Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2021-30.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի գործողության ոլորտը և հիմնական խնդիրները

 

1. Սույն օրենքը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց պատճառված վնասներից բխող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի, ինչպես նաև օրինական հիմքերով դրանք տիրապետող այլ անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրության, և այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ապահովագրել այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի ստեղծման, գործունեության, կարգավորման և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի և Տեղեկատվական համակարգի ստեղծման և օգտագործման կարգը և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`

1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության երաշխավորումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը և դրա շարունակական գործունեության ապահովումը, դրա վերաբերյալ կնքված ապահովագրության պայմանագրերի հետ կապված հարաբերությունների կարգավորումը.

3) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների սահմանումը.

4) ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետության երաշխավորումը:

3. Սույն օրենքի համաձայն` պարտադիր ապահովագրման ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող և (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

4. Սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետևանքով առաջացած վնասները:

(1-ին հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 2.  Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վերաբերյալ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3.   Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.

2) ԱՊՊԱ պայմանագիր՝ ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության և ապահովադրի միջև սույն օրենքի համաձայն կնքված ԱՊՊԱ պայմանագիր.

3) (կետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-93-Ն)

4) ավտոտրանսպորտային միջոց՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց (ներառյալ` թեթև մարդատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, բեռնատար ավտոմոբիլներ, բեռնաուղևորատար ավտոմոբիլներ, հատուկ ավտոմոբիլներ, էլեկտրամոբիլներ, մոտոցիկլետներ, քարշակներ, տրոլեյբուսներ).

5) տուժող (տուժած անձ)՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով սույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ, որը սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք: Տուժող են համարվում նաև սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված` անձի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք.

6) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր (համասեփականատեր)՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձ (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) կամ իրավաբանական անձ, պետություն (պետական մարմին), համայնք (տեղական ինքնակառավարման մարմին), Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություններ (դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ).

7) ապահովադիր` ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձ.

8) ապահովագրված անձ՝ ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, ինչպես նաև օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձ (ներառյալ` վարորդը).

9) վնաս պատճառած անձ կամ վնաս պատճառող` անձ, որի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառվել է վնասը.

10) ավտոտրանսպորտային միջոցի վարորդ` ավտոտրանսպորտային միջոցը ղեկավարող անձ, որն ապահովագրական պատահարի ժամանակ օգտագործել է ավտոտրանսպորտային միջոցը: Վարորդ է համարվում նաև վարել սովորեցնողը.

11) ապահովագրական պատահար՝ սույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում.

12) ապահովագրավճար՝ ԱՊՊԱ պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանն ԱՊՊԱ իրականացնելու ողջ ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումար.

13) ապահովագրական գումար՝ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափ.

14) բազային ապահովագրավճար և հիմնական ապահովագրավճար` սույն օրենքի հավելվածի համաձայն` Բյուրոյի կողմից հաշվարկվող հաշվարկային մեծություններ.

15) ապահովագրական հատուցում՝ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումար: Սույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից.

16) չհատուցվող գումար՝ ապահովագրական գումարի սահմաններում ապահովագրական ընկերության կամ Բյուրոյի կողմից հատուցման ոչ ենթակա գումար, որը սահմանվում է որոշակի գումարի և (կամ) ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով.

17) ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնաս (վնաս)՝ ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի գործադրմամբ կամ առանց դրա ավտոտրանսպորտային միջոցով (ներառյալ` ավտոտրանսպորտային միջոցի պայթյունի կամ հրկիզման հետևանքով) պատճառված վնաս.

18) համաձայնեցված հայտարարագիր՝ ապահովագրական պատահարի դեպքում պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցներն օրինական հիմքով տիրապետող անձանց կողմից պատահարի վայրում լրացվող սահմանված ձևի ձևաթուղթ, որտեղ նրանց ստորագրությամբ հավաստիացվում են պատահարի հանգամանքները, փաստերը և այլ տեղեկություններ.

19) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` հասարակական կազմակերպություն, որին անդամակցում են սույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը.

20) Երաշխավորման ֆոնդ՝ սույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին սույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ: Երաշխավորման ֆոնդում միավորվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվները.

21) Տեղեկատվական համակարգ՝ ԱՊՊԱ համակարգի (ներառյալ` ԱՊՊԱ պայմանագրերի, ապահովադիրների, ապահովագրված անձանց, ավտոտրանսպորտային միջոցների) վերաբերյալ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ հավաքող, պահպանող, օգտագործող, տրամադրող և վիճակագրություն վարող համակարգ.

22) Բոնուս-Մալուս՝ ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը.

23) անդամավճար` սույն օրենքի հիման վրա Բյուրոյի կանոններով սահմանված չափով և կարգով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին անդամակցության դիմաց վճարվող վճարներ.

24) կցորդ (կիսակցորդ)` ըստ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

25) արհեստական կառույցներ, ճանապարհային կահավորանք, ճանապարհային ինժեներական շինություններ` ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

26) ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափ` Բյուրոյի սահմանած` գույքին պատճառված վնասների առավելագույն չափ, որի դեպքում ապահովագրական պատահարի մասնակից կողմերը կարող են առանց ապահովագրական ընկերության (ապահովագրական ընկերությունների) համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը.

27) համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափ` Բյուրոյի սահմանած գույքին պատճառված վնասների առավելագույն չափ, որի դեպքում ապահովագրական պատահարի մասնակից կողմերը կարող են ապահովագրական ընկերության (ապահովագրական ընկերությունների) համաձայնությամբ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը.

28) փոխկապակցված անձ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության.

29) հաշվառված ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից հաշվառված է որևէ անձի կամ կազմակերպության անվամբ (անվանմամբ) և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից ժամանակավոր հանված չէ:

2. Սույն օրենքի իմաստով` ապահովագրական գումար և ապահովագրական հատուցում հասկացությունները օգտագործվում են սույն օրենքով սահմանված պատճառված վնասներից յուրաքանչյուրի՝ անձնական և գույքին պատճառված վնասների համար, եթե տվյալ դրույթում հատուկ նշված չէ, որ այն օգտագործվում է ԱՊՊԱ-ի համար ընդհանրապես:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.13 ՀՕ-93-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-27-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-281-Ն)

 

Հոդված 4.   ԱՊՊԱ իրականացնելու իրավունքը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ և բավարարում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ ոլորտում գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

Հոդված 5.  ԱՊՊԱ պայմանագիրը 

(վերնագիրը փոփ. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

1. ԱՊՊԱ պայմանագրով սույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության և հետևյալ անձանց միջև.

1) ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների) սեփականատիրոջ, իսկ սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև նոր սեփականատիրոջ իրավունքի պետական գրանցումը` տիրապետող ժառանգի կամ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալի կամ

2) Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) ներմուծող անձանց` անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր համարվելու փաստից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա այլ անձանց լիազորելու իրենց անունից ԱՊՊԱ պայմանագիր կնքելը:

4. Յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքի` արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: (նախադասությունը հանվել է 09.12.19 ՀՕ-281-Ն) Արգելվում է իրավասու պետական մարմինների կողմից ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների:

5. ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանցից յուրաքանչյուրի հետ, ով կդիմի իրեն, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտման: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց անհիմն խուսափելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ապահովագրական ընկերությանն արգելվում է հաճախորդի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ ապահովագրական ընկերության հետ, կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել իր կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելը: Ապահովագրական ընկերությանն արգելվում է հաճախորդի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի այլ անձի հետ, կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նախապայման համարել այլ անձի մատուցած այլ ծառայություններից օգտվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ծառայությունն անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար:

6. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում պայմանագիրը և համաձայնեցված հայտարարագրի նմուշը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բյուրոյի խորհուրդը, ԱՊՊԱ պայմանագրից բացի, կարող է սահմանել ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի հիմնական դրույթները պարունակող և Բյուրոյի խորհրդի սահմանած ձևի այլ փաստաթղթեր ապահովադրին տրամադրելու պահանջ:

7. ԱՊՊԱ պայմանագրի ձևը հաստատում է Բյուրոյի խորհուրդը: ԱՊՊԱ պայմանագիրն առնվազն պետք է ներառի օրենքով սահմանված էական պայմանները (ներառյալ` այն ավտոտրանսպորտային միջոցը (ավտոտրանսպորտային միջոցները) անհատականացնող տվյալները, որի (որոնց) օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրվում է, նշում ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի (անձանց) Բոնուս-Մալուս գործակցի (գործակիցների) արժեքի (արժեքների) մասին, ապահովագրական պատահարի դեպքում Բյուրոյի սահմանած կարգով և ժամկետներում ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի մասին հայտնելու կանոնները, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքերը:

8. (մասն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-93-Ն)

9. ԱՊՊԱ պայմանագրի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրն այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրում նշված ժամկետում և կարգով: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը և անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր որոշմամբ սահմանել այն պետությունների ցանկը, որոնց տարածքում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկելու համար չի պահանջվում կնքել ԱՊՊԱ պայմանագիր, և կարող են գործել այդ երկրների տարածքում կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերը:

(5-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.06.13 ՀՕ-93-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-281-Ն)

 

Հոդված 6.  ԱՊՊԱ պայմանագրի ուժի մեջ մտնելը և դադարելը

 

1. ԱՊՊԱ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից, եթե դրանում այլ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով (ներառյալ` հետագայում ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում կնքման ենթակա) ձեռք բերող համարվող կողմի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը իրավասու պետական մարմնի կողմից գրանցելու և ավտոտրանսպորտային միջոցը հաշվառելու պահից, եթե դրանում ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

2. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

3. ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից տվյալ ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրից տարբերվող այլ անձի անունով, բացառությամբ եթե ԱՊՊԱ պայմանագիրը կնքվել է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի կողմից: ԱՊՊԱ պայմանագիրը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձի կողմից կնքված լինելու դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է այն դեպքում, եթե դադարել է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիրը, և ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը չի գրանցվել այդ անձի անունով կամ գրանցվելուց հետո օտարվել է այլ անձի.

2) ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ` ժամանակավոր) հաշվառումից.

3) ապահովագրական ընկերությունը լուծարվել է, և ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այն ապահովագրական ընկերության հետ, որին փոխանցվում է ապահովագրական պորտֆելը.

4) օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունն իր ապահովագրական պորտֆելը փոխանցում է այլ ապահովագրական ընկերության, և ապահովադիրը չի ցանկանում պայմանագիրը շարունակել այդ ապահովագրական ընկերության հետ.

5) օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

5. Ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ-ի վերաբերյալ իր պորտֆելը կարող է փոխանցել միայն սույն օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերի առաջացման դեպքում այդ մասին ապահովադիրը տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է համապատասխան հիմքն ի հայտ գալու պահին: Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին: Այդ դեպքերում ապահովագրական ընկերությունն ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված հիմքերով ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետը հաշվարկվում է ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը գրավոր դիմում ներկայացնելու օրվանից, սակայն համապատասխան հիմքն ի հայտ գալու պահից ոչ շուտ:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 7.  Ապահովագրավճարները

 

1. ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված, ոչ խտրական և իրենց հաշվարկման հիմքում ներառեն ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարի ապահովման համար անհրաժեշտ իրատեսական ծախսերի և ողջամիտ շահույթի հաշվարկը, ինչպես նաև Բոնուս-Մալուս գործակիցները: Սույն մասով սահմանված` խտրականության արգելքին վերաբերող դրույթը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերության իրավունքը սահմանելու համար տարբերակված ապահովագրավճարներ` հիմնվելով ապահովադիրների, ապահովագրված անձանց և (կամ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցների ռիսկայնության վրա: Կենտրոնական բանկը և Բյուրոն պարբերաբար իրականացնում են ապահովագրական ընկերությունների հաշվարկած ապահովագրավճարների` սույն մասով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգումներ:

2. Սույն օրենքի հավելվածում սահմանված բանաձևի հիման վրա հաշվարկվում և Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:

3. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով ապահովագրական շուկայում տեղի են ունեցել էական փոփոխություններ, կամ վտանգված են ԱՊՊԱ համակարգի կայունությունը և շարունակականությունը, որի հիման վրա անհրաժեշտ է սահմանել հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ և (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ, և դրանք ողջամիտ ժամկետում չեն սահմանվում (գրանցվում) սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի ինքնուրույն հաշվարկելու և իր խորհրդի որոշմամբ սահմանելու հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն նոր սահմանաչափեր, ռիսկայնության գործակիցների թույլատրելի նոր արժեքներ և (կամ) Բոնուս-Մալուս գործակիցների նոր մեծություններ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր կիրառման, և դրա ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է մինչև այդ սահմանված (գրանցված) համապատասխան սահմանաչափերի գործողությունը:

4. Բյուրոյի խորհուրդը Կենտրոնական բանկի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կարող է սահմանել հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափեր, եթե նման սահմանաչափերի սահմանումն անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի կայունությունը և շարունակականությունն ապահովելու, ապահովագրական ընկերությունների միջև անբարեխիղճ մրցակցությունը բացառելու և (կամ) ապահովագրական շուկայում չհիմնավորված գնագոյացումը կանխելու նպատակով:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը հաշվարկվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ապահովագրական գումարների նվազագույն չափերի համար, և դրանք կարելի է գերազանցել բացառապես ԱՊՊԱ պայմանագրում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված նվազագույն չափերը գերազանցող ապահովագրական գումար և (կամ) լրացուցիչ ծառայություններ նախատեսելու դեպքում:

6. Բյուրոյի խորհուրդը, ելնելով ավտոտրանսպորտային միջոցների և դրանց սեփականատերերի և (կամ) օրինական հիմքով տիրապետող այլ անձանց վերաբերյալ տվյալներից և նրանց գործողությունների (անգործության) հետևանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների և (կամ) թույլ տրված խախտումների քանակից և բնույթից (վարորդական պատմություն), սահմանում է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) և դրա կիրառման կարգը:

7. Սույն օրենքի հավելվածում սահմանված ԱՊՊԱ ապահովագրավճարի բանաձևում ներառված հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի, ռիսկայնության գործակիցների և Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկների հիմնավորման նպատակով Բյուրոն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում և հրապարակում այդ հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ և հաշվետվություններ:

8. Ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում: Արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ դրա գործողության ընթացքում ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ իրականացնելու համար ապահովադրից, ուղղակի կամ անուղղակի կերպով ապահովագրավճարից բացի, այլ գումարներ գանձելը, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տուժանքի (տուգանքի, տույժի):

9. ԱՊՊԱ իրականացնող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է իր ինտերնետային կայքում ունենալ ապահովագրավճարի հաշվիչ, որին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Տվյալ ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում տեղադրված ապահովագրական հաշվիչի միջոցով հաշվարկված ապահովագրավճարի մեծությունը չի կարող տարբերվել նույն պայմաններով ապահովադրի համար տվյալ ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ կանոնների (պայմանների) հիման վրա հաշվարկվող ապահովագրավճարի մեծությունից:

10. Սույն հոդվածում ապահովագրավճարին վերաբերող դրույթները կիրառվում են ԱՊՊԱ պայմանագրում նշված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ առանձին:

 

Հոդված 8.  Ապահովագրական գումարը և հատուցումը

 

1. ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝

1) անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.

2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

2. Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց պատճառված անձնական վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում: Սույն մասի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա գումարը չի կարող գերազանցել ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Այն դեպքում, երբ տուժողներից մեկի (մի քանիսի) համար, սույն մասի համաձայն, համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները այդ վնասներին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

3. Ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով և ԱՊՊԱ պայմանագրով:

4. ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրով, իսկ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման դեպքերի համար` Բյուրոյի կանոններով նախատեսված պայմաններով և կարգով: Ընդ որում, ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումար կարող է նախատեսվել միայն Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և դեպքերում:

5. Ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյի կողմից` անկախ ապահովագրական պատահարում վնաս պատճառած անձի` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագիր ունենալու կամ տուժողի` իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագիր ունենալու հանգամանքից:

6. Տուժողի փաստացի կրած վնասները հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար լինելու դեպքում ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն: Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով (Բյուրոյի կողմից), հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

7. Ապահովագրական գումարը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ենթակա չէ նվազեցման` անկախ այդ ընթացքում ապահովագրական պատահարների դիմաց վճարված ապահովագրական հատուցումներից:

8. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված` տուժողի մահվան դեպքում վնասների հատուցման իրավունք ունեցող անձանց վրա` այդ հոդվածով նախատեսված վնասների մասով:

 

Հոդված 9.  Ապահովագրական ընկերության պարտականությունները

 

1. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է`

1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր անձի պահանջով կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Բյուրոյի կանոններով սահմանված պայմաններով, եթե պայմանագրի կնքումը չի հանգեցնի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության համար սահմանված պահանջների խախտման.

2) լրացնել և ԱՊՊԱ պայմանագրի հետ ապահովադրին տրամադրել համաձայնեցված հայտարարագրի նմուշը, ինչպես նաև բացատրել դրա օգտագործման և համաձայնեցված հայտարարագրի լրացման կարգը.

3) Երաշխավորման ֆոնդի օգտին սույն օրենքի համաձայն կատարել վճարներ և Բյուրոյի օգտին սույն օրենքի հիման վրա Բյուրոյի կանոններով սահմանված չափերով վճարել անդամավճարներ.

4) Տեղեկատվական համակարգ ներկայացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված տեղեկատվությունը.

5) իր հետ ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր, ապահովագրված անձ կամ տուժող համարվող անձանցից ընդունել ապահովագրական պատահարի վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կազմած արձանագրությունը.

6) ապահովագրական պատահարում ներգրավված յուրաքանչյուր անձի պահանջով նրան անվճար տրամադրել իր կնքած ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրված անձանց կողմից պատճառված վնասի հատուցման հարցի քննարկման ընթացքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, փորձագետի եզրակացություն (առկայության դեպքում) և այլ փաստաթղթեր: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ներառում է օրենքով պաշտպանվող ապահովագրական, բանկային, առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկություն, ապա այն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով և դեպքերում.

7) իր մասնաճյուղերի և գործակալների գործունեության վայրը և աշխատանքային ժամերը մշտապես հրապարակել իր ինտերնետային կայքում.

8) իրականացնել օրենքով, Բյուրոյի կանոններով, իրավական այլ ակտերով կամ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

(9-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3


 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 10.  Ապահովագրման ենթակա պատասխանատվությունը

 

1. Բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված դեպքերի` ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառված հետևյալ վնասներից.

1) անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ.

2) գույքին պատճառված վնասներ:

 

Հոդված 11.  Անձնական վնասները

 

1. Տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի առողջությանը պատճառված վնասները, դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև տուժողի մահը:

2. Տուժողին պատճառված անձնական վնասների դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են սույն օրենքի 12-14-րդ հոդվածներով նախատեսված ծախսերը (գումարները), բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վնասներից առաջացող ծախսերի (գումարների):

 

Հոդված 12.  Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը

 

1. Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով առաջացած ծախսեր են համարվում տուժողին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններում պահելու, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման հետ կապված ծախսերը: Բյուրոյի խորհրդի հաստատած սահմանաչափերով հատուցվում են նաև բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների, դեղեր ձեռք բերելու, պրոթեզավորման, անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման հետ կապված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր: Ընդ որում, սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված այն ծախսերը, որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, Բյուրոյի խորհրդի հաստատած սահմանաչափերով հատուցվում են միայն այն դեպքում, երբ տուժողի առողջությանը պատճառված վնասը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողների առողջությանը պատճառված վնասների ցանկում, և տուժողը բժշկական օգնություն է ստացել կամ առողջությունը վերականգնել է այն բժշկական հաստատությունում, որը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկում:

2. Հատուցման ենթակա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միայն անհրաժեշտ, հիմնավորված և փաստացի ապացուցված ծախսերը: Հատուցման ենթակա (ներառյալ` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար) ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշները, ինչպես նաև հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Բյուրոյի խորհուրդը:

3. Տուժողն իրավունք ունի բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Բյուրոյի կազմում Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի անդամների առնվազն կեսը պետք է լինեն բժիշկներ (բժշկության ոլորտի աշխատակիցներ): Հանձնաժողովի կազմը, նրա աշխատանքի կանոնակարգը (ներառյալ` նիստերի հրավիրման և անցկացման, որոշումների ընդունման կարգը) սահմանվում են Բյուրոյի խորհրդի որոշմամբ: Հանձնաժողովի անդամները Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և կարգով ստանում են փոխհատուցում հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար: Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը տուժողին վճարվում է ապահովագրական գումարի սահմաններում` բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ, հիմնավորված և փաստացի կատարված ծախսերի չափով:

7. Եթե տուժողին պատճառված վնասը ներառված չէ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողը բժշկական օգնությունն ստացել է կամ առողջության վերականգնումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերը:

 8. Եթե տուժողին պատճառված վնասը ներառված է սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված վնասների ցանկում, սակայն տուժողի բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող և սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում չներառված բժշկական հաստատությունում, ապա սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցումը (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված ծախսերի) նրան վճարվում է այն չափով, որքանով կհատուցվեր համապատասխան բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված բժշկական հաստատությունների ցանկում ներառված բժշկական հաստատությունում իրականացնելու դեպքում, բայց ոչ ավելի, քան դրա համար փաստացի կատարված ծախսերն են:

9. Սույն հոդվածի 6-8-րդ մասերով նախատեսված ծախսերը տուժողին հատուցվում են բացառապես կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

10. Տուժողի` բժշկական օգնություն ստանալու և առողջությունը վերականգնելու իրավունքն իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Տուժողը բժշկական օգնության և առողջության վերականգնման հարցերում կաշկանդված չէ ԱՊՊԱ պայմանագրով և (կամ) վնաս պատճառած անձի կողմից հատուցման ենթակա գումարով և կարող է ընտրել իրեն բժշկական օգնության կամ առողջության վերականգնման հարցերում ծառայությունների մատուցման տեսակը, միջոցը, արժեքը և դրանց համար լրավճարել սեփական միջոցներից, եթե ապահովագրական ընկերության, Բյուրոյի և (կամ) վնաս պատճառողի կողմից վճարման ենթակա գումարը բավարար չէ դրա համար:

Հոդված 13.  Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները)
 

1. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված պահանջները:

2. Տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները) տուժողին հատուցվում են իրավական ակտերով սահմանված անաշխատունակության ողջ ժամանակահատվածի համար:

3. Կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`

1) վերականգնվել է տուժողի աշխատունակությունը.

2) սպառվել է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը:

 

Հոդված 14.  Տուժողի մահվան դեպքում վճարվող գումարը

 

1. Տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն նրա մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք ունեցող անձանցից յուրաքանչյուրի կրած վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները: Սույն մասով նախատեսված վնասների հատուցման ենթակա ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Եթե մինչև տուժողի մահը նրան վճարվել է սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով նախատեսված վնասների համար ապահովագրական հատուցում, ապա սույն մասով նախատեսված վնասները հատուցվում են ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի և այդ հատուցման չափի տարբերության սահմաններում:

 

Հոդված 15.  Գույքին պատճառված վնասները

 

1. Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`

1) տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.

2) վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող) և սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.

3) տուժողին պատկանող և սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը:

2. Տուժողի գույքին պատճառված վնասների դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են սույն օրենքի 16-18-րդ հոդվածներով նախատեսված ծախսերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վնասներից բխող ծախսերի: Ընդ որում, այդ ծախսերը հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելով կամ վնասը վերականգնելով` ըստ տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) ընտրության: Եթե փորձագետի եզրակացության համաձայն վնասի վերականգնումը հնարավոր չէ կամ ողջամիտ չէ, ծախսերը տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) հատուցվում են միայն համապատասխան գումար վճարելով:

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով համաձայնեցված հայտարարագիր լրացվելու դեպքում տուժողի գույքին պատճառված վնասի համար հատուցումը չի կարող գերազանցել համապատասխանաբար ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը կամ համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը, բացառությամբ եթե գույքին պատճառված վնասների չափը գնահատվել է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

 

Հոդված 16.  Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը և կորուստը

 

1. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ ավտոտրանսպորտային միջոցի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը սույն օրենքի համաձայն ենթակա չէ հատուցման:

2. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը ավտոտրանսպորտային միջոցի արժեքի 80 տոկոսը): Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

3. Տուժողի ավտոտրանսպորտային միջոցի կորուստ է համարվում դրա հափշտակումը կամ այլ կերպ անհետացումը, եթե կորուստը տեղի է ունեցել տուժողին կամ այն անձին, որին վստահված է ավտոտրանսպորտային միջոցը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից այն հսկելու անհնարինության պատճառով: Ավտոտրանսպորտային միջոցի կորստի դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է մինչև ավտոտրանսպորտային միջոցի կորուստը գնահատված արժեքի չափով` ապահովագրական գումարի սահմաններում:

 

Հոդված 17.  Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը և կորուստը

 

1. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում գույքի վերանորոգման կամ վերականգնման ծախսերը:

2. Սույն հոդվածի իմաստով` գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից գույքը հսկելու անհնարինության հետևանքով առաջացած կորուստը: Ընդ որում, վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսերը սույն օրենքի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը:

3. Այն դեպքում, երբ վնասվել, ոչնչացվել կամ կորել է վնաս պատճառած անձի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող և տուժողին սեփականության իրավունքով պատկանող գույքը, ապա տուժողը կարող է ապահովագրական հատուցում ստանալ, եթե ապացուցում է, որ այդ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն:

4. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը սույն օրենքի համաձայն ենթակա չէ հատուցման:

5. Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը այդ գույքի արժեքի 80 տոկոսը): Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

 

Հոդված 18.  Վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցի մեջ չգտնվող գույքի վնասվածքը, ոչնչացումը և կորուստը

 

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի, ոչնչացման կամ կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի, ներառյալ` ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային ինժեներական կամ այլ շինությունների և շենքերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերը:

2. Սույն հոդվածի իմաստով` գույքի կորուստ է համարվում տուժողին կամ այն անձին, ում վստահված է եղել կորած գույքը, պատճառված վնասի հետևանքով նրա կողմից գույքը հսկելու անհնարինության հետևանքով առաջացած կորուստը: Ընդ որում, սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի կորստի վերականգնման հետևանքով առաջացած ծախսերը սույն օրենքի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե տուժողն ապացուցում է այդ գույքի կորստի փաստը:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքի վնասվածքի վերականգնման հետևանքով առաջացած ծախսեր են համարվում այդ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը, որոնք անհրաժեշտ են այդ գույքի՝ մինչև պատահարի պահը առկա փաստացի վիճակը վերականգնելու համար: Այդ գույքի վերանորոգման արդյունքում դրա շուկայական արժեքի նվազեցման հետևանքով առաջացած գումարային տարբերությունը սույն օրենքի համաձայն ենթակա չէ հատուցման:

4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գույքը համարվում է ոչնչացված, եթե դրա վերանորոգումը տեխնիկապես անհնարին է կամ տնտեսապես չհիմնավորված (վերանորոգման ծախսերը կգերազանցեն նախքան պատահարը այդ գույքի արժեքի 80 տոկոսը): Այդ գույքի ոչնչացման դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում է մինչև դրա ոչնչացման պահը գնահատված արժեքի և Բյուրոյի խորհրդի սահմանած կարգով հաշվարկված` դրա մնացորդային արժեքների տարբերությունը:

 

Հոդված 19.  Ապահովագրական պատահարի մասին հայտնելը

 

1. ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Սույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:

3. Ապահովագրական պատահարում ներգրավված անձինք միմյանց տրամադրում են ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, մասնավորապես իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը և ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը (եթե վնասը պատճառել է սեփականատեր չհամարվող անձը), ապահովագրական ընկերության անվանումը, հասցեն, նրա հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրի համարը և ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ այլ տվյալներ:

4. Եթե ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց և վնաս է պատճառվել միայն գույքին, ապա պատահարում ներգրավված անձինք պատահարի վերաբերյալ տեղեկացնում են իրենց պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը (ընկերություններին) և

1) կարող են փոխադարձ համաձայնության դեպքում լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը.

2) ընկերության (ընկերությունների) համաձայնությամբ կարող են փոխադարձ համաձայնության դեպքում լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և այն ներկայացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը (ընկերություններին), եթե պատճառված վնասի դիմաց ակնկալվող հատուցման չափը չի գերազանցում Բյուրոյի կանոններով սահմանված` համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար համաձայնություն չտալու դեպքում ապահովագրական ընկերությունը (ընկերությունները) պարտավորվում է (են) ապահովել պատահարի վայրում իր (իրենց) ներկայացուցչի (ներկայացուցիչների) ժամանումը ոչ ուշ, քան սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգերով սահմանված ժամկետում: Համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար ապահովագրական ընկերության (ընկերությունների) կողմից համաձայնություն չտալու դեպքում համաձայնեցված հայտարարագիր չի լրացվում, և ապահովագրական պատահարի հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքով սահմանված` վնասի չափը որոշելու ընդհանուր կանոններով:

5. Համաձայնեցված հայտարարագիրը լրացնելու և այն ապահովագրական ընկերությանը ներկայացնելու հետ կապված ընթացակարգերը սահմանվում են Բյուրոյի կանոններով:

 

Հոդված 20.  Ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու ընթացակարգը

 

1. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին: Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը սույն մասով նախատեսված եռամսյա ժամկետում ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքին պատճառված վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի (գույքը նրա մոտ գտնվել է այն պահպանելու, օգտագործելու կամ նրա համաձայնությամբ այլ նպատակներով) կողմից պատահարի մասին չտեղեկացնելու պատճառով, ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած: Տուժողը կամ նրա իրավահաջորդը կրում են ապահովագրական հատուցում ստանալու համար սահմանված ժամկետում դիմելու անհնարինության կամ տեղյակ չլինելու ապացուցման պարտականությունը:

2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:

3. Եթե տուժողն ունի սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ: Եթե տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ, ապա տուժողի (նրա իրավահաջորդի) պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում: Եթե տուժողն ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղևոր է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում:

4. Բյուրոն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման համար իր կատարած ծախսերի մասով հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի` ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության, իսկ վերջինիս բացակայության դեպքում` վնաս պատճառող անձի նկատմամբ:

 

Հոդված 21.  Վնասի չափի և մեղավորության աստիճանի որոշումը

 

1. Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

2. Քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում պատճառված անձնական վնասների չափը գնահատում է տուժողին բժշկական օգնություն ցուցաբերած կամ նրա առողջությունը վերականգնած բժշկական կամ այլ հաստատությունը կամ մասնագետը, իսկ անձի մեղավորության աստիճանը՝ փորձագետը:

3. Փորձաքննությունն իրականացնելիս և գույքին պատճառված վնասները գնահատելիս փորձագետը պարտավոր է ղեկավարվել օրենքով, այլ իրավական ակտերով, ներառյալ` Բյուրոյի խորհրդի` սույն օրենքի հիման վրա ընդունած` ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների գնահատման և փորձաքննության կարգով ու մեթոդաբանությամբ:

4. Եթե վնասը պատճառել են մի քանի անձինք, և հնարավոր չէ պարզել նրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը, ապա այդ անձինք (նրանց` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությունները) տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, սույն օրենքի 8-րդ հոդվածի դրույթները համապատասխան ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվում են առանձին:

5. Մեկ անձի կողմից մի քանի անձանց վնաս պատճառելու դեպքում հատուցումը իրականացվում է նրանցից յուրաքանչյուրին պատճառված վնասի չափով` հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթները:

 

Հոդված 22.  Ապահովագրական հատուցում վճարելու մասին որոշումը

 

1. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերի: Փորձաքննության անցկացումը չպետք է տևի 15 աշխատանքային օրվանից ավելի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

2. Եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում: Լրացուցիչ փորձաքննության անցկացման ժամկետը սահմանվում է ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, սակայն ոչ ավելի, քան 3 ամիս: Լրացուցիչ փորձաքննությունն անցկացվում է ապահովագրական ընկերության (Բյուրոյի) միջոցների հաշվին: Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

3. Եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում: Կրկնակի փորձաքննությունն անցկացվում է այն անցկացնելու պահանջ ներկայացրած անձի միջոցների հաշվին: Միևնույն ապահովագրական պատահարի սահմաններում սույն օրենքով նախատեսված կրկնակի փորձաքննության պահանջ կարող է ներկայացվել միայն մեկ անգամ:

4. Կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

5. Եթե հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, և ուժի մեջ է մտել այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Բյուրոյի կանոններով սահմանված դեպքերում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 4-րդ մասերում նշված փորձաքննությունը նշանակելու, ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին կամ նրա իրավահաջորդին յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարում է տույժ`

1) ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելու ժամկետները կետանցելու դեպքում` ապահովագրական հատուցման գումարի 0.1 տոկոսի չափով.

2) փորձաքննություն նշանակելու, ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշումներն ընդունելու կամ փորձաքննության անցկացման ժամկետները կետանցելու դեպքում` վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրով տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0.1 տոկոսի չափով:

7. Եթե առկա է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, և ապահովագրական հատուցման վճարումը կախված է այդ գործի ելքից, ապա սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նշված ժամկետները կասեցվում են մինչև տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը: Կասեցված ժամանակահատվածի համար սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տույժը չի գանձվում:

 

Հոդված 23.  Ապահովագրական հատուցում վճարելու ընթացակարգը

 

1. Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ապահովագրական հատուցումը պարբերական վճարումների ձևով իրականացվելու դեպքում` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում: Սույն մասով սահմանված ժամկետը (ժամկետները) իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին (նրա իրավահաջորդին) վճարում է հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար:

2. Անձի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը, բացառությամբ սույն օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերի:

3. Եթե ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ անձի առողջությանը պատճառվել է վնաս (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) և նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել (նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն), և եթե նրա` բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, դեռևս որոշում չի կայացվել նրան ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ապա Բյուրոն տուժողի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա վճարում է բժշկական օգնության հետ կապված ծախսերը՝ նրա հետ համաձայնեցրած չափով և կարգով: Սույն մասով նախատեսված դեպքերում Բյուրոն վճարում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված բժշկական օգնության հետ կապված ծախսերը: Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա սույն մասով նախատեսված պարտականությունը պատվիրակելու իր անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին: Սույն մասով նախատեսված պարտականության պատվիրակման կարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծախսերը Բյուրոյի կամ նրա անդամ ապահովագրական ընկերության կողմից վճարված լինելու դեպքում, եթե որոշվում է վնաս պատճառած անձը, ապա վնաս պատճառած անձի պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարից առաջնահերթ փոխհատուցել Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը: Չփոխհատուցված գումարի, իսկ վնասը պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրված չլինելու դեպքում Բյուրոյի (համապատասխան ապահովագրական ընկերության) վճարած ամբողջ գումարի չափով Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի նկատմամբ: Տուժողի մեղքի առկայության դեպքում Բյուրոն (համապատասխան ապահովագրական ընկերությունը) սույն մասով նախատեսված հետադարձ պահանջի իրավունքը ձեռք է բերում տուժողի նկատմամբ այն չափով, որ չափով տուժողը, օրենքի համաձայն, վնասի փոխհատուցման իրավունք չունի վնաս պատճառած անձի նկատմամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Բյուրոյի կամ համապատասխան ապահովագրական ընկերության վճարած գումարը փոխհատուցած ապահովագրական ընկերությունը համարվում է համապատասխան տուժողին համապատասխան չափով ապահովագրական հատուցում վճարած:

 

Հոդված 24.  Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումի մերժումը

 

1. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժում է օրենքով կամ Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված դեպքերում:

2. Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը եղել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո:

3. Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված (պատճառաբանված):

 

Հոդված 25.  Պարտադիր ապահովագրման պահանջից բացառությունները

 

1. Ըստ սույն օրենքի` պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հետևյալ վնասների հատուցման համար պատասխանատվության վրա.

1) անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

2) ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

3) վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասներ, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ.

4) տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասներ.

5) պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասներ.

6) արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասներ.

7) բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասներ.

8) օրենքով նախատեսված այլ վնասներ:

2. Սույն օրենքի համաձայն` պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

1) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.

2) միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.

3) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

 

Հոդված 26.  Ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չօգտվող անձինք

 

1. Սույն օրենքի համաձայն` տվյալ ապահովագրական պատահարի ժամանակ տուժող չեն համարվում և ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում՝

1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը և վնաս պատճառած անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս.

2) այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ.

3) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ևս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել: Սույն կետի համաձայն` ընտանիքի անդամներ են ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ծնողները, ամուսինը, երեխաները, քույրը և եղբայրը:

 

Հոդված 27.  Ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքը 

 

1. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի՝

1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`

ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.

բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.

գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.

դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե՝

ա. եթե ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում, կամ ավտոտրանսպորտային միջոցն անցել է տեխնիկական զննություն, սակայն ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել տեխնիկական զննությամբ բացահայտված անսարքությունը.

բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.

դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.

3) ինչպես նաև՝

ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.

բ. ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.

գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:

2. Եթե սույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

(27-րդ հոդվածը խմբ. 20.01.21 ՀՕ-61-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4


 ԲՅՈՒՐՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28.  Բյուրոյի կարգավիճակը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրո, որը հասարակական կազմակերպություն է:

2. Բյուրոյի գործունեության նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում նպաստում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը, կարգավորում ու վերահսկում է նրանց գործունեությունը, իր անդամ ապահովագրական ընկերությունների համար մշակում է մասնագիտական վարքագծի կանոններ:

3. Բյուրոյի անդամների կողմից Բյուրոյի կանոններով սահմանված կարգով Բյուրոյին փոխանցվող գույքը վերջինիս սեփականությունն է: Բյուրոն այդ գույքն օգտագործում է օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար: Արգելվում է Բյուրոյի գույքն անդամների միջև բաշխելը: Բյուրոյի անդամները պատասխանատվություն չեն կրում Բյուրոյի պարտավորությունների համար: Բյուրոն պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Բյուրոն պատասխանատվություն է կրում իր կողմից սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հետևանքով պատճառված վնասների համար:

4. Բյուրոն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում և կարող է գործունեություն իրականացնել միայն Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցված անձանց արգելվում է հանդես գալ որպես Բյուրո կամ սեփական անվանման մեջ, հրապարակային հայտարարություններում կամ գովազդային նյութերում օգտագործել այնպիսի բառեր (բառերի համակցություն), որոնք կարող են շփոթություն առաջացնել Բյուրոյի կամ նրա գործունեության հետ:

6. Բյուրոյի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:

7. Բյուրոյի կազմում Բյուրոյի խնդիրների իրականացման նպատակով`

1) ստեղծվում է աշխատակազմ.

2) սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև Բյուրոյի կանոններին համապատասխան` ստեղծվում և վարվում է Տեղեկատվական համակարգ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև Բյուրոյի կանոններին համապատասխան` իրականացվում են Երաշխավորման ֆոնդի կառավարումը և դրա հաշվին ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպումը:

(28-րդ հոդվածը  փոփ. 16.12.16 ՀՕ-27-Ն)

 

Հոդված 29.  Բյուրոյի հիմնադրումը, գրանցումը, անդամությունը և անդամության դադարումը

 

1. Բյուրոն հիմնադրում է Կենտրոնական բանկը:

2. Բյուրոյի հիմնադրման փաստաթուղթն է Կենտրոնական բանկի որոշումը՝ Բյուրոն հիմնադրելու և Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին:

3. Բյուրոն հիմնադրելու և Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին որոշմամբ հաստատվում են նաև Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի կանոնները: Երաշխավորման ֆոնդի կանոնները մասնավորապես ներառում են ֆոնդի միջոցների ձևավորման, դրանց կառավարման կանոնները:

4. Բյուրոն` որպես իրավաբանական անձ, Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի ձևավորման և կառավարման կանոնները գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ դրանք Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկում գրանցման պահից Բյուրոն ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

5. Կենտրոնական բանկը Բյուրոյի գրանցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երաշխավորման ֆոնդի համար բացում է հատուկ հաշիվ և այդ հաշվին վճարում 15 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով միանվագ վճար: Կենտրոնական բանկը Բյուրոն գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցում իրականացնող պետական լիազոր մարմնին, հրապարակում է հայտարարություն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում, իր ինտերնետային կայքում և ծանուցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին:

6. Կենտրոնական բանկից բացի, Բյուրոյին անդամակցել կարող են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ և բավարարում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները:

7. Ապահովագրական ընկերությունների անդամությունը Բյուրոյին դադարում է սեփական նախաձեռնությամբ, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով ապահովագրություն իրականացնելու իրավունքը դադարելու դեպքում, լուծարման, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում: Բյուրոն Կենտրոնական բանկին գրավոր տեղեկացնում է իրեն անդամակցելու և անդամության դադարման դեպքերի մասին՝ այդ մասին որոշում ընդունելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Այն դեպքում, երբ դադարում է ապահովագրական ընկերության անդամությունը Բյուրոյին, սակայն գործում է սույն օրենքով նախատեսված թեկուզ մեկ ԱՊՊԱ պայմանագիր, որը կնքել է տվյալ ապահովագրական ընկերությունը, ապա ապահովագրական ընկերությունն այդ պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար շարունակում է կրել սույն օրենքով և իրավական այլ ակտերով Բյուրոյի անդամների համար սահմանված պարտականությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական ընկերությունը այլևս այդ պայմանագրի կողմ չէ, կամ եթե ապահովագրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվճարունակ (սնանկ):

 

Հոդված 30.  Բյուրոյի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը

 

1. Կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում է Բյուրոյի գործունեությունը: Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգավորումն ապահովելու նպատակով իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու Բյուրոյի գործունեության նկատմամբ պահանջներ:

2. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություններ, որոնց ձևը, բովանդակությունը և ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել Բյուրոյի ինտերնետային կայքում, մամուլում, տեղեկատվական ամփոփագրերում, զանգվածային լրատվության և (կամ) այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և պարբերականությամբ իրականացնելու Բյուրոյի գործունեության ստուգումներ: Բյուրոն պարտավոր է ստուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող և ստուգմանն առնչվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը: Բյուրոյում Կենտրոնական բանկի ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկը պարտավոր է պահպանել վերահսկողության ընթացքում իրեն հայտնի դարձած և օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները և կարող է դրանք հրապարակել կամ տրամադրել այլ անձանց միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

5. ԱՊՊԱ համակարգի շարունակականությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը Բյուրոյին կարող է տրամադրել համակարգային վարկեր, որոնք ուղղվում են Երաշխավորման ֆոնդի կամ Բյուրոյի առջև դրված նպատակների իրականացմանը: Համակարգային վարկերը և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես այն միջոցների հաշվին, որոնց համալրման համար վարկերը ստացվել են: Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի իմաստով համակարգային են համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին սույն մասի համաձայն տրամադրված վարկերը:

 

Հոդված 31.  Բյուրոյի ընդհանուր գործառույթները

 

1. Բյուրոն՝

1) իր կանոնադրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը` սույն օրենքի պահանջներին և Բյուրոյի կանոններին համապատասխանեցնելու նպատակով.

2) ընդունում է կանոններ, որոշումներ և կարգադրություններ ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության համար պատշաճ պայմաններ, մասնագիտական կանոնների կիրառումը, տուժած անձանց, ապահովադիրների շահերի պաշտպանությունն ապահովելու և ԱՊՊԱ համակարգի զարգացմանն աջակցելու նպատակով.

3) համագործակցում է այլ պետությունների ավտոապահովագրության բյուրոների, երաշխավորման ֆոնդերի, փոխհատուցում իրականացնող այլ մարմինների, տեղեկատվական համակարգերի (կենտրոնների), ապահովագրական ընկերությունների հետ.

4) իր նպատակների իրագործման համար համագործակցում է պետական մարմինների հետ.

5) մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների (զեղծարարության) կանխմանն ուղղված միջոցառումներին.

6) հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ բնագավառում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ.

7) իրականացում է օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և Բյուրոյի կանոններով, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հարցերով` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

2. Բյուրոն իրեն վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ կարող է կազմակերպել հանրային քննարկումներ:

 

Հոդված 32.  Բյուրոյի կառավարման մարմինները

 

1. Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը (սույն օրենքի տեքստում` նաև համապատասխանաբար ժողով, խորհուրդ և գործադիր տնօրեն):

2. Բյուրոյի կառավարման մարմինների ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև լիազորությունների շրջանակը սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ:

3. Բյուրոյի կանոնադրությամբ Բյուրոյի կառավարման մարմինների համար կարող են սահմանվել սույն օրենքով չնախատեսված, սակայն սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին չհակասող լիազորություններ և պարտականություններ:

4. Բյուրոյի կառավարման մարմիններն իրենց գործունեությունն իրականացնելիս և որոշումներ ընդունելիս պետք է ղեկավարվեն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներով` հիմնվելով տուժողների (այլ շահառուների), ապահովադիրների, ապահովագրված անձանց և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց օրինական շահերի հաշվառման և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառման սկզբունքի վրա:

 

Հոդված 33.  Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը

 

1. Բյուրոյի կառավարման բարձրագույն մարմինը Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովն է, որին մասնակցում է Բյուրոյի յուրաքանչյուր անդամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:

2. Ժողովն իրականացնում է Բյուրոյի ղեկավարումը` տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով: Ժողովը սույն օրենքով կամ կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

3. Ժողովն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն կեսից ավելին: Սույն օրենքով ժողովի իրավասությանը վերապահված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

4. Ժողովի իրավասությանն են պատկանում`

1) Բյուրոյի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) Երաշխավորման ֆոնդի կանոնների մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև խորհրդի նիստերին մասնակցելու համար խորհրդի անդամներին փոխհատուցման չափի և կարգի սահմանումը.

4) Բյուրոյի անդամության շնորհումը և անդամությունից զրկելը.

5) Բյուրոյի գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

6) Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.

7) Բյուրոյի կողմից կնքվող գործարքների այն տեսակների սահմանումը, որոնց կնքման մասին որոշումը կայացնում է ժողովը, ինչպես նաև այդ գործարքների կնքման մասին որոշման կայացումը.

8) սույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում Երաշխավորման ֆոնդ միջոցներ փոխանցելու մասին որոշման ընդունումը.

9) օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ժողովի նախապատրաստման, գումարման, անցկացման կարգը և դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոնադրությամբ:

 

Հոդված 34.  Բյուրոյի խորհուրդը

 

1. Բյուրոյի խորհուրդն իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:

2. Խորհուրդն ունի յոթ անդամ, որի կազմից խորհրդի առաջին նիստում ընտրվում է խորհրդի նախագահ: Խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են հետևյալ կարգով.

1) երեք անդամին ընտրում է ժողովը` հերթագայման (ռոտացիոն) սկզբունքով, Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով.

2) մեկ անդամին նշանակում և ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը, ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին իր անդամությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում սույն կետով նախատեսված խորհրդի անդամի նշանակման իրավասությունը փոխանցվում է ժողովին.

3) մեկ անդամին նշանակում և ազատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը.

4) մեկ անդամին ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով.

5) մեկ անդամին ընտրում են սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անդամների ընտրության համար Կենտրոնական բանկը նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալուն նախորդող երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 45 օր առաջ, իր ինտերնետային կայքում և առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հայտարարություն է հրապարակում այդ ընտրության կատարման համար ժողով գումարելու ժամկետի և վայրի մասին` առաջարկելով մինչև նշված օրը սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված կազմակերպություններին Կենտրոնական բանկ հայտ ներկայացնել այդ ժողովին մասնակցելու համար: Սույն մասով նախատեսված հայտ ներկայացնելու համար սահմանված ժամանակահատվածը չի կարող մեկ ամսից պակաս լինել: Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն մասով նախատեսված հայտը, եթե հայտատու կազմակերպությունը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված պահանջները: Սույն մասով նախատեսված ժողովը որոշում է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե սույն մասով նախատեսված ժողովի ընթացքում խորհրդի համապատասխան անդամը չի ընտրվում, ապա վերջինիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Բյուրոյի խորհրդի անդամ կարող է լինել այն անձը, ով իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը:

5. Խորհրդի և խորհրդի նախագահի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ:

6. Խորհուրդը՝

1) նշանակում է գործադիր տնօրենին, ներքին աուդիտին (ղեկավարին, անդամներին), գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին, դադարեցնում է նրանց լիազորությունները, հաստատում է նրանց գործունեության կանոնակարգերը.

2) սահմանում է գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի և Բյուրոյի աշխատակազմի աշխատանքի վարձատրության և պարգևատրման չափը և կարգը, հաստատում է Բյուրոյի աշխատակազմի ներքին կառուցվածքը: Ընդ որում, Բյուրոյի գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի, պատասխանատու ակտուարի և աշխատակազմի աշխատանքի վարձատրության միջին չափը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ապահովագրական համակարգում վարձատրության միջին չափին.

3) հաստատում է ԱՊՊԱ պայմանագրերի ձևը, դրանց ձևաթղթերի միասնական հաշվառման և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրման կարգը.

4) սահմանում է Բյուրոյի և Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման ձևերը, ուղղությունները և սահմանաչափերը.

5) ընդունում է որոշում սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումների կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումների կատարման համար Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության և անհրաժեշտ միջոցներ ներգրավելու մասին.

6) վերահսկում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցումների վճարման կարգերի պահպանումը.

7) սահմանում է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ (Բոնուս-Մալուս համակարգ) և դրա կիրառման կարգը.

8) որակավորում է փորձագետներին, սահմանում է փորձագետների որակավորման կարգը, չափանիշներն ու պայմանները և որակավորումից զրկման կարգն ու հիմքերը, հաստատում է ապահովագրական պատահարից առաջացած վնասների գնահատման և փորձաքննության կարգն ու մեթոդաբանությունը և նպաստում դրա զարգացմանը.

9) սահմանում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերություն կամ Բյուրո ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի կողմից ապահովագրական հատուցումների, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարման կարգը.

10) սահմանում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների համար վերապատրաստման, կրթական և մասնագիտական պահանջներ` տեխնիկական և մասնագիտացված գործունեության չափանիշների բավարարման նպատակով.

11) սահմանում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի հաշվարկման մեթոդաբանության կիրառման կանոնները.

12) կարող է սահմանել սահմանափակումներ Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ ոլորտում կատարվող ծախսերի կամ դրանց առանձին տեսակների նկատմամբ.

13) կիրառում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների նկատմամբ Բյուրոյի կանոնների և որոշումների պահանջների խախտման համար կանոնադրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ.

14) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

8. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ, եթե Բյուրոյի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Խորհրդի նիստերի գումարման, անցկացման և դրա ընթացքում որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ:

9. Խորհուրդը սույն օրենքով և կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

10. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով` բաց քվեարկությամբ: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերին խորհրդի որոշմամբ կարող են հրավիրվել շահագրգիռ անձինք: Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է նիստին ներկա խորհրդի անդամներից տարիքով ավագը: Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը:

11. Խորհուրդը Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված դեպքերում իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:

12. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով Բյուրոյի խնդիրների հնարավորինս արդյունավետ իրականացման շահերից, իրականացնել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն) և Բյուրոյի առջև համապարտ պատասխանատվություն են կրում խորհրդի որոշման (անգործության) հետևանքով Բյուրոյին պատճառված իրական վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ընդ որում, խորհրդի անդամների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց սույն մասով նախատեսված պատասխանատվությունից:

13. Բյուրոյին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են խորհրդի այն անդամները, որոնք Բյուրոյին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն եղել, կամ գործել են բարեխիղճ` այն համոզմունքով, որ իրենց գործողությունները (համապատասխան որոշում չկայացնելը) ելնում են Բյուրոյի շահերից:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված խորհրդի որոշման (անգործության) հետևանքով Բյուրոյին պատճառված վնասները խորհրդի համապատասխան անդամի (անդամների) կողմից փոխհատուցելու պահանջով դատարան կարող են դիմել Բյուրոյի անդամները, ինչպես նաև գործադիր տնօրենը:

 

Հոդված 35.  Բյուրոյի գործադիր տնօրենը

 

1. Բյուրոյի գործադիր տնօրենն իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը:

2. Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ որևէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

3. Գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Գործադիր տնօրեն չի կարող լինել այն անձը, որը`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

5. Գործադիր տնօրենը`

1) ապահովում է Բյուրոյի կառավարման մարմինների որոշումների կատարումը և Բյուրոյի բնականոն գործունեությունը.

2) որոշում է ընդունում փորձաքննություն (ներառյալ` նաև լրացուցիչ և կրկնակի) նշանակելու մասին.

3) ապահովում է Երաշխավորման ֆոնդի կառավարումը, մասնավորապես ապահովում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հավաքագրումը, բնականոն գործունեությունը, որոշում է ընդունում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու կամ հատուցումը (վճարումը) մերժելու մասին և կազմակերպում է հատուցումների (վճարման) գործընթացը.

4) սահմանված կարգով կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի հաշվառումը.

5) ապահովում է Տեղեկատվական համակարգի բնականոն գործունեությունը, կազմակերպում է միասնական Տեղեկատվական համակարգի վարումը, ապահովում է Տեղեկատվական համակարգ տեղեկությունների ժամանակին և ամբողջությամբ մուտքագրումը, ինչպես նաև երաշխավորում է ապահովագրական, բանկային, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը.

6) խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ խորհրդին հաշվետվություններ է ներկայացնում Երաշխավորման ֆոնդի և Տեղեկատվական համակարգի գործունեության, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու կամ հատուցումը (վճարումը) մերժելու մասին որոշումների ընդունման վերաբերյալ.

7) օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց պահանջով տրամադրում է Տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերության անվանման և գտնվելու վայրի մասին.

8) կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջև, ինչպես նաև Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների միջև ծագած վեճերը. դրանց արդյունքում կայացված որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և կողմերի համար պարտադիր չեն: Սույն կետով նախատեսված հարցով գործադիր տնօրենի կողմից որոշում չկայացվելու դեպքում այդ հարցի քննությունն իրականացնում է Բյուրոյի խորհուրդը.

9) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

6. Այն հարցերը, որոնք օրենքով կամ Բյուրոյի կանոնադրությամբ վերապահված չեն ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի կամ պատասխանատու ակտուարի իրավասությանը, իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման այլ մարմինների կամ այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Բյուրոյի գործադիր տնօրենի նշանակման և լիազորությունների դադարեցման, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը սահմանվում է Բյուրոյի կանոնադրությամբ:

(35-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

Հոդված 36.  Բյուրոյի կանոնները

 

1. Բյուրոյի կանոններն են Բյուրոյի կանոնադրությունը, Բյուրոյի կառավարման մարմինների` սույն օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում ընդունած ներքին կանոնակարգերը, կարգերը և այլ ներքին իրավական ակտերը, ինչպես նաև Բյուրոյի խորհրդի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողների առողջությանը պատճառված վնասների և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկերը սահմանող ակտերը: Կենտրոնական բանկի ընդունած Բյուրոյի կանոնների գործողությունը կարող է դադարեցնել միայն Կենտրոնական բանկը:

2. Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների, ինչպես նաև Բյուրոյի կանոններով սահմանված այլ կանոնների (որոշումների) նախագծերը Բյուրոյի իրավասու մարմնի կողմից այդ կանոնների (որոշումների) ընդունման համար նիստի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղադրվում են Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում: Ինտերնետային կայքում տեղադրված նախագծերի վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման համապատասխան կանոնները (որոշումները) ընդունելիս: Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները ենթակա են հրապարակման Բյուրոյի ինտերնետային կայքում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Բյուրոյի կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները և գործողության դադարեցումը), բացառությամբ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների, ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում սույն օրենքին համապատասխան գրանցման պահից, եթե դրանցում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Բյուրոյի` սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելուց 10 օր հետո, եթե դրանցում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

4. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին արգելվում է Բյուրոյի կանոնների խախտմամբ գործելը:

5. Բյուրոյի կանոնադրությունը առնվազն պետք է սահմանի, որ`

1) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ (միմյանց հետ փոխկապակցված անդամները) ժողովում ունի (ունեն) միայն մեկ ձայն.

2) Բյուրոյի յուրաքանչյուր անդամ մեկ այլ անդամի կողմից սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի և Բյուրոյի կանոնների խախտման մասին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապես հայտնել Բյուրոյի խորհրդին.

3) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյի կանոններով սահմանված կարգով և չափով անդամավճարներ են վճարում Բյուրոյին.

4) Բյուրոյի միջոցներից ստացված եկամուտը չի կարող շահաբաժինների ձևով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց և պետք է օգտագործվի բացառապես կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար: Բյուրոյի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է Երաշխավորման ֆոնդ, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 37.  Բյուրոյի կանոնների գրանցումը, գրանցման մերժումը և գործողության դադարեցումը
.

1. Բյուրոյի կառավարման մարմինների կողմից ընդունվող Բյուրոյի կանոնները, դրանց գործողության դադարեցումը և դրանցում լրացումները և փոփոխությունները գրանցման համար դիմումի հետ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով ներկայացվում են Կենտրոնական բանկ:

2. Բյուրոյի կանոնները (ներառյալ` դրանցում կատարված լրացումները, փոփոխությունները և դրանց գործողության դադարեցումը) գրանցվում են, կամ դրանց գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Բյուրոյի այն կանոնները (դրանցում լրացումները, փոփոխությունները և գործողության դադարեցումը), որոնցով սահմանում են ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարի կիրառման թույլատրելի չափերը, դեպքերը, ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքերը, ապահովագրական հատուցման ենթակա ծախսերի անհրաժեշտության, հիմնավորվածության և փաստացի ապացուցվածության չափանիշները, հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու դեպքերը, սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերի հատուցման սահմանաչափերը, հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն, հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները կամ Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողների առողջությանը պատճառված վնասների կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բժշկական հաստատությունների ցանկերը գրանցվում են, կամ դրանց գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալու օրվանից հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, այն հանձնում է Բյուրոյին:

5. Կենտրոնական բանկը մերժում է Բյուրոյի կանոնների (դրանցում կատարված լրացումների կամ փոփոխությունների կամ դրանց գործողության դադարեցման) գրանցումը, եթե դրանք հակասում են սույն օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջներին կամ կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը կամ ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը:

 

Հոդված 38.  Կանոններ սահմանելու կամ որոշում ընդունելու հանձնարարությունը

 

1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր խորհրդի որոշմամբ հանձնարարելու Բյուրոյին (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմիններին) իրենց իրավասությունների սահմաններում սահմանել կանոններ, ընդունել իրավական այլ ակտեր կամ վերանայել (լրացնել, փոփոխել, ուժը կորցրած ճանաչել կամ ուժի մեջ թողնել) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման մարմինների ընդունած իրավական այլ ակտերը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով`

1) այդպիսի կանոնների կամ իրավական ակտի ընդունումն անհրաժեշտ է ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար.

2) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի ընդունած իրավական ակտը հիմնավորված չեն.

3) առկա են սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը:

2. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունված որոշմամբ տրված հանձնարարականը դրանում սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ.

1) ինքնուրույն սահմանելու Բյուրոյի կանոններ.

2) ընդունելու Կենտրոնական բանկի խորհրդի հանձնարարականով սահմանված իրավական ակտը.

3) վերանայելու (լրացնելու, փոփոխելու, ուժը կորցրած ճանաչելու կամ ուժի մեջ թողնելու) Բյուրոյի կանոնները կամ Բյուրոյի կառավարման տվյալ մարմնի ընդունած իրավական ակտը:

3. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված որոշմամբ Բյուրոյի կանոնների գործողությունը դադարեցնելու դեպքում Կենտրոնական բանկը դրանք հանում է գրանցումից:

4. Կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդունված իրավական ակտերը համարվում են Բյուրոյի (Բյուրոյի կառավարման համապատասխան մարմնի) կողմից ընդունված և պարտադիր կիրառման ենթակա են Բյուրոյի, նրա կառավարման մարմինների և անդամների կողմից: Դրանց պահանջները չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

 

Հոդված 39.  Բյուրոյի կառավարման մարմինների գործունեության կասեցումը

 

1. Բյուրոյի կառավարման մարմինների գործունեությունը կարող է ժամանակավորապես կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, եթե Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների քանակը պակաս է երեքից, ինչպես նաև այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով Բյուրոյի կառավարման մարմինները պատշաճ չեն իրականացնում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար սույն օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

2. Բյուրոյի կառավարման մարմինների գործունեության կասեցման դեպքում ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը: Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու մասին Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում, որում նշվում են Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթների կասեցման հիմքերը, այդ հիմքերի վերացմանն ուղղված միջոցառումները, Բյուրոյի կառավարման մարմինների գործառույթները ստանձնելու ժամկետները և ստանձնվելիք գործառույթները, որոնք անհրաժեշտ են ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 

Հոդված 40.  Բյուրոյի աուդիտը

 

1. Բյուրոն ունի ներքին աուդիտ: Ներքին աուդիտը գործում է Բյուրոյի խորհրդի հաստատած ներքին աուդիտի տարեկան ծրագրով: Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:

2. Ներքին աուդիտն իրականացնում է անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործունեություն` ուղղված Բյուրոյի համար հավելյալ արժեքի ստեղծմանն ու Բյուրոյի գործառնությունների կատարելագործմանը: Ներքին աուդիտը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի, ներառյալ` սույն օրենքի հիման վրա ընդունված ներքին աուդիտի տարեկան ծրագրի և Բյուրոյի խորհրդի որոշումների համաձայն:

3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Բյուրոյի կառավարման մարմիններին կամ այլ անձանց:

4. Ներքին աուդիտն իր գործառնությունների առումով հաշվետու է Բյուրոյի խորհրդին, իսկ վարչական առումով` Բյուրոյի գործադիր տնօրենին:

5. Ներքին աուդիտը պետք է համապատասխանի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության ներքին աուդիտի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

 

Հոդված 41.  Բյուրոյի գլխավոր հաշվապահը

 

1. Բյուրոն ունի գլխավոր հաշվապահ, որին նշանակում է խորհուրդը: Գլխավոր հաշվապահը պետք է համապատասխանի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

2. Բյուրոյի հաշվապահն իրականացնում է օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

 

Հոդված 42.  Բյուրոյի պատասխանատու ակտուարը

 

1. Բյուրոն ունի պատասխանատու ակտուար, որին նշանակում է խորհուրդը: Պատասխանատու ակտուարը պետք է համապատասխանի օրենքով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի համար սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

2. Պատասխանատու ակտուարն իրականացնում է օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 43.  Բյուրոյի միջոցները, գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերը

 

1. Բյուրոյի միջոցները ձևավորվում են Բյուրոյի կանոններով սահմանված չափով և կարգով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարներից, ստացված վարկերից, փոխառություններից և օրենքով չարգելված այլ միջոցներից: Բյուրոյի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով և Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված նպատակներով:

2. Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն են՝

1) Բյուրոյի գործառնական ծախսերը.

ա. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարման հետ կապված ծախսեր,

բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ,

գ. Բյուրոյի միջոցների կառավարման հետ կապված կոմիսիոն վճարներ,

դ. ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստներ,

ե. Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ,

զ. ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր,

է. սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման հետ կապված ծախսեր,

ը. Բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր.

2) Բյուրոյի վարչական ծախսերը.

ա. աշխատակազմի պահպանման ծախսեր, ներառյալ՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, սոցիալական ապահովության վճարներ, աշխատակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր,

բ. ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր,

գ. լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսեր,

դ. տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսեր,

ե. շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր,

զ. Բյուրոյի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր.

3) Բյուրոյի կապիտալ ներդրումների գծով ծախսերը.

ա. Բյուրոյի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր,

բ. վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր:

3. Բյուրոյի վարչական, գործառնական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն իրականացվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ձևավորված միջոցների հաշվին: Սույն մասում նշված ծախսերը կատարելու համար Բյուրոն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ:

4. Բյուրոյի ընթացիկ տարվա վարչական, գործառնական և կապիտալ ներդրումների գծով ծախսերը չեն կարող գերազանցել Բյուրոյի անդամ բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից նախորդ տարում հավաքագրված ապահովագրավճարների մեկ տոկոսը: Բացառիկ դեպքերում` Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, սույն մասում նշված սահմանաչափը կարող է փոփոխվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

5. Բյուրոյի ժողովը Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով և Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, Բյուրոյի միջոցների ձևավորման վերաբերյալ կատարված կանխատեսումներին համապատասխան, հաստատում է Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշիվը: Նախահաշիվը ժողովի կողմից հաստատվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը: Բյուրոն չի կարող իրականացնել Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած նախահաշվով չնախատեսված գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսեր: Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի նախահաշվի փոփոխությունները ենթակա են հաստատման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկը կարող է չհաստատել նախահաշվի փոփոխությունները, եթե Բյուրոն բավարար չափով չի հիմնավորել փոփոխությունների անհրաժեշտությունը: Փոփոխությունների չհաստատման դեպքում Բյուրոն պարտավոր է առաջնորդվել Կենտրոնական բանկի արդեն իսկ հաստատած նախահաշվով:

6. Եթե ընթացիկ տարում Բյուրոյի փաստացի կատարած գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն ավելի քիչ են, քան ընթացիկ տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փաստացի հավաքագրված միջոցները, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը փոխանցվում է հաջորդ տարի և հաշվի է առնվում հաջորդ տարվա Բյուրոյի միջոցների ձևավորման վերաբերյալ կատարվող կանխատեսումներում կամ Բյուրոյի ժողովի որոշմամբ փոխանցվում է Երաշխավորման ֆոնդ:

7. Բյուրոյի կանոնադրությամբ սահմանվում է Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններից լրացուցիչ միջոցներ գանձելու մասին որոշում ընդունելու իրավունքը:

8. Բյուրոն իրավունք ունի իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստանալու վարկեր և փոխառություններ, որոնք ուղղվում են բացառապես Բյուրոյի միջոցների համալրմանը: Սույն մասով նախատեսված վարկերը, փոխառությունները և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես Բյուրոյի միջոցների հաշվին:

Գ Լ ՈՒ Խ  5


 ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴ

 

Հոդված 44.  Երաշխավորման ֆոնդը

 

1. Երաշխավորման ֆոնդում միավորվում են Բյուրոյի` սույն օրենքով նախատեսված կարգով հավաքագրած Բյուրոյի անդամների միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարները, սույն օրենքով սահմանված կամ օրենքով չարգելված այլ ձևերով ներդրված միջոցները, ինչպես նաև այն ակտիվները, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտները: Երաշխավորման ֆոնդ բոլոր վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև Կենտրոնական բանկը, պարտավոր են Երաշխավորման ֆոնդ կատարել օրենքով սահմանված բոլոր վճարները: Երաշխավորման ֆոնդ սահմանված չափով կատարվող բոլոր վճարներն անվերադարձ են:

2. Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար սույն օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում: Բյուրոյի, դրա կառավարման մարմինների, անդամների կամ այլ անձանց` սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված պարտավորությունների համար Երաշխավորման ֆոնդի միջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել:

3. Յուրաքանչյուր տարվա համար Բյուրոյի խորհուրդը, ելնելով Երաշխավորման ֆոնդի նախորդ տարվա մեծությունից և նախորդ տարվա ընթացքում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վճարված հատուցումների չափից, ինչպես նաև հաշվի առնելով ապահովագրավճարների չափի վրա ազդող այլ չափանիշներ և գործոններ, իրականացնում է կանխատեսում Երաշխավորման ֆոնդի տվյալ տարվա միջոցների և դրանց հաշվին տվյալ տարվա ընթացքում վճարվելիք հատուցումների և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի համար կատարվելիք վճարումների չափերի վերաբերյալ: Բյուրոն միջոցներ է ձեռնարկում Երաշխավորման ֆոնդի ռիսկերը զսպելու համար, որոնց վերաբերյալ խորհուրդն առաջարկություններ է ներկայացնում ժողովին:

4. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոն որպես ծախս կատարում է միայն սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները, ինչպես նաև սույն մասով նախատեսված վարկերի, փոխառությունների և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսների (տույժերի) մարումները: Բյուրոն իրավունք ունի սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված հատուցումները կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու նպատակով ստանալու վարկեր և փոխառություններ, որոնք ուղղվում են բացառապես Երաշխավորման ֆոնդի միջոցների համալրմանը: Սույն մասով նախատեսված վարկերը, փոխառությունները և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին: Յուրաքանչյուր պահի դրությամբ սույն մասով նախատեսված կարգով ստացված և ստացվելիք վարկերի գծով չմարված գումարների մեծությունը չի կարող գերազանցել դրանց մարման նպատակով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններից Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարներ կատարելու մասին որոշմամբ (որոշումներով) սահմանված և դեռևս չհավաքագրված գումարները: Սույն մասով նախատեսված վարկերը ենթակա են անհապաղ մարման Երաշխավորման ֆոնդում բավարար միջոցների առկայության դեպքում:

 

Հոդված 45.  Միանվագ վճարները

 

1. Ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երաշխավորման ֆոնդ վճարում են միանվագ վճար՝ 15 000 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

 

Հոդված 46.  Պարբերական վճարները

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` յուրաքանչյուր եռամսյակը մեկ, Երաշխավորման ֆոնդ կատարում են պարբերական վճար՝ նախորդ տասներկու ամսում իրենց կնքած ԱՊՊԱ պայմանագրերից հավաքագրված և հավաքագրվելիք ապահովագրավճարների 0.5 տոկոսի չափով:

2. Պարբերական վճարը կատարվում է տվյալ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Բյուրոյի խորհրդի առաջարկությամբ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ըստ իր հիմնավոր կարծիքի` Երաշխավորման ֆոնդի միջոցները դադարեցման ողջ ժամանակահատվածում կբավարարեն Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և նման դադարեցումը չի վտանգի Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը:

 

Հոդված 47.  Լրացուցիչ վճարները

 

1. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Երաշխավորման ֆոնդ լրացուցիչ վճարները կատարում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները բավարար չեն (բավարար չեն լինի) սույն օրենքով սահմանված հատուցումները վճարելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումները կատարելու համար: Միջոցների անբավարարության դեպքում 15 օրվա ընթացքում Բյուրոյի խորհուրդը որոշում է կայացնում լրացուցիչ վճարներ ներգրավելու վերաբերյալ, որով սահմանվում է հատուցումների վճարման (սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարումների կատարման) համար անհրաժեշտ լրացուցիչ վճարների չափը: Երաշխավորման ֆոնդի միջոցների անբավարարության չափանիշները, դրա մասին որոշման կայացման կարգը սահմանվում են Բյուրոյի կանոններով:

2. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են Երաշխավորման ֆոնդի միջոցների չբավարարող չափով` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում ԱՊՊԱ գծով հաշվեգրված ապահովագրավճարների ցուցանիշում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Ընդ որում, սույն մասով նախատեսված ապահովագրավճարների ցուցանիշը հաշվարկելիս հիմք են ընդունվում միայն այն ապահովագրական ընկերությունների հաշվեգրած ապահովագրավճարները, որոնք Բյուրոյի անդամ լինելու կամ սույն օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով պարտավոր են վճարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշմամբ սահմանված լրացուցիչ վճարները:

3. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները լրացուցիչ վճարները վճարում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

 

Հոդված 48.  Անվճարունակ ապահովագրական ընկերությունների վճարները

 

1. Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերությունը անվճարունակ ճանաչելու մասին որոշում ընդունելու օրվանից ապահովագրական ընկերությունը Երաշխավորման ֆոնդին վճարներ չի վճարում:

 

Հոդված 49.  Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարումը

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե՝

1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները.

2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.

3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.

4) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը.

5) առկա են սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, բացառությամբ սույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված դեպքերի: Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերության բացահայտման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով տուժողին պատճառված վնասը հատուցած Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինը սույն օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Բյուրոն սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված համապատասխան անձանց նկատմամբ ձեռք է բերում տվյալ հոդվածով ապահովագրական ընկերության համար սահմանված իրավունքները: Եթե սույն մասի համաձայն` Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա վերջինները Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

3. Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝

1) բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը.

2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից.

3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով.

4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում.

5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ.

6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով.

7) վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին.

8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին.

9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից.

10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

4. Բյուրոն իրավունք ունի պայմանագրի հիման վրա իր կողմից սույն հոդվածով նախատեսված հատուցման վճարման հետ կապված գործառույթների իրականացումը (ներառյալ` հատուցման վճարումը) պատվիրակելու իր անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին: Սույն մասով նախատեսված պատվիրակման կարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով:

 

Հոդված 50.  Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարումը

 

1. Երաշխավորման ֆոնդը կառավարում է Բյուրոն` ի դեմս խորհրդի և գործադիր տնօրենի:

2. Երաշխավորման ֆոնդի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում.

1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.

2) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող բանկային ավանդներում և (կամ) նրանց բացած բանկային հաշիվներում.

3) Կենտրոնական բանկի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում.

4) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.

5) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում.

6) միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթերում.

7) ժողովի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:

3. Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշները տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն են: Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  6


 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Հոդված 51.  Տեղեկատվական համակարգը

 

1. Բյուրոյի կազմում գործում է Տեղեկատվական համակարգ, որը ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը Տեղեկատվական համակարգից օգտվողների համար: Տեղեկատվական համակարգը տեղեկություններ է հավաքագրում ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց և նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաքագրում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն Բյուրոն, Կենտրոնական բանկը, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները՝ իրենց առնչվող տվյալների մասով:

3. Տեղեկատվական համակարգը ձևավորվում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների և նրանց ռիսկերը վերաապահովագրած վերաապահովագրական ընկերությունների և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված այլ անձանց ներկայացրած տվյալների հիման վրա:

4. Տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, կարգը, ժամկետները և Տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը սահմանվում են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Տեղեկատվական համակարգի տեխնիկական շահագործման կարգը և պայմանները սահմանում է Բյուրոյի խորհուրդը:

5. Բյուրոյի գործադիր տնօրենը երաշխավորում է Տեղեկատվական համակարգ մուտքագրվող և պահպանվող տեղեկությունների ամբողջականությունը: Հավաքագրված տեղեկությունները Բյուրոն պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի:

6. Տեղեկատվական համակարգի տեխնիկական և տեղեկատվական սպասարկումը Բյուրոյի խորհրդի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ կարող է պատվիրակվել այլ անձանց: Այդ անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով պահպանել իրենց գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող ապահովագրական կամ այլ գաղտնիք համարվող տեղեկությունները և հրապարակել կամ տրամադրել դրանք բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

7. Տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա Բյուրոն իր ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակում է տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) տեսակը և պետհամարանիշը, տվյալ ԱՊՊԱ պայմանագրի կողմ համարվող ապահովագրական ընկերության անվանումը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Բյուրոն իր ինտերնետային կայքում կարող է հրապարակել նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ օրենքով չարգելված այլ տեղեկություններ:

 

Հոդված 52.  Տեղեկությունների փոխանակումը

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումը (դրանց նկատմամբ սեփականության և այլ իրավունքների գրանցումը) իրականացնող լիազոր մարմինը սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում պետական հաշվառման (սեփականության կամ այլ իրավունքի գրանցման) ներկայացված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի), դրանց սեփականատերերի և առկայության դեպքում՝ նաև այլ օրինական օգտագործողների ցանկը:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ է ներկայացնում ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերի և (կամ) օրինական հիմքով այն տիրապետող այլ անձանց վարորդական ստաժի, վարորդական իրավունքների դասի և նրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում Տեղեկատվական համակարգ են ներկայացնում իրենց կնքած, ինչպես նաև գործողությունը դադարած ԱՊՊԱ պայմանագրերի և դրանցով ապահովադիր համարվող անձանց մասին տեղեկություններ, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով նախատեսված այլ տեղեկություններ:

4. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ երթևեկում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով` առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված տեղեկատվության փոխանակման կարգը, ձևը, պայմանները, ժամկետները, փոխանակվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաև ձեռնարկվող միջոցառումների իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 52.1. Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:

7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը կնքված և համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:

(52.1-ին հոդվածը լրաց. 19.06.13 ՀՕ-93-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7


 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 53.  Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

1. Բյուրոյի և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե Բյուրոն և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենը կամ որակավորված այլ անձ թույլ են տվել հետևյալ խախտումները.

1) խախտել են սույն օրենքի, Բյուրոյի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի կամ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև Բյուրոյի կանոնները.

2) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական կամ այլ հաշվետվությունների հրապարակման կամ ներկայացման կարգն ու պայմանները և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացրել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

3) չեն կատարել Կենտրոնական բանկի` օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Բյուրոյի կամ նրա գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) նախազգուշացում` խախտումները որոշակի ժամկետում վերացնելու, խախտումները հետագայում բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ խախտումները ապագայում չկրկնելու հանձնարարականով և (կամ)

2) տուգանք և (կամ)

3) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձանց որակավորման վկայականից զրկում:

3. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Բյուրոյի և (կամ) Բյուրոյի գործադիր տնօրենի կամ որակավորված այլ անձի նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ ապահովագրական ընկերությունների և նրանց ղեկավարների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համար սահմանված կարգով:

4. Սույն օրենքի պահանջների խախտումների համար ապահովագրական ընկերությունները և ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  8


ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 54.  Անցումային դրույթներ 

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների (բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերի) սեփականատերերը պարտավոր են ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Ընդ որում, մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կնքված ԱՊՊԱ պայմանագրերն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը և 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգը (Բոնուս-Մալուս համակարգ) կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքված (երկարաձգված) ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ:

5. Մինչև ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգի (Բոնուս-Մալուս համակարգի) կիրառումը ապահովագրական ընկերությունը կարող է պահանջել փոփոխել ԱՊՊԱ պայմանագիրը, իսկ ապահովադրի անհամաձայնության դեպքում միակողմանի դադարեցնել այն` նախապես պատշաճ կերպով տեղեկացնելով այդ մասին ապահովադրին, եթե այդ պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երկու ապահովագրական պատահար, և դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 10 500 000 Հայաստանի Հանրապետության դրամը: Ընդ որում, սույն մասում նշված անձանց հետ ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր` սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով: Սույն մասի հիման վրա ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դեպքում այդ պայմանագրով ապահովադիր համարվող անձի հետ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը կարող են չկիրառվել: Սույն մասով նախատեսված գործընթացների ընթացակարգը և պայմանները սահմանվում են Բյուրոյի կանոններով: Սույն մասով նախատեսված հիմքով ԱՊՊԱ պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում ապահովագրական ընկերությունը ապահովադրին վերադարձնում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները:

6. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված վնասները սույն օրենքի կամ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն ենթակա են հատուցման միայն այն դեպքում, եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո:

7. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

8. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով և 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ չեն մտնում, և Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը և ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ համարվող անձինք պարտավոր չեն ունենալ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր, քանի դեռ Բյուրոյին չի անդամակցել առնվազն երեք ապահովագրական ընկերություն: Եթե Բյուրոյի անդամների` սույն մասով սահմանված քանակն ապահովվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով և 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխան երրորդ ապահովագրական ընկերությունը Բյուրոյին անդամակցելու օրվանից մեկ ամիս հետո:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը պարտավոր է ընդունել որոշում Բյուրոն հիմնադրելու, նրան անդամակցելու, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի կանոնները հաստատելու մասին: Բյուրոյի գրանցումից հետո ԱՊՊԱ իրականացնելու ցանկություն ունեցող ապահովագրական ընկերություններն անդամակցում են Բյուրոյին՝ Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված կարգով:

10. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Բյուրոյին երրորդ ապահովագրական ընկերության անդամակցելուն հաջորդող 10 օրվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյի գրանցման մասին համապատասխան հայտարարությունը հրապարակելուն և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին ծանուցելուն հաջորդող 15-րդ օրը, գումարվում է ժողովի նիստ, որն ընտրում է սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված խորհրդի անդամներին: Սույն մասով նախատեսված տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը պարտավոր են նշանակել սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի` համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խորհրդի անդամներին:

11. Մինչև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժողովի առաջին նիստի գումարումը նրա լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Մինչև սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված խորհրդի անդամների ընտրությունը (նշանակումը) խորհրդի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը, իսկ գործադիր տնօրենի լիազորությունները` Կենտրոնական բանկի նախագահը:

12. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարությունը խորհրդի առաջին կազմի ձևավորման դեպքում Կենտրոնական բանկը հրապարակում է սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված տասնօրյա ժամկետում:

13. Սույն օրենքով սահմանված կարգով Բյուրոյի գրանցումից հետո` մեկ տարվա ընթացքում, Տեղեկատվական համակարգը Կենտրոնական բանկի որոշմամբ փոխանցվում է Բյուրոյի կառավարմանը:

14. Սույն օրենքի իմաստով` տեղի ունեցած պատահարները համարվում են ապահովագրական պատահար և ենթակա են հատուցման, եթե տեղի են ունեցել 2011 թվականի հունվարի 1-ից հետո:

15. Այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դասով կամավոր հիմունքներով կնքված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող ապահովագրության պայմանագրեր, որոնց գործողության ժամկետն ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պատշաճ կերպով ծանուցել համապատասխան պայմանագրերի կողմ համարվող ապահովադիրներին այդ պայմանագրերը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու նրանց իրավունքների, ինչպես նաև կամավոր հիմունքներով կնքված պայմանագիրն ԱՊՊԱ պայմանագրին չփոխարինելու մասին` ողջամիտ ժամկետ տրամադրելով նրանց իրենց իրավունքներից օգտվելու համար:

16. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված` ծանուցման և նշումներին ներկայացվող պարտադիր պահանջներ ու պայմաններ:

17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կամավոր հիմունքներով կնքվող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրերում նշվում է, որ այդ պայմանագրի կնքումը չի կարող դիտվել որպես սույն օրենքի համաձայն ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականության կատարում:

18. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ դադարեցնել իր անդամությունը Բյուրոյին, սակայն 2011 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:

Հավելված

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հավելվածով սահմանված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության» (այսուհետ` մեթոդաբանություն) հիման վրա Բյուրոն հաշվարկում է ԱՊՊԱ գծով հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը և դրանք ներկայացնում է Կենտրոնական բանկ` գրանցման: Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացվում նաև հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև ապահովագրավճարների հաշվարկման մեջ սույն մեթոդաբանության 3.4-րդ կետով նախատեսված այլ ռիսկայնության գործոնների ընդգրկումը` բավարար հիմնավորումների առկայության դեպքում:

1.2. Հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը և սույն մեթոդաբանության համաձայն հաշվարկված այլ մեծությունները Բյուրոյի, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վերանայվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ, որի հետևանքով նախաձեռնվում է դրանց փոփոխություն, կամ դրանք թողնվում են անփոփոխ:

1.3. ԱՊՊԱ գծով ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎ=ԲԱ . ԲՄ

որտեղ`

ԱՎ-ն ապահովագրավճարն է.

ԲԱ-ն բազային ապահովագրավճարն է.

ԲՄ-ն տվյալ ապահովադրի համար կիրառվող Բոնուս-Մալուս գործակիցն է: Ընդ որում` Բոնուս-Մալուս գործակիցները ԱՊՊԱ գծով ապահովագրավճարների հաշվարկման մեջ սկսում են կիրառվել 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչև այդ ժամկետը ապահովագրավճարի հաշվարկման նպատակով ընդունվում է, որ ԲՄ-ն հավասար է 1-ի:

1.4. Բազային ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 ԲԱ=ՀԱ . П ռգi

             i


որտեղ`

ԲԱ-ն բազային ապահովագրավճարն է.

ՀԱ-ն հիմնական ապահովագրավճարն է.

ռգi -ն ռիսկայնության գործակիցներն են` ըստ ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ռիսկայնության տարբեր աստիճանների (դասերի):

1.5. Եթե ապահովագրական ընկերության հաշվարկած ապահովագրավճարը գերազանցում է Բյուրոյի սահմանած և Կենտրոնական բանկի գրանցած (սույն օրենքով նախատեսված դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված)` հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերի հիման վրա հաշվարկված ապահովագրավճարը, ապա ապահովագրական ընկերությունը կատարում է վերահաշվարկ և ապահովագրավճարի հաշվարկում կիրառվող մեծությունները համապատասխանեցնում դրանց:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

2.1. Հիմնական ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրման ենթակա բոլոր տրանսպորտային միջոցների և բոլոր ապահովադիրների համար` ելնելով մասնավորապես հաշվարկմանը նախորդող ժամանակահատվածներում ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների և կնքված ապահովագրական պայմանագրերի քանակների, ապահովագրական գումարների ընդհանուր ծավալների, ապահովագրական պատահարների, դրանց գծով պատճառված վնասների չափերի և վճարված (վճարվելիք) հատուցումների վիճակագրությունից: Ընդ որում` այդ հաշվարկների համար կարող են օգտագործվել Բյուրոյի կողմից վարվող Տեղեկատվական համակարգից ստացված տվյալներ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, պետական վիճակագրական ծառայություն իրականացնող մարմնի պաշտոնական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ:

2.2. Սույն մեթոդաբանության 2.1-րդ կետով նախատեսված վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա հատուցվող վնասի յուրաքանչյուր տեսակի համար (տուժողի առողջությանը պատճառված վնասներ և (կամ) դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտ)), մահ, գույքին պատճառված վնաս) առանձին-առանձին, այդ վնասների առանձին համախմբերից յուրաքանչյուրի համար կամ միասնական` հատուցվող վնասի բոլոր տեսակների համար հաշվարկվում են`

1) պատահարի միջին հավանականությունը ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում (հ).

2) հատուցման միջին չափը (ՄՀ).

3) հավանականային ապահովագրական սակագինը (ՀՍ)` արտահայտված ապահովագրական գումարի (Գ) նկատմամբ հարաբերական մեծությամբ.

 

ՀՍ = 

 հ . ՄՀ

 

Գ

 

4) հավանականային ապահովագրական սակագնի վրա կիրառվող ռիսկային հավելումը (ՌՀ), որի կոնկրետ չափը կախված է ապահովագրական պատահարների և դրանց գծով վճարված հատուցումների վիճակագրական բաշխումների բնութագրիչներից.

5) զուտ (նետտո) սակագինը (ՆՍ)` որպես հավանականային սակագնի և ռիսկային հավելման գումար.

 

ՆՍ=ՀՍ+ՌՀ

 

6) համախառն (բրուտտո) սակագինը (ԲՍ), որը հաշվարկվում է` զուտ սակագնի վրա կիրառելով բեռնվածության գործակից: Բեռնվածության գործակիցը ներառում է ծախսային բեռնվածություն (ԾԲ) և շահույթի բեռնվածություն (ՇԲ).

 

ԲՍ = 

 ՆՍ

 

1-(ԾԲ+ՇԲ)

 

7) համախառն (բրուտտո) ապահովագրավճարը (ԲԱՎ), որը հաշվարկվում է որպես ստացված համախառն սակագնի և համապատասխան ապահովագրական գումարի արտադրյալ.

 

ԲԱՎ=ԲՍ .Գ

 

2.3. Հիմնական ապահովագրավճարը հաշվարկվում է որպես վնասի առանձին տեսակների կամ դրանց առանձին համախմբերի համար հաշվարկված համախառն (բրուտտո) ապահովագրավճարների գումար: Եթե սույն մեթոդաբանության 2.2-րդ կետի 1-7-րդ ենթակետերում նկարագրված մեծությունները հաշվարկվում են միասնական` հատուցվող վնասի բոլոր տեսակների համար, ապա հիմնական ապահովագրավճարը հավասար է սույն մեթոդաբանության 2.2-րդ կետի 7-րդ ենթակետում նկարագրված համախառն (բրուտտո) ապահովագրավճարին:

 

3. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

3.1. ԱՊՊԱ գծով ապահովագրավճարի հաշվարկման մեջ ռիսկայնության գործակիցների կիրառման նպատակն է սահմանել տարբերակված ապահովագրավճարներ` ըստ ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ռիսկայնության աստիճանի` ապահովագրության մեջ համարժեքության սկզբունքի պահպանման նպատակով:

3.2. Ռիսկայնության գործոնների կիրառումը ապահովագրավճարի հաշվարկման մեջ ներառում է`

1) կոնկրետ ռիսկային գործոնների ընտրություն.

2) յուրաքանչյուր գործոնի համար ռիսկայնության դասերի սահմանում.

3) ռիսկայնության յուրաքանչյուր դասի համար համապատասխան ռիսկայնության գործակցի (միջակայքի) սահմանում:

3.3. Սույն մեթոդաբանության 1.4-րդ կետում նշված բանաձևում նկարագրված ռգգործակիցների հիմքում դրվում են մասնավորապես հետևյալ ռիսկայնության գործոնները.

1) տրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվությունը (կմ).

2) տրանսպորտային միջոցի տիպը /տեսակը /մակնիշը.

3) տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայրը / շրջանը.

4) տրանսպորտային միջոցի օգտագործման ձևը / նպատակը.

5) տրանսպորտային միջոցի հզորությունը / շարժիչի ծավալը / քաշը.

6) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի անհատական, մասնավորապես տարիքային հատկանիշները.

7) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վարորդական ստաժը.

8) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի առողջական վիճակի հետ կապված գործոններ, որոնք կարող են ազդել ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա:

3.4. Բազային ապահովագրավճարի առավելագույն սահմանաչափի հաշվարկում ապահովադրին, ապահովագրվող տրանսպորտային միջոցին կամ դրա օգտագործմանը վերաբերող այլ գործոններ կիրառելու մասին առաջարկը Բյուրոն պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` գրանցման, դրանց կիրառման մասին բավարար հիմնավորումներով: Այդ գործոնները պետք է բավարարեն առնվազն հետևյալ պահանջները.

1) տվյալ ռիսկային գործոնի կիրառումը ողջամիտ է և հիմնավորված է վիճակագրական տվյալներով (տվյալ գործոնի և ապահովագրվող տրանսպորտային միջոցի (ապահովադրի, ապահովագրված անձի) վթարավտանգության աստիճանի միջև վիճակագրական (կոռելյացիոն) կապի առկայություն).

2) տվյալ գործոնի չափը կամ դրսևորման աստիճանը հնարավոր է օբյեկտիվորեն չափել և դասակարգել ռիսկայնության սահմանված խմբերից որևէ մեկում.

3) տվյալ գործոնի չափի կամ դրսևորման աստիճանի վրա ապահովադրի և (կամ) այլ շահագրգիռ անձանց անիրավաչափ, մեքենայական ազդեցության հնարավորությունը սահմանափակ է.

4) առաջարկվող ռիսկային գործոնն էապես կոռելացված չէ ապահովագրավճարի հաշվարկում արդեն իսկ ներառված որևէ գործոնի հետ, կամ դրա ազդեցությունը ապահովագրվող տրանսպորտային միջոցի և (կամ) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի ընդհանուր ռիսկայնության աստիճանի վրա չի միջնորդավորվում ապահովագրավճարի հաշվարկում արդեն իսկ ներառված որևէ գործոնով:

3.5. Գործակիցների որոշակի արժեքների թույլատրելի մեծությունները սահմանվում են` ելնելով առկա վիճակագրական տվյալներից և ապագայի նկատմամբ հուսալի ակտուարական կանխատեսումներից` ապահովելով ապահովագրության մեջ համարժեքության սկզբունքի պահպանումը, այսինքն` ապահովագրավճարների տարբերակման հարաբերական չափերը, ըստ ռիսկայնության խմբերի, ողջամտության սահմաններում համապատասխանեն իրական (կամ կանխատեսվող) ռիսկայնությունների միջին չափերի տարբերություններին այդ խմբերից յուրաքանչյուրում ներառվող տրանսպորտային միջոցների և (կամ) ապահովադիրների և (կամ) ապահովագրված անձանց համախմբի համար:

 

4. ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

4.1. Բոնուս-Մալուս (այսուհետ` ԲՄ) համակարգն ապահովադիրների և (կամ) ապահովագրված անձանց վարորդական պատմության վրա հիմնված ապահովագրավճարների տարբերակման համակարգ է ըստ ԲՄ դասերի, այդ դասերին համապատասխանող ԲՄ գործակիցների և ապահովադիրների` դասից դաս անցման կանոնների:

4.2. ԲՄ համակարգը սահմանում է դասից դաս անցման կարգը և պայմանները` կախված ապահովագրական պայմանագրի կնքմանը նախորդող ժամանակահատվածում (ժամանակահատվածներում) ապահովադրի մեղքով առաջացած ապահովագրական պատահարների քանակից:

4.3. Ըստ յուրաքանչյուր դասը նկարագրող գործակցի մեծության` տարբերում են դասերի երեք խումբ.

1) բազիսային (սկզբնական) դաս. կարող է շնորհվել այն դեպքում, երբ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առաջին անգամ, և (կամ) դեռ գոյություն չունի այն վարորդական պատմությունը, ըստ որի պետք է սահմանվի ԲՄ դասը: Այս դասին համապատասխանում է 1 գործակիցը.

2) բոնուսային դասեր. կարող են շնորհվել «դրական» վարորդական պատմություն ունեցող ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները փոքր են 1-ից, այսինքն` նվազեցնում են ապահովագրավճարի մեծությունը.

3) մալուսային դասեր. կարող են շնորհվել առավել ռիսկային ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները մեծացնում են ապահովագրավճարը:

4.4. ԲՄ գործակիցների որոշակի մեծությունները և անցման կանոնները սահմանվում են` ելնելով նախորդ ժամանակահատվածների ընթացքում ապահովադիրների ապահովագրական պատմությունը (ապահովագրական պատահարների քանակները և հաճախականությունները) նկարագրող վիճակագրական շարքերի վերլուծությունից: Դրանք մասնավորապես կախված են`

1) առանձին ապահովադիրների` տվյալ ժամանակահատվածի կտրվածքով ԲՄ դասերից յուրաքանչյուրում գտնվելու հավանականություններից.

2) նախորդ ժամանակահատվածի ԲՄ դասից հաջորդ ժամանակահատվածում ցանկացած այլ դաս տեղափոխվելու հավանականություններից.

3) ապահովագրական պատահարները, դրանց հաճախականություններն ու հատուցումների չափերը նկարագրող վիճակագրական բաշխումների այլ մաթեմատիկական և վիճակագրական բնութագրիչներից:

4.5. Եթե ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված է մի քանի ապահովագրված անձ, ապա ապահովագրավճարի հաշվարկման հիմքում ընկած ԲՄ գործակիցը սահմանվում է` հաշվի առնելով բոլոր այդ ապահովագրված անձանց ԲՄ գործակիցներից առավելագույնը:

4.6. ԲՄ գործակիցները և անցման կանոնները սահմանվում են այնպես, որ համակարգն ապահովի ֆինանսական հավասարակշռվածություն (ապահովագրական ընկերության տեսանկյունից) և ըստ ռիսկի տարբերակման արդարություն (ապահովադրի տեսանկյունից):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-63-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան