Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-284-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «չափանիշները» բառից հետո լրացնել «, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքում «ՊՄԳ ընթացակարգեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ՊՄԳ ընթացակարգ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքում «մրցույթ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում: Ընդ որում, հայտատու չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի ուղղակի կամ անուղղակի բաժնեմասնակցությամբ ընկերությունը կամ այն ընկերությունը, որում Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը որևէ այլ՝ օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշելու ընկերության որոշումները, կամ վերոնշյալ ընկերության մասնակցությամբ կոնսորցիումը.».

2) 6-րդ կետի «հաղթող ճանաչված մասնակցի» բառերը փոխարինել «հաղթող հայտատուի» բառերով.

3)13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) ՊՄԳ ծրագիր՝ մասնավոր հատվածի մասնակցությամբ հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) բարելավմանը և (կամ) շահագործմանը և (կամ) տեխնիկական սպասարկմանը միտված ծրագիր, որի ռիսկերը բաշխված են հանրային գործընկերոջ և մասնավոր հատվածի միջև, և որն ունի առնվազն հինգ տարվա տևողություն՝ հաշվարկված ՊՄԳ պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից.».

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«16) ՊՄԳ պայմանական պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների առավելագույն սահմանաչափ։ Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

«16․1) ՊՄԳ ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Կառավարության կողմից սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության ուղղակի պարտավորությունների տարեկան սահմանաչափ.».

6) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ-ի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-24.10-րդ կետերով.

«24.1) որակավորման հարցում (Request for Qualification, RFQ)՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգով որակավորվելու նպատակով հայտատուին առաջարկվող որակավորման չափանիշներ և պայմաններ.

24.2) առաջարկի հարցում (Request for Proposal, RFP)` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.

24.3) որակավորման հայտ՝ որակավորման հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.

24.4) հայտ` առաջարկի հարցման հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ, որը ներառում է ֆինանսական առաջարկ և (կամ) կարող է ներառել տեխնիկական առաջարկ.

24.5) հայտի (որակավորման հայտի) ապահովում` առաջարկի հարցման փուլում հայտով (որակավորման հայտով) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

24.6) պայմանագրի ապահովում` ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, որը նախատեսվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ, հրավերով և ՊՄԳ պայմանագրով.

24.7) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են տեխնիկական և ֆինանսական առաջարկները.

24.8) արժեքի վրա հիմնված ընտրություն` առաջարկի հարցման փուլում կիրառվող գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է տեխնիկական չափանիշները բավարարող լավագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.

24.9) ֆինանսական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված չափանիշներին համապատասխան ֆինանսական, գնային և (կամ) քանակական առաջարկ.

24.10) տեխնիկական առաջարկ՝ որակավորված հայտատուի կողմից առաջարկի հարցման փուլում սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան ներկայացվող առաջարկ.».

8) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)՝ ՊՄԳ ծրագիրը չի հանգեցնում ՊՄԳ պայմանական և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի գերազանցմանը՝ սահմանված լինելու դեպքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ է, որ ՊՄԳ ծրագիրը բավարարի հետևյալ բոլոր չափանիշները.

1) ապահովի հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգի.

2) ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն՝ ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի ՊՄԳ ընթացակարգով սահմանված բազային դրույքը.

3) գնահատված և ընտրված լինի որպես իրականացման ենթակա ծրագիր, հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան, և հաստատված լինի Կառավարության կողմից․

4) լինի ֆիսկալ առումով մատչելի.

5) կիրառելիության դեպքում ունենա ՓդԱ, որը մեծ է զրոյից:

2. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրներից ելնելով՝ լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված վերլուծությամբ կարող է տալ բացասական եզրակացություն, եթե հաշվարկների արդյունքում պարզվի, որ կնքվելիք պայմանագրի գծով ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը պայմանագրի իրականացման ժամկետի որևէ տարում կհանգեցնի ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափերի գերազանցման։

3․ Որոշելու համար՝ արդյոք ՊՄԳ պայմանական պարտավորությունների և (կամ) ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը կգերազանցվի, հաշվի է առնվում հետևյալը.

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի համաձայն իրականացվող ՊՄԳ ծրագրերը.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՊՄԳ ծրագրերը, որոնց վերաբերյալ ընդունվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ անցկացնելու մասին որոշում։»:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Կառավարության որոշմամբ սահմանվում են ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները։»:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.»:

 

Հոդված 8 Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «պայմանական» բառից հետո լրացնել «և ուղղակի» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ կետերով.

«2.1) քաղաքականություն մշակող մարմին է ներկայացնում ՊՄԳ ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման վերաբերյալ առաջարկներ.

2.2) ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով Կառավարությանը տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի պատրաստման և իրականացման գործընթացների` սույն օրենքին և ՊՄԳ ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ.

2.3) վարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան.

2.4) մասնակցում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի առաջմղմանը:»:

 

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կազմակերպում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը.».

2) 4-րդ կետի «հաղթած մասնակցի» բառերը փոխարինել «հաղթող հայտատուի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 10. ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-13-րդ մասերով.

«5. ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավաբանական անձը (մասնավոր նախաձեռնող) կարող է իրավասու մարմին ներկայացնել հնարավոր ծրագրի (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկ՝ այն որպես ՊՄԳ ձևաչափով իրականացման ենթակա ծրագիր գնահատելու նպատակով: Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կարգավորումները կիրառելի են այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

6. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, երբ՝

1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ.

2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկություններ և ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, որոնց նկատմամբ կիրառելի նվազագույն պահանջները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով.

3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույքն ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման.

4) մասնավոր նախաձեռնողն ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված ձևով անհետկանչելի պարտավորություն:

7. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատումը պետք է առնվազն ներառի՝

1) մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված տվյալների՝ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով նախնական ստուգում.

2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին առաջարկի համապատասխանության գնահատում: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված չափանիշին առաջարկի համապատասխանության գնահատումն իրականացվում է 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշին համապատասխանությունը՝ Կառավարության հաստատած` հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան: Ընդ որում, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման ընթացքում իրավասու մարմինը կամ լիազոր մարմինը կարող է մասնավոր նախաձեռնողից պահանջել վերջինիս և մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև ծրագրի առաջարկում իր նախաձեռնությամբ կատարել փոփոխություններ և լրացումներ:

8. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքում պարզ է դառնում, որ առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին, ապա այն ենթակա չէ ՊՄԳ ձևաչափով իրականացման:

9. ՊՄԳ ընթացակարգով կարող է նախատեսվել մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման առնչությամբ իրավասու մարմնի կողմից կատարվող ծախսերի՝ մինչև գնահատման իրականացումը հատուցելու կարգ, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի իրականացման դեպքում մասնավոր նախաձեռնողի կողմից դրան մասնակցելու պարտավորության ապահովման միջոցների կիրառման կարգ:

10. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում իրավասու մարմնի առաջարկությամբ Կառավարությունը կարող է ընդունել սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշում: Նման դեպքում մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկում ներառվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ենթակա է հրապարակման:

11. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցության դեպքում մասնավոր նախաձեռնողին տրամադրվելիք հետևյալ առավելություններից որևէ մեկը.

1) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով նախատեսված կարգով իրավասու մարմնի կողմից գնահատված ծախսերի փոխհատուցում.

2) մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հայտատուի ֆինանսական առաջարկին սեփական ֆինանսական առաջարկը համապատասխանեցնելու իրավունք: Ընդ որում, առավելությունը կարող է տրամադրվել հետևյալ բոլոր հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում.

ա. այդպիսի հանրային ծառայության մատուցումը կամ հանրային ենթակառուցվածքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել, կամ նախատեսվող ծրագրի ծավալը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում մատուցվող այդպիսի հանրային ծառայությունների և ապահովվող հանրային ենթակառուցվածքների ընդհանուր ծավալը՝ գումարային արտահայտությամբ: Սույն ենթակետում նշված ծրագրի ծավալը, ինչպես նաև հանրային ծառայությունների և հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը գումարային արտահայտությամբ որոշվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված կարգով,

բ. մասնավոր նախաձեռնողը տվյալ ոլորտում ունի ՊՄԳ ընթացակարգով նախատեսված բարձր վարկանիշ:

12. Եթե մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկն ուղեկցվում է միայն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ապա վերջինիս կարող է տրվել միայն սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելությունը:

13. ՊՄԳ ընթացակարգով հաստատվում են մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրերի շրջանակներում հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր ոլորտները, որոնցից դուրս ներկայացվող առաջարկները ենթակա չեն գնահատման՝ անկախ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներից:»:

 

Հոդված 12 Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. ՊՄԳ ծրագրի նախագիծը վերլուծության է ենթարկում լիազոր մարմինը, որից հետո լիազոր մարմինը եզրակացություն է տալիս ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:»։

 

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման և իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում: Կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջները:»:

 

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «ընթացակարգերին» բառը փոխարինել «ընթացակարգին» բառով:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.12-րդ հոդվածներով.

 

 «Հոդված 14.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի սկզբունքները

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի սկզբունքներն են`

1) մասնավոր գործընկերոջ ընտրության և դրա վրա ազդեցություն ունեցող այլ գործընթացների մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) իրավաբանական անձի համար անկախ նրա՝ օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացին մասնակցելու հավասար հնարավորության ապահովում.

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում:

 

Հոդված 14.2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով կամ այլ իրավական ակտերով: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուների՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը (իրավական որակավորումը) և դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ:

2. Հայտատուն պետք է համապատասխանի ՊՄԳ պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ և որակավորման հարցմամբ սահմանված որակավորման հետևյալ չափանիշներին.

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական կարողություններ և փորձառություն.

3) ֆինանսական և տնտեսական կարողություններ:

3. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

4. Որակավորման հարցմամբ սահմանվում են հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության տվյալ ընթացակարգի որակավորման համար անհրաժեշտ չափանիշները, կարգը և որակավորման համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

5. Արգելվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Սույն մասի իմաստով՝ փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝

1) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների)՝ ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսին.

2) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

3) նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու կամ դրանք կանխորոշելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.

4) նրանք տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:

 

Հոդված 14.3. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետևանքները

 

1. Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում առերևույթ հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրն իրավասու մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

 

Հոդված 14.4. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն

 

1. Որակավորման հարցումը և հայտարարությունը, առաջարկի հարցումը և հայտարարությունը, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին վերաբերող ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված կարգով ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն հայերենն է: Հայերենից բացի, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությամբ և (կամ) հրավերով նախատեսված լինելու դեպքում պաշտոնական լեզուն կարող է լինել նաև անգլերենը կամ ռուսերենը:

 

Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևերը և արդյունքների գնահատումը

 

1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման ձևերն են բաց ընթացակարգը և փակ ընթացակարգը:

2․ Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի։

3․ Բաց ընթացակարգն իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մեկ փուլով բաց ընթացակարգի իրականացում:

4․ Փակ ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման, իսկ որակավորման հարցումը տրամադրվում է միայն իրավասու մարմնի կողմից նախապես որոշված անձանց: Փակ ընթացակարգն իրականացվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը և պարունակում է պետական գաղտնիք:

5․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հայտի գնահատման եղանակներն են`

1) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ

2) արժեքի վրա հիմնված ընտրություն:

6․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ:

7․Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման, արդյունքների գնահատման կարգը, գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները, լիազորությունները և գործունեության իրականացման կարգը (այդ թվում՝ անդամների բացարկի հիմքերը և կարգը) սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

 

Հոդված 14.6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը և հրավերը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությանը, որակավորման հարցմանը և առաջարկի հարցմանը ներկայացվող պահանջները, ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում դրանց հրապարակման, դրանցում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

 

Հոդված 14.7. Որակավորման հարցման փուլը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգն սկսվում է որակավորման հարցման փուլով, որի մասին հրապարակվում է հայտարարություն և որակավորման հարցում:

2. Որակավորման հարցմամբ սահմանված կարգով գնահատվում են ներկայացված որակավորման հայտերը, որի արդյունքներով գնահատող հանձնաժողովը կազմում և հաստատում է որակավորված հայտատուների ցանկը:

3. Եթե որակավորման հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու և (կամ) որակավորվել է երկուսից պակաս հայտատու, բացառությամբ սույն օրենքի 14.10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է՝

1) որակավորման հարցման փուլի հայտարարությունը վերահրապարակվել.

2) որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվել:

4. Հայտատուն որակավորման հայտը լրացնում և ներկայացնում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Հայտատուն չի կարող մասնավոր գործընկերոջ ընտրության միևնույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի որակավորման հայտ:

5. Որակավորման հայտում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, որակավորման հայտերի կազմման, այդ թվում՝ որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի նկատմամբ պահանջները, դրանց ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, որակավորման հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև որակավորման հայտերի գործողության ժամկետները, որակավորման հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, որակավորված հայտատուների ցանկի հրապարակման և առաջարկի հարցման տրամադրման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

 

Հոդված 14.8. Առաջարկի հարցման փուլը

 

1. Առաջարկի հարցումը ներառում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում՝ դրանց տրվող կշիռները, ՊՄԳ պայմանագրի նախագիծը և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված այլ տեղեկություններ:

2. Առաջարկի հարցում տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որի չափը կամ դրա հաշվարկման կարգը սահմանվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

3. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցման փուլում նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկները:

4. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են՝ հիմք ընդունելով լավագույն ֆինանսական առաջարկը:

5. Նախքան առաջարկի հարցման փուլը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով (առկայության դեպքում): Սույն մասով նախատեսված աշխատանքային քննարկումների ժամանակ գնահատող հանձնաժողովը պետք է ապահովի բոլոր որակավորված հայտատուների միաժամանակյա մասնակցության հավասար հնարավորությունը, ինչպես նաև ապահովի այդպիսի քննարկումների արձանագրությունների վարումը՝ դրանք քննարկմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելով բոլոր որակավորված հայտատուներին:

6. Հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուն: ՊՄԳ ընթացակարգով նախատեսվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության կիրառման դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը:

7. Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական և ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետների, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը հաստատվում է ՊՄԳ ընթացակարգով:

 

Հոդված 14.9. Բողոքարկման կարգը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքներում շահագրգռվածություն ունեցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի, սույն օրենքի համաձայն, դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

 

Հոդված 14.10. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելը

 

1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1) որակավորման հայտերից կամ հայտերից ոչ մեկը չի համապատասխանում որակավորման հարցման կամ առաջարկի հարցման պայմաններին, կամ չի ներկայացվել որակավորման հայտ կամ հայտ.

2) ՊՄԳ պայմանագիր չի կնքվել:

2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու կարգը և այդ առնչությամբ ՊՄԳ ընթացակարգով սահմանված ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով: Փակ ընթացակարգի դեպքում սույն մասով նախատեսված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

 

Հոդված 14.11. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը

 

1. Առաջարկի հարցման փուլում հայտատուն հրավերով սահմանված չափով և կարգով ներկայացնում է հայտի ապահովում:

2. Հաղթող հայտատուն ՊՄԳ պայմանագրով սահմանված չափով և կարգով ներկայացնում է պայմանագրի ապահովում: ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել ՊՄԳ ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի համար առանձին պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջ:

3. Հայտի ապահովումը և պայմանագրի ապահովումը ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով:

4. Հայտատուն վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը:

5. Հայտի ապահովման և պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև դրանց վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:

6. ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման դեպքերը, կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը:

 

 Հոդված 14.12. Ուղիղ բանակցությունները

 

1. Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղակիորեն առնչվող բացառիկ դեպքերում ՊՄԳ պայմանագիրը կարող է կնքվել առանց մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի՝ ուղիղ բանակցությունների հիման վրա:

2. Ուղիղ բանակցությունների նկատմամբ կիրառելի պահանջներն ու դրանց իրականացման կարգը սահմանվում են ՊՄԳ ընթացակարգով:»:

 

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հաղթող ճանաչված հայտատուի» բառերը փոխարինել «հաղթող հայտատուի» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է հաղթող հայտատուի հիմնադրած իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերում սահմանված պահանջները և չափանիշները:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հաղթող հայտատուի հետ ՊՄԳ պայմանագրի կնքման, ինչպես նաև նոր հանգամանքների բերումով մինչև ՊՄԳ պայմանագրի կնքումն իրավական որակավորման պայմաններին՝ հաղթող հայտատուի չհամապատասխանելու դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով:»:

 

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կողմերի իրավունքները և պարտավորությունները, որոնք պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերը և այդ ռիսկերի՝ հանրային և մասնավոր գործընկերների միջև բաշխումը.».

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) պայմանագրի ապահովումը, դրա ներկայացման կարգը և մասնավոր գործընկերոջ կողմից դրա վճարման հիմքերը և կարգը.»:

 

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի և սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով իրականացվող կամ դրանց հիման վրա իրականացվելիք ՊՄԳ ծրագրերի վրա: Այդ ծրագրերի իրականացման կարգը և դրանց նկատմամբ կիրառելի պահանջները սահմանում է Կառավարությունը:

3. ՊՄԳ ընթացակարգի և ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի վերաբերյալ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգավորումներն ընդունվում են Կառավարության որոշումներով՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում:

4. Սույն օրենքի՝ ՊՄԳ ընթացակարգին և ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի վերաբերյալ կարգավորումներին հղում պարունակող դրույթները գործում են համապատասխան կարգավորումներն ուժի մեջ մտնելու պահից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-284-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան