Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ կետով.

«26) «ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1.1-ին կետը «օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից առաջ լրացնել «մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝» բառերով, իսկ նույն կետից հանել «մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում`» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով.

«1.2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` 2021 թվականից սկսած՝ ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված և հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից՝ 10 և ավելի տարի առաջ, և կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով՝ մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով հանքավայրերի դեպքում՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ մինչև 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի՝ մինչև 20 տարի ժամկետով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` 2021 թվականից սկսած՝ ոչ մետաղական օգտակար հանածոների գնահատված և հաստատված պաշարներով նոր հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի դեպքում` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն՝ 20 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել՝ համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի՝ 20 տարի ժամկետով: Մինչև 20 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել, կամ տրամադրված թույլտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.2-րդ և 2.3-րդ մասերում «10-օրյա» բառը փոխարինել «30-օրյա» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների ուսումնասիրության դեպքում՝ սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել: Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.

«5․1. Եթե ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասը մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերի ավարտից հետո դիմումատուի վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը կասեցվում է մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի։

5.2. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմումատուն պարտավոր է դիմել լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը շարունակելու համար՝ ներկայացնելով՝

 1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

2) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների տված՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

3) հայտարարություն նախկինում ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի տվյալների ճշտությունը հավաստելու և դրանք անփոփոխ մնալու վերաբերյալ:

5.3. Նշված ժամկետում սույն հոդվածի 5.2-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված։».

3) 7-րդ մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի դադարեցված օբյեկտ է, և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված մեկ տարի ժամկետը լրանալուց հետո դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար մինչև 3 տարի ժամկետով և առանց երկարաձգման հնարավորության, բացառությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասի, եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից` մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած՝ 10 և ավելի տարի առաջ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում վերագնահատման նպատակով ուսումնասիրության թույլտվություն չի տրամադրվում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «օգտակար հանածոների արդյունահանման» բառերից առաջ լրացնել «մետաղական» բառով, իսկ նույն մասից հանել «մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ նախորդող 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոչ մետաղական օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած, իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով կարող է դիմել լիազոր մարմին այն հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում սույն մասով սահմանված պաշարների հաստատման ժամկետային սահմանափակումը չի կիրառվում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2) մետաղական օգտակար հանածոյի դեպքում՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը։ Եթե մետաղական օգտակար հանածոյի դեպքում հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 25-ապատիկը, ապա կազմվում և ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 25-ամյա արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.

«1.4) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների նոր հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները գնահատվել և հաստատվել են 2021 թվականից սկսած՝ հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը։ Եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների քանակը գերազանցում է հանքավայրի տարեկան արտադրողականության 20-ապատիկը, ապա կազմվում և ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված և հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը՝ ըստ 20-ամյա արդյունահանման փուլերի՝ մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը: Մինչև 2021 թվականը գնահատված և հաստատված պաշարներով ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերի դեպքում ողջ հաշվեկշռային պաշարների քանակի ներառումը պարտադիր չէ.».

3) 9-րդ կետը «շահագործման դեպքում» բառերից հետո լրացնել «` արդյունահանման նպատակ(ներ)ը,» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման կայացման համար բոլոր փուլերը դեռ չեն ավարտվել, իսկ մյուս դիմումատուների դեպքում ավարտվել են, մյուս դիմումատուների դիմումների վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կասեցվում է մինչև հաջորդաբար առաջին դիմումատուի դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մեկից ավելի արդյունահանման նպատակ ունեցող հանքային ջրի արդյունահանման թույլտվության դեպքում թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակների դրույքաչափերի հանրագումարով։»:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը:

3. Սույն օրենքը տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման իրավունք հայցելու կամ գործող արդյունահանման իրավունքներում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված դիմումների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 27
Երևան
ՀՕ-172-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: