ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 315.1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) «նախատեսված» բառից առաջ լրացնել «առանց թույլտվության կամ» բառերով, «շինության» բառից հետո՝ «կամ այլ կառույցի» բառերով, «վերակառուցումը» բառից հետո՝ «կամ տեղադրումը» բառերով, իսկ «չքանդելը» բառից հետո՝ «կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերով.
2) «պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 315.3-րդ հոդվածով.
«Հոդված 315.3. | Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը |
1. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց և խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝
պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|