Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-261-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2021 թվականի հունիսի 4-ին

            

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 7-րդ կետի առաջին նախադասության «արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են» բառերը փոխարինել «արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) պարտադիր գնման իրավունք, որը պաշտպանվում է» բառերով.

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.

«13.1) ինքնավար խումբ՝ ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով.

«23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.»:

            

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված գնման երաշխիքի ժամկետը լրացած, ինչպես նաև նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գնման երաշխիք չունեցող կայանների համար հանձնաժողովը սակագին չի սահմանում:»:

             

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «ե» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) միկրոէներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.

ե) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը՝ կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում:»:

          

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և ինքնավար էներգաարտադրողներից» բառերը:

            

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ, 1.3-րդ և 5-րդ մասերով.

«1.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի շրջանակում փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում տասնհինգ տարվա ընթացքում, իսկ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրակայանների դեպքում քսան տարվա ընթացքում տվյալ կայանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման (օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիք), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքի: Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվելու դրանից: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

1.3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձը և բացառապես սեփական կարիքի համար էլեկտրական էներգիա արտադրող անձն ունեն էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու իրավունք՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում:».

 «5. Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել նաև, երբ, անկախ այդ կայանի համար սույն հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը կամ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվում է սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող:».

2) 4-րդ մասի «ա» կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

         

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը «հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերով:

       

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու)» բառերից հետո լրացնել «, կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերով:

         

Հոդված 8. Օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից» բառերը:

                

Հոդված 9. Օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առևտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման, հաղորդման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև միկրոէներգաարտադրողները և որակավորված սպառողները:»:

          

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.

     

«Գ Լ ՈՒ Խ 9.1.

     

ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԿՐՈԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

        

Հոդված 56.1. Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը
              

1. Ցանկացած սպառող, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:

3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող սպառողի դիմումի հիման վրա ապահովել վերջինիս արտադրող տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով, իսկ երաշխավորված մատակարարը՝ կնքել փոխհոսքերի պայմանագիր՝ հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան:

4. Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում դրա մասնակիցները մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարում են հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում: Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման:

5. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:

6. Ինքնավար էներգաարտադրողը կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով: Սույն մասով նախատեսված դեպքում ինքնավար էներգաարտադրողն օրենքի ուժով ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ՝ առանց տվյալ էներգաարտադրության տեղակայանքի մասով ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը հետագայում վերականգնելու իրավունքի:

7. Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքը բաշխման ցանցին միացման, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով:

             

Հոդված 56.2. Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները

      

1. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցվում են անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից:

2. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան գումարվում է հաջորդող ամսում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներառված ինքնավար էներգաարտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին, իսկ հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար երաշխավորված մատակարարը ինքնավար էներգաարտադրողին, իսկ ինքնավար խմբի դեպքում խումբն ստեղծած ինքնավար էներգաարտադրողին վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով: Սույն կետի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

3. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով:

4. Ինքնավար խմբի մասնակիցների միջև ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և ինքնավար խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:

    

Հոդված 56.3. Միկրոէներգաարտադրողը

             

1. Միկրոէներգաարտադրողին տրվում է էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք: Սույն մասում նշված դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագներով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում:»:

          

Հոդված 11.

Օրենքի 59-րդ հոդվածում՝

                

1) 1-ին մասի «գ» կետը և 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.

«8. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը գործող՝ 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ կիրառվում են մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:

9. Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը մինչև 150 կՎտ տեղակայված հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստացած անձանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 56.3-րդ հոդվածով միկրոէներգաարտադրողի համար սահմանված կարգավորումը:»:

                    

 Հոդված 12.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

                      

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանձնաժողովն իր ընդունած որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում նախկինում տված լիցենզիաները համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին և ընդունում է սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր:

             

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-261-Ն

                     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: