ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթեր (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).»:
Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցում, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով.»:
Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը» բառերը փոխարինել «ուղարկվելու են Օրենսգրքով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ծանուցումները» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5.1. Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերի մասին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:
5.2. Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, և փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 15 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: