Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

     

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.6-րդ գլխով.

      «ԳԼՈՒԽ 31.6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ

      

Հոդված 222.17. Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ գործերը

     

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը՝ ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու պահանջով:

           

Հոդված 222.18. Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները

     

1. Սույն օրենսգրքի 222.17-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան դիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել դիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

3. Վարչական դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

          

Հոդված 222.19. Վերաքննիչ բողոքարկման ժամկետները
     

1. Սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչև գործի դատաքննությունը:

3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում:

4. Վարչական դատարանի ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, կամ բավարարում է վերաքննիչ բողոքը՝ բեկանելով վարչական դատարանի դատական ակտը և կայացնելով նոր դատական ակտ։

5. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:»:

          

Հոդված 2.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 18
Երևան
ՀՕ-186-Ն

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական: