ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման, հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խնդիրները, ձևերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, ստուգող և ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգումների իրականացման կարգերը։
Հոդված 2.
Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդում առկա բոլոր հողամասերի օգտագործման և պահպանության վրա` անկախ դրանց նպատակային նշանակությունից, սեփականության և (կամ) օգտագործման իրավունքի սուբյեկտներից։
Հոդված 3.
Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրները
Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրներն են՝
1) հողային օրենսդրության պահանջների կատարման ապահովումը հողային հարաբերությունների սուբյեկտների կողմից.
2) հողերի օգտագործման և պահպանման` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների, սահմանափակումների, պարտադիր սերվիտուտների, նորմերի, կանոնների, նորմատիվների պահպանման ապահովումը հողօգտագործողների կողմից.
3) հողային ֆոնդի նպատակային օգտագործման ապահովումը՝ հողաշինարարական, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, բնակավայրերի գլխավոր հատակագծերին համապատասխան.
4) պետական և համայնքային սեփականության հողամասերի ինքնակամ օգտագործման և զավթումների կանխարգելման ապահովումը.
5) հողային պաշարների կառավարման ոլորտում հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացման ապահովումը.
6) պետական և համայնքային սեփականության հողամասերի օգտագործման վարձավճարների գանձման ապահովումը.
7) հողի հարկի գանձման ապահովումը.
8) հողամասերի սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների պահպանության ապահովումը.
9) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հողի բերրի շերտի պահպանման և օգտագործման ապահովումը.
10) նոր հողերի յուրացման նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.
11) խախտված հողերի վերականգնման, դրանք տնտեսական շրջանառության մեջ ներառելու ապահովումը:
Հոդված 4.
Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Հողերի պահպանության և օգտագործման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում՝
1) հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)․
2) մարզպետը (Երևան քաղաքում` քաղաքապետը).
3) համայնքների ղեկավարները։
(4-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 5.
Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները
1. Հողերի օգտագործման և պահպանման բնագավառում տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում՝
1) հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ.
2) հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
3) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների` հողային հարաբերությունների բնագավառում իրականացնող գործունեության նկատմամբ.
4) նոր հողերի յուրացման նկատմամբ.
5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարման նկատմամբ:
2. Տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է տալ պարտադիր կատարման ցուցումներ, հաղորդումներ ներկայացնել իրավասու մարմիններ` հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով սույն հոդվածով սահմանված հողային օրենսդրության պահանջները վերահսկող մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակում է վարչական տույժեր:
3. Մարզպետը վերահսկողություն է իրականացնում՝
1) հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
2) համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի իրականացման նկատմամբ.
3) համայնքների վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հողի հարկերի գանձման նկատմամբ, կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով մարզի համայնքների պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակում է վարչական տույժեր.
4) մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման նկատմամբ.
5) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
6) մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ:
4. Երևանի քաղաքապետը վերահսկողություն է իրականացնում`
1) Երևան քաղաքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի իրականացման, ինչպես նաև այլ փաստաթղթերով սահմանված նորմերի պահպանման նկատմամբ.
2) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային և գործառնական նշանակության օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները և օրենքով սահմանված կարգով ապահովում դրանց հետևանքների վերացումը, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր.
3) Երևան քաղաքի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ:
5. Քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում`
1) հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները համայնքի վարչական սահմաններում և օրենքով սահմանված կարգով ապահովում դրանց հետևանքների վերացումը, իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր.
2) հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
3) հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ.
4) համայնքի վարչական սահմանների սահմանանիշերի, հողօգտագործման սահմանների և գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 6.
Վերահսկողության իրականացման ձևերը
1. Վերահսկողության իրականացման ձևերն են՝
1) ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները.
2) ընթացիկ ստուգումները.
3) ըստ անհրաժեշտության ստուգումները։
2. Սույն օրենքի իմաստով ստուգումը սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմինների կողմից իրականացվող գործառույթ է, որով պարզվում է հողային հարաբերությունների սուբյեկտների ծավալած գործունեության համապատասխանությունը հողային հարաբերությունները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
3. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ են համարվում տեսչական մարմնի կողմից տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները:
4. Ընթացիկ են համարվում մարզպետների (Երևանի քաղաքապետի) կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները։
5. Ըստ անհրաժեշտության ստուգումներ են համարվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմինների կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները։
(6-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 7. |
Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների իրականացման կարգը |
(վերնագիրը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
1. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներն անցկացվում են տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հաստատած ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան:
2. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները յուրաքանչյուր մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմնում կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։
3. Ստուգումն սկսվելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցվում է մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձանց տվյալները և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:
4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության պարագայում ստուգումն իրականացնող անձանց զեկուցագրի հիման վրա տեսչական մարմնի ղեկավարը կարող է հրամանով երկարաձգել ստուգման ժամկետը մինչև հինգ աշխատանքային օրով՝ այդ մասին իրազեկելով մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ երկու օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող և ստուգվող մարմինները, ստուգման հիմքերը, ստուգումն իրականացնող անձանց տվյալները, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման արդյունքները։
6. Կախված ստուգման արդյունքներից` տեղեկանքը պետք է նաև պարունակի`
1) խախտում կամ թերություն չհայտնաբերելու դեպքում՝ եզրակացություն այդ մասին.
2) վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում՝ ցուցումներ դրանք վերացնելու մասին։
7. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները, ժամանակը, բնույթը), պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը:
8. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
9. Մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում:
10. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) մոտ, մյուս օրինակը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:
11. Տեղեկանքը տեսչական մարմնի ղեկավարն ընդունում է ի գիտություն:
12. Ակտն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝
1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.
2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.
3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին:
13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումների մասին տեսչական մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում իրազեկում է մարզպետին, համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
(7-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 8.
Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը
1. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան` ըստ համայնքների` համաձայնեցնելով իրավական հսկողության բարձրագույն մարմնի հետ:
2. Յուրաքանչյուր համայնքի աշխատակազմում ստուգումներն անցկացվում են տարվա ընթացքում մեկ անգամ:
Նույն աշխատակազմում տարվա ընթացքում մեկից ավելի ստուգում կարող է իրականացվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմում բողոքների հիման վրա` իրավական հսկողության բարձրագույն մարմնի համաձայնությամբ:
3. Ստուգումն սկսվելուց առնվազն 2 օր առաջ այդ մասին ծանուցվում է համայնքի ղեկավարը։ Ծանուցագրում պարտադիր նշվում են ստուգման ժամկետները և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերին և 3-րդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան։
4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս ստուգող անձանց գրավոր զեկուցագրի հիման վրա մարզպետը (Երևանի քաղաքապետը) կարող է կարգադրությամբ երկարաձգել ստուգման ժամկետը, բայց ոչ ավելի, քան 3 օրով։
5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ 2 օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող և ստուգվող մարմինները, ստուգող անձինք, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները (եզրակացությունը խախտումներ կամ թերություններ չհայտնաբերելու մասին)։
6. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները), խախտման ժամանակը, բնույթը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը։
7. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո` 2-օրյա ժամկետում, ներկայացվում են համայնքի ղեկավարին։
8. Համայնքի ղեկավարը տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո` 2-օրյա ժամկետում, ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին` այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում։
9. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է համայնքի ղեկավարի մոտ, մյուս օրինակը հանձնվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին)։
10. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տեղեկանքն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում`
1) տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.
2) խախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։
11. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացնելու համար մարզպետը (Երևանի քաղաքապետը) կարող է ստեղծել ստուգող հանձնաժողով։
Հոդված 9.
Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը
1. Ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից։
2. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան 5 աշխատանքային օր։
3. Տեսչական մարմինն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում` քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, որը կարող է տրվել նաև մարզպետների կամ պետական մարմնի ղեկավարի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից դիմումների հիման վրա ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են օրենքով նախատեսված դեպքում և կարգով։
4. Տեսչական մարմինը մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-10-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին), մյուսը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:
5. Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկանքն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում՝
1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.
2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.
3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններ հաղորդում ներկայացնելու մասին:
6. Մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, և համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում, ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում են`
1) ընթացիկ գործունեության դիտարկումների արդյունքում հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից հողային օրենսդրության խախտումներ հայտնաբերելիս.
2) քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա.
3) տեսչական մարմնի առաջարկությամբ:
7. Երևանի քաղաքապետն ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում է հողօգտագործողների կողմից հողերի պահպանությանն ուղղված միջոցառումների` օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ բացահայտելիս:
8. Մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, Երևանի քաղաքապետը և համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում ըստ անհրաժեշտության ստուգումը (այսուհետ՝ ստուգում) սկսելուց առնվազն 1 աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները և հիմքերը։
9. Ստուգումն իրականացվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի որոշման համաձայն` ըստ հողամասի գտնվելու վայրի: Որոշման մեջ նշվում են՝
1) ստուգող մարմինը և այն անձը, որի հողերի օգտագործման և պահպանման բնագավառում օրենքով սահմանված պարտականությունները ենթակա են ստուգման.
2) ստուգման հիմքերը և ժամկետները.
3) ստուգումն իրականացնող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը.
4) ստուգման ենթակա հարցերի շրջանակը, ընդ որում, մարզպետի կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան, Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:
10. Ստուգումն իրականացվում է հողամասերի տեղազննության, հողամասի փաստացի վիճակը (չափերը, հողատեսքը, անբաժանելի բարելավումները) հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի հետ համադրելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հողամասի չափագրման միջոցով:
11. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող մարմինը և ստուգվող անձը, ստուգող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները (եզրակացությունը խախտումներ կամ թերություններ չհայտնաբերելու մասին)։
12. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ, որը, սույն հոդվածի 11-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները), խախտման կոնկրետ ժամանակը, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը։
13. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից։
14. Ստուգումն ավարտվելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգող անձի (անձանց) կողմից ստորագրված ակտի կամ տեղեկանքի օրինակները ներկայացվում են ստուգվող անձին՝ ստորագրման։ Անհամաձայնության դեպքում ստուգվող անձը ներկայացնում է հիմնավորում, որը հատուկ կարծիքի տեսքով կցվում է ակտին՝ այդ մասին կատարելով համապատասխան գրառում ակտում։
15. Ստուգվող անձի կողմից տեղեկանքը կամ ակտն ստորագրվելուց հետո դրա մեկ օրինակը տրվում է ստուգվող անձին, մյուս օրինակը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին) կամ համայնքի ղեկավարին։
Եթե ստուգվող անձը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է կազմակերպության պետական բաժնեմասի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։
16. Մարզպետը (Երևանի քաղաքապետը), համայնքի ղեկավարը ակտն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում՝
1) ստուգման ակտով բացահայտված խախտումների վերացման նպատակով ստուգվող անձին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումները վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.
2) ստուգվող անձի նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.
3) խախտումներ թույլ տված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։
(9-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 10.
Ստուգման արդյունքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը
Ստուգման արդյունքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով։
Հոդված 11. | Ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Ստուգում իրականացնող անձինք իրավունք ունեն՝
1) ստուգման ընթացքում ստուգվող անձից պահանջելու և ստանալու անմիջականորեն ստուգման նպատակներին առնչվող փաստաթղթեր կամ դրանց պատճենները, տվյալներ, տեղեկություններ, տեղեկանքներ, բացատրություններ.
2) անհրաժեշտության դեպքում ստուգվող անձի համաձայնությամբ ստուգումներում ներգրավելու ստուգվող անձի ներկայացուցիչներին.
3) սահմանելու ժամկետներ՝ բացահայտված այն խախտումների և թերությունների վերացման համար, որոնք չեն առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն.
4) իրականացնելու ստուգումների հետ կապված փաստացի հողօգտագործումների տեղազննումներ և (կամ) չափագրման աշխատանքներ:
2. Ստուգում իրականացնող անձինք պարտավոր են՝
1) պահպանել ստուգման հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) ստուգումներն իրականացնել բացառապես ստուգման առաջադրանքին համապատասխան, իսկ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա ստուգում իրականացնելիս բացառապես դիմումում նշված հարցերի շրջանակներում.
3) պահպանել ստուգվող անձի՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.
4) չխոչընդոտել ստուգվող անձի ընթացիկ գործունեությունը, եթե այն անմիջականորեն պայմանավորված չէ հողօգտագործմամբ.
5) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել անմիջականորեն ստուգմանը վերաբերող՝ ստուգվող անձի ցանկացած գրավոր հարցման։
Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում են դրանց վերադարձման ժամկետները: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ստուգվող անձին:
Ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի պահպանման ու սահմանված ժամկետում դրանք չվերադարձնելու համար:
Հոդված 12.
Ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Ստուգվող անձինք իրավունք ունեն՝
1) արգելելու ստուգումը և (կամ) հրաժարվելու ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրել, եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 7-9-րդ հոդվածներով սահմանված կարգը.
2) ծանոթանալու ստուգման ակտերին.
3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.
4) պահանջելու ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
5) չկատարելու ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման առաջադրանքից չբխող պահանջներ.
6) ստուգման ցանկացած փուլում սեփական շահերը պաշտպանելու նպատակով ստուգմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, փաստաբանների։
2. Ստուգվող անձինք պարտավոր են`
1) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.
2) ստուգող անձանց պահանջով տրամադրել ստուգմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, բացատրություններ.
3) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքում բացահայտված և ստուգման ակտում նշված թերությունները և խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին.
4) եթե ստուգվող անձը տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն է, ապա անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար։
Հոդված 13. | Ստուգում իրականացնող անձանց գործողությունների բողոքարկումը |
1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի որոշումները կամ գործողությունները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ստուգող անձի (անձանց) գործողությունները կարող են բողոքարկվել դատարան:
3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված։ Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքն ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:
4. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դիմել դատարան:
5. Մինչև բողոքի վերաբերյալ պատասխանը կամ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելն ստուգվող անձը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը։
(13-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 14. | Ստուգում իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով ստուգվող անձանց պատճառված վնասի հատուցումը |
1. Տեսչական մարմնի ստուգող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով համայնքին, քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասները ենթակա են հատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասները, այդ թվում՝ բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը կամ համայնքին պատճառված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով` հատուցված վնասի հետադարձ պահանջի (ռեգրեսի) հիման վրա:
(14-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
Հոդված 15.
Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-36-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2020, ՀՕ-375-Ն | 21.07.2020, ՀՕ-36-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|