ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 123.4. | Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները անզգուշությամբ առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը |
1. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում լիցենզավորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները լիցենզավորված անձի կողմից անզգուշությամբ չփոխանցելը կամ առցանց թերի փոխանցելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «123-123.4» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասում «123-131» թվերը փոխարինել «123-123.4 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով, 123.5-131» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|