Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-397-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «վերակառուցված» բառից հետո լրացնել «կամ տեղադրված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

3) 2-րդ մասի առաջինից երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը «քանդման» բառից հետո լրացնել «(ապամոնտաժման)» բառով.

5) 3-րդ մասի առաջին պարբերությունում՝

ա. «ինքնակամ կառույցը» բառերից հետո լրացնել «՝ առանց դատարան դիմելու» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:».

6) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:».

7) 3-րդ մասի երրորդ պարբերությունը «քանդման» բառից հետո լրացնել «(ապամոնտաժման)» բառով.

8) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև` Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Կառավարության կողմից կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) օրինականացման առանձնահատկություններ։

3. Ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե`

1) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում.

2) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.

3) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը.

4) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

4. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրինականացումը կիսակառույց ինքնակամ կառույցն ավարտին հասցնելու շինարարությունը շարունակելն արգելվում է, և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, այդ թվում՝ կիսակառույց ինքնակամ կառույցի չհաշվառված հատվածի օրինականացման վրա տարածվում են սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կանոնները:

5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-397-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: