Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-403-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բնակչության պաշտպանություն՝ արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը և վերականգնմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.».

2) հինգերորդ պարբերությունը «աշխատանքների կատարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումների իրականացում» բառերով.

3) վեցերորդ պարբերությունը «մաս» բառից հետո լրացնել «(կարանտին սահմանելու դեպքում՝ համաճարակի գոտի)» բառերով.

4) իններորդ պարբերության «և մանրէաբանական նյութերից» բառերը փոխարինել «, մանրէաբանական նյութերից և վարակիչ հիվանդություններից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) կարանտին սահմանելու դեպքում օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված՝ բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները և դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 4.1-ին գլխով:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված միջոցառումների կիրառմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը

 

1. Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից, թունավոր նյութերի ազդեցությունից, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից:

2. Սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը և կարգը՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» կետերով.

«թ) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում ընդունում է որոշում կարանտին սահմանելու մասին.

ժ) կարանտին սահմանելու դեպքում իրականացնում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) իրականացնում են կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումները, ինչպես նաև աջակցում այդ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.1

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 17.1. Սույն գլխի կիրառման շրջանակները

 

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման առանձնահատկությունները, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների ցանկը, միջոցառումների կազմակերպման և իրականացման համար իրավասու մարմինները, միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով:

 

Հոդված 17.2. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

 

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.

1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումներ՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:

 2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքները, ներառյալ՝ հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպանելու նպատակով և պետք է համաչափ լինեն այդ նպատակին: Կարանտինի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

 3. Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

 

Հոդված 17.3. Կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում

 

1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային հետևյալ միջոցառումները.

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

2. Կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում՝ կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային միջոցառումները։

 

Հոդված 17.4. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, ինչպես նաև հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ:

2. Սույն հոդվածի իմաստով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝

ա) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ.

բ) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

3. Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ոստիկանությունը:

4. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված տեսչական մարմինները: Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

5. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ոստիկանությունը հանրային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու կամ հանրային միջոցառումը՝ դրան մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջներին համապատասխանեցնելու կամ դադարեցնելու պահանջով դիմում է հանրային միջոցառման կազմակերպչին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման մասնակիցներին: Հանրային միջոցառման կազմակերպչի բացակայության կամ միջոցառման մասնակիցների կողմից Ոստիկանության պահանջը չկատարվելու դեպքում Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում է դադարեցնել հանրային միջոցառումը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ Ոստիկանության կամ համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը հանրային միջոցառման մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հանրային միջոցառումը կամովին չդադարեցնելու դեպքում հանրային միջոցառումը ցրելու, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ Ոստիկանության լիազորության մասին։

 

Հոդված 17.5. Տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումը

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է նախատեսվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված՝ տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների և տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում՝ կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

5. Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

6. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կազմակերպությանը (այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում վաճառք իրականացնող ֆիզիկական անձանց) միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

8. Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմիններ, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին՝ սույն հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

9. Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

 Հոդված 17.6. Ապրանքների փոխադրման սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումներ։

 

Հոդված 17.7. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ կրթական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների վրա:

2. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է կրթական հաստատություններ ստուգայցերի միջոցով՝ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կրթական հաստատությանը միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

5. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում են վարչական պատասխանատվության միջոցներ:

6. Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաև կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

 

Հոդված 17.8. Սահմանափակումները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում

 

1. Կարանտինի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են՝

ա) պետական կառավարման համակարգի մարմիններում՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքի ավագանու որոշմամբ.

գ) այլ մարմիններում՝ համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափակումներ՝ համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Այդ հաստատությունների և կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ:

 

Հոդված 17.9. Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:»:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Անձանց իրավունքների երաշխիքները արտակարգ իրավիճակներում

 

1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի ստանալու ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին, եթե այդպիսի տեղեկության տրամադրումը արգելված չէ օրենքով:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կարանտին սահմանելու դեպքում սույն հոդվածով նախատեսված նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. սեպտեմբերի 9

Երևան

ՀՕ-403-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան