Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-245-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ (այսուհետ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ) իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ տասնմեկ անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում արդարադատության ակադեմիայի ռեկտորը, գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և երեք իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն:

Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:».

2) 5-րդ մասը «երեք տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ երկու փորձագետների, որոնք նշանակվում են մեկ տարի ժամկետով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Եթե սույն հոդվածով սահմանված են այլ կարգավորումներ, քան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ապա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը և քննությունն իրականացվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «25» թիվը փոխարինել «22» թվով.

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձը։»։

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գլխավոր դատախազի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական որակներ և բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուց հետո իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն ունեցող անձը: Գլխավոր դատախազի տեղակալ չի կարող նշանակվել այն անձը, որը նախկինում դատախազի, դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման հետևանքով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն կիրառվում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի նշանակման գործընթացի նկատմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երեք տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, մասնագիտական աշխատանքի ստաժ կամ»․

2) 2-րդ կետի «առնվազն չորս» բառերը փոխարինել «առնվազն երեք» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից ազատվելու հիմքերը չեն տարածվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա։»։

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.

 

«Հոդված 38.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի կազմումը

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-9-րդ մասերով նախատեսված բաց մրցույթի անցկացման կանոններով: Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով։

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների կամ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձը սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ)։ Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ։ Թեկնածուի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է նաև գլխավոր դատախազին։

3. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվում է բաց մրցույթ, իսկ թեկնածուներն ընտրվում են որակավորման հանձնաժողովի կողմից՝ բաց քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն ութ ձայնով ընդունված որոշմամբ: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ բաց մրցույթի անցկացման վրա տարածվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի, 38-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի պահանջները: Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ սույն օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ստուգման ենթակա հանգամանքների հետ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։

4. Ըստ անհրաժեշտության, գլխավոր դատախազի հրամանով կարող է անցկացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր հաստիքների կամ սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթ։

5. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներում ընդգրկելու նպատակով: Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար գլխավոր դատախազին ներկայացվում են հանձնաժողովի կողմից առավելագույն ձայներով դրական եզրակացություն ստացած երեք հայտատուները։ Ցուցակներում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքներով առնվազն վեց թեկնածու չի ստանում դրական եզրակացություն, կամ գլխավոր դատախազը ցուցակի մեջ ընդգրկում է վեցից պակաս թեկնածուների, կամ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակում չի ընդգրկվում առնվազն մեկ թեկնածու, ապա անցկացվում է լրացուցիչ բաց մրցույթ՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված թեկնածությունների համապատասխան ցուցակը համալրելու նպատակով։

6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն արդարադատության ակադեմիայում անցնում է համապատասխան ուսուցում:

7. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում թեկնածուն հանվում է սույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակներից։»:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «առաջխաղացման ցուցակում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

2) 4-րդ մասը «առաջխաղացման ցուցակում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.

«6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

 7. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար կազմվում է ծառայողական առաջխաղացման առանձին ցուցակ, որը կազմվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի նպատակով կազմված որակավորման հանձնաժողովի կողմից՝ սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:

 8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես ստորաբաժանման ղեկավարի տեղակալ կամ առնվազն երկու տարի որպես նույն ստորաբաժանման դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։

 9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում առնվազն մեկ տարի որպես դատախազ աշխատած, կարգապահական տույժ չունեցող անձը։»:

 

Հոդված 8. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն գործում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների պաշտոններում նշանակման դեպքերում: Եթե անձը դատախազության համակարգում առաջին անգամ պաշտոնի է նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում, ապա չի կարող տեղափոխվել այլ ստորաբաժանում՝ առանց սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի պահպանման:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.

 

«Հոդված 42.1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններում նշանակման կարգը

 

1. Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների իրականացումը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակում է գլխավոր դատախազը՝ սույն օրենքով սահմանված կարգով ձևավորված՝ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց թվից:

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակը թափուր լինելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է գլխավոր դատախազը՝ սույն մասի առաջին նախադասությունում նշված կարգով:

3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջին անգամ պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից: Տվյալ պաշտոնում հաջորդ նշանակումները կատարում է գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից:

4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 38.1-ին հոդվածով նախատեսված կարգով կազմված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսուցումն ավարտած անձանց թվից:»:

 

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժը չի կարող կիրառվել առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցնող անձանց նկատմամբ: Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնների խմբում ընդգրկված դատախազների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված տույժի կիրառման արդյունքում նրանք չեն կարող նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի և դատախազների նկատմամբ կարող է կիրառվել նաև գլխավոր դատախազի նախաձեռնությամբ կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, որով հիմնավորվում է նշված անձի կողմից տևական ժամանակ իր գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով ստորաբաժանման առջև դրված նպատակները և խնդիրներն արդյունավետորեն չեն իրականացվել:»:

 

Հոդված 11. Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասը «կարգապահական տույժի տեսակը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական խախտումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներին, որոնց նկատմամբ կարող է նշանակվել սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տույժերից որևէ մեկը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանումներ կամ հակառակը գործուղումներ չեն թույլատրվում:»:

 

Հոդված 13. Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ցածր» բառը փոխարինել «այլ» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գլխավոր դատախազը դատախազին կարող է փոխադրել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի՝ առանց վերջինիս համաձայնության, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի: Դատախազին չի կարելի իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միևնույն աստիճանակարգություն ունեցող այլ պաշտոնի փոխադրում չի թույլատրվում առաջին անգամ դատախազի պաշտոնն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում զբաղեցրած անձանց և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում չընդգրկված անձանց՝ համապատասխանաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումից դատախազության համակարգի այլ ստորաբաժանում կամ հակառակը փոխադրումների դեպքերում: Նման դեպքերում պաշտոնների նշանակումը կատարվում է սույն օրենքի 38-42.1-ին հոդվածներով սահմանված կարգով:»:

 

Հոդված 14. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազներ, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալ նշանակելու նպատակով Օրենքի 38.1-ին հոդվածով նախատեսված առաջին բաց մրցույթն անցկացվում է, և նույն հոդվածով նախատեսված թեկնածությունների ցուցակը կազմվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասուն օրվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մայիսի 11

Երևան

ՀՕ-245-Ն