ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 270-րդ հոդվածի 2-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «` առավելագույնը վեց ամիս ժամկետով» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 270.1-ին և 270.2-րդ հոդվածներով․
«Հոդված 270.1. |
Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը |
1. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում այն բժշկական կազմակերպության դիմումով, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:
Հոդված 270.2. |
Իրազեկված համաձայնություն տալու հնարավորության բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ հոգեբուժական միջամտություն իրականացնելու վերաբերյալ հոգեբուժական հանձնաժողովի դիմումների քննության կարգը |
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում է նաև «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումները։»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-349-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|