Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-73-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.10/37(977) Հոդ.681
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 19.04.21 ՀՕ 164-Ն)

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ու գույք ձեռք բերելու և ծառայությունների ստացման գործարքների գծով հարկային արտոնությունների տրամադրման և դրանց կիրառության հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 19.04.21 ՀՕ-164-Ն)

(19.04.21 ՀՕ-164-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով`

1) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ` ծրագիր) է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` առնվազն 40 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի կառուցումն ու շահագործումը.

2) ծրագիր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություններ) են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված այն ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են ծրագիրը:

 

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունների շրջանակը, ըստ յուրաքանչյուր կազմակերպության, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպությունների կողմից նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող՝ գործարքների ու գործառնությունների ծրագրերի հիման վրա:

Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` գործարքների ու գործառնությունների ծրագրերը նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելու պահանջը չի տարածվում 2013 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված գործարքներին ու գործառնություններին վերաբերող ծրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերի հետ միասին:

Ծրագրի իրականացման շրջանակներում`

1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.

3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպությունների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.

4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.

5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հող ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը և գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպքում այդ գործարքների հետ կապված և սույն հոդվածի համաձայն՝ նախկինում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պարտավորություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.04.21 ՀՕ-164-Ն)

(19.04.21 ՀՕ-164-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 4. Ծրագիրը չկատարելու դեպքում կազմակերպություններին առաջադրվում են լրացուցիչ պարտավորություններ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 19.04.21 ՀՕ-164-Ն)

(19.04.21 ՀՕ-164-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը փոփ. 19.04.21 ՀՕ-164-Ն)

(19.04.21 ՀՕ-164-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների ու գործառնությունների մասով կատարվում է հարկային և մաքսային վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ, և յուրաքանչյուր կազմակերպության կողմից նշյալ գործարքների ու գործառնությունների մասով նախկինում վճարված հարկերի ու մաքսային վճարների գումարներն ուղղվում են տվյալ կազմակերպության` ապագայում առաջացող հարկային պարտավորությունների մարմանը:

2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվների վրա «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 9

Երևան

ՀՕ-73-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.2021, ՀՕ-164-Ն 27.04.2021, ՀՕ-73-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան