ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մայիսի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.18-47.26-րդ հոդվածներով.
«Հոդված 47.18. | էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը |
1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
Հոդված 47.19. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.20. | Պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը |
1. Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան՝ պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Հոդված 47.21. | Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պահանջները չկատարելը կամ խախտելը |
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից օրենքով նախատեսված դեպքում արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարվեցհարյուրապատիկից մինչև հազարութհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.22. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը կամ օրենքին համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը |
1. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.23. |
Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ ոստիկանություն հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 47.24. | Մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը |
1. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը՝
բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 47.25. | Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը |
1. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Հոդված 47.26. | Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության՝ օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը |
1. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության՝ օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «7-9-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «47.18-47.26-րդ,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020թ. մայիսի 20 Երևան ՀՕ-269-Ն |