Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-202-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2021-15.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, և անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով․

«3. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։

4․ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կարող են հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը և կազմը։»․

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) և թեկնածուների հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով և տեղադրվում հանձնաժողովի համացանցային կայքում։»․

4) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ տեղեկատվություն է հրապարակում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության, այն համայնքի, որտեղ անցկացվում է ընտրություն, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, իր համացանցային կայքում հրապարակում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ նաև արտահերթ ընտրությունների ժամանակացույցը։»․

5) 9-րդ մասի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասությունների «տարածքային ընտրական հանձնաժողով» և «Տարածքային ընտրական հանձնաժողովներն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» և «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն» բառերով․

6) 10-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասության «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերով և նույն պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։»․

7) 10-րդ մասի երկրորդ պարբերության «ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերը փոխարինել «ըստ ընտրական տեղամասերի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների» բառերով․

8) 11.1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։»․

9) 11.1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով, ինչպես նաև» բառերը․

10) 11.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով մրցույթի արդյունքով ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում և հեռարձակվում են նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը։ Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։»․

11) 11.1-ին մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Տեսանկարահանված նյութերի պատճենները՝ գրավոր դիմումի հիման վրա, կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, և դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ։»․

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան չորս օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկական սարքավորուﬓերով գրանցված ընտրողների տվյալների հիման վրա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտրողների ռեգիստրում լրացնում է ընտրողի մասնակցության մասին տեղեկատվություն, որը պահպանվում է մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

«Հոդված 8.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը

 

1․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը (այսուհետ նաև՝ Հանձնաժողովի համացանցային կայք) տեղեկատվություն է պարունակում ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության մասին, ներառյալ նիստերի ժամանակացույց, օրակարգ, նիստերի ուղիղ հեռարձակում, տեսաձայնագրություններ և որոշումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկատվությունը տեղադրվում է բաց տվյալների և մատչելի ձևաչափով։

Հանձնաժողովի համացանցային կայքն օգտագործվում է նաև ընտրությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների գրանցման համար։

2․ Հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելիս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են մշտական օգտահաշիվ, որի միջոցով կարող են իրականացնել հետագա գրանցումները։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտահաշիվները գործում են միայն մինչև համապատասխան ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։

3․ Հանձնաժողովի համացանցային կայքը պարունակում է նախաքվեարկության գործիք, որն Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հնարավորություն է տալիս այն օգտագործելու նախընտրական ցուցակի մասնակցային ձևավորման համար։ Նախաքվեարկության գործիքի միջոցով ընտրական ցուցակի ձևավորումը կամավոր է և չի փոխարինում ընտրական ցուցակների հաստատման վերաբերյալ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է նախաքվեարկության գործիքի տեխնիկական նկարագիրը և կիրառման կարգը։ Քվեարկության ընթացքում ապահովվում է քվեարկությանը մասնակցած անձանց տվյալների գաղտնիությունը, ներառյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար։

4․ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով գրանցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության իրենց թեկնածուներին և մասնագիտական դասընթացների մասնակիցներին։ Մասնագիտական դասընթացների մասնակցության համար քաղաքացիները կարող են գրանցվել նաև ինքնուրույն՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։

5․ Հավատարմագրման կամ առաջադրման համար Հանձնաժողովի համացանցային կայքում մուտքագրվող տվյալներն ինքնաշխատ կերպով համեմատվում են միմյանց և Հանձնաժողովի համացանցային կայքում առկա այլ տվյալների հետ՝ անհամատեղելի կարգավիճակով անձի գրանցումը բացառելու համար։

6․ Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը, դրա վարման կարգը, հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը և կիրառվող էլեկտրոնային ձևանմուշները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ընտրելու իրավունք ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ» բառերով․

2) 3-րդ մասի առաջին նախադասության «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն,» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3․1․Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և լրացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։ Լիազոր մարմինը դիմողին տրամադրում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին տեղեկանք։ Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այլ անձի անունից դիմում ներկայացվելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել լիազորագիր։

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։».

4) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից։»․

5) 4-րդ մասի երկրորդ նախադասության «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը՝ «ոչ ուշ, քան 12 օր առաջ» բառերով․

6) 5-րդ մասի առաջին նախադասության «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն,» բառերով․

7) 6-րդ մասի առաջին նախադասության «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «մինչև 1000» բառերը փոխարինել «մինչև 1200» բառերով, իսկ «1000-ից ավելի» բառերը՝ «1200-ից ավելի» բառերով։

 

Հոդված 6. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան երեք օր հետո լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` ըստ համայնքների:

Լիազոր մարմինը Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների և ընտրական տեղամասերի, իսկ Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ըստ վարչական շրջանների և ընտրական տեղամասերի:

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) հերթական և արտահերթ ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների և ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան ութ օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։»․

2) 4-րդ մասի «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած, այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին, ներառյալ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին։»․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 10. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը» բառերը փոխարինել «ապահովվեն քվեարկության բնականոն ընթացքը և հանձնաժողովի բնականոն աշխատանքը» բառերով․

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Միևնույն շինությունում մեկից ավելի տեղամասային կենտրոնների տեղակայման անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տրվում է այնպիսի շինությունների, որոնց դեպքում տեղամասային կենտրոններն ապահովված են առանձին մուտքերով։»․

3) 5-րդ մասի «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ» բառերը փոխարինել «տեղաշարժման դժվարություններ և տեսողության խնդիրներ» բառերով․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 11. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 1-ին մասից հանել «, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին» բառերը․

3) 2-րդ մասը «տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը» բառերից հետո լրացնել «կամ քվեարկության սենյակի կահավորումը» բառերով․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Համայնքի ղեկավարը կազմում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի համապատասխանությունը սույն օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին։ Եթե տեղամասային կենտրոնը կամ քվեարկության սենյակը չի համապատասխանում սույն օրենսգրքի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին, ապա համայնքի ղեկավարն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության օրը, կատարում է համապատասխան փոփոխություններ և փոփոխությունների մասին տեղեկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։»․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինը քվեարկությանը նախորդող իններորդ օրվանից քվեարկության նախորդ օրը ներառյալ ընտրողներին ծանուցում է քվեարկության օրվա, իրենց ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին։ Ծանուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը։»։

 

Հոդված 12. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերության «7-րդ օրը» բառերը փոխարինել «5-րդ օրը» բառերով․

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով․

«Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ ութերորդ օրվանից։»․

3) 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.

«1.1. Սույն օրենսգրքի իմաստով՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։

1.2. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի կողմից համերգների, ներկայացումների, մարզական միջոցառումների, ֆիլմերի ցուցադրության և այլ միջոցառումների ֆինանսավորումը կարող է իրականացվել միայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

1.3. Քաղաքական գովազդը նախընտրական քարոզչության ձևերից է, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։ Քաղաքական գովազդը ներառում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ։ Քաղաքական գովազդ են համարվում նաև տեսաձայնային հայտարարություններն այն մասին, որ համերգները կամ հանրային այլ միջոցառումներն իրականացվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի աջակցությամբ, կամ որոնք ներառում են թեկնածուի կողմից այդ հանրային միջոցառումներին մասնակցության մասին փաստի հիշատակում։

1.4. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն համարվում նախընտրական քարոզչություն։ Այդպիսի հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։»․

5) 3-րդ մասը «20 oր» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 7 օր» բառերով․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Սույն հոդվածի իմաստով՝ կազմակերպությունը համարվում է կուսակցության կողմից ղեկավարվող, եթե կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ։ Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաև այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։»։

 

Հոդված 13. Օրենսգրքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

 

1. Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն սույն օրենսգրքով սահմանված չափով ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

2. Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոնների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

3. Ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների վերաբերյալ նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն առավելագույնը չեզոք։

Թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական քարոզչություն չիրականացնելը զանգվածային լրատվության միջոցի համար հիմք չէ տվյալ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության մասին տեղեկություններ չհրապարակելու համար։

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:

4. Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն և հավասար պայմաններ։

Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նախընտրական բանավեճերի քանակը չպետք է պակաս լինի երեքից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տևողությամբ, իսկ բանավեճերից առնվազն ﬔկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հավասար թվով նախընտրական բանավեճերի։

70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն ﬔկական, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ առնվազն երկու նախընտրական բանավեճ, որոնց մասնակցության հավասար պայմաններ են ապահովվում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

Հանրային ռադիոն և հանրային հեռուստաընկերությունը ողջաﬕտ հաճախականությամբ հեռարձակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած սոցիալական գովազդները:

5. Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50 տոկոսը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել։

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռուստառադիոհեռարձակում, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների վրա՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս բոլոր հեռարձակողների վրա։

Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը, և որը մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել։

7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:

8. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:

9. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները հեռուստառադիոհեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:

10. Տեսալսողական և լսողական հաղորդումներ հեռարձակող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

11. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ)։ Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակում և Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում 2 օր հետո հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա, կաբելային և արբանյակային կապով եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը։

12. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի և 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ։

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:

 13. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ։

14. Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամերի և նախընտրական բանավեճերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։»։

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Նախընտրական քարոզչությունը համացանցում

 

1. Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաև համացանցային կայքի իրավատեր հանդիսացող անձինք նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ։

2. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համացանցում, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով, նախընտրական քարոզչությանը վերաբերող՝ վճարովի հիմունքներով գովազդային նյութեր և տեսանյութեր կարող են տեղադրվել միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

3. Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով։ Նախընտրական քարոզչական նյութերի և տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ։»։

 

Հոդված 15. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը «5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված» բառերով, նույն մասի «21-օրյա» բառերը փոխարինել «10-օրյա» բառերով, իսկ առաջին և իններորդ նախադասությունների «Երևանի» բառը՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով։

 

Հոդված 16. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ լրագրողական հարցման արդյունքները հրապարակելիս հարցում իրականացնող զանգվածային լրատվության միջոցը, ինչպես նաև հարցման արդյունքները վերահրապարակող կամ լուսաբանող անձինք պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը։»։

 

Հոդված 17. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին պարբերությունով.

«1․Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:»․

2) «նախընտրական քարոզչություն» բառերից հետո լրացնել «կազմակերպելը կամ» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով.

«13) Հանրապետության նախագահին․

14) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին։»։

 

Հոդված 18. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 2 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու,»։

 

Հոդված 19. Օրենսգրքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության մեջ «7 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «5 օրվա ընթացքում» բառերով․

2) 1-ին մասի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։»․

3) 1-ին մասի վեցերորդ նախադասությունը «ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է ունենան անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու հնարավորություն (օնլայն բանկինգ, վճարային քարտ և այլն)» բառերով․

4) 2-րդ մասի 1-ին կետի «իր անձնական միջոցներից» բառերը փոխարինել «իր կատարած նվիրատվություններից» բառերով․

5) 2-րդ մասի 2-րդ կետի «տրամադրած միջոցներից» բառերը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով․

6) 2-րդ մասի 3-րդ կետի «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով․

7) 3-րդ մասի 1-ին կետի «միջոցներից» բառը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով․

8) 3-րդ մասի 2-րդ կետի «անձնական միջոցներից» բառերը փոխարինել «կատարած նվիրատվություններից» բառերով․

9) 3-րդ մասի 3-րդ կետի «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով․

10) 4-րդ մասի երկրորդ նախադասության «մուծումները» բառը փոխարինել «նվիրատվությունները» բառով․

11) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով․

«5.1. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն։»․

13) 6-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

14) 7-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և տեղադրում իր համացանցային կայքում։»։

 

Հոդված 20. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին են կատարվում`

1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը.

2) համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը.

3) նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման ծախսերը.

4) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման ծախսերը.

5) ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը.

6) քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված ծախսերը.

7) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների).

8) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը.

9) վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը, եթե մեկ վստահված անձի հաշվով փոխհատուցման գումարը գերազանցում է 10 000 դրամը։

Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում։․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

«1.1. Նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով։ Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով։»․

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզում է, որ նախընտրական քարոզչության համար ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չեն ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա հարուցում է վարչական վարույթ։ Եթե հարուցված վարույթի ընթացքում հիմնավորվում է նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով։»․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե վարչական վարույթի ընթացքում հիմնավորվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառում է վարչական տույժ՝ հիմնադրամի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։»․

5) 6-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով․

6) 8-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․

7) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններից հետո կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջև, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ։»․

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով․

«9.1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններից հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցությանը, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ փոխանցվում են թեկնածուին։»․

9) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. Նոր հերթական կամ նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները տնօրինվում են սույն հոդվածի 9-րդ և 9.1-ին մասերով սահմանված կարգով։»։

 

Հոդված 21. Օրենսգրքի 28-րդ հոդվածում՝

1) վերնագրի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․

2) 1-ին մասի առաջին պարբերության առաջին նախադասության «մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո» բառերը փոխարինել «նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո» բառերով․

3) 1-ին մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով կատարված և հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր և այլն)։»․

4) 1-ին մասի երկրորդ պարբերության «մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով․

5) 2-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով․

6) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների ժամանակագրությունը, նվիրատվության գումարի չափը և նվիրատվություն կատարած անձանց մասին տվյալները.»․

7) 4-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 22. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենսգրքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 23 Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։»։

 

Հոդված 24 Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով․

«2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։ Հավատարմագրման հայտը հաստատելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին։

Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների համատեղ ցանկ։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ հասարակական կազմակերպությունը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։»․

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։»․

3) 4-րդ մասը «կամ ուսուցման մասին» բառերից հետո լրացնել «, կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով» բառերով․

4) 6-րդ մասի երրորդ նախադասությունը «հավատարմագրում չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում» բառերով․

5) 8-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը կարող է փոփոխվել քվեարկության օրվանից մինչև 3 օր առաջ։

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում զանգվածային լրատվության միջոցին՝ ներբեռնման և տպագրության համար։»․

6) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 25 Օրենսգրքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «իսկ քվեարկության ընթացքում՝ նաև» բառերից հետո լրացնել «տեղամասային կենտրոնում և» բառերով․

2) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով․

3) 1-ին մասի 5-րդ կետը «ընտրողների ցուցակների» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորման» բառերով․

4) 3-րդ մասը «ներկայացնելու պահանջներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։

 

Հոդված 26 Օրենսգրքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վստահված անձանց վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։»։

 

Հոդված 27 Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 28 Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» և «տարածքային ընտրական հանձնաժողովներ» բառերը համապատասխան հոլովաձևերով համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» և «տարածքային ընտրական հանձնաժողովներ» բառերով․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում, համարակալվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները և նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ։»:

 

Հոդված 29․ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով, իսկ երկրորդ պարբերության «տարածքային ընտրական հանձնաժողովների» բառերը՝ «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով։

 

Հոդված 30 Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իր գործունեության ընթացքում, ինչպես նաև հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն։»․

2) 9-րդ մասի «Տարածքային» բառը փոխարինել «Ընտրատարածքային» բառով։

 

Հոդված 31 Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.9-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։»․

3) 4-րդ մասի «Տարածքային ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով․

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված են ընտրությունների քվեարկության անցկացման տարբեր օրեր: Եթե մեկ բնակավայրում կազմավորվել են մեկից ավելի տեղամասային կենտրոններ, ապա անձը կարող է լինել միայն այն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, որին սպասարկող տեղամասային կենտրոնը տեղակայված չէ իր աշխատանքի վայրում։»․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո հանձնաժողովի անդամները մասնակցում են ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներին, որոնք կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր սահմանած ժամանակացույցին համապատասխան։ Գործնական դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։»։

 

Հոդված 32 Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

1) վերնագրի և հոդվածի «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 3-րդ մասի 3-րդ կետի «պետական ոչ առևտրային կազմակերպություններում» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններում» բառերով․

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար իր պաշտոնական կայքում հրապարակում և զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների դիմումների ներկայացման ժամկետների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դիմումների ներկայացման ժամկետը պետք է ընդգրկի հայտարարության հրապարակումից հետո առնվազն երկու շաբաթ, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է ընտրություններ նշանակվելուց հետո։ Ընտրություններ նշանակվելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում կարող են սահմանվել դիմումները ներկայացնելու ավելի կարճ ժամկետներ։»։

 

Հոդված 33 Օրենսգրքի 44-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 34 Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 6-րդ մասի՝

ա. 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.9-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, կամ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում։»,

բ. 5-րդ կետի երկրորդ պարբերության «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

 

Հոդված 35 Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 4-րդ մասի երկրորդ պարբերության «հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը՝ ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում, և» բառերը փոխարինել «հարցեր կարող է ներկայացնել» բառերով։

 

Հոդված 36 Օրենսգրքի 47-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 37 Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 7-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով․

3) 12-րդ մասի 3-րդ կետից հանել «, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին» բառերը․

4) 17-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետի «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով։

 

Հոդված 38 Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին նախադասությունով. «Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։», ինչպես նաև հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման կարգը։»:

 

Հոդված 39. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում: Վերահաշվարկի դիմումով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում։»․

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Երկրորդ հերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում են բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, կամ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա է գրառում սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկանքը տպելու անհնարինության մասին։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում։ Յուրաքանչյուր հերթի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։»․

4) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ծանրաբեռնվածության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով՝ զուգահեռ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը։»:

 

Հոդված 40․ Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետը «սահմանում» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառով․

2) 2-րդ մասի 8-րդ կետի «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով․

3) 2-րդ մասի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) իրականացնում է ընտրությունների վերաբերյալ հանրային իրազեկում.»։

 

Հոդված 41 Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) վերնագրի և հոդվածի «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության, այդ թվում՝ հայտնաբերված խախտումների և դրանց վերացման ուղղությամբ՝ օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկման, ինչպես նաև հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի կողմից գրանցամատյանում արձանագրված գնահատականների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին.»։

 

Հոդված 42 Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 43 Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Քվեարկության սենյակի կահավորումը չի կարող իրականացվել կամ փոփոխության ենթարկվել այնպես, որ կահավորումը հակասի սույն հոդվածի պահանջներին։»։

 

Հոդված 44 Օրենսգրքի 58-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «(բացառությամբ Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և 70 000 ու ավելի ընտրող ունեցող՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերով․

2) 3-րդ մասի «և թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն» բառերով։

 

Հոդված 45 Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։»․

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության անվանումը կամ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։ Եթե 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան վերադաս ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։»։

 

Հոդված 46 Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության «առնվազն 30 օր առաջ» բառերը փոխարինել «առնվազն 20 օր առաջ» բառերով:

 

Հոդված 47 Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, կնիքը» բառերը փոխարինել «Ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը» բառերով։

 

Հոդված 48 Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։»։

 

Հոդված 49 Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում «մինչև 1000 ընտրողի» բառերը փոխարինել «մինչև 1200 ընտրողի» բառերով։

 

Հոդված 50 Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը «յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ» բառերից հետո լրացնել, «, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ» բառերով․

2) 7-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «վերգետնյա եթերային» բառերը․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով․

«9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դրույթները չեն գործում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված, ընդունվել է կարանտին սահմանելու մասին որոշում, և բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգավորելու մարդկանց հոսքը տեղամասային կենտրոն, այդ թվում՝ քվեարկության սենյակ։»։

 

Հոդված 51 Օրենսգրքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերով․

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար (միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում` քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ)։»․

3) 3-րդ մասի առաջին նախադասությունը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների» բառերով․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա կիրառվում է դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։»․

5) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու» բառերով․

6) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։»։

 

Հոդված 52 Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 2-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունից հանել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը․

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու» բառերով․

4) 4-րդ մասի առաջին պարբերության «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերով։

 

Հոդված 53 Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր։»․

2) 2-րդ մասի «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերով․

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր։»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Եթե ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր, ապա քվեաթերթիկը մարվում է ծրարի և ծրարում առկա իրի հետ այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել իրի առկայությունը։ Այդ մասին կատարվում է համապատասխան գրառում գրանցամատյանում։»:

 

Հոդված 54 Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 9-րդ մասը «արձանագրության երկու օրինակը,» բառերից հետո լրացնել «արձանագրության մեկ քաղվածք,» բառերով։

 

Հոդված 55 Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

1) վերնագրի և հոդվածի «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «արձանագրության մեկ օրինակը» բառերից հետո լրացնել «և արձանագրության մեկ քաղվածք» բառերով։

 

Հոդված 56 Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրում և հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 57 Օրենսգրքի 75-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 58 Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։»:

 

Հոդված 59 Օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ։ Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների հաստատումը թեկնածուների այն մասով, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը։»։

 

Հոդված 60 Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 9-րդ կետերի «ընտրական ցուցակներում» բառերը փոխարինել «ընտրական ցուցակում» բառերով․

2) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կուսակցությունների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 7 500-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 15 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.»․

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում է դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում։»․

4) 7-րդ մասի առաջին պարբերության «ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով։

 

Հոդված 61 Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր համացանցային կայքում ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների և նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը։»:

 

Հոդված 62 Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։

 

Հոդված 63․ Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված նվիրատվություններից։․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ նվիրատվություն կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։»․

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամ նվիրատվություն կատարել առավելագույնը նվազագույն աշխատավարձի 5 000-ապատիկի չափով գումար։»․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ։»։

 

Հոդված 64 Օրենսգրքի 93-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 93. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը ռադիոյով և հեռուստատեսությամբ».

 

2) 1-ին մասի «հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության» բառերը փոխարինել «ռադիոյի և հեռուստատեսության» բառերով․

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 90 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 150 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 25-ական րոպե։»․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե, և Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 20-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 20 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 40 րոպե, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 10-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:

Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է եթերաժամանակի բաշխումը։»։

 

Հոդված 65 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 93.1-ին հոդվածով.

 

«Հոդված 93.1. Նախընտրական քարոզչական նյութերի հասանելիությունը զորամասերում և զինվորական հաստատություններում

 

1. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը զինծառայողների համար ապահովում են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների միջոցով նախընտրական քարոզչությանը հետևելու, ներառյալ քաղաքական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների միջև նախընտրական բանավեճերի դիտման հնարավորություն։

2. Զորամասերում և զինվորական հաստատություններում զորամասի հրամանատարական կազմը և զինվորական հաստատության ղեկավարությունը ապահովում են զորամասի կամ զինվորական հաստատության տարածքում՝ տեղեկատվության համար նախատեսված սենյակում, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակված նախընտրական ծրագրերի մատչելիությունը տպագիր եղանակով, իսկ հնարավորության դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում։

3. Զինծառայողներն իրավունք ունեն հետևելու նախընտրական քարոզչությանը ծառայողական պարտականությունների իրականացումից ազատ ժամերին կամ օրերին։

4. Արգելվում է զինվորական ծառայությունում ստորադասության (ենթակայության) հարաբերությունների օգտագործումը ստորադաս (ենթակա) զինծառայողների՝ նախընտրական քարոզչությանը հետևելու՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրականացումն անհիմն սահմանափակելու կամ այլ կերպ խոչընդոտելու նպատակով։»։

 

Հոդված 66 Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում «, կուսակցությունների նոր դաշինքի անվանումը» բառերը փոխարինել «(կուսակցությունների դաշինքի) անվանումը և վարչապետի թեկնածուի անունը» բառերով:

 

Հոդված 67 Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա`

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրության արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) ոչ մեկը սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով չի ստացել սույն հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը։»․

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4 տոկոս, մինչև երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ։ Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (8, 10) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած և օրենքով՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

Եթե որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկության արդյունքով չի ստացել կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 2/3-ից ավելին, սակայն սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով կարող է ստանալ մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մանդատների բաշխմանը հաջորդաբար՝ ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մասնակցում են բաշխման ենթակա մանդատների ընդհանուր թվի 2/3-ը գերազանցող մանդատների թվով կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ), որոնք սույն հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել են քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը։ Ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության՝ յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրվում է մեկ մանդատ։ Եթե բաշխման ենթակա մանդատների թիվը գերազանցում է քվեարկության արդյունքով կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 2 տոկոսը ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը, ապա, ըստ ստացած կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակի մեծության, մանդատների բաշխումը շարունակվում է մինչև բաշխման ենթակա մանդատները սպառվեն։»։

 

Հոդված 68․ Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 96. Մեծամասնության լրացուցիչ մանդատները

 

1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 52 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որոնց արդյունքով այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս։»:

 

Հոդված 69 Օրենսգրքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 97. Քաղաքական կոալիցիաների կազմումը

 

1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Եթե սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 9 օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով սահմանված կարգով մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հնգօրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

2. Մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը՝ 18:00-ն, կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նշված որոշումները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում կոալիցիան համարվում է չձևավորված:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերջնաժամկետի ավարտի հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրության երկրորդ փուլ անցկացնելու կամ Ազգային ժողով ընտրվելու մասին։»:

 

Հոդված 70 Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության «28-րդ օրը» բառերը փոխարինել «35-րդ օրը» բառերով․

2) 4-րդ մասի «54 տոկոսը կամ ավելին» բառերը փոխարինել «52 տոկոսը կամ ավելին» բառերով․

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 52 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով։»:

 

Հոդված 71 Օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասում «96-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում» բառերով։

 

Հոդված 72 Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «25 տոկոսից» բառերը փոխարինել «30 տոկոսից» բառերով․

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը համարվում է սույն հոդվածի իմաստով վավեր, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն ներկայացվել է նոտարական կարգով վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։

 

Հոդված 73 Օրենսգրքի 102-րդ հոդվածում «97-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով։

 

Հոդված 74 Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Իրավունքի ուժով Ազգային ժողովն արձակվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։»։

 

Հոդված 75․ Օրենսգրքի 104.1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների) բառերը․

2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում» բառերը:

 

Հոդված 76 Օրենսգրքի 108-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 77 Օրենսգրքի 109-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 78 Օրենսգրքի 110-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 79 Օրենսգրքի 111-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 80 Օրենսգրքի 112-րդ հոդվածում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 81 Օրենսգրքի 113-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 82 Օրենսգրքի 114-րդ հոդվածում`

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում է վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։

 

Հոդված 83. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար։»․

2) 2-րդ մասի առաջին պարբերության «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով, իսկ երկրորդ պարբերության «մուծում» բառը՝ «նվիրատվություն» բառով․

3) 3-րդ մասի «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու թեկնածուն սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով գումար։»։

 

Հոդված 84. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 6-րդ մասի 2-րդ կետից հանել «, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից» բառերը․

3) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մինչև քվեարկության ավարտը միակ թեկնածուի մահվան դեպքում․»։

 

Հոդված 85. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 7-րդ մասի «համայնքի ավագանու անդամների թվի կեսից» բառերը փոխարինել «համայնքի ավագանու անդամների թվի երկու երրորդից» բառերով։

 

Հոդված 86. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 87. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։

 

Հոդված 88. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 89. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 122.1-ին հոդվածով․

 

«Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը

 

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը։

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում։

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում։

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 օր, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։»։

 

Հոդված 90. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 91. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 128.1-ին հոդվածով․

 

«Հոդված 128.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո համայնքների ավագանիների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը

 

1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը։

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած Երևանի ավագանու հերթական կամ արտահերթ ընտրությունը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունը նշանակվում է Կառավարության որոշմամբ, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների հերթական ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում։

3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում։

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 օր, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։»։

 

Հոդված 92. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

1) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից: Եթե ընտրություններում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա նրան հնարավորություն է տրվում մինչև սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը, եթե նրանց թիվը պակաս է տվյալ համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված թվից։

Եթե ընտրություններում առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, ապա նրանց հնարավորություն է տրվում մինչև սույն օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը։

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող (տվյալ բնակավայրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, իսկ քաղաքացիություն չունեցող թեկնածուների դեպքում՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող) թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։»։

 

Հոդված 93. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «տարածքային ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով։

 

Հոդված 94. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 135.1-ին հոդվածով.

 

«Հոդված 135.1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը

 

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել, կամ

2) որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով չի գրանցվել (գրանցումը մերժվել է).

3) առաջադրված բոլոր կուսակցությունները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում.

4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, և թեկնածուների ցանկը սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում չի համալրվել.

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով չի ձևավորվել համայնքի ավագանու 2/3-ը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն: Սույն մասով սահմանված կարգով ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը նույն որոշմամբ նշանակում է նոր ընտրություն:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա ընտրական հանձնաժողովը դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգերորդ օրը, նշանակում է նոր ընտրություն:

5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում նոր ընտրությունն անցկացվում է համապատասխան ընտրական հանձնաժողովի նոր ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը վերացվել է, և վերացել են ընտրությունները չկայացած ճանաչելու հիմքերը, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո ընտրությունները չկայացած ճանաչելու պատճառով դադարած ընտրությունները շարունակվում են դադարման օրվանից՝ տվյալ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

7. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակվելու դեպքում ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական) չի կարող փոփոխվել:

8. Համապատասխան ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված ընտրության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված ընտրությունների գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց։»։

 

Հոդված 95. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով․ «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։

 

Հոդված 96. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։

 

Հոդված 97. Օրենսգրքի 138-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 138. Նախընտրական քարոզչության եթերաժամանակը հեռուստատեսությամբ և ռադիոյով

 

1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 15 րոպե:

Մարզկենտրոնների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` տվյալ մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 20 րոպե:

2. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։»։

 

Հոդված 98. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կամավոր մուծումներից» բառերը փոխարինել «նվիրատվություններից» բառով․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով նվիրատվություն, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով նվիրատվություն, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով նվիրատվություն։»․

3) 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով, իսկ երկրորդ պարբերության «մուծում» բառը՝ «նվիրատվություն» բառով․

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար։»:

 

Հոդված 99. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 140. Քվեաթերթիկները

 

1. 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։

Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են կուսակցությունների անվանումները` ըստ այբբենական հերթականության, և ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` ընտրողի կողմից նշում կատարելու համար:

3. 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կամ թեկնածու քվեարկվելու դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ։ «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

4․ Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի համամասնական ընտրակարգով՝ ավագանու կամ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով։»։

 

Հոդված 100. Օրենսգրքի 141-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Երևանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։»․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) համապատասխան համայնքների ավագանիների ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են 2 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):

Եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) և ստացել է սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)։»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.

«3.2․ Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում համապատասխան համայնքի ավագանի ընտրվելու մասին որոշում ընդունվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։»․

5) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 տոկոսը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։»․

6) 9-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»․

7) «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով։

 

Հոդված 101. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «անվավեր ճանաչելը» բառերից հետո լրացնել «կամ ընտրությունները չկայացած ճանաչելը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումն ընդունվում է՝

1) եթե քվեարկված միակ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցությունը լուծարվել է.

3) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։»:

 

Հոդված 102. Օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 3-րդ մասում «գաղտնի քվեարկության միջոցով» բառերը փոխարինել «բաց քվեարկության միջոցով» բառերով։

 

Հոդված 103. Օրենսգրքի 142.3-րդ հոդվածի 3-րդ մասում «հոդվածի 5-9-րդ» բառերը փոխարինել «հոդվածի 5-8-րդ» բառերով։

 

Հոդված 104. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի hունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դրույթների։

2. Սույն օրենքի 67-71-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասը և 73-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրվանից։

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 2-րդ հոդվածի 4-րդ կետը, 45-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածը, 82-րդ հոդվածի 2-րդ մասը, 83-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 84-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 85-րդ հոդվածի 2-րդ մասը, 89-րդ հոդվածը, 91-րդ հոդվածը, 92-րդ հոդվածի 2-րդ մասը, 94-97-րդ հոդվածները, 98-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 99-րդ հոդվածը, 100-րդ հոդվածի 1-6-րդ մասերը, 101-103-րդ հոդվածները, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 12-18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 1-10-րդ և 12-13-րդ մասերը, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-9-րդ մասերը, 21-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը, 49-րդ հոդվածը, 50-րդ հոդվածի 3-րդ մասը, 51-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և 54-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից։

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը և կիրառվող էլեկտրոնային ձևանմուշները։

5. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակում է տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց կողմից իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս գալու և իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի և տեղեկանքի ձևերը։

6. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, լիազոր մարմինը, սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցելու կարգը։

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը։

8. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

9. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերնուղղ. ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

10. Սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

11. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանք ներկայացնելու կարգը։

12. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

13. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական հանձնաժողովներ էլեկտրոնային եղանակով դիմումները ներկայացնելու կարգը։

14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքից բխող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքին։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-202-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: