Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-224
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.1998-04.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 մայիսի 1998 թ.

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, այդ թվում` նաև բանկերի, օտարերկրյա կազմակերպությունների ու բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

2. Օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում:

 

Հոդված 3. Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությունը

 

Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ օրենքներ, սույն օրենքով սահմանված` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից ընդունված իրավական այլ ակտեր:

 

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը

 

1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, իսկ բանկերում` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին) հետ համատեղ:

2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է կազմակերպությունների համար պարտադիր կատարման ենթակա`

ա) հաշվապահական հաշվառման ստանդարտները.

բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլաններն ու դրանց կիրառման մասին հրահանգները.

գ) հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական այլ ակտեր:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

 

Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

 

Հոդված 6. Ֆինանսական հաշվետվությունները և դրանց տարրերը

 

Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների կառուցվածքային ֆինանսական ներկայացումն են:

Ֆինանսական հաշվետվությունների տարրերն են` կազմակերպության ակտիվները, պարտավորությունները, սեփական կապիտալը, եկամուտներն ու ծախսերը:

1. Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք:

2. Պարտավորությունը կազմակերպության առկա պարտքն է (ցպահանջ և ժամկետային)` որպես կատարված գործառնությունների (դեպքերի) արդյունք:

3. Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են` պարտավորությունները հանելուց հետո:

4. Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ակտիվների ներհոսքն է և ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի մեծացման` բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի:

5. Ծախսը հաշվելու ժամանակաշրջանում ակտիվների արտահոսքն է և նվազումը կամ պարտավորությունների առաջացումը, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի փոքրացման` բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա փոքրացման դեպքի:

 

Հոդված 7. Ֆինանսական հաշվետվությունների նպատակը

 

Ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին (ներկա և պոտենցիալ ներդրողներին, կառավարող անձնակազմին և աշխատողներին, պետական մարմիններին, մատակարարներին և այլ կրեդիտորներին, փոխատուներին, հասարակությանն ու ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին) անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովելն է, որը նրանց օգտակար է տնտեսական որոշումներ կայացնելու համար:

 

Հոդված 8. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը

 

1. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում այնպիսի հոդվածների ներառումն է, որոնք համապատասխանում են տարրի սահմանմանը և բավարարում են հետևյալ չափանիշներին`

ա) ակնկալվում է, որ հոդվածի հետ կապված ցանկացած ապագա տնտեսական օգուտ կներհոսի դեպի կազմակերպություն կամ կարտահոսի կազմակերպությունից.

բ) հոդվածն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն գնահատվել:

2. Ակտիվը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է այն դեպքում, երբ կազմակերպությունը դրա օգտագործումից ակնկալում է տնտեսական օգուտներ, և այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն գնահատվել:

3. Պարտավորությունը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է այն դեպքում, երբ առկա պարտավորության ընդունումն ակնկալում է ակտիվների արտահոսք, և այն գումարը, որով մարվում է պարտավորությունը, կարող է արժանահավատորեն գնահատվել:

4. Եկամուտը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է այն դեպքում, երբ տնտեսական օգուտների մեծացումը համապատասխանում է ակտիվի մեծացմանը կամ պարտավորության նվազմանը, որոնք կարող են արժանահավատորեն գնահատվել:

5. Ծախսի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է այն դեպքում, երբ տնտեսական օգուտների նվազումը կապված է ակտիվների փոքրացման կամ պարտավորությունների մեծացման հետ, որոնք կարող են արժանահավատորեն գնահատվել:

 

Հոդված 9. Ակտիվների և պարտավորությունների գնահատումը

 

1. Ակտիվների և պարտավորությունների գնահատումն այդ դրամական մեծության որոշումն է, որով դրանք գրանցվում են հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում:

2. Կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գնահատումը կատարվում է տարբեր աստիճաններով ու համակցություններով` ներքոհիշյալ հիմունքները կիրառելու միջոցով`

ա) սկզբնական արժեք`

- ակտիվները գրանցվում են դրանց ձեռքբերման ժամանակ վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման պահին կողմերի համաձայնությամբ որոշված արժեքով,

- պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների գումարի չափով կամ ընթացիկ գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով.

բ) ընթացիկ (վերականգնման) արժեք`

- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր.

- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրաժեշտ կլիներ ներկա պահին առաջացող միևնույն պարտավորությունները մարելու համար.

գ) իրացման (մարման) արժեք`

- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել, եթե ակտիվներն իրացվեին.

- պարտավորությունները գրանցվում են իրենց մարման արժեքով, այսինքն` ընթացիկ գործունեության ժամանակ դրանք մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով.

դ) ներկա արժեք`

- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ մուտքերի զեղչված գումարի չափով, որոնք պետք է ստեղծեն ակտիվները կազմակերպության սովորական գործունեության ընթացքում,

- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ հատուցումների զեղչված գումարի չափով, որոնք կարող են օգտագործվել կազմակերպության սովորական գործունեության ընթացքում դրանք մարելու համար:

3. Գնահատման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով: Եթե տվյալ ակտիվի կամ պարտավորության գնահատման եղանակն ստանդարտներով սահմանված չէ, ապա գնահատումը կատարվում է սկզբնական արժեքով:

 

Հոդված 10. Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները

 

Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներն են`

ա) անընդհատությունը` կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր գործունեությունը.

բ) հետևողականությունը` հաշվապահական հաշվառման քաղաքականությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է փոփոխվի, բացառությամբ այն դեպքերի, երբ էական փոփոխություններ են տեղի ունենում կազմակերպության գործառնությունների բնույթում, կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության միջոցով տրվում է առավել էական տեղեկատվություն, կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ.

գ) հաշվեգրումը` տնտեսական գործունեության արդյունքները (ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտներն ու ծախսերը) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետից.

դ) հասկանալիությունը` ֆինանսական հաշվետվություններում պարունակող տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի օգտագործողներին.

ե) էականությունը` տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումն ազդում է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների` այդ հաշվետվությունների հիման վրա կայացրած տնտեսական որոշումների վրա.

զ) միասնականությունը` հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթներով (ֆունկցիաներով) նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն.

է) արժանահավատությունը` ֆինանսական հաշվետվությունները համարվում են արժանահավատ, եթե բավարարում են հետևյալ պահանջներին`

- ձևի նկատմամբ բովանդակության գերակայությանը` տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն և ներկայացվեն` ելնելով դրանց տնտեսական բովանդակությունից և տնտեսավարման պայմաններից և ոչ թե միայն դրանց իրավական ձևից.

- չեզոքությանը` ֆինանսական հաշվետվությունները չպետք է ուղղված լինեն օգտագործողների առանձին խմբի շահերի բավարարմանը,

- հաշվենկատությանը` բավարար չափի զգուշության պահպանումն է, այնպես, որ ակտիվները և եկամուտները գերագնահատված չլինեն, իսկ պարտավորությունները և ծախսերը` թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտրվեն թաքցված պահուստների ստեղծում.

- ամբողջականությանը` ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության և արժեքի սահմաններում.

ը) համադրելիությունը` կազմակերպության տարբեր ժամանակաշրջանների, ինչպես նաև տվյալ կազմակերպության և այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի.

թ) հաշվանցումը` ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում` բացառությամբ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

ժ) սահմանազատումը` կազմակերպության ակտիվները և պարտավորություններն առանձնացված են այդ կազմակերպության հիմնադիրների, մասնակիցների և այլ կազմակերպությունների ակտիվներից ու պարտավորություններից:

Հաշվապահական հաշվառման ստանդարտներով կարող են սահմանվել նաև այլ սկզբունքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

 

1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ կազմակերպության գործերը վարելու համար պատասխանատու անձը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

- կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հաշվապահական ծառայության միջոցով,

- հաշվապահի միջոցով,

- սահմանված կարգով թույլտվություն ստացած մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան մասնագետի միջոցով,

- անձամբ:

3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.

բ) սահմանել տնտեսական գործառնությունների նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգը.

գ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը:

 

Հոդված 12. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները

 

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումն ու ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը կամ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), և նման գործառնությունների իրականացման հետևանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

5. Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով որակավորված գլխավոր հաշվապահը:

 

Հոդված 13. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

 

1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

բ) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան.

գ) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմավորումը կամ լուծարումը:

2. Վերլուծական (մանրամասնեցված) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

3. Բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքները պետք է ժամանակին գրանցվեն հաշվապահական հաշվառման հաշիվներում:

 

Հոդված 14. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

 

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարման փաստը:

2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները)`

ա) փաստաթղթերի անվանումը.

բ) հերթական համարը.

գ) կազմելու ամսաթիվը.

դ) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).

ե) տնտեսական գործառնության բովանդակությունը.

զ) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.

է) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը և (կամ) կազմակերպությունը:

3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք:

4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ և հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման ամսաթիվը: Դրամարկղային և բանկային փաստաթղթերում սխալների ուղղում չի թույլատրվում:

5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձևերը կամ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանել դրանք ինքնուրույն:

Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևեր:

 

Հոդված 15. Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները

 

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):

2. Տնտեսական գործառնությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:

3. Գրանցամատյանները ժամանակին և ամբողջական կազմելու պատասխանատվությունը կրում են դրանք վարող անձինք:

4. Գրանցամատյաններում չծանուցված ուղղումներ չեն թույլատրվում: Սխալի ուղղումը հաստատվում է տվյալ գրանցամատյանն ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ` նշելով ուղղման ամսաթիվը:

Սխալներն ուղղելու եղանակները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձևեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձևը կամ, ելնելով սույն օրենքից և հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձևերը:

Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձևեր:

 

Հոդված 16. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

 

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, գործառնության ոլորտից, էությունից և դրամական արժեքի մեծությունից:

 

Հոդված 17. Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը

 

1. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունն անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում:

2. Գույքագրման անցկացումը պարտադիր է հետևյալ դեպքերում`

ա) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ.

բ) կազմակերպության վերակազմավորման և լուծարման.

գ) տարերային աղետների, հրդեհների և այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների.

դ) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման.

ե) նյութական պատասխանատու անձի փոփոխման.

զ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:

3. Բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:

4. Գույքագրման արդյունքով բացահայտված ակտիվների և պարտավորությունների փաստացի առկայության և հաշվապահական հաշվառման տվյալների միջև առկա տարբերությունները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 18. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

 

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար կազմված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

2. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը ծանոթացած անձինք և կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

 

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:

2. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավված փաստաթղթերը կրկնօրինակել և պահել իր մոտ:

3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հոդված 20. Ֆինանսական հաշվետվությունների կազմը

 

Կազմակերպության, բացառությամբ բյուջետային հիմնարկների, ֆինանսական հաշվետվությունները ներառում են`

ա) հաշվապահական հաշվեկշիռը` բնութագրում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպության ֆինանսական վիճակը, որի գնահատման հետ անմիջականորեն կապված տարրերն են` ակտիվները, սեփական կապիտալն ու պարտավորությունները.

բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը` բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքները, որի հետ անմիջականորեն կապված տարրերն են` եկամուտները և ծախսերը.

գ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, ինչպես նաև ֆինանսական վիճակում փոփոխությունների մասին այլ հաշվետվություններն արտացոլում են հաշվապահական հաշվեկշռի տարրերի փոփոխությունները և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տարրերը.

դ) հաշվապահական հաշվեկշռին և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունը բացահայտում է կազմակերպության հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման ստանդարտների պահանջներին համապատասխան ապահովում է լրացուցիչ տեղեկատվությամբ.

ե) ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը, եթե դրանք, օրենսդրական ակտերին համապատասխան, ենթակա են պարտադիր աուդիտի:

 

Հոդված 21. Ֆինանսական հաշվետվություններ կազմելուն ներկայացվող պահանջները

 

1. Բոլոր կազմակերպությունները վերլուծական և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել ֆինանսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2. Կազմակերպությունների, այդ թվում` նաև բյուջետային հիմնարկների ֆինանսական հաշվետվությունների ձևերն ու դրանց լրացման հրահանգները հաստատում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:

3. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցիչների գործունեության ցուցանիշները:

4. Ֆինանսական հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ պարտադիր վավերապայմանները`

ա) անվանումը.

բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը.

գ) կազմակերպության ֆիրմային անվանումը` ներառյալ կազմակերպական իրավական տեսակի մասին նշումը.

դ) գտնվելու վայրը.

ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը).

զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:

Հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ կարող են սահմանվել նաև այլ վավերապայմաններ:

5. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով:

 

Հոդված 22. Հաշվետու ժամանակաշրջանը

 

1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին` տվյալ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

2. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմվում են միջանկյալ` ամսական և եռամսյակային հաշվետվություններ: Միջանկյալ հաշվետվությունները կազմվում են աճողական թվերով` հաշվետու տարվա սկզբից:

 

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

 

1. Կազմակերպությունները, բացառությամբ բյուջետային հիմնարկների, տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

ա) հիմնադիրներին, մասնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի համաձայն.

բ) պետական մարմիններ` օրենքով սահմանված կարգով:

2. Կազմակերպությունները, բացառությամբ բյուջետային հիմնարկների, տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ եռամսյակային հաշվետվությունները` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, եթե օրենքով ավելի ուշ ժամկետներ սահմանված չեն:

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կենտրոնական բանկին ներկայացվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

3. Բյուջետային հիմնարկները ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են վերադաս մարմին` վերջինիս սահմանած ժամկետներում, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Գործադիր իշխանության մարմինները բյուջետային հիմնարկների ամսական, եռամսյակային և տարեկան ամփոփ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են կառավարության լիազորած պետական մարմին` վերջինիս սահմանած ժամկետներում:

5. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու օր է համարվում դրանք ըստ պատկանելության հանձնելու կամ փոստով ուղարկելու օրը:

 

Հոդված 24. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

 

1. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ եռամսյակային հաշվետվությունները` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 1-ը:

Բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում կամ տարածվել գրքույկների ձևով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջները խախտելու համար

 

Կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ օրենքի 12 հոդվածի 5-րդ կետը` 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 հունիսի 1998 թ.
ՀՕ-224

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2002, ՀՕ-515-Ն 22.02.2003, ՀՕ-224
29.05.2002, ՀՕ-365-Ն 04.07.2002, ՀՕ-224
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան