Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.07/20(475) Հոդ.402
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի փետրվարի 27-ին

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակները

 

Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա» կետով նախատեսված զոհերի հաշվառման և հուղարկավորության հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

 
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու ծիսական արարողություն.

գերեզմանատուն` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու և գերեզմանները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.

մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները, և որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավորություն կամ նոր հուղարկավորություն` գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում.

փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.

պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.

բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ.

գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.

հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (մահացածի ընտանիքի անդամները կամ այլ անձինք).

գերեզման օգտագործող՝ այն ֆիզիկական անձը, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը.

վրահուղարկավորում` նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն կազմակերպելը.

վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.

դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).

ընտանիքի անդամներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ՝ համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.

քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարություն՝ ազգային և կրոնական ավանդույթների համաձայն՝ մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելուց կամ աճյունասափորը հուշապատում տեղադրելուց առաջ հրաժեշտի արարողություն.

մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված և շահագործվող գերեզմանատուն.

 գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ գերեզմանատունը շահագործող անձը.

ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սահմանված չափով գերեզման օգտագործողին իր ընտանիքի անդամներին հուղարկավորելու նպատակով գերեզմանատան օգտագործման սխեմայում հատկացվող հերթական գերեզմանը:

(2-րդ հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն, 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 3.

Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմանում վերահսկողության ապահովումը, որը կարող է իրականացվել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով.

2) քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացրած՝ նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերի սահմանումը (հաստատումը).

3) մասնավոր գերեզմանատան օգտագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների սահմանումը.

4) գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրի, վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերի սահմանումը.

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(4-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն, 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 5.

Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

1. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) համայնքային գերեզմանատներ և դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը և պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.

2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կամ դիակիզում կազմակերպելը.

3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման և համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին և շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը և հաստատելը.

5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը և գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումներ ընդունելը.

6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման աշխատանքները համակարգելը.

7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաև գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով և քանակով) առաջադրվող պահանջների և պայմանների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը.

9) մասնավոր գերեզմանատան շահագործման համար տրված թույլտվության պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթներ իրականացնելը.

11) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

1.1. Համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը գերեզման օգտագործող է համարվում այն գերեզմանների համար, որոնք չունեն գերեզման օգտագործող: Սույն մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունն իրավունք ունի թույլատրելու հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված մահացածի ընտանիքի անդամին:

2. (մասն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

(6-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 7.

Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը

(հոդվածն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 8. Հուղարկավորությունների իրականացումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:

1.1. Մահացածը հուղարկավորվում է`

1) կենդանության օրոք բնակության վայրի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը, իսկ եթե տվյալ համայնքում չկա բաց գերեզմանատուն, ապա կենդանության օրոք նրա բնակության վայրերից որևէ մեկին կամ հաշվառման վայրին առավել մոտ գտնվող համայնքում առկա բաց գերեզմանատանը.

2) կենդանության օրոք Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառման կամ բնակության վայր չունենալու դեպքում նրա հուղարկավորությունն ստանձնողի բնակության վայրերից որևէ մեկի կամ հաշվառման վայրի համայնքի բաց գերեզմանատանը.

3) կենդանության օրոք նոտարական կարգով վավերացված հայտարարության մեջ նշված բնակավայրի գերեզմանատանը` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում.

4) առկա ընտանեկան գերեզմանում՝ գերեզման օգտագործողի համաձայնությամբ.

5) մասնավոր գերեզմանատանը՝ մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի ցանկությամբ.

6) պետական գերեզմանատանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքում:

2. Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

3. (պարբերությունն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` գերեզման օգտագործողի համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 (պարբերությունն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

 (պարբերությունն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

 (պարբերությունն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 8.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության իրականացումը

 

1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունն ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝

1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում.

2) եկեղեցիներում.

3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:

3. Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:

(8.1-ին հոդվածը լրաց. 26.02.15 ՀՕ-12-Ն)

 

Հոդված 9. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը

 

Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը

 

1. Հուղարկավորության իրականացման համար անհրաժեշտ է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների տված մահվան վկայական:

2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:

Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:

Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների հիման վրա:

Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով գերեզման օգտագործողին տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով)՝ մեկ գերեզմանի համար, և մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)՝ ընտանեկան գերեզմանի համար:

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:

4. (մասն ուժը կորցրել է 27.05.21 ՀՕ-228-Ն)

4.1. Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:

5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում գերեզման օգտագործողի կամ հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:

6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:

8. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)

9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան կառավարչին պետք է ծանուցել մեկ օր առաջ:

10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:

(10-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն, 27.05.21 ՀՕ-228-Ն )

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 11. Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման և սգո պարագաների վաճառքի կարգը

 

1. Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղով:

2. Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:

Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:

3. Դագաղների, սգո ծաղկեպսակների և սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առևտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը:

(11-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)

 

Հոդված 12. Թաղման և դիակիզման կարգերը

 

Թաղման և դիակիզման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողները

 

1. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:

2. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց և նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:

4. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:

5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման ստանձնման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համարվում են պատվիրակված լիազորություններ, և դրանց հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաև այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:

Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը:

 

Հոդված 13.1. Գերեզման օգտագործողը

 

1. Գերեզման օգտագործողին օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն հատկացված գերեզմանի համար տրվում է գերեզմանի վկայական:

2. Գերեզման օգտագործողն իրավունք ունի՝

1) օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կառուցապատելու և բարեկարգելու իրեն հատկացված գերեզմանը.

2) հուղարկավորելու և վերահուղարկավորելու իր ընտանիքի անդամներին.

3) փոխանցելու իր իրավունքներն ընտանիքի անդամին.

4) ժառանգելու իր շահագործման իրավունքը:

Գերեզման օգտագործողն ունի օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Գերեզմանի նոր օգտագործողն իրավունք ունի ստանալու գերեզմանի նոր վկայական:

4. Գերեզման օգտագործողը պատասխանատվություն է կրում, սույն օրենքին և այլ իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան, իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման և օգտագործման համար:

(13.1-ին հոդվածը լրաց. 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 14. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը

 

1. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանվել հուղարկավորության այլ արարողակարգ:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` մահացածի հարազատների համաձայնությամբ:

 

Հոդված 15. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը

 

1. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների մատուցած պարտադիր ծառայությունների ապահովումը

 

Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների մատուցած հետևյալ ծառայությունները.

ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում.

բ) դիահերձում.

գ) դագաղի հատկացում.

դ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն.

ե) հուղարկավորում.

զ) մետաղե ցուցատախտակի տեղադրում:

 

Հոդված 17. Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը

(վերնագիրը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)

 

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցման համար տրամադրվում է դրամական օգնություն` օրենքով սահմանված կարգով:

(17-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 18. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները

(վերնագիրը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

1. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում են`

1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը կամ կազմակերպությունը.

2) պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը.

3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարիչը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձինք` վերջիններիս և գերեզմանատան շահագործողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առևտրային կազմակերպություններ:

(18-րդ հոդվածը խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 19. Գերեզմանատների կազմավորումը և դրանց հողերի դասակարգումն ու պատկանելությունը

 

1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա:

2. Գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել պետական, մասնավոր և համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական և զինվորական:

3. Պետական և համայնքային գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական և մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:

4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:

5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման և այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների հաշվին, բացառությամբ պետական և մասնավոր գերեզմանատների:

6. Համայնքային և պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով:

(19-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, լրաց., փոփ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 19.1.

Մասնավոր գերեզմանատների կազմակերպումը և դրանց գործունեությունը

 

1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված պահանջների և պայմանների բավարարման դեպքում մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատան շահագործումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով:

Մասնավոր գերեզմանատուն շահագործելու թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության համար անհրաժեշտ՝ սույն օրենքով և լիազոր մարմնի սահմանած պահանջները և պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափերով:

2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:

3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը քաղաքաշինական գործունեության տեսակ է և ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

4. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է՝

1) գերեզմանատան տարածքում ունենալ`

ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչև հոգեհանգստի և հուղարկավորության իրականացումը,

բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` լիազոր մարմնի սահմանած չափով,

գ. ավտոկայանատեղ` լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան,

դ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,

ե. ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,

զ. դիակիզարան կամ որևէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր,

է. ոռոգման և խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.

2) ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.

3) պարսպապատել գերեզմանատան տարածքը.

4) պահպանել բնապահպանական և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

5. Մասնավոր գերեզմանատան դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գերեզմանատան տարածքում կարող է ունենալ հոգեհացի մատուցման սրահ:

6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու կամ կառուցապատման իրավունքի փոխանցման դեպքում նոր սեփականատիրոջը կամ կառուցապատման իրավունք ձեռք բերողին պետք է միաժամանակ փոխանցվեն նաև սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում պայմանագիրը առ ոչինչ է:

7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան դեպքում սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները և պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ շահագործման իրավունքը:

8. Մասնավոր գերեզմանատների տարածքը՝ դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:

9. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է գերեզմանատան անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:

10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան շահագործողն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինչպես նաև անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի և հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:

(19.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 19.2.

Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը

 

1. Մասնավոր գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ և մահացածի միջև վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրինական ներկայացուցիչը:

3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի և առավելագույնը 25 տարի ժամկետով: Նշված պայմանագրի հիման վրա գերեզմանատան շահագործողը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը և հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները։

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:

5. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետի լրանալը մեկ տարվա ընթացքում գերեզմանատան շահագործողը պարտավոր է պահպանել գերեզմանը և միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին սեղմ ժամկետում ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու և պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գերեզմանատան շահագործողը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:

7. Մասնավոր գերեզմանատան շահագործողը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:

(19.2-րդ հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն, 27.05.21 ՀՕ-228-Ն)

(27.05.21 ՀՕ-228-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը

 

1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետևյալ տարածքներում.

ա) ջրամատակարարման աղբյուրների և հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին և երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.

բ) լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին.

գ) ջրածածկվող, սողանքների և փլուզումների ենթակա և ճահճային գոտիներում.

դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.

ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում և այլ կանաչ տարածքներում:

2.1. Գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման պարտադիր պահանջները և պայմանները սահմանում է լիազոր մարմինը։ Գերեզմանատներին և դիակիզարաններին առաջադրվող սանիտարական և բնապահպանական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:

3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

5. Պետական և համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (օգտագործման սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով:

(20-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, լրաց., խմբ. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 21. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը

 

1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժանելի և չեն կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:

2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում և ամրացվում են տեղանքում:

 

Հոդված 22. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները

 

1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:

2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում դրանց զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց և վերահուղարկավորում կատարելուց հետո:

 

Հոդված 23. Գերեզմանատների փակումը, տեղափոխումն ու վնասազերծումը

 

1. Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման:

Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն արգելվում է:

2. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

4. Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:

Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:

Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները:

(23-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն)

 

Հոդված 24. Գերեզմանատների պահպանումը և շահագործումը

 

1. Գերեզմանատների գործունեության և պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը, իսկ շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

2. (մասն ուժը կորցրել է 29.04.15 ՀՕ-27-Ն)

3. Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման և պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:

(24-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-12-Ն, 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 25. Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները

 

Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25.1.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(25.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 27. Անցումային դրույթ

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար համարվում է սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի  29
Երևան
ՀՕ-40-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան