Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-345-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի 18-րդ հոդվածում 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների` 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:

 2. 2022 և 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2023 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:

3. 2022 և 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԴԱ2016 փաստացի, որտեղ`

 

ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:

4. 2022 և 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 և 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi, որտեղ`

 

ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. նոյեմբերի 15

Երևան
ՀՕ-345-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2021 թվական: