) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների և գնահատողների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`
ա. գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով,
բ. գնահատման հաշվետվություններում անհամապատասխանություն արձանագրելու դեպքում գնահատման գործունեության սուբյեկտներին և շահառուներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը.
8) գնահատման կազմակերպության ղեկավարին և գնահատողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.
9) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջարկությամբ հաստատում է վերապատրաստման դասընթացների ծրագիրը.
10) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց, որակավորման վկայականի գործողությունը դադարեցված անձանց (ներառյալ վկայականի գործողության դադարեցման իրավական հիմքը և գնահատման կազմակերպության անվանումը), լիազոր մարմնի հաշվառած գնահատողների, գնահատման կազմակերպությունների և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների անվանացանկերը, իսկ կոնտակտային տվյալները՝ նրանց համաձայնությամբ: Հրապարակված անվանացանկերը փոփոխվում են այդ փոփոխության իրավական հիմքի առաջացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
11) իրականացնում է գնահատմանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 24. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը |
1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է։
2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
3. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:
4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնում հաշվառվելու պահից սկսած։
5. Կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսը։
6. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության բազմակի կամ կոպիտ խախտումների համար գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` լիազոր մարմնի կամ շահագրգիռ անձանց դիմումով:
Հոդված 25. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության սկզբունքները |
1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով․
1) ինքնակարգավորվող կազմակերպությունների անկախություն պետական մարմիններից, պատվիրատուներից և շահառուներից.
2) ինքնակարգավորման գործընթացների թափանցիկություն.
3) ինքնակարգավորման գործընթացների անկախ և կայուն ֆինանսավորման ապահովվածություն.
4) պատվիրատուների և շահառուների նկատմամբ ինքնակարգավորվող կազմակերպության անդամների պատասխանատվության ապահովում.
5) կազմակերպության անդամների կողմից գնահատման գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, ինչպես նաև վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով գնահատողների ինքնակարգավորման կազմակերպության կազմակերպական համակարգում մասնագիտական օղակների առկայության ապահովում։
Հոդված 26. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթները |
1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն են՝
1) գնահատողների և գնահատման կազմակերպությունների շահերի պաշտպանում.
2) գնահատման ոլորտի կայացմանը և ընդլայնմանն աջակցում.
3) գնահատման ոլորտում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրում.
4) վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում.
5) գնահատման ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում և փորձի փոխանակում.
6) գնահատողի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացում.
7) գնահատման ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքում, մշակում, կազմում և հրատարակում.
8) գնահատման ոլորտում այլ գործառույթներ:
Հոդված 27. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության իրավունքները և պարտավորությունները |
1․ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկելու պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության և իր անդամ գնահատողների օրինական շահերը կամ իրավունքները.
2) սույն օրենքով կամ իր կանոնադրությամբ սահմանված նպատակների և գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանված գաղտնիք պարունակող տեղեկությունների.
3) անդամակցելու գնահատողների միջազգային կազմակերպությունների.
4) իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով սահմանելու ու հավաքագրելու անդամավճարներ և օրենքով չարգելված աղբյուրներից ներգրավելու ֆինանսական միջոցներ.
5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից։
2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է՝
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում.
2) պահպանել սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված պահանջները.
3) ներկայացնել ու պաշտպանել իր անդամների օրինական շահերը և իրավունքները պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, գնահատողների միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում.
4) կազմել և մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնել իր կողմից հաջորդ տարի իրականացման ենթակա վերապատրաստման դասընթացների ծրագիրը.
5) յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպել և անցկացնել վերապատրաստման դասընթացներ լիազոր մարմնի հաստատած ծրագրին համապատասխան.
6) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին ներկայացնել իր անդամ գնահատողների թեկնածությունները հաջորդ տարվա որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով։ Ընդ որում, միևնույն գնահատողը չի կարող միաժամանակ առաջարկվել և' որակավորման, և' մասնագիտականուղղ. հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով.
7) ընթացք տալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումներին՝ ուղղված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գործողություններին կամ անգործությանը.
8) վարել և հրապարակել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գրանցամատյանը։ Գրանցամատյանները տեղադրվում են կազմակերպության և լիազոր մարմնի պաշտոնական կայքերում։ Գրանցամատյաններում փոփոխությունները կատարվում են այդ փոփոխությունների կատարման համար իրավական հիմքի առաջացումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում.
9) իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, ստանդարտների և այլ նորմատիվ իրավական ակտերի, իր կանոնադրությամբ սահմանված պահանջների, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն.
10) սույն օրենքով սահմանված դեպքերում մերժել անդամակցելու հայտ ներկայացնողին կամ դադարեցնել գնահատողի անդամակցությունը.
11) յուրաքանչյուր եռամսյակ ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկություններ գնահատողների ինքնակարգավորվող մարմնի իրականացրած գործողությունների վերաբերյալ.
12) մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակել կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
13) կրել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 28. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտի մերժման և անդամակցությունը դադարեցնելու դեպքերը |
1․ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու ֆիզիկական անձի հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնողը՝
1) չունի գնահատողի գործող որակավորման վկայական.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող այլ կազմակերպության անդամ է։
2․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը գնահատողի անդամակցությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում․
1) գնահատողի դիմումի համաձայն.
2) սույն օրենքով սահմանված կարգով գնահատողի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում.
3) վարքագծի կանոնների խախտման հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների քանակի առնվազն երկու երրորդի համաձայնության դեպքում։
3․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու հայտը մերժելու կամ անդամակցությունը դադարեցնելու որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։
4․Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը գնահատողի անդամակցությունը դադարեցնելու հաջորդ օրն այդ մասին պարտավոր է տեղյակ պահել՝
1) գնահատողին, որի անդամակցությունը դադարեցվել է.
2) գնահատման կազմակերպություններին, որոնց հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր.
3) լիազոր մարմնին։
Հոդված 29. | Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը հաշվառումից հանելու դեպքերը |
1. Լիազոր մարմնի որոշմամբ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետևյալ դեպքերում․
1) 12 օրացուցային ամիսների ընթացքում ավելի քան 60 օր կազմակերպությանն անդամակցող գնահատողների քանակը պակաս է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի 30 տոկոսից.
2) 12 օրացուցային ամիսների ընթացքում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունները երեք և ավելի անգամ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 30. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար |
1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար գնահատման կազմակերպությունները, գնահատողները, գնահատման գործունեության պատվիրատուները, որակավորման ու մասնագիտական հանձնաժողովների անդամները, գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, ինչպես նաև լիազոր մարմնի պատասխանատու անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
2. Գնահատողների գործող որակավորման վկայականները դադարում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազոր մարմինն անցկացնում է առնվազն երեք որակավորման քննություն:
Սույն մասով սահմանված որակավորման քննություններին մասնակցելու համար դիմած և գործող անշարժ գույքի գնահատման որակավորման վկայականներ ունեցող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացին մասնակցելու և համապատասխան հավաստագիր ունենալու պահանջը։
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման ստանդարտը, գնահատման գործունեության վերաբերյալ իրավական ակտերը մինչև սույն օրենքով նախատեսված գնահատման ստանդարտները և իրավական ակտերն ուժի մեջ մտնելը:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները, 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու մասին դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը, 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, կազմակերպությունը լիազոր մարմին դիմելու դեպքում համարվում է հաշվառված՝ որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն, անկախ սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը բավարարելու հանգամանքից։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո սույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը չբավարարելու դեպքում հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունները համարվում են հաշվառումից հանված։
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից անշարժ գույքի գնահատողի գործող որակավորման վկայականներ ունեցող անձինք համարվում են լիազոր մարմնում հաշվառված գնահատողներ։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատողների ինքնակարգավորվող որևէ կազմակերպությանը չանդամակցելու դեպքում լիազոր մարմնի որոշմամբ գնահատողը հանվում է հաշվառումից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|