ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 161.1-161.6-րդ հոդվածներով.
«Հոդված 161.1. | Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը |
1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Հոդված 161.2. | Կուսակցության օգտին խոշոր չափով ապօրինի նվիրատվություն ներգրավելը |
1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
3. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.3․ | Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը |
1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.4․ | Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցելը |
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափով գերազանցելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.5. | Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափով շրջանցելը |
1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է խոշոր չափով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի անձանց ներգրավելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
3. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:
Հոդված 161.6. | Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը |
1. Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 314.2-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքների իմաստով» բառերով։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունվարի 18 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: