Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-302
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2020-17.12.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 ապրիլի 1999 թ.

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ա) աշխատանքներ իրականացնողներ` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում, փորձաքննություն) և շինարարություն (շինարարական-մոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն) իրականացնող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.

բ) փորձագիտական եզրակացություն` ընթացիկ կամ ավարտված նախագծային և շինարարական աշխատանքների համալիր գնահատական, որը տալիս է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.

գ) հեղինակային հսկողություն` կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից օրենքով սահմանված կարգով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.

դ) որակի տեխնիկական հսկողություն` կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների` հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.

ե) ամրություն` շինանյութի, շինվածքի, կոնստրուկցիայի, դրանց հանգույցների, հիմքերի ու հիմնատակերի ունակություն, որը թույլ է տալիս առանց քայքայվելու կրել հաշվարկային բեռներ ու ազդեցություններ.

զ) կայունություն` շենքերի ու շինությունների ունակություն, որը թույլ է տալիս պահպանել կայուն հավասարակշռված վիճակ հաշվարկային բեռների ու ազդեցությունների ներգործության տակ.

է) հուսալիություն` շենքերի ու շինությունների կրող և պատող կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի ունակություն, որը թույլ է տալիս կատարել նորմատիվային ցուցանիշներով սահմանված գործառույթներ.

ը) նախագծման տեխնիկական պայմաններ` համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքներն սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալների ու պայմանների համախումբ, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները:

(2-րդ հոդվածը փոփ. 24.05.06 ՀՕ-71-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքաշինական գործունեության բնագավառում աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց վրա:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձինք քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4.

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

 

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`

ա) տուգանքի նշանակում.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:

Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:

Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(4-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-437-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 5.

Տուգանքի նշանակումը

 

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս և չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը:

 

Հոդված 6.

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումը

 

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-437-Ն)

 

Հոդված 7.

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

 

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(7-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 8.

Իրավախախտումների համար տուգանքների նշանակման ժամկետները

 

Քաղաքաշինության բնագավառում մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից և երկու տարուց ոչ ուշ` իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական ակտի ձևակերպման օրվանից:

 

Հոդված 9.

Պատասխանատվությունը սույն օրենքում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում

 

Սույն օրենքով նախատեսված տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում նույն բնույթի խախտում կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սույն օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքների կրկնակի չափով, բայց ոչ ավելի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափից:

(9-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ

 

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետության քԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ և (ԿԱՄ) ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՈՐ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ՏԱԼԸ

(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:

(10-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 11.

Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը

 

Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

Հոդված 12.

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը

(վերնագիրը խմբ. 24.05.06 ՀՕ-71-Ն)

 

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործունեության դադարեցում:

(12-րդ հոդվածը խմբ. 24.05.06 ՀՕ-71-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 121. 

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը
 

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

(121-րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 122. 

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացում չապահովելը

 

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացում չապահովելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(122-րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 13.

Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

(վերնագիրը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

 

Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(13-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 14.

Սույն օրենքի վերաբերյալ գործերի ենթակայությունը

 

Սույն օրենքով նախատեսված խախտումներն արձանագրում և տուգանքներ է նշանակում տեսչական մարմինը: Խախտման վերաբերյալ արձանագրությունները քննում են և տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունում է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

(պարբերությունն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-367-Ն)

(մասն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-437-Ն)

(14-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն, 09.07.20 ՀՕ-367-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 15.

Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը

 

Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են տեսչական մարմնի ծառայողները` երեք օրինակից:

Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են`

- արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը.

- արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

- տեղեկություններ` խախտում թույլ տված իրավաբանական անձի մասին (հասցեն, անվանումը, ղեկավարի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը).

- խախտումը կատարելու տեղը, ժամանակը և բնույթը.

- գործի քննության ժամկետները.

- խախտման վերաբերյալ իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի բացատրությունը.

- գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը:

Եթե խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը:

Խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:

Արձանագրությունն ստորագրելուց և այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին ուղարկվում է փոստով:

(15-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 16.

Խախտման համար պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի իրավունքները

 

Պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ և ապացույցներ ներկայացնել:

Խախտման մասին գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ: Նրանց չներկայանալու դեպքում գործը քննում և որոշում է ընդունում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:

(16-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 17.

Խախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները

 

Խախտումների վերաբերյալ գործերը քննվում են խախտման մասին արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 18.

Խախտման վերաբերյալ որոշումը

 

Քննելով խախտման վերաբերյալ գործը` տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է որոշում:

Որոշման մեջ պետք է նշվեն`

- որոշումն ընդունած մարմնի անվանումը.

- գործը քննող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

- խախտում կատարած իրավաբանական անձի անվանումը.

- գործի քննության ամիսը, ամսաթիվը, տեղը.

- գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը.

- տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը.

- գործի վերաբերյալ եզրահանգումը.

- խախտման վերացման համար տրված ժամկետը.

- տուգանքի փոխանցման համար հաշվեհամարը:

(պարբերությունն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-367-Ն)

(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-367-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 19.

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ (ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ

(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)

 

Օրենքով սահմանված դեպքերում տեսչական մարմնի ղեկավարը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:

Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 20.

Գործի վերաբերյալ որոշման հանձնումը

 

Գործի վերաբերյալ որոշումը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին (պատասխանատու անձին): Որոշումը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշումն ուղարկվում է, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում գրանցման մատյանում:

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 21.

Որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

Տուգանք նշանակելու մասին որոշումը ճիշտ և ժամանակին կատարելու համար վերահսկողությունը դրվում է որոշումն ընդունած մարմնի վրա` մինչև սահմանված կարգով դատարան դիմելը:

 

Հոդված 22.

Տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը

 

Տուգանքը վճարած իրավաբանական անձը տեսչական մարմին է ներկայացնում տուգանքի վճարման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որը կցվում է որոշմանը:

(22-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)

 

Հոդված 23.

Տուգանքների վճարման համար պատասխանատվությունը

 

Նշանակված տուգանքներն իրավաբանական անձանց կողմից մեկամսյա ժամկետում չվճարելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հոդված 24.

Քաղաքաշինական պետական տեսչության կողմից նշանակվող տուգանքների բաշխման կարգը

 

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 21.03.00 ՀՕ-45)

 

Հոդված 25.

Տուգանք նշանակելու մասին որոշումների բողոքարկումը

 

Սույն օրենքով տուգանք նշանակելու մասին որոշումները բողոքարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Դատարանի կողմից տուգանքի գանձումն անհիմն ճանաչելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան իրավաբանական անձին է վերադարձնում պետական բյուջե վճարված տուգանքի գումարը` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 մայիսի 1999 թ.
ՀՕ-302

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան