ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5-րդ կետը «պետական մարմնի ուժերի,» բառերից հետո լրացնել «աշխարհազորի,» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1) աշխարհազոր` քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 4-րդ կետը «զարգացումը,» բառից հետո լրացնել «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերով.
2) 2-րդ մասի 9-րդ կետը «ծավալման,» բառից հետո լրացնել «աշխարհազորի պատրաստության,» բառերով.
3) 3-րդ մասի 3-րդ կետը «կառուցվածքի» բառից հետո լրացնել «, աշխարհազորի կիրառումը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «համալրումը» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով աշխարհազորայինների հավաքագրումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը «պատրաստության» բառից հետո լրացնել «, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու» բառերով:
Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը «զորակոչը» բառից հետո լրացնել «, աշխարհազորը» բառով:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով․
«Հոդված 29.1. | Աշխարհազորը |
1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
2. Աշխարհազորի նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
3. Աշխարհազորի կիրառումը ներառում է`
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
2) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին.
3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.
5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:
4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի տեղակալը:
7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալն է կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը:
9. Սույն հոդվածի 6-8-րդ հոդվածներով սահմանված աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
10. Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարhազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ`
1) որը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) որը հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող.
3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ, և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով` աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով` զինծառայողների համար սահմանված կարգով:»:
Հոդված 8. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից` անմիջապես:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգավորումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 29 Երևան ՀՕ-466-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|