Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-219-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-8-րդ մասերով.

«Տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։

 Ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 125.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 8. Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը կամ հեռացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը

 

Սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 4-րդ մասով, 50.1-ին, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-ին, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 63-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 2
Երևան
ՀՕ-219-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: