Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 6-րդ մասը «եզրափակիչ մասը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված գործերով կայացված դատական ակտերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 18

 

ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 116.

Գրավոր ընթացակարգի իրականացման կարգը

 

1. Վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

 

Հոդված 117.

Գրավոր ընթացակարգով քննվող գործերը

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

2. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում վարչական դատարանը կարող է գրավոր ընթացակարգով քննել նաև այլ գործեր:

3. Գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝

1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.

3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:

 

Հոդված 118.

Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը

 

1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաև մինչև գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:

 

Հոդված 118.1.

Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողությունները

 

1. Դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

2. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

3. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

4. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:

 

Հոդված 118.2.

Գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը և ժամկետները

 

1. Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) հայցվորը հրաժարվել է պահանջից.

3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

2. Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում և հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` մինչև չորս ամիս ժամկետով:

3. Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։

 

Հոդված 118.3.

Գրավոր ընթացակարգով գործի քննությունը դադարեցնելը

 

1. Եթե սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին և, անհրաժեշտության դեպքում, սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

 

Հոդված 118.4.

Գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը և դրա բողոքարկումը

 

1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից 15 օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդ 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վարչական դատարանի վճիռը կայացրած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 142.1-ին հոդվածով.

 

«Հոդված 142.1.

Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով

 

1. Սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:

2. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

3. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

4. Գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վերաքննիչ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վերաքննիչ դատարանի կազմի մյուս դատավորներին:

5. Դատական կազմում ընդգրկված դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը լրամշակում է որոշման նախագիծը:

6. Վերաքննիչ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ դատական կազմում ընդգրկված դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:

7. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց որոշած դատավորը:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարչական և վարչական վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված գրավոր ընթացակարգի կանոնները չեն կիրառվում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 18
Երևան
ՀՕ-187-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական: