Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-452-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին

   

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերության «ստուգում» բառը փոխարինել «գործառույթ» բառով.

2) երկրորդ և երրորդ պարբերությունների «ստուգման» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնելու» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«դիտարկում ՝ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.

դիտարկվող սուբյեկտ ՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ՝ օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր, և որոնց նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում.

գործունեության կասեցում ՝ գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը՝ մարդու իրավունքների և առողջության, պետության շահերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով:»:

    

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» և «ժգ.1» կետերով.

«ա.1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացնելու դիտարկումներ.».

«ժգ.1) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա անհապաղ կասեցնելու ստուգվող սուբյեկտի գործունեությունը.».

2) «բ», «ե» և «ը» կետերը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով.

3) «գ» և «թ» կետերը «ստուգումների» բառից հետո լրացնել «կամ դիտարկումների» բառերով:

    

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Ստուգվող սուբյեկտում» բառերը փոխարինել «Ստուգվող և դիտարկվող սուբյեկտներում» բառերով:

  

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «ստուգումների» բառից հետո լրացնել «, դիտարկումների» բառով:

  

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, դիտարկումների» բառով:

  

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

     

«Հոդված 26.1.

Դիտարկումների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

     

1. Դիտարկումն իրականացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ուղղությունը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը: Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:

2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող սուբյեկտին:

3. Դիտարկման ընթացքում՝

1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան դիտարկվող սուբյեկտը պատշաճ ձևով նախազգուշացվում է բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.

2) ելնելով իրավախախտման բնույթից՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կասեցվում են դիտարկվող սուբյեկտի գործողությունները, եթե այդ գործողություններն անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին.

3) առգրավվում են ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսի, որսագործիքների, որսի գործիք համարվող այլ միջոցներ, որոնք տնօրինվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.

4) փորձաքննության համար վերցնում են փորձանմուշներ:

4. Յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երկու անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:

5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ:

6. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված խախտումները հայտնաբերելու դեպքում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ տարածքային բնապահպանական պետական տեսուչը պատշաճ ձևով նախազգուշացնում է համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին՝ նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ՝ դրանց կատարման ժամկետը:

7. Դիտարկվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է նախազգուշացման կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով տեղեկացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց:

8. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում դիտարկվող սուբյեկտի կողմից խախտման հետևանքները չվերացվելը, կամ դրա վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով չտեղեկացնելը հիմք է տվյալ դիտարկվող սուբյեկտում ստուգում իրականացնելու համար:

9. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված դիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում իրականացված դիտարկման քանակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դիտարկման արդյունքները: Հաշվետվության ձևը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

10. Սույն հոդվածով սահմանված՝ դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

11. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:

    

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով:

  

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

    

«Հոդված 29.1.

Ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը

    

1. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ՝

1) ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.

2) ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.

3) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.

4) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.

5) առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.

6) ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

7) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.

8) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ.

9) ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.

10) ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.

11) ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:

2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործունեությունը կասեցնելու մասին որոշումը հանձնում կամ ուղարկում է ստուգվող սուբյեկտին անմիջապես:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշումը, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման:

5. Գործունեության կամ գործողության կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները վերացրել է: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից գործունեության կամ գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է խախտումները վերացնելու փաստը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման ընթացքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում:

7. Ստուգվող սուբյեկտների գործողությունները կասեցվում են նաև բնապահպանական օրենսդրության այն խախտումների դեպքում, երբ դրանք անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին:»:

  

Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը «ՍՏՈՒԳՎՈՂ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴԻՏԱՐԿՎՈՂ» բառերով:

  

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և տեքստը «ստուգվող» բառից հետո լրացնել «և դիտարկվող» բառերով.

2) 1-ին մասի «ա» կետի «ստուգումը և (կամ) ստուգում» բառերը փոխարինել «ստուգումը կամ դիտարկումը կամ ստուգում կամ դիտարկում» բառերով.

3) 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերի «ստուգում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով:

  

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և տեքստը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով.

2) 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ», և «է» կետերի «ստուգում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով.

3) 1-ին մասի «ե» կետը «ստուգող» բառից հետո լրացնել «կամ դիտարկող» բառերով:

     

Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 29.1-ին հոդվածն արդեն իսկ գործունեություն իրականացնող սուբյեկտների համար ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

         

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

        

2020 թ. հոկտեմբերի 7

Երևան

ՀՕ-452-Ն

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան