Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-175-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 19-ին

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «ներքին» բառից հետո լրացնել «(լոկալ)» բառով, իսկ «աշխատանքային» բառից հետո՝ «, քաղաքացիաիրավական» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից» բառերով.

2) 7-րդ մասի «նախարարությունը» բառը փոխարինել «նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «հաշվարկային դրույքի» բառերից հետո լրացնել «և բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի» բառերով, իսկ «նախագծերը» բառից հետո՝ «, պետական և համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաև բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կառավարության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող են շարադրվել նաև օտար լեզվով:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաև այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով:»:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»․

2) 6-րդ մասից հանել «այլ» բառը:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:»:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած՝ պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի օրինակը կամ դրա համապատասխան քաղվածքը հասցեատերերին առձեռն հանձնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու պահից:»․

2) 4-րդ մասից հանել «, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը» բառերը.

3) 7-րդ մասի՝

ա․ առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:»,

բ․ երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը

 

1. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

2. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թարգմանվելուց հետո Կառավարության սահմանած իրավասու մարմնի կողմից ուղարկվում են հրապարակման:

3. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:»։

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 5.1

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 27.1. Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումների և դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, հանրային քննարկման և այդ ակտերն ուժի մեջ մտնելու առանձնահատկությունները

 

1. Ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերը, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա չեն պարտադիր փորձաքննության և հանրային քննարկման: Ընդ որում, սույն մասում նշված նախագծերը դրանք մշակող կամ ընդունող մարմնի նախաձեռնությամբ կարող են դրվել հանրային քննարկման՝ այդ մարմինների սահմանած ժամկետով:

2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված կարգով հրապարակվելուց հետո` անմիջապես, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ակտն ընդունած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակման պահից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակումից հետո նույն օրն ուղարկվում են պաշտոնական հրապարակման:

5. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքները կարող են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, դրանցով նախատեսված լինելու դեպքում:

6. Ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ պայմանավորված անհատական կամ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:

7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այն իրավական ակտերը, որոնք պայմանավորված են ռազմական կամ արտակարգ դրությամբ, ինչպես նաև պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմամբ, ուժի մեջ են մտնում ակտի հասցեատիրոջը տրամադրելու (կամ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու) պահից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Ընդ որում, եթե ակտի հասցեատերերը մեկից ավելի են, ապա յուրաքանչյուր հասցեատիրոջ համար ակտն ուժի մեջ է մտնում այն իրեն տրամադրելու (իրազեկելու) պահից:»:

 

Հոդված 13. Օրենքի 6-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով․

 

«Հոդված 38.1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլևս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը:»:

 

Հոդված 16. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «վաղ» բառը փոխարինել «ուշ» բառով:

 

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «մարմինները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ազգային ժողովի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դատավարական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:»:

 

Հոդված 18. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության ուղարկելու, դրանց թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ապահովվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանությունը և հրապարակումը՝ Կառավարության որոշմանը համապատասխան:

4. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ են դրվում հետևյալ կերպ․

1) եթե ակտով կարգավորվող հարաբերությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ.

2) սույն մասի 1-ին կետով չնախատեսված դեպքերում Կառավարությունը իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ է դնում Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտը:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության նորմատիվ որոշումները, որոնցով գործողության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, պահպանում են իրենց ուժը:

6. Սույն օրենքի 16-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների հաղթահարման դեպքերի վրա: 2002 թվականի մայիսի 31-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կանոններն ըստ հերթականության կիրառելիս նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառվում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմին առաջնություն տալով:

7. Մինչև 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

8. Մինչև 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած և 2002 թվականի մայիսի 31-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասության դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

9. 2002 թվականի մայիսի 31-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասության դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

10. Մինչև 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 28
Երևան
ՀՕ-175-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: