Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-240-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2020-04.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաև կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:

 

Հոդված 2.

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարգավորող օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:

2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքով սահմանված կանոնները:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գույք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գույք, այդ թվում՝ կրիպտոարժույթ.

2) ապօրինի ծագում ունեցող գույք՝ գույք, այդ թվում՝ մեկ միավոր գույք, մի քանի միավոր գույք կամ մեկ միավոր գույքի բաժին, որի ձեռքբերումը սույն օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործումից ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները).

3) օրինական եկամուտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածի համաձայն որոշված կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, կրիպտոարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտներն առանց հարկերի և պարտադիր վճարների, այդ թվում՝

ա. աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներ,

բ. գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը,

գ. ստացված փոխառությունները (վարկերը),

դ. տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցում,

ե. շահաբաժինները,

զ. խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները),

է. մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները),

ը. նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները),

թ. ժառանգության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները),

ժ. ապահովագրական հատուցումները,

ժա. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը,

ժբ. գույքն օտարելուց ստացված եկամուտը,

ժգ. վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում,

ժդ. միանվագ վճարները,

ժե. գույքային իրավունքներից ստացված եկամուտը,

ժզ. քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը,

ժէ. կենսաթոշակը,

ժը. գյուղատնտեսական արտադրանքի իրացումից կամ գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը.

4) սույն օրենքով նախատեսված հանցագործություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 125.1-ին հոդվածով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 154.9-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով), 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 3-րդ մասով, 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով), 190-րդ հոդվածով, 191-րդ հոդվածով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 201-րդ հոդվածով, 202-րդ հոդվածով, 215.1-ին հոդվածով, 217-րդ հոդվածով, 217.1-ին հոդվածով, 222-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ հոդվածի 3-րդ մասով, 233-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 235.1-ին հոդվածով, 261-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 262-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 266-րդ հոդվածով, 267.1-ին հոդվածով, 274-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 309-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 310.1-ին հոդվածով, 311-րդ հոդվածով, 311.1-ին հոդվածով, 311.2-րդ հոդվածով, 312-րդ հոդվածով, 312.1-ին հոդվածով, 312.2-րդ հոդվածով, 313-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով, 314.2-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածով, 332-րդ հոդվածի 3-րդ մասով, 338.3-րդ հոդվածով, 352-րդ հոդվածով կամ 375-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները.

5) անձին պատկանող գույք՝ գույք, որը՝

ա. սեփականության իրավունքով պատկանում է տվյալ անձին, այդ թվում՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի դեպքում՝ անձին պատկանող բաժինը, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում՝ գույքն ամբողջությամբ,

բ. սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը,

գ. ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձի.

6) իրական շահառու՝ ֆիզիկական անձ, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը), կամ ֆիզիկական անձ, որը վերահսկում է կամ վերահսկել է գործարքը (գործողությունը) կամ այն անձին, որի անունից կամ օգտին իրականացվել է գործարքը (գործողությունը).

7) փոխկապակցված անձ՝ անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձ, մերձավոր ազգական կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք.

8) փոխկապակցված իրավաբանական անձ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 26-րդ կետերի իմաստով փոխկապակցված համարվող իրավաբանական անձ.

9) մերձավոր ազգական՝ ընտանիքի անդամը, չափահաս զավակը, ծնողը, քույրը, եղբայրը (այդ թվում՝ համահայրը կամ համամայրը), տատը, պապը, թոռները, հորեղբայրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը կամ նրանց ընտանիքի անդամները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.

10) ընտանիքի անդամ՝ ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը կամ ուսումնասիրվող ժամանակահատվածում ոչ պակաս, քան մեկ տարվա ընթացքում 180 օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ.

11) պաշտոնատար անձ՝ ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձ։ Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով համարվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ.

12) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրավասու մարմնի նախաձեռնած ընթացակարգ, որն սկսվում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման հայցի հարուցումը և ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով.

13) հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն (այսուհետ՝ ուսումնասիրություն)՝ ընթացակարգ, որն ուղղված է ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն.

14) շուկայականից էականորեն ցածր գին՝ գործարքի հատուցման արժեք, որը 80 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի օտարման ժամանակահատվածում այդպիսի գույքի օտարման գործարքների իրական արժեքից.

15) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանում.

16) շահագրգիռ անձ՝ անձ, որի իրավունքների և պարտականությունների վրա առերևույթ կարող է ազդել գույքի բռնագանձումը.

17) առաջին ատյանի դատարան՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4.

Ուսումնասիրություն սկսելու պարտականությունը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի առնչությամբ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առնչությամբ համապատասխան միջոցառումներն իրականացրած մարմինը պարտավոր են ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին իրենց հայտնի դառնալու պահից՝ տասնօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին և փոխանցել այն բոլոր փաստաթղթերը և տվյալները, որոնք կարող են վերաբերել սույն օրենքով սահմանված ուսումնասիրություն սկսելու հիմքերին: Սույն մասով նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման։

2. Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:

3. Իրավասու մարմինն սկսում է ուսումնասիրություն ներկայացված նյութերի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, եթե՝

1) առկա է ուսումնասիրություն սկսելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերից առնվազն մեկը, և

2) առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքն իր շուկայական արժեքով կարող է գերազանցել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը:

4. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացման պահից անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ)՝ ոլորտը համակարգող տեղակալին, որը ստացման պահից՝ յոթնօրյա ժամկետում, իրավասու է վերացնել կայացված որոշումը։

5. Ուսումնասիրություն չսկսելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է վերադաս դատախազին, որն ուսումնասիրություն սկսելու հիմքերը բավարար համարելու դեպքում յոթնօրյա ժամկետում վերացնում է կայացված որոշումը և հանձնարարում սկսել ուսումնասիրություն։

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով իրավասու մարմնին տրամադրված նյութերը բավարար են սույն օրենքով նախատեսված կարգով հայցի հարուցման համար, և չկան պարզման ենթակա այլ հանգամանքներ, ապա իրավասու մարմինը կարող է ուսումնասիրությունն սկսելուց անմիջապես հետո ամփոփել ուսումնասիրության նախնական արդյունքները, որից հետո իրավասու մարմինը կազմում է ամփոփագիր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին։

 

Հոդված 5.

Ուսումնասիրություն սկսելու հիմքերը

 

1. Սույն օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.

2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.

3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա. ընդունվել է համաներման մասին օրենք,

բ. անցել են վաղեմության ժամկետները,

գ. անձը մահացել է,

դ. անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու` օրենքով նախատեսված տարիքին.

4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.

5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

2. Ուսումնասիրության շրջանակներում ներառված գործողությունները կարող են ձեռնարկվել նաև սույն օրենքով նախատեսված կարգով միջազգային փոխօգնության տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ուսումնասիրություն կարող է սկսվել նաև օտարերկրյա դատարանի կայացրած մեղադրական դատական ակտի առկայության դեպքում, եթե այն ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում։

 

Հոդված 6.

Ուսումնասիրություն սկսելը և ուսումնասիրության իրավաչափությունը

 

1. Իրավասու մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում կայացնում է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում՝ նշելով դրա հիմքում ընկած փաստական տվյալները և սույն օրենքի 5-րդ հոդվածում նախատեսված այն հիմքը, որի հիման վրա սկսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը։ Իրավասու մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին որոշմամբ նաև նշում է այն անձի տվյալները, որին ենթադրաբար պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

2. Նույն գույքի առնչությամբ ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե առկա է նախորդող ուսումնասիրության հիմքերից տարբերվող հիմք, որը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել իրավասու մարմնին նախորդ ուսումնասիրությունն սկսելու պահին։

3. Իրավասու մարմինը կարող է վերսկսել ավարտված ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոք նախապատրաստելու և ներկայացնելու նպատակով:

4. Ուսումնասիրություն սկսելը և դրա իրականացումը կանոնակարգող՝ սույն օրենքով նախատեսված ընթացակարգային պահանջների խախտումներն առաջացնում են միայն այնպիսի հետևանքներ, որոնք ուղղակիորեն նախատեսված են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով։

 

Հոդված 7.

Ուսումնասիրության սահմանները

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի ներկայացման համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով իրավասու մարմինը հավաքում է նյութեր հետևյալ հարցերի առնչությամբ.

1) անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները.

2) գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի և ուսումնասիրության իրականացման դրությամբ.

3) գույքի վերափոխումն այլ տեսակի գույքի և գույքի օգտագործումից ստացվածը.

4) գույքը ձեռք բերողի հայտնի եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսական ծախսերը.

5) գույքի առնչությամբ կնքված գործարքները.

6) գույքի ծանրաբեռնվածությունն այլ անձանց իրավունքներով։

2. Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրության նյութերով հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը ներառում է ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, ինչպես նաև ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացումից առաջ ընկած ժամանակահատվածը, որը չի կարող լինել ավելի երկար, քան ուսումնասիրությունն սկսելու մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։

3. Եթե ուսումնասիրության նյութերով ի հայտ են գալիս սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ կասկածներ, և այդպիսի գույքի ձեռքբերմանն առնչվող ապացույցները պահպանված են, ապա իրավասու մարմինը կայացնում է որոշում՝ սահմանելով ուսումնասիրվող նոր ժամանակահատված, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը։

 

Հոդված 8.

Ուսումնասիրության իրականացման ժամկետները

 

1. Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երկու տարի, որն իրավասու մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցության կարգով ուղարկված խնդրանքի կատարման կամ միջազգային համագործակցության կարգով ստացված տեղեկությունների հիման վրա գործողությունների կատարման անհրաժեշտությամբ։

2. Սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված հայցային վաղեմության ժամկետի բացթողումով։

 

Հոդված 9.

Ուսումնասիրության գաղտնիությունը

 

1. Ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Իրավասու մարմինը նախազգուշացնում է շահագրգիռ անձանց, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին, մասնագետներին, թարգմանիչներին և այլ ներգրավված անձանց ուսումնասիրության արդյունքներով ստացված տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և համապատասխան պարտականությունը խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

 

Հոդված 10.

Քրեական վարույթին զուգահեռ ուսումնասիրություն իրականացնելու առանձնահատկությունները

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արված հայտարարությունները և դատավարության ընթացքում տրված ցուցմունքները, քրեական դատավարության կանոններին համապատասխան, չեն կարող օգտագործվել դրանք տված անձի կամ վերջինիս մերձավոր ազգականների դեմ քրեական գործի շրջանակներում, բացառությամբ սուտ ցուցմունք տալու կամ սուտ մատնության դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով, կամ եթե անձն ինքն է ներկայացնում իր ցուցմունքը կամ հայտարարությունը՝ որպես ապացույց քրեական գործով:

2. Նախնական ապահովման միջոցների կիրառումից, իսկ կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում՝ ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից անմիջապես հետո իրավասու մարմնի որոշմամբ հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ընթացքը կասեցվում է, եթե հայցի հիմքում դրվելու են նախնական քննության տվյալներ, որոնք չեն հրապարակվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Սույն հոդվածի հիման վրա ուսումնասիրության ընթացքի կասեցման որոշում կայացնելու դեպքում կասեցվում են ուսումնասիրության ընթացքի հետ կապված բոլոր ժամկետները։ Նախնական քննության ավարտից հետո կասեցված ժամկետների ընթացքը շարունակվում է ժամկետի մնացած մասով։

3. Սույն օրենքով նախատեսված վարույթին զուգահեռ ընթացող քրեական գործի վարույթի ավարտվելը, այդ թվում՝ արդարացման դատավճռի կայացումը, կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելը կամ քրեական հետապնդումը դադարեցնելը հիմք չեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար:

 

Հոդված 11.

Իրավասու մարմնի լիազորություններն ուսումնասիրություն իրականացնելիս

 

1. Ուսումնասիրություն իրականացնելու և հայց հարուցելու նպատակով իրավասու մարմինն իրավունք ունի`

1) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կամ համայնքային, ինչպես նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից պահանջելու և ստանալու ուսումնասիրություն իրականացնելու և հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հարկային կամ մաքսային գաղտնիք համարվող տեղեկություններ, նախնական քննության տվյալներ.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու իրենց տիրապետության ներքո գտնվող տեղեկություններ և փաստաթղթեր, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի, որոնք առանց անձի համաձայնության կարող են տրամադրվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, գործով տեղեկություններ ունեցող անձանց հարցման ենթարկելու՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ այդ մասին կազմելով արձանագրություն.

3) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).

4) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության).

5) իրական շահառուների, փոխկապակցված անձանց շրջանակը և գույքի ծավալը պարզելու նպատակով հանձնարարելու իրականացնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սույն կետով սահմանված հանձնարարության հիման վրա չեն կարող իրականացվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.

6) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օգտվելու անհրաժեշտ տվյալներ պարունակող առցանց բազաներից և տեղեկատվության տրամադրման խնդրանք ուղարկելու օտարերկրյա պետության իրավասու մարմիններին` Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով կամ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով.

7) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Իրավասու մարմինը կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սույն օրենքով նախատեսված կարգով տրամադրված հայտարարագրի վերլուծություն իրականացնելու համար և ստանալ վերլուծության արդյունքները։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով հայցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման համապատասխան հարցումն ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում։

 

Հոդված 12.

Հայցի հարուցումից առաջ ապացույցներ պահանջելը

 

1. Ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավասու մարմինը կարող է հավաքել օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ սույն հոդվածով սահմանված կարգով։

2. Իրավասու մարմինը ձեռնարկում է ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված և գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։

3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում։

4. Դատարանը պահանջը քննում է առանց նիստ հրավիրելու և որոշում է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Դատարանի նախաձեռնությամբ՝ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է միայն իրավասու մարմինը։

5. Դատարանը որոշում է կայացնում հայցվող տեղեկությունները պահանջելու վերաբերյալ, եթե իրավասու մարմինը հիմնավորում է, որ տվյալներն անհրաժեշտ են ուսումնասիրության համար էական նշանակություն ունեցող փաստերի վերհանման համար։ Դատարանի որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին:

6. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում՝ նշելով այն ապացույցները, որոնք պետք է տրամադրվեն իրավասու մարմնին, և այդ ապացույցները տրամադրելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տրամադրման կարգը։

7. Դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարան)՝ այն ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու որոշումն ուղարկվում է միայն իրավասու մարմին։

8. Դիմումը բավարարելու մասին որոշումը կարող է բողոքարկվել անձի կողմից, որի տվյալների ստացման առնչությամբ կայացվել է դատարանի որոշումը: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն սույն օրենքով նախատեսված կարգով ստանալու պահից՝ յոթնօրյա ժամկետում, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում։ Դատական ակտի բողոքարկումը չի կասեցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքը։

9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի հիման վրա ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։

10. Ապացույցը պահանջելու մասին դատարանի որոշման հիման վրա իրավասու մարմինը կարող է դիմել և ստանալ որոշմամբ նախատեսված տեղեկությունները դրանք տիրապետող անձանցից։

11. Ապացույցը դատարանի որոշման մեջ նշված ժամկետներում իրավասու մարմին չներկայացնելու դեպքում իրավասու մարմինն ստանում է առաջին ատյանի դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթ և այն ուղարկում է հարկադիր կատարման։ Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

12. Անձինք, որոնք սույն հոդվածի հիման վրա տրամադրում են հայցվող տեղեկատվությունը, պարտավոր են պահպանել այդ տվյալների տրամադրման գաղտնիությունը և չբացահայտել ուսումնասիրության առկայության կամ տվյալների տրամադրման փաստն այլ անձանց, այդ թվում՝ իրենց հաճախորդներին։

 

Հոդված 13.

Ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումը

 

1. Ուսումնասիրության նախնական արդյունքներով իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, որով որոշում է՝

1) դադարեցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կամ

2) ձեռնարկել միջոցներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ։

2. Իրավասու մարմինը կարող է ձեռնարկել սույն օրենքով նախատեսված միջոցներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ, եթե առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքն ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը։

3. Այն դեպքում, երբ ամփոփագրի հիման վրա հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը որոշում է կայացնում բռնագանձման վարույթը դադարեցնելու վերաբերյալ։ Բռնագանձման վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշումն անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, որը որոշման անհիմն կամ ապօրինի լինելու դեպքում իրավասու է վերացնելու այն և իրավասու մարմնին հանձնարարելու միջոցներ ձեռնարկել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ։

 

Հոդված 14.

Գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումը

 

1. Ուսումնասիրության նախնական արդյունքներով ամփոփագիրը կազմելուց հետո իրավասու մարմինը կարող է առաջին ատյանի դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների քննության կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։

2. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումի ձևին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ և 6-րդ կետերով և 137-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջները։

3. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելիս դիմողն ազատված է պետական տուրքի, ինչպես նաև հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու պարտականությունից։

4. Հայցի առարկայի և հայցի նախնական ապահովման դիմումի առարկայի մասնակի կամ ամբողջական համընկնումը հիմք չէ դիմումը մերժելու համար:

5. Սույն օրենքի հիման վրա կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների առնչությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը վեց ամիս է: Եթե իրավասու մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով կայացրել է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու որոշում, ապա սույն մասով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանի կողմից կասեցման որոշումն ստանալու պահից։ Ուսումնասիրությունը վերսկսելուց անմիջապես հետո այդ մասին տեղեկացվում է հայցի նախնական ապահովման միջոցը կիրառած դատարանին, իսկ հայցադիմումի ներկայացման ժամկետի ընթացքը շարունակվում է մնացած մասով։

6. Դիմողի առնչությամբ չեն կարող կիրառվել հակընդդեմ ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։

7. Սույն օրենքի հիման վրա հայցի նախնական ապահովման միջոցների, իսկ հետագայում՝ հայցի ապահովման միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից բացի, ապահովման միջոցը կարող է նաև լրիվ կամ մասնակի վերացվել այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի նկատմամբ կիրառվել է ապահովման միջոցը, եթե նա հիմնավորում է, որ գույքի մի մասն արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը կամ իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ողջամիտ ծախսերը հոգալու կամ ալիմենտի վճարման կամ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումներ կատարելու համար։

 

Հոդված 15.

Ապացույցների նախնական ապահովումը

 

1. Ուսումնասիրության արդյունքներով իրավասու մարմինը կարող է մինչև հայցի ներկայացումն առաջին ատյանի դատարան ներկայացնել ապացույցների նախնական ապահովման դիմում, եթե գտնում է, որ հակառակ դեպքում անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ։ Ներկայացված դիմումը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ապացույցների ապահովման կանոններով։

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապացույցների ներկայացման դժվարությունը՝ դատարանը կարող է կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապացույցների նախնական ապահովում իրականացնելու վերաբերյալ՝ վկաներին, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով։ Դատարանի որոշումը տրամադրվում է դիմումատուին, որի հիման վրա իրավասու մարմինը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որոշման կատարման առնչությամբ անհրաժեշտ միջոցներ։

 

Հոդված 16.

Շահագրգիռ անձանց ծանուցումը

 

1. Նախնական ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառելուց, իսկ այդպիսի միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը ծանուցում և հրավիրում է ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց՝ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու։

2. Իրավասու մարմինը ծանուցում է անձին, որի գույքի ծագման օրինականության առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը, և հրավիրում ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետևյալ տվյալները.

1) անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.

2) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ.

3) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս.

4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները.

5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները.

6) ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ։

3. Հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատում է Կառավարությունը։

4. Շահագրգիռ անձինք ծանուցումն ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունեն ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։

5. Անձի կողմից հայտարարագիր կամ դիրքորոշում ներկայացնելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել և օգտագործվել իր կամ իր ընտանիքի անդամների դեմ։ Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության։

 

Հոդված 17.

Շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը

 

1. Իրավասու մարմինը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված կարգով ծանուցել ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց: Սույն հոդվածով նախատեսված կարգով չծանուցված շահագրգիռ անձինք կարող են մինչև առաջին ատյանի դատարանում գործի հարուցումն օգտվել իրենց իրավունքներից՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում՝ սկսած այն պահից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ ուսումնասիրության առկայության մասին։

2. Շահագրգիռ անձանց ուղարկվում է պատվիրված նամակ՝ հանձնման մասին ծանուցմամբ, որը պետք է պարունակի տվյալներ հրավիրող մարմնի և հասցեատիրոջ վերաբերյալ, այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իրավասու մարմնին հիմք են տալիս ենթադրելու, որ ուսումնասիրված գույքի բռնագանձումը կարող է ազդել հրավիրվող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, գործի նյութերին ծանոթանալու, հայտարարագիր, դիրքորոշում ներկայացնելու իրավունքի և դրա իրացման եղանակների և ժամկետների վերաբերյալ։

3. Պատվիրված նամակն իրավասու մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կանոնների կիրառմամբ։

4. Անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում իրավասու մարմինը շահագրգիռ անձանց ծանուցում է նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսված կանոնների կիրառմամբ։

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված միջոցների ձեռնարկմանը զուգահեռ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության և դրա շրջանակներում ներառված գույքի վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։

6. Շահագրգիռ անձինք համարվում են ծանուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության մասին սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված կարգով ուղարկված ծանուցագիրն ստանալու պահից, իսկ ստացման մասին տվյալների բացակայության դեպքում՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հայտարարության տեղադրման պահից՝ մեկ ամիս հետո։

 

Հոդված 18.

Ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփումը և եզրակացության կազմումը

 

1. Շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի և հավաքված ապացույցների հիման վրա իրավասու մարմինը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն։

2. Եթե կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքն ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը, ապա իրավասու մարմինը կազմում է եզրակացություն, որը ներառում է՝

1) տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.

2) սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքի համադրումն այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ.

3) գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ.

4) ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը.

5) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու կամ հաշտության համաձայնություն կնքելու մասին որոշում։

3. Այն դեպքում, երբ հավաքված նյութերով հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույք, իրավասու մարմինը կայացնում է ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշում՝ պարտադիր անդրադարձ կատարելով սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված տվյալներին: Ուսումնասիրությունն ավարտելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, որը որոշման անհիմն կամ ապօրինի լինելու դեպքում իրավասու է երկշաբաթյա ժամկետում հանձնարարություն տալու դատախազին՝ շարունակել ուսումնասիրությունը կամ հայց ներկայացնել առաջին ատյանի դատարան:

4. Ուսումնասիրությունը կարող է ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ, որը պետք է համապատասխանի սույն օրենքով նախատեսված պահանջներին։ Հաշտության համաձայնություն կնքելու կարգը սահմանվում է Գլխավոր դատախազի հրամանով։

 

Հոդված 19.

Ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելը

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնությամբ, եթե անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է սույն օրենքով նախատեսված հայտարարագիր։

2. Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը հաշվարկվում է հաշտության կնքման պահին գույքի շուկայական արժեքի հիման վրա։ Հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանն ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, որին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով։

3. Հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր և համաձայնության կողմերի համատեղ ստորագրված դիմումով ներկայացվում է առաջին ատյանի դատարանի հաստատմանը: Դիմումին կցվում է հաշտության համաձայնության բնօրինակը։

4. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ այն ստորագրած անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

5. Դիմումի քննության արդյունքներով դատարանը դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ չհաստատելու մասին։ Եթե կիրառված հայցի նախնական ապահովման միջոցների գործողության ժամկետն սպառվում է մինչև սույն հոդվածով նշված մեկամսյա ժամկետի լրանալը, ապա դրանց գործողության ժամկետի ավարտը երկարաձգվում է մինչև դատարանի վճռի կայացման հաջորդ օրը։

6. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե ծանուցված հաշտության համաձայնությունն ստորագրած անձինք կամ նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չեն ներկայացրել դատական նիստը հետաձգելու կամ հաշտության համաձայնության հաստատման հարցն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում։

 

ԳԼՈՒԽ 3

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Հոդված 20.

Հայցադիմումի ներկայացումը

 

1. Իրավասու մարմինն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անունից կարող է հայցադիմում ներկայացնել առաջին ատյանի դատարան։

2. Հայցապահանջից կարող է հրաժարվել այն ներկայացրած անձը կամ Գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալը կամ Գլխավոր դատախազը։

3. Հայցվորի կողմից հայցադիմումով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու միջոցով կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ, այդ թվում՝ առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ վիճարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը։ Սույն մասով նախատեսված պահանջների համար չեն գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված հայցային վաղեմության ժամկետները։ Սույն մասով նախատեսված պահանջները կարող են ներկայացվել միայն սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով որոշված ժամկետներում ծագած հարաբերությունների առնչությամբ։

4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար։

5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի չափով գումարի բռնագանձում։

 

Հոդված 21.

Հաշտության համաձայնությամբ գործի վարույթն ավարտելու և դատարանում գործի վարույթի կասեցման առանձնահատկությունները

 

1. Գործին մասնակցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են գործն ավարտել սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պահանջներին համապատասխանող հաշտության համաձայնությամբ:

2. Դատարանում քաղաքացիական գործի հարուցումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերից բացի, դատարանը նաև իրավունք ունի կասեցնելու գործի վարույթն այն անձի դիմումի հիման վրա, որի գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրությունն սկսվել է սույն օրենքով նախատեսված 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, և զուգահեռ ընթացող քրեական վարույթով դիմողի՝ որպես մեղադրյալ ներգրավված լինելը դժվարացնում է նրա արդյունավետ մասնակցությունը հարուցված քաղաքացիական գործին։

3. Դատարանը չի կարող կասեցնել գործի վարույթը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, բացառությամբ եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական կամ քրեական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը։ Քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով համապատասխան եզրափակիչ ակտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է նոր հանգամանք, եթե դրանով անվավեր է ճանաչվել այն գործարքը, կամ վերացվել է այն հանգամանքը կամ փաստը, որը հիմք է ծառայել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացման համար։

 

Հոդված 22.

Գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը և ապացույցների ներկայացումը

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:

2. Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։

3. Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ։

4. Այն դեպքերում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով։

 

Հոդված 23.

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը գույքը ձեռք բերողից

 

1. Սույն օրենքի իմաստով անձին պատկանող գույքը, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք, և որը ձեռք է բերվել այլ անձի կողմից, ենթակա չէ բռնագանձման բարեխիղճ ձեռք բերողից։

2. Անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, եթե իրավասու մարմինն ապացուցում է, որ այդ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին։

3. Անկախ սույն հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից՝ անձը հանդիսանում է բարեխիղճ ձեռք բերող այն դեպքում, երբ ապացուցում է, որ գույքն իրեն փոխանցվել է որպես կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ ալիմենտ։

4. Անձին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի սեփականության իրավունքից տարբերվող գույքային իրավունքները (այսուհետ՝ սույն հոդվածի իմաստով՝ գույքային իրավունքներ) պահպանվում են, եթե իրավասու մարմինը չի ապացուցում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին։

5. Եթե գույքը ծանրաբեռնված է անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձի կամ նրա մերձավոր ազգականի գույքային իրավունքներով, կամ եթե տվյալ գույքային իրավունքների իրական շահառու է հանդիսանում այն անձը, որին պատկանում է գույքը, ապա այդ իրավունքները դադարում են գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

 

Հոդված 24.

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռի կայացումը

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։

2. Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ։

3. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։

4. Բռնագանձված գույքի նկատմամբ գրանցված բոլոր իրավունքները, բացառությամբ 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, համարվում են դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։

 

ԳԼՈՒԽ 4

 

ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 25.

Պետության տիրապետությանը հանձնված գույքի կառավարումը

 

1. Դատարանը, առաջնորդվելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով, կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ապահովման միջոցներից մեկը։

2. Եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը և պահպանումն իրականացնում է պետությունը։

3. Գույքը, որպես հայցի ապահովում, կարող է հանձնվել պետությանը, եթե՝

1) առկա է հավանականություն, որ հակառակ դեպքում գույքի արժեքը կարող է էականորեն նվազել.

2) առկա է հավանականություն, որ գույքը կարող է օգտագործվել հանցագործության կատարման համար.

3) գույքի կամ դրա օգտագործման առանձնահատկությամբ պայմանավորված՝ առկա է հավանականություն, որ այն պատասխանողի մոտ թողնելը կարող է անհնարին դարձնել կամ էականորեն դժվարացնել գույքի հետագա բռնագանձումը։

4. Գույքն իրավասու մարմնի կողմից կարող է հանձնվել գույքի պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ և հատուկ որակավորում ունեցող աշխատակազմով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական (պետական մասնակցությամբ) կազմակերպություններին։

5. Եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման։

6. Գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը։

7. Գույքի պահպանման և կառավարման հետ կապված անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից։

 

Հոդված 26.

Պետության տիրապետությանը հանձնված գույքի օտարումը

 

1. Եթե պետության տիրապետությանն անցնում է շուտ փչացող կամ գույքի արժեքի պահպանման համար էական ծախսեր պահանջող շարժական գույք, ապա իրավասու մարմինը կարող է դիմել գործը քննող դատարան՝ խնդրելով թույլատրել գույքի օտարումը։

2. Գույքի օտարումը թույլատրելու հարցը քննելու համար հրավիրվում է դատական նիստ, որի մասին ծանուցվում են միջնորդությունը ներկայացրած անձը և գույքի հայտնի սեփականատերը, որոնց չներկայանալն արգելք չէ միջնորդության քննարկման համար։

3. Միջնորդության վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում՝ հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը և գույքի պահպանման առանձնահատկությունները։

4. Գույքի օտարումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա գույքի իրացումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

5. Գույքի օտարումից ստացված գումարները պահվում են պետության տիրապետության ներքո մինչև ապահովման միջոցների վերացումը։

 

ԳԼՈՒԽ 5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27.

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացնող մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է այլ պետությունների հետ՝ դրանց կողմից իրականացվող հետաքննությունների և ընթացակարգերի շրջանակներում, որոնք ուղղված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը՝ անկախ տվյալ պետության կողմից օգտագործվող օրենսդրական ձևակերպումներից։

2. Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ապա օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու և դրա բռնագանձման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից օտարերկրյա պետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելու և դրա բռնագանձման հարցերով հաղորդակցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով:

3. Հայաստանի Հանրապետությունը փոխօգնության ոլորտում փոխադարձության հիման վրա կատարում է այլ պետության կողմից ստացված խնդրանքը, եթե դրա կատարումը չի հակասում Հայաստանի Հանրապետության հանրային կարգին։

 

Հոդված 28.

Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքներին ներկայացվող պահանջները

 

1. Սույն օրենքով նախատեսված հաղորդակցման հիմքն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի առնչությամբ խնդրանքն է (այսուհետ սույն հոդվածում՝ խնդրանք):

2. Եթե այլ բան նախատեսված չէ հայցող պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող միջազգային պայմանագրով, ապա խնդրանքը պետք է պարունակի՝

1) դիմող մարմնի անվանումը.

2) խնդրանքի վերնագիրը.

3) խնդրանքի առարկայի հետ առնչվող անձանց և գույքի վերաբերյալ բավարար տեղեկություններ.

4) խնդրանքի էությունը և այն իրավական հիմքերը, որոնք հիմնավորում են դիմող մարմնի իրավասությունը՝ ուղարկելու տվյալ խնդրանքը։

3. Եթե խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա դատարանի վճռի, հրամանի կամ ապահովման միջոցի մասին որոշման կատարմանը, ապա խնդրանքին կցվում է այն ներկայացնող պետության դատական ակտի հաստատված պատճենը, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ նյութեր:

 

Հոդված 29.

Օտարերկրյա պետություններից ստացված խնդրանքի կատարման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության համապատասխան մարմնից ստանալով գույքի հայտնաբերման և տեղեկատվության տրամադրման խնդրանք, կարող է ձեռնարկել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված միջոցները հայցվող տեղեկատվությունը ստանալու և տրամադրելու նպատակով։

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և դրա առնչությամբ կիրառված ապահովման միջոցների մասին օտարերկրյա դատարանի ակտերը ճանաչվում են փոխադարձության հիման վրա, որը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը։

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստանալով գույքի բռնագանձման, դատական հրամանի կամ գույքի առնչությամբ ապահովման միջոցների կիրառման խնդրանքը և այդպիսի օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման համար անհրաժեշտ տվյալները և փաստաթղթերը, հայցվող դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխով սահմանված կարգով:

4. Կայացված որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անհապաղ հայտնում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնին:

5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենքին համապատասխան՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված խնդրանքի կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին կամ այլ պատճառներով անհնար է, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը ծանուցվում է խնդրանքի կատարման անհնարինության և դրա պատճառների մասին:

 

Հոդված 30.

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը և բաշխումը

 

1. Բռնագանձված գույքը հայցող պետությանը վերադարձնելու և գույքի բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ շահագրգիռ պետությունների հետ կնքված առանձին համաձայնագրերով կամ իրավասու մարմնի կողմից դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հոդված 31.

Խնդրանքի ուղարկման կարգը

 

1. Օտարերկրյա պետության տարածքում գտնվող գույքի առնչությամբ տեղեկատվություն ստանալու, դրա վրա արգելանք դնելու, գույքի կամ ապացույցի ապահովման միջոցներ կիրառելու կամ գույքի բռնագանձման մասին խնդրանքը և կից փաստաթղթերն օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը:

 

Հոդված 32.

Միջազգային համագործակցությունը դատարանի կողմից գործի քննության ընթացքում

 

1. Իրավասու մարմնի հայցի հիման վրա քաղաքացիական գործի հարուցումից հետո իրավական օգնության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։

 

ԳԼՈՒԽ 6

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 33.

Օրենքի կիրառման արդյունքների ամփոփումը

 

1. Իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։

 

Հոդված 34.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 4-33-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նյութերն իրավասու մարմին ուղարկելու պարտականությունը ծագում է, եթե սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքն առկա է սույն օրենքի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչդատական կամ դատական վարույթում գտնվող գործով կամ ի հայտ է եկել սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո։

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրություն սկսելու ժամկետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից վեց ամիս անց։ Մինչ այդ ուսումնասիրություն նախաձեռնելու հիմքերի առկայության ստուգման համար գործում է մեկամսյա ժամկետ։

5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի համապատասխան հոդվածների ուժի մեջ մտնելու պահից՝ երկու ամսվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 11

Երևան

ՀՕ-240-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան