Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-160-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2021-20.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1357
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի հասկացությունը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները, վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման պայմաններն ու կարգը:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:

3. Չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստի տրամադրման, նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1-ին հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-95-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն, խմբ. 09.07.20 ՀՕ-361-Ն)

 (09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն, 21.12.17 ՀՕ-290-Ն)

 

 Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը և տեսակները, մայրության նպաստի հասկացությունը

(վերնագիրը լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

4) (կետն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-206-Ն)

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

(3-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

 Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք

 

1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2. Անձը սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ)  վճարած լինելու դեպքում:

3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).

2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.

3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:

3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:

4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրվանից:

5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-290-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-78-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-361-Ն)

 (09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 5. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նպաստի իրավունքը

 

1. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:

(5-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-290-Ն)

 

 Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):

3. (մասն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 12.04.11 ՀՕ-123-Ն,  20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

 Հոդված 7. Վարձու աշխատողներին տրվող նպաստները

 

1. Վարձու աշխատողին տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) մայրության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

(7-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը

 

1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

2. Տևական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

(8-րդ հոդվածը փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:

(9-րդ հոդվածը փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 10. Վարձու աշխատողին տրվող առողջարանային բուժման նպաստը

 

1. Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:

2. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 11. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

1. Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

4. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը) ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

(11-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-150-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 12. Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից, բայց ուղեգրում նշված ժամանակահատվածից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող այլ վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:

(12-րդ հոդվածը լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 13. Նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

 

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում:

Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է այն աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 14. Նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում

 

1. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:

2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.12.14 ՀՕ-206-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում

 

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար` ընդհանուր հիմունքներով:

(15-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 16. Նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքած վարձու աշխատողին

 

1. (մասն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-206-Ն)

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

(16-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԸ

 

 Հոդված 17. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող նպաստները

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետևյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) մայրության.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

(17-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

 

 Հոդված 19. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Հոդված 20. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մայրության նպաստը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածների համար:

(20-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

 Հոդված 21. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

 

 1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում` դրանցով նախատեսված ժամանակահատվածի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

(վերնագիրը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:

2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը և սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

10. Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգի շրջանակում շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

(22-րդ հոդվածը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-290-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-361-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 23. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող նպաստի հաշվարկումը և վճարումը

 

1. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաստի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

 Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը

 

1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:

4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով։

5. Նպաստ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով.

2) եթե վարձու աշխատողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության.

3) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

6. Նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվան հաջորդող ամսվանից սկսած վեցամսյա ժամկետում:

7. Նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-361-Ն, լրաց. 27.05.21 ՀՕ-242-Ն)

 (09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

 Հոդված 25. Նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:

Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:

2. Մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի նշանակման և վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաև առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուսապատճենը:

3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

4. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.

4) առաջին հինգ աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն, լրաց., փոփ. 09.07.20 ՀՕ-361-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն)

(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 26. Նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելը

 

1. Աշխատողին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:

2. Չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 27. Պակաս վճարված նպաստի վճարումը, ավել վճարված նպաստի գումարի հետպահումը

 

1. Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից` սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող և վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալների կամ նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով:

Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

3. Եթե նպաստը նշանակվել և վճարվել է հաշվարկային մեխանիկական սխալով, ապա ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավել, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով ավել վճարված նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:

4. Եթե նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում:

5. Վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուներից մեկի մոտ ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, և ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:

6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, և պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-361-Ն)

(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

 

1. Հարկային մարմինը`

1) եկամտային հարկի ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ, այդ թվում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մայրության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքը.

2) (կետն ուժը կորցրել է 20.06.13 ՀՕ-95-Ն)

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն, փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն)

 

Հոդված 29. Նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը

 

1. Լիազոր մարմնի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Գործատուի` նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

 Հոդված 30. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 22

Երևան

ՀՕ-160-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան