Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-200-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասը «հիման վրա:» բառերից հետո լրացնել «Մրցակցություն սկզբունքից շեղում թույլատրվում է համաձայնեցման և համագործակցության վարույթներում:» նախադասությունով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) մեղադրյալի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է համագործակցությունը դադարեցվելուց կամ մեղադրյալի կողմից մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին կետով.

«3․1) ստորագրել մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր.»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով.

«1․1) դիրքորոշում հայտնել համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 16․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16․1) մինչև գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդությամբ.»․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16․2-րդ կետով.

«16․2) հսկող դատախազին միջնորդել կիրառելու համագործակցության վարույթ.»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) ներկայացվել է համաձայնեցման կամ համագործակցության վարույթ կիրառելու միջնորդություն.»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 119-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Համաձայնեցման և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «Դատական քննության արագացված կարգ» բառերը փոխարինել «Համաձայնեցման վարույթ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համագործակցության վարույթի դեպքում դատախազը գործը դատարան ուղարկելիս հարուցում է միջնորդություն համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 9․1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 9.1

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 45.1

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 375.1. Համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը

1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա:

2. Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:

3. Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը կարող է փոխել համաձայնեցման վարույթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելիս իր հայտնած դիրքորոշումը:

4. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝

1) ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ․

2) ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.

3) ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետևանքները.

4) առերևույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում՝ խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ.

5) վարույթում ներգրավված մի քանի ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.

6) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը.

7) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը։

Հոդված 375.2. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը

1. Դատարանը բավարարում է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 375․1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 375․1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները:

2. Ամբաստանյալի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կողմերի բանակցությունների համար սահմանում է առավելագույնը մեկամսյա ժամկետ:

3. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժում է որոշմամբ:

Հոդված 375.3. Համաձայնության վերաբերյալ բանակցությունները

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում ամբաստանյալի և նրա պաշտպանի հետ:

2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններում։ Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Պետությանը պատճառված վնասի դեպքում պետության անունից բանակցություններում հանդես է գալիս մեղադրողը:

3. Կողմերը բանակցում են հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածով սահմանված՝ բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ, եթե այդպիսին առկա է։

4. Բանակցությունների արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցի շուրջ:

5. Բանակցությունների արդյունքում կողմերը կարող են համաձայնության գալ բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի շուրջ:

6. Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.

2) մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

3) ամբաստանյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, ամբաստանյալի մոտ դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.

4) պաշտպանի անունը և ազգանունը.

5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը.

6) ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը.

7) ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը և արարքի իրավական գնահատականը.

8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը, եթե այդպիսին առկա է եղել․

9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.

10) բռնագանձման ենթակա գույքը և դրա չափը, եթե այդ հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:

7. Բանակցություններին մեկից ավելի ամբաստանյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն:

8. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը: Բանակցությունների արդյունքում համաձայնեցված պատիժը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված պահանջներին:

9. Համաձայնությունը համարվում է կնքված կողմերի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրվելու պահից:

10. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ մեղադրողը հանձնում է դատարանին և բանակցությունների մյուս մասնակիցներին:

11. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հարցերի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում դատարանը գործի քննությունը շարունակում է ընդհանուր կարգով:

Հոդված 375.4. Համաձայնության մասին արձանագրությունն ստանալուց հետո դատարանի գործողությունները

1. Համաձայնեցման վարույթով գործի քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41-րդ, 42-րդ և 45-րդ գլուխներով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխի պահանջները:

2. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:

3. Եթե համաձայնության մասին արձանագրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, ապա դատարանը, մատնանշելով թերությունները, համաձայնության մասին արձանագրությունը որոշմամբ վերադարձնում է կողմերին՝ սահմանելով թերությունները վերացնելու մինչև տասնհինգօրյա ժամկետ։

4. Դատարանը որոշմամբ չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է գործի քննությունը, եթե՝

1) ամբաստանյալին մեղսագրվող արարքը ակնհայտորեն կատարվել է ամբաստանյալ չհանդիսացող այլ անձի կողմից,

2) ամբաստանյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին,

3) դատարանի սահմանած ժամկետում չեն վերացվում համաձայնության մասին արձանագրությունը վերադարձնելու մասին որոշմամբ նշված թերությունները, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվում նոր թերություններ:

Հոդված 375.5. Համաձայնեցման վարույթով դատաքննությունը

1. Հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:

2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:

3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանն ամբաստանյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք ամբաստանյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները, պնդում է արդյոք կնքված համաձայնությունը և այն, որ համաձայնությունը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով:

4. Դատարանը պաշտպանին և մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:

5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:

6. Եթե դատարանը պարզում է, որ համաձայնության մասին արձանագրությամբ ամբաստանյալը չի արտահայտել իր իրական կամքը, չի գիտակցել կնքված համաձայնության հետևանքները, չի պնդում կնքված համաձայնությունը կամ չի պնդում, որ համաձայնությունը չի կնքվել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով, կամ եթե մինչև դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը կողմերից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին:

7. Համաձայնեցման մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը։

Հոդված 375.6. Համաձայնեցման վարույթով դատավճիռ կայացնելը

1. Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է մեղադրական դատավճիռ` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:

3. Այն հարցերը, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, մեղադրական դատավճռով դատարանը լուծում է՝ ըստ համաձայնության մասին արձանագրության:

4. Եթե առկա է քաղաքացիական հայց, ապա այն թողնվում է առանց քննության:

5. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:

6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 375.7. Համաձայնեցման վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները

1. Սույն օրենսգրքի 375.6-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.2-րդ գլխով:

 

«ԳԼՈՒԽ 45.2

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 375.8. Համագործակցության վարույթի նպատակը և կիրառելու հիմքը

 

1. Համագործակցության վարույթը կիրառվում է ծանր, առանձնապես ծանր, քրեական ենթամշակույթին առնչվող կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ապահովելու նպատակով:

2. Համագործակցության վարույթը կարող է նախաձեռնվել մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն (այսուհետ` համագործակցության միջնորդություն) ներկայացնելու դեպքում:

3. Հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից համագործակցության միջնորդությունը պետք է վերաբերի իրեն վերագրվող հանցագործության ծանրությանը համարժեք կամ առավել ծանր այն հանցագործությանը, որն առնչվում է մեղադրվող անձին առաջադրված մեղադրանքին, և առերևույթ կատարվել է այլ անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից համագործակցության միջնորդությունը կարող է վերաբերել նաև իրեն վերագրվող հանցագործության ծանրությանը համարժեք կամ առավել ծանր՝ քրեական ենթամշակույթին առնչվող կամ կոռուպցիոն այն հանցագործությանը, որն առերևույթ կատարվել է իր կամ այլ անձի կողմից:

Հոդված 375.9. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը

1. Համագործակցության միջնորդությունը ներկայացվում է հսկող դատախազին և ստորագրվում մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից:

2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը:

3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում է, որ մեղադրյալը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, և այն, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բնույթը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել հանցագործության բացահայտումն ապահովելուն աջակցելու նպատակով:

4. Համագործակցության միջնորդությունը մեղադրյալը կամ նրա պաշտպանը հսկող դատախազին հանձնում է քննիչի միջոցով: Եթե միջնորդությունը ներկայացնելու պահին մեղադրյալը պաշտպան չունի, ապա քննիչը միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում պաշտպանի հետ քննարկելու միջնորդությունը:

5. Մեղադրյալի և պաշտպանի ստորագրած միջնորդությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, քննիչն այն հանձնում է հսկող դատախազին՝ կցելով դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը:

6. Նույն վարույթով մեկից ավելի մեղադրյալների կողմից մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համագործակցության համաձայնագիր) կնքելու ցանկություն արտահայտելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է համագործակցության առանձին միջնորդություն:

Հոդված 375.10. Համագործակցության միջնորդության լուծումը

1. Համագործակցության միջնորդությունը և դրա վերաբերյալ քննիչի դիրքորոշումն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հսկող դատախազը որոշում է կայացնում համագործակցության միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

2. Համագործակցության միջնորդությունը մերժվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 375․8-րդ և 375․9-րդ հոդվածներով սահմանված պայմաններին, կամ եթե հսկող դատախազը տվյալ համագործակցությունը համարում է ոչ անհրաժեշտ:

Հոդված 375.11. Համագործակցության համաձայնագիր կազմելու կարգը

1. Համագործակցության միջնորդությունը բավարարելու դեպքում հսկող դատախազը մեղադրյալի և նրա պաշտպանի մասնակցությամբ կազմում է համագործակցության համաձայնագիր:

2. Համագործակցության համաձայնագրի մեջ նշվում են`

1) այն կազմելու տեղը և ժամանակը.

2) հսկող դատախազի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի կամ ուսման վայրը, դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.

4) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա ժամկետը.

5) պաշտպանի անունը, ազգանունը և վարույթին նրա մասնակցության հիմքը.

6) մեղադրյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը և արարքի իրավական գնահատականը.

7) համագործակցության բնույթը և այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել համագործակցության նպատակին հասնելու համար.

8) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված պահանջներին համապատասխան՝ համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.

9) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածով բռնագանձման ենթակա գույքը և դրա չափը, եթե այդպիսին առկա է, ու դրա շուրջ ձեռք է բերվել համաձայնություն․

10) մեղադրյալի գրավոր տեղեկացումն այն մասին, որ համագործակցությունից հրաժարվելու դեպքում համագործակցության արդյունքում ստացված փաստական տվյալները կարող են օգտագործվել որպես ապացույց.

11) մեղադրյալի գրավոր հայտարարությունն այն մասին, որ համագործակցության համաձայնագիրը կնքում է կամավոր, գիտակցում է դրա բնույթն ու հետևանքները, համաձայնագրի կնքումը խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցության արդյունք չէ:

3. Համագործակցության նպատակին հասնելու համար մեղադրյալի կողմից կատարվող գործողությունները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հանցակիցների բացահայտման, բռնագանձման ենթակա գույքի պատկանելության, գտնվելու վայրի կամ դրա հնարավոր փոխակերպման վերաբերյալ տեղեկությունների տրամադրմամբ։

4. Եթե առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, որը հատուցված չէ համաձայնագիրը կնքելու պահին, և որն առաջացել է միայն տվյալ մեղադրյալի գործողությունների արդյունքում, ապա համագործակցության համաձայնագրում նշվում է նաև այդ վնասը լրիվ հատուցելու մեղադրյալի պարտականությունը:

5. Եթե մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում անհրաժեշտ է համապատասխան անձի նկատմամբ ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցներ, ապա այդ մասին նշվում է համագործակցության համաձայնագրում:

6. Համագործակցության համաձայնագիրն ստորագրում են հսկող դատախազը, մեղադրյալը և պաշտպանը: Համագործակցության համաձայնագրի մեկական օրինակ հանձնվում է մեղադրյալին և պաշտպանին:

7. Համագործակցության համաձայնագիր կնքելու մասին մեկից ավելի մեղադրյալների միջնորդություններ բավարարելու դեպքում հսկող դատախազը նրանցից յուրաքանչյուրի հետ կնքում է առանձին համաձայնագիր:

8. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննության ընթացքում համագործակցության համաձայնագիրը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լրացվել՝ սույն հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:

Հոդված 375.12. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը

1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:

2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումը, ինչպես նաև համագործակցության համաձայնագիրը:

3. Մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում քննիչը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կնքված փակ ծրարում պահելու, ինչպես նաև համապատասխան անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին:

4. Նախաքննության ավարտից հետո քննիչը, սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար:

Հոդված 375.13. Համագործակցությունից հրաժարվելը

1. Մինչև համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունների կատարումը մեղադրյալն իրավունք ունի գրավոր դիմումով հրաժարվելու համագործակցությունից: Այդ դեպքում հսկող դատախազի որոշմամբ համագործակցությունը դադարեցվում է, և քրեական գործով վարույթը շարունակվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 375.14. Համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությունը

1. Սույն օրենսգրքի 274-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հսկող դատախազը, ուսումնասիրելով քննիչից ստացած քրեական գործը, ինչպես նաև մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող փաստական տվյալները, հաստատում է մեղադրական եզրակացությունը և իրավասու դատարան միջնորդություն է հարուցում մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին կամ որոշմամբ մերժում է այդպիսի միջնորդությամբ վարույթի նյութերը դատարանին հանձնելը, եթե մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:

2. Միջնորդության մեջ նշվում են`

1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները.

2) հանցագործության բացահայտումն ապահովելու համար մեղադրյալի համագործակցության նշանակությունը.

3) մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող փաստական տվյալները.

4) համաձայնեցված պատիժը (պատժատեսակն ու պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.

5) բռնագանձման ենթակա գույքը և դրա չափը, եթե այդպիսին առկա է, ու դրա շուրջ ձեռք է բերվել համաձայնություն.

6) մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ նրա հետ կապված այլ անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցները, դրանց հիմքերը և նպատակը:

3. Միջնորդության պատճենը հանձնվում է մեղադրյալին և նրա պաշտպանին, որոնք իրավունք ունեն դրա վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնելու դատարանին:

4. Մեղադրյալին և պաշտպանին հանձնվում է մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությամբ քրեական գործը դատարանին հանձնելը մերժելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում: Մինչև բողոքի լուծումը քրեական գործը չի կարող ուղարկվել դատարան:

Հոդված 375.15. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հիմքը և պայմանները

1. Համագործակցության վարույթով գործի քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41-րդ, 42-րդ և 45-րդ գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն գլխի պահանջները:

2. Դատարանը մինչև դատաքննությունն սկսելը քննարկում է համագործակցության համաձայնագիր կնքած ամբաստանյալի նկատմամբ դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու հարցը, եթե դատախազը քրեական գործը դատարանին հանձնելիս նման միջնորդություն է հարուցել:

3. Դատարանը բավարարում է դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու միջնորդությունը, եթե համոզվում է, որ`

1) համագործակցության համաձայնագիրն ամբաստանյալը կնքել է կամավոր, նա գիտակցում է համաձայնագրի կնքման հետևանքները և պնդում է, որ համաձայնագիրը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով.

2) համագործակցության համաձայնագիրն ամբաստանյալը կնքել է պաշտպանի մասնակցությամբ և սույն գլխով նախատեսված մյուս պահանջների պահպանմամբ.

3) ամբաստանյալը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին.

4) ներկայացվել են ամբաստանյալի կողմից համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու մասին առերևույթ բավարար փաստական տվյալներ.

5) ամբաստանյալի համագործակցությունը չի հանգել մինչև համագործակցությունն իրեն մեղսագրվող արարքի կատարմանը բացառապես իր մասնակցության մասին տվյալներ հայտնելուն.

6) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը նա չի կատարել.

7) առկա չեն ակնհայտ տվյալներ այն մասին, որ ամբաստանյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականը չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմաններից մեկի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին:

5. Դատախազի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:

Հոդված 375.16. Համագործակցության վարույթով դատաքննությունը

1. Համագործակցության վարույթով հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի և տուժողի պարտադիր մասնակցությամբ:

2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համագործակցության համաձայնագրի հրապարակմամբ: Մեղադրողը դատարանին է ներկայացնում ամբաստանյալի համագործակցության փաստը և պարզաբանում, թե հատկապես ինչում է դա արտահայտվել:

3. Ամբաստանյալը և պաշտպանն իրավունք ունեն իրենց նկատառումները հայտնելու ամբաստանյալի համագործակցության բնույթի և այլ էական հանգամանքների վերաբերյալ:

4. Դատաքննության ընթացքում հետազոտվում են համագործակցության համաձայնագիրը և այն փաստական տվյալները, որոնք հաստատում են՝

1) ամբաստանյալի համագործակցության բնույթն ու սահմանները.

2) ամբաստանյալի կողմից համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը.

3) հանցագործության բացահայտումն ապահովելու գործում ամբաստանյալի հետ համագործակցության դերը և նշանակությունը.

4) համագործակցության արդյունքում ամբաստանյալի, նրա մերձավոր ազգականի կամ ամբաստանյալի հետ կապակցված այլ անձի անվտանգության սպառնալիքի աստիճանը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստական տվյալները հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը:

Հոդված 375.17. Համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելը

1. Համագործակցության վարույթի արդյունքով դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է մեղադրական դատավճիռ` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Դատավճռում շարադրվում են`

1) ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի փաստական նկարագրությունը և իրավական գնահատականը.

2) ամբաստանյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունները կատարելու վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող փաստական տվյալները.

3) համագործակցության նպատակին հասնելու վերաբերյալ դատարանի հետևությունները, ինչպես նաև այդ հետևությունները հաստատող փաստական տվյալները:

3. Հետազոտված փաստական տվյալներով ամբաստանյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների կատարումը, ինչպես նաև համագործակցության նպատակին հասնելը հաստատված համարելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ կայացնում է մեղադրական դատավճիռ: Այն հարցերը, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, մեղադրական դատավճռով դատարանը լուծում է՝ ըստ համագործակցության համաձայնագրի:

4. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները չհաստատվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու և ընդհանուր կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 375.18. Համագործակցության վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները և դրա վերանայման առանձնահատկությունները

1. Համագործակցության վարույթով կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով:

2. Եթե ամբաստանյալի նկատմամբ սույն գլխի կանոններին համապատասխան կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերվում է, որ նա քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությունը, ապա դատավճիռը ենթակա է վերանայման սույն օրենսգրքի 49․1-ին գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 376.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշումը.»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշումը՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասում «45.1 գլխի» բառերը փոխարինել «45.1 և 45.2 գլուխների» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 388-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունն սկսվում և ավարտվում է նյութը ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան հինգ օրով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 390-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 414.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետի ընթացքում: Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև տասնհինգօրյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետի ընթացքում։»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 414.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետի ընթացքում։»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 426.3-րդ հոդված 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) համագործակցության վարույթով դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմնավորում են, որ համագործակցության համաձայնագիր կնքած անձը քրեական հետապնդման մարմնին դիտավորյալ հայտնել է սուտ տեղեկություններ կամ թաքցրել է որևէ էական տեղեկություն կամ խոչընդոտել է համագործակցության արդյունքում բացահայտված հանցագործության հետագա քննությանը:»:

 

Հոդված 20. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

2. Սույն օրենքով նախատեսված համաձայնեցման վարույթը կիրառվում է այն քրեական գործերով, որոնցով սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս գործով դատաքննություն սկսելու վերաբերյալ որոշում չի կայացվել:

3. Սույն օրենքով նախատեսված համագործակցության վարույթը կարող է կիրառվել նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եթե դա հնարավոր է իրականացնել սույն օրենքի պահանջների պահպանմամբ:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-200-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: