ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 15 դեկտեմբերի 1998 թ.
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը սահմանում է մաքսատուրքերի հասկացությունը, դրանց տեսակները, կիրառման կարգը և դրույքաչափերը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները (այսուհետ` ապրանքներ) մաքսատուրքով հարկելու կանոնները:
Մաքսատուրքերը սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:
Մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքով` բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» կետով նախատեսված հակազդման մաքսատուրքերի, որոնք մինչև 6 ամիս ժամկետով իրավասու է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վեց ամսից ավելի ժամկետով կիրառելու դեպքում այդ մաքսատուրքը սահմանվում է օրենքով:
Գ Լ ՈՒ Խ II
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը` ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար. բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար. գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածներում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:
Հայաստանի Հանրապետությունում ըստ հաշվարկման մեթոդի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը` ա) աղվալորային (արժեքային)` հաշվարկվում են տոկոսներով` հարկման ենթակա ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ. բ) յուրահատուկ (հաստատագրված)` հաշվարկվում են կայուն սակագնով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար. գ) խառը` զուգակցվում են աղվալորային (արժեքային) և յուրահատուկ (հաստատագրված) մաքսատուրքերը:
Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերը պաշտպանելու և տնտեսական գործունեությունը խրախուսելու նպատակով կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը` ա) հակազդման` կիրառվում են ի պատասխան Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին անձանց, պետությունների կամ նրանց միությունների խտրական գործողությունների. բ) խրախուսական` կիրառվում են առանձին երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ III
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ
1. Ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար: 2. Մաքսային արժեքը ներառում է` ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը. բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը. գ) արտահանման երկրում ապրանքները ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը. դ) ներմուծվող ապրանքների արտադրության և Հայաստանի Հանրապետություն արտահանման նպատակով ներմուծողի կողմից մատակարարողին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված` - ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը. - ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը. - ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը. - ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը. ե) ներմուծողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` ներմուծվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները: 3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում` ա) արտահանման երկրում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի, ակցիզային, շրջանառության կամ վաճառքի հարկերը. բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը:
1. Արտահանվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար: 2. Մաքսային արժեքը ներառում է` ա) ապրանքի ձեռքբերման գինը. բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը. գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ապրանքները ձեռք բերելու և մինչև մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը. դ) ապրանքների արտադրության և արտահանման նպատակով արտահանողին գնորդի կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված` - ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը. - ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը. - ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը. - ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետությունում իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը. ե) արտահանողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` արտահանվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները: 3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետությունում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի և ակցիզային հարկերը:
1. Մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի (ներմուծողի կամ արտահանողի) կամ մաքսային մարմինների կողմից` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կեղծ ճանաչված փաստաթղթերի օգտագործմամբ ոչ իրական մաքսային արժեք հայտարարագրող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
1. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի) հիման վրա, մասնավորապես հետևյալ դեպքերում` ա) անմաքս առևտրի խանութից ձեռք բերված ապրանքների համար` այդ խանութի կողմից տրված չեկի առկայության դեպքում. բ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում գրանցված դիստրիբյուտորական, դիլերային և գործակալի վստահագրեր (լիազորագրեր) ունեցող իրավաբանական անձանց կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող` ապրանքների ներմուծման դեպքում. գ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, դուստր ընկերությունների և ֆրանչայզների կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող ապրանքների ներմուծման դեպքում. դ) ներմուծողի կողմից հայտարարագրված և նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված նույն ապրանքների մաքսային արժեքների միջև էական տարբերության բացակայության դեպքում: Սույն օրենքի իմաստով նույն են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, ծագման երկիրը, արտադրության օգտագործման ժամկետը և համբավը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները բավարար պայման չեն համարվում այդ ապրանքները նույն չհամարելու համար: 2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է նաև այն դեպքում, եթե առկա է արտահանման երկրի հայտարարագիրը, և դրանում նշված մաքսային արժեքը համապատասխանում է հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում (ապրանքի ձեռքբերման փաստաթղթում) նշված գնին, պայմանով, որ հաշիվ-ապրանքագրում ներառված են սույն օրենքի 7 հոդվածի 2-րդ կետիուղղ. «բ»-«ե» կետերով սահմանված ծախսերը: Երկրների ցանկը, որոնց մաքսային մարմինների կողմից տրված արտահանման հայտարարագրերը սույն կետի կիրառման նպատակով հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ներմուծողի կողմից չեն ներկայացվում ապրանքների մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնաթափման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, ապա դրանց հաշվարկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` օգտագործելով խոշորագույն բեռնափոխադրողների և ապահովագրական ընկերությունների սակագների հիման վրա մշակված տեղեկատվությունը:
Հայտարարատուի (ներմուծողի) կողմից ապրանքների ակնհայտ ցածր և ոչ իրական մաքսային արժեք հայտարարագրելու և ներկայացված փաստաթղթերով այն որոշելու կամ ստուգելու անհնարինության դեպքում, ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը որոշում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:
1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գնի հիման վրա: 2. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ապա այն որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գնի հիման վրա: Սույն օրենքի իմաստով համանման են համարվում այն ապրանքները, որոնք, թեև բոլոր առումներով միմյանց նման չեն, սակայն ունեն նման հատկանիշներ և նման բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել նույն գործառույթները և լինել փոխանակելի, և ունեն ծագման նույն երկիրը: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, արտադրության և օգտագործման ժամկետը, համբավը և ապրանքային նշանի առկայությունը: 3. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է ներքոհիշյալ 4-րդ կետի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` 5-րդ կետի համաձայն` բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծողի պահանջով 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը փոխվում է: 4. Եթե ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետությունում, ապա դրանց մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով հետևյալ նվազեցումները` ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները կամ առևտրական վերադիրները: Սույն օրենքի իմաստով նույն տեսակի են համարվում տվյալ ճյուղի արտադրանքին դասվող ապրանքային խմբին պատկանող ապրանքները, այդ թվում` նույն և համանման ապրանքները. բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրության և համանման այլ ծախսերը. գ) այդ ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները: Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է ներմուծման պահից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում` այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն կետով սահմանված նվազեցումները: Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա, ներմուծողի խնդրանքով, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները, հետագա վերամշակումից հետո, Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ` հաշվի առնելով նման վերամշակման հետևանքով ավելացված արժեքը և սույն կետով սահմանված նվազեցումները: 5. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է` ա) ներմուծվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի կամ վերամշակման արժեքից. բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից. գ) սույն հոդվածի 4-րդ կետի առաջին մասում նշված այլ նվազեցումներից: 6. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-5-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է սույն հոդվածի դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, որպես այդպիսիք չեն կարող հանդիսանալ` ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների` Հայաստանի Հանրապետությունում իրացման գները. բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող տարբերակը. գ) արտահանող երկրի ներքին շուկայում այդ ապրանքների գները. դ) արտադրության ծախսերը` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների. ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները. զ) նվազագույն մաքսային արժեքները. է) կամայական արժեքները: 7. Մաքսային արժեքի որոշման համար սույն հոդվածի 1-6-րդ կետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր կետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ կետով մաքսային արժեքի որոշումն անհնար է` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի: Եթե ներմուծողի պահանջով չի փոխվում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը, ապա կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջի առկայության դեպքում անհնար է մաքսային արժեքը որոշել 5-րդ կետին համապատասխան, ապա այն որոշվում է 4-րդ կետով: 8. Ներմուծողի գրավոր դիմումի հիման վրա, նրան գրավոր հայտնվում է մաքսային արժեքի և դրա որոշման եղանակի մասին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 9. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 10. Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են և ենթակա են հրապարակման: 11. Հայտարարագրում հայտարարատուի (ներմուծողի) կողմից ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում, ապրանքները կարող են մաքսազերծվել ըստ ներմուծողի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), վիճելի գումարին համապատասխան` մինչև մեկ ամիս ժամկետով բանկային երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:
1. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում, վերջիններս հայտարարագրի ներկայացման օրը կազմում և հայտարարատուին են տրամադրում մերժման եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է գանգատարկման համար դիմել հայտարարատուն (ներմուծողը): 2. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մաքսային մարմնին կամ գանգատարկել դատական կարգով: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և անմիջապես տեղյակ պահել հայտարարատուին: Գանգատարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում մաքսատուրքեր վճարելու պարտականություններից: 3. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից կարող են գանգատարկվել նաև մաքսային արժեքի որոշման հետ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները, եթե դրանք հավասար այլ պայմանների դեպքում ստեղծել են նվազ բարենպաստ ռեժիմ մեկ այլ հայտարարատուի համեմատ:
Գ Լ ՈՒ Խ IV
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումը իրականացվում է հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ` մաքսատուրքերի գործող դրույքաչափերով: 2. Մաքսատուրքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրվանից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 3. Մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` դրամով: 4. Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմինների կողմից տրված մերժման եզրակացության հետ, ապա նա կարող է եզրակացությունը տվող մաքսային մարմնին ներկայացնել սույն օրենքի 12 հոդվածի 11-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքը և կատարել վճարներ` այդ կետով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ V
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Մաքսատուրքը վճարվում է հետևյալ դրույքաչափերով.
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում դասակարգված որևէ ենթախմբի ապրանքատեսակի համար սահմանված է մաքսատուրքի այլ դրույքաչափ, քան ապրանքների այն խմբի համար, որին դասվում է այդ ենթախումբը, ապա, անկախ խմբի դրույքաչափից, կիրառվում է ենթախմբի դրույքաչափը: 3. Հայաստանի Հանրապետությունում ծածկագրերի ներդաշնակ համակարգին անցնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված խմբերի և ենթախմբերի փոխարեն կիրառվում են ծածկագրերի ներդաշնակ համակարգի խմբերը և ենթախմբերը: (15-րդ հոդվածը խմբ. 28.04.99 ՀՕ-301)
1. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես ուղեկցող բեռ ներմուծել 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ընդհանուր արժողությամբ ապրանքներ, այդ թվում` ա) 50 կիլոգրամ ընդհանուր քաշով միատեսակ, բաժանելի բեռներ. բ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 և 2101 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակներ` 1 կգ. գ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 կամ ավելի լիտր է. դ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 400 հատ. ե) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1604 30 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 0,2 կգ: Սույն օրենքի իմաստով ուղեկցող բեռ է համարվում քաղաքացու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև քաղաքացուց անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորցված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը: 2. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների գումարային կամ բնաիրային վերոհիշյալ չափերը գերազանցող մասի համար գանձվում է մաքսատուրք` սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով: 3. Նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնություններից մեկ օրացուցային ամսվա ընթացքում կարող է օգտվել երկու անգամից ոչ ավելի: 4. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք` ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցող ուղեբեռում. բ) քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«ե» ենթակետերում նշված ապրանքատեսակների. գ) քաղաքացիների կողմից ուղևորային հայտարարագրով հայտարարագրվել են նախկինում Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս: 5. Մշտական բնակության կամ առնվազն վեցամսյա ժամկետով աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Ընդ որում, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ներմուծված ապրանքների իրացման դեպքում մաքսատուրքի գումարը (ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը) ենթակա է գանձման` օրենքով սահմանված կարգով: 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են առանց մաքսատուրքի վճարման տեղափոխել իրենց ժառանգական գույքը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
1. Եթե օտարերկրյա ֆիզիկական անձինք ներմուծում են ակնհայտ առևտրային քանակության և բնույթի բեռներ, ապա մաքսային մարմիններն իրավասու են պահանջել նրանցից` ա) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ կնքված մատակարարման պայմանագիրը. բ) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվել որպես Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ. գ) բեռը վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունով: 2. Սույն օրենքի 1-ին կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում մաքսային մարմինները կարող են արգելել ապրանքների ներմուծումը:
Գ Լ ՈՒ Խ VI
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաքսատուրքի վճարումից ազատվում են` 1) համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամով նախատեսված` ձեռնարկության օտարերկրյա մասնակցի (ներդրողի) կողմից ներմուծվող հիմնական միջոցները: Սույն կետով նախատեսված արտոնությունից օգտվելուց (նշված հիմնական միջոցները ներմուծելուց) հետո 2,5 տարվա ընթացքում դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով. 2) Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող (տարանցիկ) ապրանքները. 3) այն փոխադրամիջոցները, որոնց միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու համար. 4) արտարժույթը և արժեթղթերը. 5) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը. 6) ներքոհիշյալ այն ապրանքները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում, կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման` ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները. բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառի աշխատողների, ինչպես նաև մարզիկների համար մասնագիտացված սարքավորումները. գ) ապրանքների նմուշները և տարան. դ) կրթության, գիտության, մշակույթի կարիքների համար նախատեսված ապրանքները (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք). ե) տուրիզմին և սպորտին վերաբերող գովազդային նյութերը. զ) կենդանիները. 7) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում գտնվող մաքսատուրքով չհարկվող խանութները և դրանցից արտահանվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս. 8) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով. 9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներմուծվող ապրանքները. 10) միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ դեպքերում:
«Մաքսային պահեստ» ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց բացթողումը մաքսային պահեստից:
Օրենքով կարող են սահմանվել մաքսատուրքի այլ արտոնություններ:
Գ Լ ՈՒ Խ VII
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Ավել գանձված մաքսատուրքի գումարներն ապրանքների տիրոջ պահանջով ենթակա են վերադարձման` դրանց վճարումից հետո երեք տարվա ընթացքում: 2. Սույն օրենքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան այդ մասին վճարողի դիմումը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում: 3. Հետաձգման կամ մաս-մաս վճարման հնարավորություն ընձեռող ժամկետներում մաքսատուրքի չվճարման հետևանքով թերի գանձված գումարները մաքսային մարմինների կողմից բռնագանձվում են դատական կարգով: 4. Ապրանքների տիրոջ մեղքով չվճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` մեկ տարվա ընթացքում: 5. Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսատուրքի գումարի 0,2 տոկոսի չափով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Այդ պահից` - ուժը կորցրած ճանաչել «Մաքսային սակագնի մասին» և «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ. - Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներում «Մաքսային սակագնի մասին» և «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին հղումները փոխարինվում են «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղումներով:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2000, ՀՕ-83 | 01.01.2001, ՀՕ-279 | |
28.04.1999, ՀՕ-301 | 21.06.1999, ՀՕ-279 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|